Добавить в избранное

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

 

1.Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով՝

  • «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքը) 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Մասնավորապես, Տեսչական մարմինը իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը, և համապատասխանաբար՝ մթնոլորտային օդին պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի հաշվարկը: Այնուամենայնիվ, մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքից դուրս եկած 42-րդ հոդվածը:

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու լիազորող նորմ՝ հետագայում համապատասխան կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ նշված լիազորող նորմին հղում տալու նպատակով:

  • Նախագծով նախատեսվում է նաև անդրադառնալ Օրենքի 28-րդ հոդվածի բովանդակության և նշված հոդվածի վերնագրի միջև անհամապատասխանության խնդրին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 28-րդ հոդվածի վերնագիրը վերաբերվում է մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգին, իսկ հոդվածի բովանդակությունը մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններին, որոնք իրենցից հարցերի ավելի լայն շրջանակ են ենթադրում, քան միայն վեճերի կարգավորման խնդիրները:
  • Օրենքի գործող 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հղկման աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, իր հերթին «Վարչական իրավախախտումների վերաբերյալօրենսգրքի 81.1-ին հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելու համար:

Նշվածը պետք է մեկնաբանել այնպես, որ հղկման աշխատանքներ կատարելիս պետք է բացառվի փոշու արտանետումը, այնուամենայնիվ՝ վերոհիշյալ դրույթները տառացիորեն մեկնաբանելու դեպքում՝ տնտեսավարողները կարող են առարկել, որ առանձին դեպքում օգտագործվել են համապատասխան տեխնոլոգիրաները, սակայն դրանց անսարքության կամ հղկվող նյութի ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով փոշու արտանետումը չի կանխվել: 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև փոշու արտանետումների բացառման մասով «չմիջնորդավորված» նորմերի սահմանման նպատակահարմարությունը՝  անհրաժեշտություն է առաջացել հղկման աշխատանքներ կատարելիս փոշու արտանետումը բացառող սարքերի և տեխնոլոգիաների օգտագործման պահանջը փոխարինել հղկման աշխատանքներ կատարելիս փոշում բացառելու պահանջով, իր հերթին այդ պահանջի պահպանման համար միջոցների ընտրությունը թողնելով տնտեսավարողների հայեցողությանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով՝

  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն և 219.1-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար, իսկ նշված մասերով գործերի քննությունը վերապահվում է տեղական ինքնակառավարման մարմիններին:

Իր հերթին, նույնաբովանդակ կարգավորում առկա է նաև Օրենսգրքի 81.2-րդ 1-ին և 2-րդ մասերում, որոնց համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների իրականացնելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելու համար:

Այսպիսով՝ շինարարական աղբի տեղադրման մասով Օրենսգրքում առկա են միմյանց կրկնորդող դրույթներ, որոնցով նախատեսված խախտումների մասով գործերի քննությունը վերապահված է տարբեր գերատեսչությունների:

Նշվածի մասով հարկ է նաև նկատի ունենալ, որ հատկացված վայրերում ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների տեղադրման կարգ բնապահպանական օրենսդրությամբ չի սահմանվում, իսկ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանվում են պահանջներ միայն վերոհիշյալ նյութերի տեղափոխման և պահպանման վերաբերյալ:

2) Օրենքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոխել Օրենսգրքի 81.1-րդ՝ վարչական պատասխանատվություն սահմանելով հղկման աշխատանքներ կատարելիս մթնոլորտային օդ փոշու արտանետումները չբացառելու համար՝   հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելու մասով սահմանված վարչական պատասխանատվության փոխարեն: 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերով առաջարկվում է՝

1)         «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը  սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը,

2)         Հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով,

3)         Միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը,

4)         Շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման և սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված բացառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կրկնորդումները: 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրենքների նախագծերը մշակվել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից համատեղ: 

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում՝

1) Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կիրականացվեն առավել արդյունավետ, իսկ խախտումների արձանագրման և պետության և շրջական միջավայրին պատճառված վնասի հատուցման գործընթացի տեսանկյուններից առավելագույնը կբացառվի համապատասխան որոշումների բեկանման հնարավորությունը:

2) Կապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող պատշաճ վերահսկողությունը: 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Обсуждалось

    28.06.2023 - 14.07.2023

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1604

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

14.07.2023

Օրենսդրական տեխնիկայի կանոնների մասով՝ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով: Ըստ հայերեն լեզվի ուղղագրության՝ հերթականություն ցույց տվող դասական թվականները կազմվում են արաբական թվերով և հայերեն «-րդ» մասնիկով, բացի «1» թվականից։ Վերջինս կազմվում է «առաջին» ձևով, այլ ոչ թե «մեկերորդ»։ Այս կանոնը ոչ ճիշտ է գործածվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 2-րդ և 6-րդ հոդվածներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենսգրքի նախագիծ) 1-ին հոդվածում։ Օրենքների նախագծերը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին մասի պահանջին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք՝ օրենքի նախագծի 2-րդ և 6-րդ հոդվածներում «2.1-րդ» բառը փոխարինել «2.1-ին» բառով։ Նույն կերպ՝ օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում «81.1-րդ» բառը փոխարինել «81.1-ին« բառով։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Ասվածից հետևում է, որ նորմատիվ ակտում լրացում նախատեսող օրենքում լրացվող դրույթի բովանդակությունից բացի, պետք է նշվի նաև դրա համարը։ Բացի դրանից, նախագծով պետք է արտացոլվի նորմատիվ ակտը լրացնող դրույթի նոր լինելու հանգամանքը։ Այդուհանդերձ, առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «լրացնել նոր կետով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 2.1-ին կետով» բառակապակցությամբ։ Իսկ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «լրացնել 3-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «լրացնել նոր՝ 3-րդ մասով» բառակապակցությամբ։ "Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

13.07.2023

"Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքի փոփոխությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 81.2-րդ հոդվածում՝ օգտագործելով 10-ին մաս, 2-րդ մաս արտահայտությունները։ Հարկ է նկատել, որ օրենսգրքի 81.2-րդ հոդավածը զուրկ է իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխան համարակալումից։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով։ Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: Այսպիսով, Օրենսգրքում նախատեսված փոփոխությունները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահնաջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկում ենք սույն Նախագծով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 81.2-րդ հոդվածի համար նախատեսել նաև հոդված մասերի և կետերի համարակալում։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

13.07.2023

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ դիտողություններ և առաջարկություններ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ գործող օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորեցնում է հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ։ Մինչդեռ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ. «Հղկման աշխատանքներ կատարելիս բացառել մթնոլորտային օդ փոշու արտանետումները.»: Հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է հասկանանք «բացառել» ասելով, ի՞նչ գործողություններով պետք է բացառենք մթնոլորտային օդ փոշու արտանետումները։ Որքան էլ պնդենք, որ «բացառել» բառը ենթադրում է որևէ գործողության կամ երևույթի հնարավորությունը վերացնել, արգելել, թույլ չտալ կամ կանխարգելել, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ «բացառել» բառը չի տալիս այն ենթադրյալ գործողության կամ գործողությունների էությունն ու նկարագիրը, որնց կատարումը կարող է ապահովել ցանկալի արդյունք։ Այսպիսով, նախագծի 4-րդ հոդվածի ձևակերպումը ոչ բավարար հստակ է և չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս, ինչը հետագայում հանգեցնելու է տվյալ իրավական նորմի անկատարության: Գործող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի բոլոր ենթակետերի, այդ թվում նաև 5-րդ ենթակետի, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրում թվարկված են պարտադիր կատարման ենթակա որոշակի գործողությունները, որոնց ապահովումը կամ կատարման մեջ թերացումը հնարավոր է ապացուցել և չկատարման դեպքում՝ ենթարկվել պատասխանատվության։ Իսկ առաջարկվող փոփոխության պարագայում Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը դուրս կմնա սույն հոդվածի 2-րդ մասի ընդհանուր տրամաբանությունից, և պարտավորության կատարման ապացուցումը փաստացի կդառնա անհնարին։ «Բացառել» բառի քննարկումը գուցե այնքան էլ կարևորություն չստանար, եթե մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով գործող Օրենսգրքի 81.1-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությամբ վարչական պատասխանատվություն չսահմանվեր Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը խախտող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Երբ այս կամ այն իրավական նորմը օրենքում ձևակերպված է անորոշ կամ ոչ հստակ, ապա իրավակիրառ պրակտիկայում այն միանշանակ առաջացնելու է բազում հարցեր ու վեճեր, քանի որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանելու տվյալ անորոշ նորմի ձևակերպումը, բնականաբար՝ հօգուտ իրեն, իսկ դատարաններն էլ ավելի են խճճելու դրա ընկալումն ու կիրառումը։ Օրենքում «բացառել» բառի օգտագործումը հակասում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջին, որի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: Ավելին, ՀՀ սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Այսպիսով, առաջարկում ենք վերանայել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը և «բացառել» բառի փոխարեն նախատեսել հստակ կատարման ենթակա գործողություն կամ գործողություններ։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք վերանայել նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդավծի բովանդակությունը, և այն համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր՝ վերանայված փոփոխությանը՝ հիմք ընդունելով մեր դիտողություններն ու առաջարկությունները։ "Ա․Դ․Սախարովի անվ․ մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն" ՀԿ 13․07․2023թ․

Узнать больше