Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

       1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության» փաստաթուղթը, ինչի հիմնական նպատակն անտառների կայուն կառավարման ապահովումն էր, ինչպես նաև բնապահպանական և հասարակայնության շահերի հավասարակշռումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման համաձայն փաստաթուղթն անվավեր է ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն առաջացել է մշակել անտառային քաղաքականության և ռազմավարության նոր փաստաթուղթ։

     Վերջինիս հիման վրա մշակված ՀՀ անտառի ազգային ծրագիրը, ինչը հաստատվել էր ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ, միտված էր օրենսդրության վերանայմանը, անտառային տարածքների վերականգնմանը, անտառների  պահպանման ու ոլորտի զարգացման բազմաբնույթ հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ծրագիրը սահմանում էր առաջնային կարևորության միջոցառումները և դրանց իրականացման 10-ամյա ժամանակացույցը, ինչը գործել է մինչև 2015 թվականը ներառյալ և   անհրաժեշտություն է առաջացել հաստատելու անտառային ոլորտի նոր գործողությունների ազգային ծրագիրը առ 2030 թվականը։

   2022 թվականի հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք իրավական ակտերում: Այնուհետև 2022 թվականի հուլիսի 22-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» Վարչապետի 861-Ա որոշումը, որի հավելվածով հաստատվել են մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։

  «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջից։

      2. Առաջարկվող կարգավորման բնույթը

  «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել անտառների կայուն կառավարման նպատակով քաղաքականության և ռազմավարության հիմնական ուղղությունները, իրականացվող գործողությունները, ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքներն ու իրականացման ցուցանիշները։

   Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտը հանդիսանում է էկոլոգիական, սոցիալական և տնտեսական անվտանգության ազգային համակարգի կարևոր բաղադրիչը, որի հիմնախնդիրները պետք է դիտարկվեն որպես համազգային ռազմավարական գերակայություններ, որի երկարաժամկետ խնդիրներ են հանդիսանում`

  • առկա անտառների պահպանության ուժեղացումը` անտառների դեգրադացիայի և անտառազրկման կանխարգելումը,
  • անտառային լանդշաֆտների վերականգնումը, ներառելով հատված, այրված, հիվանդությունների և վնասատուների հետևանքով չորացած և այլ պատճառներով վնասված անտառային տարածքները, ինչպես նաև անտառածածկի հետագա ընդլայնումը անտառապատման լայնածավալ աշխատանքների միջոցով,
  • անտառների կայուն և բազմանպատակ օգտագործման արդյունքում անտառային ոլորտի ֆինանսատնտեսական վիճակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը, որը չպետք է հանգեցնի հետագայում անտառային ռեսուրսների պոտենցիալի անկմանը,
  • անտառային կենսաբազմազանության՝ հատուկ պահպանության ենթակա բուսական և կենդանական տեսակների և նրանց կենսամիջավայրերի պահպանությունը, անտառների հողապաշտպան, ջրապահպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ, սանիտարապահպան և այլ էկոհամակարգային ծառայությունների, ինչպես նաև սոցիալական, այդ թվում ռեկրացիոն և զբոսաշրջային գործառույթի ապահովումը,
  • կլիմայի փոփոխության հետևանքով անտառների խոցելիության և կլիմայական ռիսկերի գնահատումը, անտառների դիմակայունության և հարմարվողականության բարձրացումը, անտառտնտեսվարման և հողօգտագործման արդյունքում ածխածնի կլանման կարողությունների ավելացումը և անտառային ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը,
  • միջոլորտային համագործակցության խթանումը և ռեսուրսների մոբիլիզացումը:

         Ոլորտի  կայունության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ապահովել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված բոլոր ռեսուրսների մոբիլիզացում, ինչպես նաև տեղական, ոլորտային և ազգային զարգացման պլաններում անտառկառավարմանն առնչվող  համակարգված գործողությունների նախատեսում և ինտեգրում։ 

      3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և լրամշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

      4. Ակնկալվող արդյունքը

   Անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի իրականացման հիմնական արդյունքը անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման, կայուն և բազմանպատակ օգտագործման ապահովումն է։

      Սույն փաստաթղթի իրականացումից ակնկալվող արդյունքները կնպաստեն՝

  • անտառներին էկոհամակարգերին սպառնացող հիմնական վտանգների, դեգրադացիայի և անտառազրկման կանխարգելմանը, անտառային կենսաբազմազանության պահպանության բարելավմանը,
  • անտառների արտադրողականության բարձրացմանը,
  • ՀՀ անտառային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ արդիական տարածական տվյալների ստացմանը,
  • կայուն անտառօգտագործման միջոցով անտառների դերի և նշանակության բարձրացմանը, անտառամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը,
  • անտառային ոլորտի վերաբերյալ բնակչության լայն շերտերի իրազեկվածության բարձրացմանը, որոշումներ ընդունելու գործընթացներին ներգրավմանը,
  • անտառների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով միջոլորտային համագործակցության բարելավմանը,
  • անտառային ոլորտում երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը:

   5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

  «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում։

    6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

   Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի «է8» կետից և նպաստում է երկրի կողմից շրջակա միջավայրի բնագավառում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի, ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո  ստանձնած պարտավորությունների կատարմանը։

 

  • Обсуждалось

    28.04.2023 - 13.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2748

Принт

Предложения

Ժաննա Ֆաֆուրյան

11.05.2023

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախագծի մշակման ժամանակ հաշվի առնել սույն դրույթները․ 1. Կողմնակի անտառօգտագործման զարգացման շնորհիվ ոլորտի հավելյալ եկամուտների ապահովման նպատակով առաջարկում եմ շեշտադրում կատարել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն հավելյալ եկամուտներ և ճանաչողություն է ապահովում և՛ ոլորտին, և՛ երկրին։ Այս նպատակի իրագործման համար առաջարկում եմ նաև նախատեսել հողերի վարձակալության տրամադրման մոտեցման փոփոխություն։ 2. Խնդրում եմ հստակեցնել պաշտպանական անտառաշերտերի և անտառմելիորատիվ տնկարկների հիմնադրման վերաբերյալ մանրամասներ, այսինքն, արդյո՞ք դրանք նախատեսվում է հիմնել միայն անտառային հողերում, թե նաև այլ նշանակության՝ համայնքային, մասնավոր։ Եթե այն ճանաչվել է որպես ռազմավարական խնդիր, առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ խրախուսական մեխանիզմներ են կիրառվելու։ 3. Առաջարկում եմ, որ սույն փաստաթուղթը շեշտադրումներ անի անտառային լանդշաֆտների վերականգնման առաջնահերթ ուղղությունների և մոտեցումների վերաբերյալ, որն էլ կծառայի միջազգային և տեղական կազմակերպություններին կողմնորոշվելու իրենց գործողություններում։ Նման տվյալներ առկա են «Անտառային լանդշաֆտների վերականգնման հնարավորությունների գնահատում-Հայաստան» հետազոտության հաշվետվության մեջ։ 4. Առաջարկում եմ նյութում հստակեցնել ժամանակակից տեխնոլոգիաների դերը անտառային ոլորտի խնդիրների կարգավորման գործում, մասնավորապես՝ ԱՏՀ տեխնոլոգիաների, տնկման ժամանակակից տեխնոլոգիաների կամ անտառային գենետիկայի նշանակությունը։

Узнать больше