Добавить в избранное

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Մասնավորապես՝ Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե հանրային ծառայողին կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձին պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները իրենց արժողությամբ գերազանցում են վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին: Օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ սահմանված ժամկետում նվերը վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված են այնպիսի իրավիճակներ, երբ անթույլատրելի է ստացված նվերները հանրային ծառայողների մոտ մնալը: Միաժամանակ նախատեսված է նաև նշված դեպքերում համապատասխան նվերները Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությունը համարվելու կանոնը:

Չնայած վերոգրյալին՝ գործող օրենսդրությունը վերը հիշատակված հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինման հետ կապված առանձնահատուկ կարգավորումներ չի նախատեսում և սահմանափակվում է միայն սահմանելով, որ Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքը տնօրինվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նույն հոդվածի 9-րդ մասի հիմքով պետության կամ համայնքի սեփականություն դարձող գույքի տնօրինման առնչությամբ առկա չէ նաև այս կարգավորումը:

Այս համատեքստում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ պետությունը կամ  համայնքը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության համապատասխան մարմինը, ըստ էության, վերոնշյալ գույքն օտարելու կամ որևէ կոնկրետ եղանակով կամ կոնկրետ ժամկետում օտարելու պարտականություն չունի:

Մինչդեռ, հաշվի առնելով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված և պետական գույքի կառավարման բոլոր դեպքերում պարտադիր սկզբունքները, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության միասնական, թափանցիկ և հրապարակային լինելու պահանջները և նույն օրենքի 9-րդ հոդվածով պետական գույքի կառավարման նպատակներում նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ներառված լինելը՝ ակնհայտ է, որ պետության սեփականությունը համարվող գույքի տնօրինման յուրաքանչյուր դեպքում պետք է իրականացվի գույքի այնպիսի կառավարում, որի արդյունքում պարզ, հասանելի և հանրության համար հասկանալի կլինի պետական սեփականություն համարվող գույքի, այդ թվում՝ վերոնշյալ խումբ գույքերի հետագա ճակատագիրը: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված սկզբունքները կիրառելի են նաև համայնքային գույքի տնօրինման նկատմամբ, համայնքային սեփականություն համարվող գույքի տնօրինման վերաբերյալ կարգավորումներ նախատեսելիս ևս պետք է ապահովվի համապատասխան իրավական նորմերի կանխատեսելիությունը, հանրության համար հասանելիությունը:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի պարտադիր խնդիրների շարքին է դասվում համայնքի գույքի կառավարումը: Նույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը ավագանուն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը և դրան համապատասխան տնօրինում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը: Այսինքն, համայնքի գույքի կառավարումը ևս իրենից ենթադրում է համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ նպատակաուղղված գործունեության իրականացում: Այնուամենայնիվ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ևս առկա չեն վերը քննարկված դեպքերում համայնքի սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված կարգավորումներ, ինչպիսի պայմաններում համայնքի ավագանին և համայնքի ղեկաավարը ևս որևէ իրավական նորմով պարտավորված չեն այդ գույքի օտարման ուղղությամբ կոնկրետ գործողություններ ձեռնարկել:

Չնայած վերոգրյալին՝ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով փոխանցվող նվերները, ի տարբերությունը պետական կամ համայնքային սեփականություն համարվող այլ գույքերի, մի շարք առանձնահատկություններ ունեն: Նախ, այդ գույքերը հաճախ իրենց նպատակային նշանակությամբ ու բնույթով այնպիսինն են, որ օբյեկտիվորեն չեն կարող օգտագործվել պետական կառավարման կամ համայնքային իշխանության մարմինների կողմից՝ իրենց լիազորությունների իրականացման համար:

Երկրորդ, պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով փոխանցվում են նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև այլ թույլատրելի չհամարվող նվերներ, որոնք նվիրող անձինք, հատկապես եթե խոսքն օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների մասին է, կարող են առհասարակ տեղեկացված չլինել տվյալ նվերի հնարավոր ոչ թույլատրելիության կամ պետության կամ համայնքի սեփականությունը դառնալու և դրա տնօրինման հետ կապված օրենսդրական այլ կարգավորումների վերաբերյալ, ինչպիսի պայմաններում այն նվիրելիս ունեն իրավաչափ ակնկալիք առ այն, որ տվյալ նվերը տրվում է կոնկրետ պաշտոնատար անձին: Նման պայմաններում հետագայում տվյալ նվերը պետության կամ համայնքին սեփականության իրավունքով փոխանցվելու դեպքում տվյալ նվերի հետագա ճակատագիրն այն նվիրողի համար կանխատեսելի չէ: Ավելին, նվերի ճակատագիրը, ըստ էության, կանխատեսելի չէ նաև հանրության ու տվյալ նվերը պետությանը կամ համայնքին փոխանցող պաշտոնատար անձի համար:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ հանրային ծառայողներին տրված արարողակարգային նվերները կամ ոչ թույլատրելի նվերները պետության սեփականություն դառնալու վերաբերյալ կարգավորումները լայնորեն տարածված են: Ընդ որում, որոշ երկրների օրենսդրությամբ կարգավորվում են նաև պետության սեփականությունը դարձած նվերների հետագա տնօրինման հարաբերությունները:

Մասնավորապես, «Հանրային ծառայողների էթիկայի մասին» Իռլանդիայի օրենքի[1] 15-րդ մասի համաձայն՝ եթե նվերի արժեքը գերազանցում է 650 եվրոն, ապա այն համարվում է պետությանը տրված նվեր և հանձնվում է Իռլանդիայի Ֆինանսների նախարարին: Միաժամանակ, նույն օրենքով կա կարգավորում առ այն, որ պաշտոնատար անձը պետք է հնարավորինս շուտ Կառավարության քարտուղարին տեղեկացնի նվերի մասին և պետության անունից և քարտուղարի հրահանգներին համապատասխան պահպանի այն մինչև նվերի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այնուհետ Կառավարության քարտուղարը, Կառավարության ընդհանուր ցուցումների համաձայն, կազմակերպում է պետության կողմից կամ նրա անունից գույքի խնամակալությունը կամ դրա տնօրինումը: Քարտուղարը նաև պետք է տնօրինի գույքի նկատմամբ տնօրինման իրավազորության արդյունքում գոյացած ցանկացած հասույթ: Նվերը կարող է տնօրինվել՝ այն հանձնելով պետական գանձապետարան կամ օրինակ բարեգործական նպատակներով:

Լատվիայում գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ դիվանագիտական, ինչպես նաև արտասահմանյան պաշտոնական կամ աշխատանքային այցերի ժամանակ, Լատվիայի Հանրապետության ազգային տոներին և հիշատակի օրերին,  այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ ձեռնարկության (ընկերության) տարեդարձին տրված, որտեղ պաշտոնյան աշխատում է, կամ օրենքներով նախատեսված կամ Կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում տրված նվերները պետական սեփականություն են: Դիվանագիտական նվերները գրանցվում են Արտաքին գործերի նախարարության պետական արձանագրության միասնական գրանցամատյանում, և դրանց տնօրինման վերաբերյալ որոշումներ կայացվում է Արտաքին գործերի նախարարի կողմից[2]։

Սլովենիայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական համապատասխան մարմինը պարտավոր է տնօրինել պետության սեփականությունը դարձած գույքի պատշաճ արձանագրումը, պատշաճ օգտագործումը, պահպանությունը և հնարավոր ապահովագրությունը: Այդ գույքի տնօրինման կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: Եթե գույքը պետության սեփականությունը դառնալուց հետո պարզվում է, որ այն իր հատկանիշներից ելնելով հարմար չէ պահպանության համար, գույքը պետք է տրվի նմանատիպ գույքերի վաճառքով զբաղվող կազմակերպություններին կամ մարդասիրական կազմակերպություններին[3]:

Հետաքրքրական է նաև նվերների տնօրինման առնչությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը: Սահմանված է, որ չթույլատրվող նվեր ստանալու դեպքում հանրային ծառայողը դիմում է համապատասխան գերատեսչությանը, որի կողմից նվերը թույլատրելի չլինելու վերաբերյալ եզրակացություն ստացվելու դեպքում ծառայողը գերատեսչության եզրակացությամբ այն հանձնում է ծառայողական օգտագործման: Ծառայողական օգտագործման անհնարինության դեպքում համապատասխան մարմինն այդ գույքն առանձնացնում է որպես ոչնչացման ենթակա: Եթե գույքը որպես ոչնչացման ենթակա չի առանձնացվում, հանրային ծառայողին առաջարկվում է գնել գույքը, և եթե վերջինս հրաժարվում է գույքը գնելուց, գույքը հանձնվում է իրավասու պետական գործակալությանը՝ դրա իրացումը կազմակերելու նպատակով, որն իր հերթին այն իրացնում է աճուրդի եղանակով կամ նվիրատվությամբ՝ համապատասխան ընթացակարգով նախապես որպես նվիրատվության շահառու գրանցված անձանց[4]:

Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ առկա է Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված առանձնահատուկ կարգավորումների սահմանման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերը հիշատակված այն հանգամանքը, որ քննարկվող խումբ նվերներն իրենց բնույթով հաճախ այնպիսին են, որ չեն կարող ուղղակիորեն նպաստել առանձին պետական մարմինների կամ համայնքների լիազորությունների պատշաճ իրականացմանը, առկա է անհրաժեշտություն՝ սահմանել նշված խումբ նվերների հետագա օտարման պահանջ՝ կարգավորելով նաև օտարման եղանակները, հատուցմամբ օտարման դեպքում օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների տնօրինման կարգը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունում կայացած խորհրդակցության Արձանագրության (N Վ/144-2022) 4-րդ կետի 12-րդ ենթակետով Վարչապետի կողմից տրված հանձնարարականից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայողի կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ նշված գույքն իր նպատակային նշանակությունից ելնելով նվիրաբերելու հնարավորության դեպքում այն նվիրաբերվում է բարեգործություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իսկ այն հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով:

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության կամ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը և կանխատեսելիությունը, ապահովել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային և արդյունավետ կառավարումն ու տնօրինումը, նպաստել պետության և համայնքների կողմից բարեգործական ծրագրերին դրամական աջակցության տրամադրման խթանմանը:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ       

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

[1]Հասանելի է հետևյալ հղումով՝ https://europam.eu/data/mechanisms/FD/FD%20Laws/Ireland/1.%20Ethics%20in%20Public%20Office%20Act%20of%201995_ENG,%20consolidated,%20last%20amended%202018.pdf:

[2] Ավելի մանրամասն տե՛ս հետևյալ հղումով https://www.oecd.org/latvia/37117322.pdf:

[3] Տե՛ս Սլովենիայի «Նվերների ընդունման հարցում պաշտոնյաների համար սահմանափակումների և պարտականությունների մասին» կանոնները, հասանելի է՝ Pravilnik o omejitvah in dolžnostih funkcionarjev v zvezi s sprejemanjem daril (pisrs.si):

[4] Տե՛ս Code of Federal Regulations, § 102-42.20, հասանելի է՝ https://www.law.cornell.edu/cfr/text/41/102-42.20:

  • Обсуждалось

    12.04.2023 - 27.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом, Отчуждение государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2046

Принт