Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով:

Նշված կարգավորման առաջնային նպատակը կայանում է հանրային պաշտպաններին՝ որպես քրեական արդարադատության ոլորտում դատախազության ներկայացուցիչներին հավասարազոր մրցակից կողմի նույնանման սոցիալական երաշխիքներ սահմանելու մեջ: Մյուս կողմից, այն նպաստում հանրային պաշտպանի աշխատանքի համար դատախազության ներկայացված պաշտոնին համարժեք կադրերի ներգրավման համար մրցունակ առաջարկ ներկայացնելուն ունակ լինելուն:

Այնուամենայնիվ, ներկայիս պայմաններում հավասարեցված են միայն դատախազի և հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափերը, մինչդեռ դատախազները հիմնական աշխատավարձից բացի ստանում են նաև հավելումներ, հավելավճարներ և պարգևատրումներ: Դրանից զատ, դատախազներն օգտվում են նաև այլ սոցիալական երաշխիքներից, օրինակ՝ պարտադիր բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթի հավելյալ բաղադրիչներ և այլն:

Այսպես, «Դատախազության մասին» օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ դատախազների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ըստ վկայակոչված օրենքի 6-րդ հոդվածի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով լրացուցիչ աշխատավարձն իր մեջ ներառում է ինչպես հավելումները, հավելավճարները, լրավճարները, այնպես էլ՝ պարգևատրումները:

Մինչդեռ գործող օրենսդրությամբ հանրային պաշտպանների աշխատավարձը կազմված է բացառապես պաշտոնային դրույքաչափից՝ հիմնական աշխատավարձից. լրացուցիչ աշխատավարձի, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի համար փոխհատուցման հնարավորությունը բացակայում է:

Քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցում են քննչական և այլ դատավարական գործողությունների, սակայն դրա համար հանրային պաշտպանները լրացուցիչ չեն վարձատրվում:

Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցել են քննչական և այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում՝ Երևանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում, իսկ արդեն 2022 թվականին հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է հասնելով 421, որից 307 դեպքում՝ Երևանում, 114 դեպքում մարզերում:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ քրեական դատավարության նոր օրենսդրության կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (մոտ վեց ամսում) գրանցվել է հերթապահություն 285 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հերթապահությունների քանակը կազմել է 131:

Բացի այդ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը: Նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ:

Այսպիսով, օրենքի ուժով յուրաքանչյուր պետական մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսի չափով պարտադիր նախատեսվում է պարգևավճարների ֆոնդ, դրան հակառակ, հանրային պաշտպաններին նույնիսկ առանձին բացառիկ դեպքերում պարգևատրում տրամադրելու հնարավորություն օրենսդրորեն առկա չէ:

Ամբողջ ներկայացվածին անհրաժեշտ է հավելել, որ մեկ հաստիք զբաղեցնող հանրային պաշտպաններն իրավունք չունեն զբաղվելու մասնավոր փաստաբանական գործունեությամբ, ինչպես պետական ծառայողներն իրավունք չունեն զբաղվել այլ մասնավոր գործունեությամբ, ուստի հանրային պաշտպանությունը նրանց միակ եկամուտի աղբյուրն է գործնականում:

 

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից միջոցներ հատկացնելու ներկայում գործող մեխանիզմը՝ վերը նկարագրված խնդիրները լուծելու, այսինքն՝ հանրային պաշտպաններին պետական մարմինների աշխատակիցներին համարժեք սոցիալական երաշխիքներով ապահովելու համար նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորմամբ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով հատկացնել գումար լրացուցիչ աշխատավարձի համար, որից կվճարվեն ինչպես հավելավճարները, հավելումները, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի վարձրատրությունը, այնպես էլ՝ պարգևատրումները:

Նշված փոփոխությունները գործնականում իրականացնելու համար հանրային պաշտպանի գրասենյակին պետական միջոցներից անհրաժեշտ է տրամադրել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի առնվազն 20 տոկոսի չափով հավելյալ միջոցներ:

Նախագծի ընդունմամբ արդյունքում պետական բյուջեում «1097 Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով կառաջանա տարեկան լրացուցիչ 93 մլն 774 հազար 720 դրամի հատկացման անհրաժեշտություն: 2023 թվականի մնացած ժամանակահատվածի համար պահանջվող գումարը նախատեսվում է հատկացնել Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների կատարման նպատակը որ որոշակի չափով համահարթեցնել է հանրային պաշտպանների` որպես քրեական արդարադատության ոլորտում դատախազության ներկայացուցիչներին հավասարազոր մրցակից կողմի և դատախազների սոցիալական երաշխիքները: Նախագծի ընդունումը կնպաստի հանրային պաշտպանի աշխատանքի համար որակյալ կադրերի ներգրավմանը: Միաժամանակ, աշխատանքային ստաժի և օտար լեզուների իմացության համար հանրային պաշտպաններին հավելավճար տրամադրելու հնարավորության առկայության դեպքում հնարավոր կլինեն կանխել նաև փորձառու և բարձր որակավորում ունեցող հանրային պաշտպանների արտահոսքը՝ ապահովվելով ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության պատշաճ որակը:

Որպես վերջնական արդյունք ակնկալվում է կանխել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակի հնարավոր անկումը և ապահովել տրամադրվող օգնության որակի աճ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի կողմից համատեղ:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան 93 մլն 774 հազար 720 դրամի չափով:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

  Նախագիծը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ ամրագրված հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակից:

  • Обсуждалось

    02.02.2023 - 17.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Социальное обеспечение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2285

Принт