ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, որով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ՝ ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Ներկայացված նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կստեղծվի գործուն մեխանիզմ, որով հնարավոր կլինի սահմանել Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանալու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: