Добавить в избранное

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ:

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքով (այսուհետ՝ ՀՕ-101-Ն օրենք) ավիացիայի բնագավառում տարանջատվեցին  ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինները՝ բնագավառի քաղաքականությունը մշակող, իրականացնող և թռիչքային ու ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմիններ, ինչպես նաև ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմին: ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարությունը 2015 թվականի օգոստոսի 6-ի համապատասխան որոշումներով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ճանաչեց որպես, համապատասխանաբար, քաղաքականության լիազոր մարմին և տեխնիկական կարգավորման լիազորված մարմին:

2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ (թիվ 1378-Ն) քաղաքացիական ավիացիայի ոլորտում քաղաքականության մշակման, իրականացման և տեխնիկական կանոնակարգման համար սահմանեց մեկ լիազորված մարմին՝ Գլխավոր վարչություն: Գլխավոր վարչությանը՝ որպես պետական կառավարման լիազորված մարմնի սահմանումը ենթադրում է տարանջատված գործառույթների կենտրոնացում և հստակեցում:

Բացի այդ, ՀՕ-101-Ն օրենքի ընդունումից հետո ԻԿԱՕ-ի հրապարակած փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ, որոնք ենթակա են պարտադիր կիրառման անդամ պետությունների կողմից: Մասնավորապես՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» և Եվրոմիության /ԵԿԱԿ/ «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ. 30 փաստաթղթի նոր՝ 13-րդ խմբագրությամբ ավիացիոն անվտանգության բնագավառում, ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի թիվ 13 «Օդանավի միջադեպի և պատահարի հետաքննություն» հավելվածի համապատասխան փոփոխություններով սահմանվեցին նոր  չափորոշիչներ, որոնք նախատեսում են ՀՀ օրենսդրության պարտադիր համապատասխանեցում նշված պահանջներին և չափորոշիչներին:

Միևնույն ժամանակ, Օրենքում հստակ կարգավարորված չեն ընդհանուր նշանակության ավիացիայի հետ կապված հարաբերությունները, օդանավ շահագործողի վկայական կրողի համար սահմանված պահանջը՝ ազգային պատկանելիության մասով, ամբողջապես հնարավորություն չի տալիս լիազորված մարմնի կողմից լիարժեք իրականացնելու օդանավ շահագործողների նկատմամբ արդյունավետ վերահսկողության (effective control) գործառույթը:

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

  • հստակեցվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի՝ Գլխավոր վարչության՝ Օրենքով տարանջատված լիազորությունները: Միևնույն ժամանակ, հստակեցվել են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի գործառույթները՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 13 «Օդանավի միջադեպի և պատահարի հետաքննություն» հավելվածով և դրա համապատասխան վերջին փոփոխություններով նախատեսված պահանջներին համապատասխան:
  • տրվել է ընդհանուր նշանակության ավիացիան հասկացությունը, ինչպես նաև սահմանվել են ընդհանուր նշանակության ավիացիայում օգտագործվող օդանավերը և դրանց տարանջատիչ չափանիշները.
  • առավել չափով սեղմվել են Օրենքի իմաստով կիրառվող հասկացությունները՝ հաշվի առնելով, որ Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Օրենքում ավիացիոն հասկացությունները, հապավումներն ու արտահայտություններն օգտագործված են դրանց հանրաճանաչ՝ միջազգայնորեն ընդունված իմաստով, իսկ դրանց մանրամասն սահմանումները տրվում են Օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում:
  • հստակեցվել է լիազորված մարմնի կողմից թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով պետական վերահսկողության իրականացման կարգը: Մասնավորապես՝ սահմանվել է, որ լիազորված մարմնի կողմից պետական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների հիման վրա: Իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական վերահսկողությունը կարող է իրականացվել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգը սահմանված չէ:
  • տարանջատվել են ներքին և միջազգային օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը՝ մեղմելով իրավաբանական անձանց վրա դրված վարչարարական բեռը: Մանավորապես՝ ներքին օդանավակայանները՝ ուղևորների և բեռների փոխադրման ծավալներով պայմանավորված, կարող են շահագործվել սերտիֆիկատի կամ թույլտվության հիման վրա, իսկ նշված ծավալները նախատեսվում է սահմանել Գլխավոր վարչության կողմից:
  • Օրենքի 27-րդ հոդվածով կարգավորվում են մթնոլորտային օդի պահպանության հետ կապված հարաբերություններ, որոնք, սակայն, սույն օրենքով կարգավորման ենթակա հարաբերություններ չեն, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողության, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկատների վրա կիրառելիության սահմաններում Օրենքի պահանջները հավասարապես տարածվելու դրույթները: Հետևաբար, Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նշված հոդվածը:
  • Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը: Նախագծով նշված տարիքային սահամափակումը նախատեսվել է միայն օդաչույի համար:
  • Նախագծով փոփոխություններ են նախատեսվում Օրենքի 43-րդ՝ օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները հոդվածում, որով նախ սահմանվել է, թե ինչ փաստաթուղթ է իրենից ներկայացնում օդանավ շահագործողի վկայականը (AOC)՝ այն է՝ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթուղթ: Եվ, ամենակարևորը, օդանավ շահագործողի վկայական կրողի գործունեության նկատմամբ Գլխավոր վարչության կողմից արդյունավետ վերահսկողությունը լիարժեք իրականացնելու համար սահմանվել է, որ, այն դեպքում, երբ AOC կրող իրավաբանական անձի մասնակիցը ՀՀ-ում գրանցված մեկ այլ իրավաբանական անձ է, ապա այդ իրավաբանական անձի կառավարմանն առընչվող հարցերի վերաբերյալ որոշիչ ձայների իրավունքը յուրաքանչյուր դեպքում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ բացառելով օտարերկրյա անձանց կողմից AOC կրող իրավաբանական անձի որոշումներ կայացնելու կամ կանխորոշելու գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցությունը:
  • Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված են այն հիմքերը, որի ի հայտ գալու պարագայում լիազորված մարմնի կողմից տրված՝ վկայականների, հավաստագրի կամ այլ թույլտվությունների գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է: Նշված հիմքերի մեջ, սակայն, հաշվի առնված չեն այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու անհրաժեշտությունը, որի դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ տվյալ պահին դադարեցնել առևտրային օդային փոխադրումները որևէ երթուղու վրա կամ ընդհանրապես՝ որևէ ժամանակահատվածում:

Բացի այդ, Օրենքի տվյալ խմբագրությամբ լիազորված մարմինը չունի իրավասություն վերը նշված հիմքերի առկայության պարագայում մերժել համապատասխան թույլտվությունների տրամադրումը:

Հետևաբար, Նախագծով  այլ անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, ինչպես նաև պետության անվտանգությունը կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանությունը, որպես սահմանադրորեն ամրագրված և պաշտպանված կարևորագույն իրավունքներ, նախատեսվում են որպես լիազորված մարմնի կողմից որևէ իրավունքի տրամադրման, ինչպես նաև տրամադրված իրավունքի կասեցման կամ դադարեցման գործընթացի հիմքերից մեկը:

  • Հստակեցվում են կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման իրականացման ընթացակարգը՝ նշանակումը պետք է իրականացվի թույլտվության հիման վրա՝ առանց լրացուցիչ հայտի ներկայացման:
  • Նախագծով Օրենքի 52-րդ՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը հոդվածն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածի և ԻԿԱՕ «Ավիացիոն անվտանգության ձեռնարկ» Դոկ. 8973/9 փաստաթղթի վերջին փոփոխություններին, ինչպես նաև Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ) միջազգային կազմակերպության Դոկ. 30 փաստաթղթի դրույթներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Փոփոխության արդյունքում հստակեցվել են ավիացիոն անվտանգության գործառույթի ապահովման համար պատասխանատու մարմինների և անձանց (օդանավակայաններ շահագործող կազմակերպություններ, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններ և դրանց անձնակազմի անդամներ, ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներ, ՀՀ տարածքում աերոնավիգացիոն սպասարկումիրականացնող կազմակերպություններ) լիազորությունները:

Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հավելվածին համապատասխան՝ կարգավորվում են նաև չվերթների ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման ապահովման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես լիազորված մարմնին և ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններին՝ վերջիններից պահանջով, այնպես էլ օտարերկրյա լիազորված մարմիններին՝ ՀՀ-ից թռիչքներ իրականացնելու դեպքում՝ ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն:

  • Նախագծով կատարվել են նաև մի շարք տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,

    անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխանեցում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ստանդարտների վերջին փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին:

 

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔի ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                     ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ OՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ հետևյալ իրավական ակտերում.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշում,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշում,
  3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 1010-Ն որոշում,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Oդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշում,
  5. Հայատանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշում,
  6. Հայատանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշում,
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» 27-ի N 944-Ն որոշում<
  8. Հայատանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի «Օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 41-Ն հրաման,
  9. Հայատանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները հաստատելու մասին» N 64-Ն հրաման,
  10. Հայատանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրաման:

  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

  • Обсуждалось

    23.10.2017 - 07.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Авиация

  • Министерство

    Комитет гражданской авиации

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1253

Принт