Добавить в избранное

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

  • 1-ին մասի «դիսկլամացիա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն.».

2) «միջազգային գրանցամատյան» հասկացությունից հետո լրացնել «ԵՏՄ պայմանագիր», «Միության ապրանքային նշան», «Միության ապրանքային նշանի հայտ» և  «Միության գրանցամատյան» հասկացությունները հետևյալ բովանդակությամբ.

«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր.

Միության ապրանքային նշան՝ Միության ապրանքային նշան, որը Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ է և ծառայում է ապրանքների, աշխատանքների և (կամ) ծառայությունների (այսուհետ՝ ապրանքներ) անհատականացման համար.

Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանի գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է.

Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) և տեղադրվում է Միության պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

 «2.1) ԵՏՄ պայմանագրի համաձայն Միության ապրանքային նշանների հայտերի ընդունում, փորձաքննության անցկացում, Միության ապրանքային նշանի գրանցում Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում, Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրում և Միության ապրանքային նշանի գրանցման ու իրավական պահպանության հետ կապված այլ գործառույթների իրականացում.»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4) կետով հետևյալ բովանդակությամբ.

«4) ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի.

  • 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ և(կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) կամ բնույթի վերաբերյալ հարցերում.»:

  • 1-ին մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
  • 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) բաղկացած է կամ պարունակում է՝

ա) գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշում, կամ

բ) նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է կամ վերարտադրում է, նմանակում կամ հիշեցնում է (օգնում է մտաբերել) Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշում, ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանում, այն դեպքերում, երբ ապրանքները չեն արտադրվել կամ ծառայությունները չեն մատուցվել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ, եթե նշվում է ապրանքների արտադրման իրական ծագումը կամ ծառայությունների մատուցման վայրը, կամ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործվում է թարգմանաբար, գրադարձված (տառադարձված) կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

գ) Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը չի տարածվում հայկական ծագման տեղանունների, ինչպես նաև հայկական ծագում ունեցող աշխարհագրական նշումների, երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների և կոլեկտիվ նշանների նկատմամբ:».

4) 2-րդ մասի «2-4-րդ կետերը» բառերը փոխարինել «2-5-րդ կետերը» բառերով.

5) 2-րդ մասից հետո ավելացնել նոր  2.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում:».

6) 3.1-րդ մասից հետո ավելացնել նոր 3.2-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «որը գրանցված է» բառերը փոխարինել՝ «որը Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է ստացել» բառերով:

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն է պարունակում.».

3) 1-ին մասի 3-րդ կետում «որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերը փոխարինել «որոնք նույնը կամ նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերով:

4) 1-ին մասի 3-րդ կետում «նման» բառից առաջ ավելացնել «շփոթելու աստիճան» բառերը:

5) 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերում, Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում «առաջնության թվականը» բառերը փոխարինել «խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը» բառերով․

6) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանը, և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է աշխարհագրական նշումը ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, և (կամ) հայտարկված ապրանքային նշանի օգտագործումը՝

 ա) անհիմն առավելությունների կհանգեցնի տվյալ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի բարի համբավի շնորհիվ,

բ) կարող է մոլորեցնել սպառողներին, կամ

գ) կապ  ենթադրել հայտարկված նշանի իրավատիրոջ և պահպանվող կամ օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրողի միջև, բացառությամբ այն դեպքերի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից.».

7) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) սույն մասի 1-ին կետում նշված իրավական պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշաններ` հետագայում դրանց իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի խնդրանքով (իր դիմումի համաձայն) կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»:

Հոդված 7. 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում և 3-րդ մասի 1-ին կետում, Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 26-րդ հոդվածի 6-րդ մասում, Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում և Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հանրության» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերը փոխարինել «որոնք նույնը կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերով:

3) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «նույնական կամ նման նիշի օգտագործումը համացանցում (ինտերնետում), ինտերնետային կայքերի դոմենային անվանումներում, նույնիսկ եթե տվյալ դոմենային անվանման ներքո գործող կայքը ակտիվ չէ կամ որև տեղեկատվություն չի պարունակում.».

4) 4-րդ մասում «կատարված գրառման հրապարակման թվականից» բառերից հետո ավելացնել «կամ Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից» բառերը:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի`

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանը կրող կամ դրանով մակնշված այն ապրանքների իրացումը (ապրանքային նշանի օգտագործումը), որոնք ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:».

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դրա կիրառումը ապրանքի արտադրության և (կամ) իրացման կամ ծառայության մատուցման հետ կապված գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ այդ ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ  նշանի կիրառումն անհնար է.»:

2) 1-ին մասում 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3) ապրանքային նշանի օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից` միայն դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող առանձին ոչ էական տարրերով:».

3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման կամ դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այդ իրավունքն ունեցող անձի կողմից՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման դիմում, հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:»:

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան դիմումը, հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում սկսվել կամ վերականգնվել է տվյալ ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի կամ դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսվել կամ վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել կամ կարող էր հայտնի դառնալ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:».

5) 5-րդ մասի 1-ին կետում «փաստարկներ» բառը փոխարինել «ապացույցներ» բառով.

6)  5-րդ մասի 2-րդ կետում «առանձին» բառից հետո ավելացնել «ոչ էական» բառերը.

7)  5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Բացառապես արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է այն ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորումների վրա, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը.».

8) 5-րդ մասից հետո ավելացնել նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

«6. Սույն հոդվածով նախատեսված դիմումը համարվում է բողոքարկման խորհուրդ ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

  1. Սույն հոդվածով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝ դիմումը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և չեղյալ ճանաչել ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ դիմումը մերժել։
  2. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման թվականից։ Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում է բողոք ներկայացնողին։ Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկել դատական կարգով դրա ստացման օրվանից հետո` երկամսյա ժամկետում։»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ (որոնց համար գրանցված է)՝ յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:».

2) 7-րդ մասում «ձևակերպման» բառից հետո ավելացնել «, լրացման, ներկայացման» բառերով:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) վերնագրում և ամբողջ հոդվածում «հայտարարումը» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ճանաչումը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին մասում «դատարան» բառից առաջ լրացնել «բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումի քննարկման արդյունքում կայացված բողոքարկման խորհրդի որոշման կամ» բառերով.

3) 1-ին մասի 1-ին կետում «հաշված` հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված` երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝ «նախորդող երեք տարի» բառերով:

4) 1-ին մասի 1-ին կետում «հայցը» բառերից առաջ լրացնել «բողոքարկման խորհուրդ դիմում կամ դատարան» բառերը:

5) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների տեսակի հարցում, որի համար այն գրանցված է, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների որակի, աշխարհագրական ծագման, կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) հարցերում:».

6) 3-րդ մասում «ուժով» բառը փոխարինել «հիման վրա» բառերով.

7) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։»:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է այդ մասին բողոքարկման խորհուրդ դիմումը կամ  հայցը կամ հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա բողոքարկման խորհուրդը կամ դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «իրավատիրոջ» և «իրավատեր» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հայտատուի)» և «(հայտատու)» բառերը.

2) 6-րդ մասում «բնույթի» բառից հետո լրացնել «տեսակի» բառը,  «փոխանցման հետևանքով ապրանքային նշանը» բառերը փախարինել «փոխանցման հետևանքով ապրանքային նշանի օգտագործումը» բառերով, «ծագման» բառից հետո ավելացնել «, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի)».

3) 9-րդ մասից հետո ավելացնել նոր 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝ «10. Սույն հոդվածում նշված դիմումի ձեևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։»:

Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին և 5-րդ մասերում «եղանակով» բառը փոխարինել «համակարգի միջոցով» բառերով, «իր ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրան տված լիազորագրի հիման վրա» արտահայտությամբ.

2) 1-ին մասից հետո ավելացնել նոր 1.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը և հայտին կցված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրք վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից՝ երկամսյա ժամկետում, լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:»:

3) 2-րդ մասում «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և մշտապես բնակվող կամ  գործունեութայն վայր ունեցող» բառերով, «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «,եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերը.

4) 2-րդ մասից հետո ավելացնել 2.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված երկամսյա ժամկետում արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի լիազորագիրը չներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից՝ երկամսյա ժամկետում, լիազորագիր ներկայացնելու: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:».

5) 5-րդ մասում «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով:

6)  6-րդ մասի 2-րդ կետում «փաստաթուղթը» բառից հետո ավելացնել «(լիազորագիրը)» բառը:

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդված 7-րդ մասում 1-ին նախադասության մեջ «և հայտում» բառերը փոխարինել «և չեն ընդլայնում հայտում» բառերով, իսկ 2-րդ նախադասության մեջ «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:» բառերը փոխարինել «ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը:» բառերով:

Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 5-րդ մասից հետո ավելացնել նոր 5․1-րդ և 5.2-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

 «5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական կամ սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող ապրանքային նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուներին: Ծանուցագիրը ստանալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում հայտատուները կարող են պետական լիազոր մարմին ներկայացնել իրենց դիրքորոշումը կամ հայտարկված ապրանքային նշանների հետ կապված հայտատուների միջև հարաբերությունները կարգավորող և սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգը կանխող համաձայնագիր:

5.2. Սույն հոդվածի 5.1. մասի համաձայն՝ սահմանված ժամկետում հայտատուների կողմից ներկայացված դիրքորոշումները և (կամ) համաձայնագիրը պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փարձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:»․

2) 7-րդ մասում հանել «տարբերակիչ հատկություն չունեն և» բառերը, իսկ «կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ» բառերը փոխարինել «ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա» բառերով.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա`

1) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է ընդունում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ՝

2) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, կամ հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ հայտարարություն է  ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում  ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».

4) 12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ.

«12.1.  Հայտի ըստ էության փորձաքննության, կրկնական փորձաքննության վարչական վարույթները կարող են կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին՝ մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն ուժի մեջ մտելը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:».

5) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին, ինչի մասին պետական լիազոր մարմինը եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին։ Ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում: Ծանուցման պատասխան չստանալու կամ ժամկետին չստանալու դեպքում, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին:»:

Հոդված 17. Օրենքի 47-րդ հոդվածի`

1) 5-րդ մասում «վեցամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով։

2) 5-րդ մասից հետո ավելացնել նոր 6-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«6. Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկման վարչական վարույթը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին՝ մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:»:

Հոդված 18. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Ապրանքային նշանի գրանցումը դատարանի կողմից չեղյալ կամ անվավեր ճանաչվելու կամ բողոքարկման խորհրդի կողմից չեղյալ ճանաչվելու դեպքերում ապրանքային նշանի գրանցման վկայագիրն ուժը կորցրած է ճանաչվում:»:

Հոդված 19. Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետում «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով:

Հոդված 20. Օրենքի 52-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «ազգանվան» բառից հետո լրացնել «, կամ անվանման» բառերը.

2) 2-րդ մասում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Սույն մասով սահմանված դրույթը չի  կիրառվում սույն հոդվածի 1-ի մասի 2-րդ կետով նախատեսված հայտատուի ներկայացուցչի փոփոխության նկատմամբ:».

3) 2-րդ մասից հետո ավելացնել նոր 2.1-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Ներկայացուցչի փոփոխություն չի համարվում հայտի քննարկմանը կամ գրանցմանը վերաբերող առանձին գործողություն կատարելու համար հայտատուի կամ իրավատիրոջ կողմից տրված լիազորագրով այլ ներկայացուցուցչի (ներկայացուցչի) նշանակումը:».

4) 8-րդ մասից հետո ավելացնել նոր 9-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին պետական լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում հետագայում ներկայացված հայտերի կամ դիմումների քննարկման ընթացքում հայտատուին կամ դիմումատուին ծանուցվում է ներկայացված հայտին կամ դիմումին առընչվող ապրանքային նշանների գրանցումներին վերաբերող՝ համապատասխան պետական գրանցամատյանում նման փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին: Ծանուցման ստացման օրվանից երկամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել դիմում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է կամ դիմումները համարվում են հետ կանչված:»:

Հոդված 21. Օրենքի 53-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր է  ճանաչվել դատարանի վճռով կամ չեղյալ է ճանաչվել բողոքարկման խորհրդի որոշմամբ.»:

2) 2-րդ մասի 1-ին կետում «մասին» բառից հետո ավելացնել «կամ բողոքարկման խորհրդի ուժի մեջ մտած որոշումը՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին» բառերը:

Հոդված 22. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում «43-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերից հետո ավելացնել «45-րդ հոդվածի 13-րդ մասով,» բառերով:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

Հոդված 24. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ապրանքային նշանի չօգտագործման կամ իրական օգտագործման մեջ չդրվելու երեք տարվա ժամանակահատվածը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ապրանքային նշանների պետական գրանցումների վրա:
  2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետը տարածվում է նաև մինչև սույն օրենքը ուժի մեջ մտները գրասենյակ ներկայացված հայտերի կամ դիմումների վրա, որոնցով գործավարությունը ավարտված չէ:

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.09.2022 - 18.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство Экономики РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3166

Принт