ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

          1․ Կարգավորման ենթակա խնդիրը Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

    «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է իրավահարաբերությունները խաղային գործունեության ոլորտում, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, խաղային գործունեությունը մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի,  բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն է։ Սույն օրենքի իմաստով խաղը մոլեխաղը, ինտերնետ մոլեխաղը, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղը, վիճակախաղն է, իսկ մոլեխաղը՝ ռիսկի վրա հիմնված շահումով խաղը։ Նախագծով սահմանվում են խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները: Սահմանված է, որ խաղերի կազմակերպիչների և խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգին համաձայն: Խաղերի կազմակերպչի և խաղացողի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու միջոցով:

 

 

 

2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս մոլեխաղերի ոլորտը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով: Հարկ է նշել, որ օրենքը լիարժեքորեն չի ներառում տվյալ ոլորտը, ինչի արդյունքում կարգավորումներից դուրս են մնում մի շարք կարևորագույն հայեցակետեր, ինչպես օրինակ` կիրառվող ծրագրային և տեխնիկական միջոցների համապատասխանությունը հայտարարված չափանիշներին, կեղծ կամ արտաքին միջամտությունից չպաշտպանված սարքավորումների կամ ծրագրային միջոցների կիրառմամբ խաղերի կազմակերպումը, ինչի արդյունքում ոտնահարվում են խաղացողների շահերը և այլն:

Մշտապես առաջանում են հարցեր, կապված «շահումով խաղ» հասկացության մեկնաբանման հետ: Գաղտնիք չէ, որ շուկայում առաջարկվում են բազմաթիվ խաղեր, որոնք որոշակի պայմանների պահպանման դեպքում հանդիսանում են պարզ ատրակցիոն խաղեր` ապահովելով որոշակի նյութական շահումների տրամադրում խաղի մասնակցին, միևնույն ժամանակ հեշտությամբ կարող են վերածվել մոլեխաղի` հստակ օրենսդրական կարգավորումների բացակայության շնորհիվ:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ ատրակցիոն բնույթի շահումով խաղերի նկատմամբ բացակայում է որևէ տիպի վերահսկողությունը` անվտանգության, տեխնիկական չափանիշների պահպանման և այլ առումներով:

Բավարար չափով կարգավորված չեն նաև ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում` ֆինանսական հոսքերի, խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների, օրենքով սահմանված չափանիշների հետ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը:

Պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվում է մոլեխաղերի գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների շտեմարանների և խաղային սարքերի միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Մինչ մոնիտորինգային կենտրոնին միացումը նախատեսվում է ծրագրային և տեխնիկական միջոցների փորձագիտական ուսումնասիրություն` ընդունված ստանդարտներին համապատասխանությունը հաստատելու նպատակով:

Նշված ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել հատուկ փորձարկման լաբորատորիաների միջոցով, իսկ ստանդարտների մշակումը, կազմակերպիչների կողմից դրանց պահանջների պահպանումը, համապատասխանության վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել խաղային ոլորտի կարգավորման օպերատոր կամ օպերատորների միջոցով։

Նախագծով առավելագույնս հստակեցվել և պարզեցվել են մի շարք հասկացություններ, որոնց տարընթերցման հետևանքով հաճախ առաջանում են խնդիրներ դրանց կիրարկման առումով:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, որպես վիճակախաղ է սահմանվում նաև տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը:

Իրականում անհրաժեշտ է տարանջատել վիճակախաղը տոտալիզատորից, իսկ ավելի ստույգ` բուքմեյքերական գործունեությունից, որի մասն է կազմում տոտալիզատորը: Եթե այս երկու գործունեություններն իրենց բնույթով նման են միմյանց այնքանով, որքանով որ դրանց հիմքում դրված է որևէ իրադարձության ելքի կանխագուշակումը, ապա տարբերություններն անհամեմատ շատ են, ներառյալ կանխագուշակվող իրադարձության տեսակը. Եթե վիճակախաղի դեպքում իրադարձություն է հանդիսանում կազմակերպչի կողմից գեներացված և տոմսերի տեսքով մասնակիցներին առաջարկվող` պատահականության սկզբունքով շահող համակցության ձեռքբերումը կամ վիճակախաղային շահող համադրությունների կանխագուշակումը, ապա տոտալիազտորի դեպքում, որպես կանոն, իրադարձություն է հանդիսանում իրական ընթացող իրադարձությունը, որի ելքը պատահականությամբ պայմանավորված չէ:

Վերոգրյալից հետևում է, որ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ այս երկու գործունեությունների հետ կապված հարաբերություններում, ինչը հնարավոր է իրագործել օրենսդրորեն դրանք միմյանցից տարանջատելու պարագայում:

Ներկայումս գիտատեխնիկական առաջընթացը, ցանցային, տելեկոմունիկացիոն միջոցների զարգացումը հանգեցրել են նրան, որ վիճակախաղերի ասպարեզում ևս լայն տարածում են գտնում ցանցային, ինտերակտիվ վիճակախաղերը: Սակայն նման վիճակախաղերի (այդ թվում` էլեկտրոնային կամ ինտերնետային) կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները գործող օրենքով ներկայումս կարգավորված չեն:

Բավարար չափով կարգավորված չեն նաև գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում` ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը: Այդ նպատակով Նախագծով նախատեսվում են վիճակախաղի գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների շտեմարանների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Հարկ է նշել, որ մոնիտորինգային կենտրոնին միացվելու են նաև ավանդական (թղթային) վիճակախաղերի տոմսերի գեներացումն իրականացնող ծրագրային միջոցները կամ գեներացված տոմսերով տվյալների շտեմարանները: Մինչ մոնիտորինգային կենտրոնին միացումը նախատեսվում է ծրագրային և տեխնիկական միջոցների փորձագիտական ուսումնասիրություն` ընդունված ստանդարտներին համապատասխանությունը հաստատելու նպատակով:

Նախագծով սահմանվում են նաև խաղերին մասնակցելու սահմանափակումները: Մասնավորապես` սահմանվելու են քաղաքացիների` խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները: Ընդ որում արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր հանդիսանում են սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, հանդիսանում են «Պետական նպաստերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերանզանում է տարեկան եկամուտների 40%ը,  հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ օրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ, մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը:

4 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումն է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը` շահումով խաղերի կազմակերպման և անցկացման ծրագրային և տեխնիկական միջոցների, խաղի կանոնների և պայմանների նկատմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանության մասով վերահսկողության իրականացման միջոցով:

  1. Այլ տեղեկություններ

              «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

  • Обсуждалось

    06.07.2022 - 21.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4212

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

18.07.2022

Ընդ որում արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր հանդիսանում են սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, հանդիսանում են «Պետական նպաստերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերանզանում է տարեկան եկամուտների 40%ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Վերոնշյալ հատվածը նույնպե՞ս ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: Եթե այո,ապա առաջարկում եմ մինչ այդ վերահսկող մեխանիզմներ կիրրառել նշված անձանց նկատմամբ։

Հայկ Ասատրյան

17.07.2022

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությունը շահումային խաղերին, հատկապես ՊՆ ծառայողների, քանի որ շատ են լրտեսության դեպքերը, որոնք կարող են նաև հետևանք լինել խաղամոլության։

Узнать больше