Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

 

   Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են հանրակրթության ոլորտում դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները գործող կարգի 3-րդ կետում հղում արված՝ ՀՀ առողջապահության և քաղաքաշինության սահմանած նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթության կազմակերպելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

    

    Համաձայն նախագծի 3-րդ կետում արված հղումների՝  սովորողների թիվը մեկ դասարանում չի կարող գերազանցել 25-ը, այնինչ, ներկայում ուսումնական հաստատություններում այդ նորմերը ոչ միայն չեն պահպանվում, երբեմն արձանագրվում են դեպքեր, երբ այդ թիվը հասնում և նույնիսկ ավելի է 35 սովորողից։

    Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնարին է դառնում տարբեր պատճառներով, օրինակ՝ աշակերտակենտրոն ուսուցում իրականացնելու, դասապրոցեսին խմբային աշխատանք կատարելու, արդյունավետ մեթոդներ կիրառելու անհնարինության, մատուցված նյութի հարցմանը քիչ սովորոցներ ընդգրկելու հիմնավորմամբ։  Ոչ պակաս կարևորություն ունի  առողջապահական, հիգիենայի և այլ կարևորագույն նորմերը չպահպանելու խնդիրը, որը համավարակի տարածման կանխարգելման գործընթացում առավել ակնհայտ դարձավ։

Ներկայում փոքրաթիվ աշակերտ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են նաև քառահամակազմ դասարաններ՝ դասավանդվող բոլոր առարկաներից, ուստի սովորողների ուսուցումը կազմակերպելիս արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Դրանք հիմնականում կապված են բազմահամակազմ դասարանները բոլոր առարկաների համար նույն մոտեցմամբ  կազմավորելու, ուսուցչի կողմից դասապրոցեսը մեթոդապես անարդյունավետ կազմակերպելու, դպրոցները դասավանդման համար ոչ բավարար գործիքակազմով համալրված լինելու հետ:

Նման դպրոցներում աշակերտների թվով պայմանավորված՝ ոչ լրիվ դրույքաչափով ապահովված լինելու արդյունքում ուսուցիչները շատ ցածր են  վարձատրվում։             Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կրթական արդյունքն ավելի ցածր է, մասնավորապես ԲՏՃՄ ոլորտի առարկաների, քան քաղաքային բնակավայրերի սովորողների ցուցաբերած արդյունքներն են։ Արձանագրված խնդիրներն ավելի արտահայտիչ են հատկապես հումանիտար և  ԲՏՃՄ ոլորտի առարկաների ժամերին բազմահամակազմ դասարաններ ձևավորելու արդյունքում։

Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի՝ Հայաստանի աղքատ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը (ընդհանուր 38.690-ից մոտ 4000-ը, համարժեք է 10%-ին) աշխատում է գյուղական դպրոցներում: Գյուղական վայրերում ուսումնառության արդյունքները զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են համապատասխանաբար, 12.1-ը և 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3-ը (սահմանամերձ տարածքներ) և 12.5-ը (հեռավոր գյուղեր): TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային և գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ և գյուղաբնակ 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015 թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր քան 2003-ին, իսկ բնագիտական առարկաներից մնացել են նույնը:  Խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական և քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների և արձանագրվող խնդիրների մասին է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 

    Հանրակրթության նոր չափորոշչի պահանջը սովորողների կոմպետենցիաների վրա հիմնված կրթության մատուցումն է, որը պետք է սկսել ուսումնառության սկզբից և հատկապես զարգացնել ավագ դպրոցում՝ հոսքային ուսուցման միջոցով, որի տրամաբանությունը սովորողի նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու կարևորությունը հաշվի առնելն է։ Այսինքն, ավագ դպրոցում հնարավոր է դառնում սովորողի նախընտրությամբ դասացուցակի ձևավորումը, որի արդյունքում հնարավոր կդառնա նաև 1-2 սովորողի համար ձևավորել ուսումնական մեկ խումբ։ Այս հիմնավորմամբ էլ սովորողների թվի նվազագույն սահման չի նախատեսվում։ Բացի այդ, կարգում առաջարկվում է տարբերակել ավագ դպրոցում դասարանների կազմավորման սկզբունքը՝ ելնելով չափորոշչի պահանջից՝ ճիշտ ֆինանսավորում իրականացնելու համար:

  Մի շարք դրույթների համար սահմանվել է ավելի ուշ ժամկետ՝ 2026 թ. սեպտեմբեր՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշչի ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար ողջամիտ ժամկետը:

    Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է դասարանները կոմպլեկտավորել՝ դիտարկելով տարբեր առարկաների առանձնահատկությունները, դասավանդման մեթոդների համադրելիությունը, տարատարիք սովորողների համաժամանակյա ուսուցման համատեղելիությունը, ինչպես նաև միևնույն հետաքրքրություններն ունեցող սովորողների համար կրթական գործընթացի կազմակերպման  հնարավորությունը՝ հրաժարվելով քառահամակազմ դասարաններ ձևավորելու սկզբունքից։

    Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն, ուստի առաջարկ է արվում համապատասխանաբար երկհամակազմ և եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 և 75 %-ի չափով հավելավճար՝ վերջիններիս վարձատրության բարելավման հնարավորություն ընձեռելով, որը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի առումով, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու տեսանկյունից։

   

    Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

 

      Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը՝ համաձայն հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:

   Նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են  փոքրաթիվ աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունում գործընթացը պատշաճ կազմակերպելու, դասարանները որոշակի առարկաների ժամերին ըստ համատեղելիության և ուսուցման գործընթացը կազմակերպելու հնարավորությունների  միավորելու՝ հնարավորություն ընձեռնելով դպրոցներում  բազմահամակազմ դասարաններ ձևավորել՝ հաշվի առնելով տարիքային և առարկայական որոշ առանձնահատկություններ: Ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմ ուսումնական խումբ կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից և հետևյալ բնագավառներից՝ արհեստ, արվեստ, ֆիզիկական և  անվտանգ կենսագործունեություն։

       Անհրաժեշտ կարգավորում է նաև բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի տրամադրումը, որը ներկայում առկա մի շարք խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի, այդ թվում՝ ուսուցչի թափուր տեղի համալրման, դասավանդման որակի բարելավման, սովորողների մասնակցային կրթության խթանման, դասավանդողների վարձատրության փոքր-ինչ բարձրացման։   

    Նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանների ձևավորման համար դրույթներ կսահմանվեն հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներըՙ անձինք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության   2018 թվականի օգոստոսի 30-ի N-954-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի
թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» 
բաժնի  1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, ՀՀ կառավարության 2021 թ․ փետրվարի 4-ի N 136-Ն որոշման պահանջներից։

  • Обсуждалось

    17.06.2022 - 02.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6982

Принт

Предложения

Ռուզաննա Գրիգորյան

27.06.2022

Բարև Ձեզ հարգելիներս։ Ողջունելի, երկար սպասված և բավականին խելամիտ առաջարկ է; Խնդրում եմ պարզաբանել, եթե շենքային պայմանները և սանիտարահիգենիկ նորմերը պահպանվում են, միահերթ աշխատանքային պայմանները ապահովելով, կարող ենք սեպտեմբերի մեկից դասարանները կոմպլեկտավորել 20-25 աշակերտ միջին թվով։ Շնորհակալություն։

Մենուա Հարությունյան

26.06.2022

Նախագիծը ողջունելի է և արդյունավետ։

Լիլիթ Արեյան

18.06.2022

1․ ՀՀ հանրակրթական դպրոցների մեծամասնությունում հնարավոր չէ կազմավորել դասարաններ ՝հիմք ընդունելով 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանը ,քանի որ ՀՀ-ում հիմնականում բոլոր դպրոցները կառուցվել են Խորհրդային Միության տարիներին և չեն համապատասխանում այդ հրամանում նշված նորմերին ։ 2․Համաձայն 3-րդ կետի ՝ կարող է ձևավորվել առավելագույնը 25 հոգանոց դասարաններ ,եթե դպրոցը աշխատի երկհերթ,իսկ արդեն գործող երկհերթ դպրոցների դեպքում այն չի կարող իրականացվել։ 3․Առաջանալու է ուսուցիչների թափուր հաստիքներ ,որը համալրելը անգամ հիմա հնարավոր չէ ։ 4․Նախագիծը կգործի սակավաթիվ աշակերտ ունեցող դպրոցներում։ 5․Առաջարկում եմ նախագիծ կազմելիս հաշվի առնել այն հանգամանքը ,որ ՀՀ-ում կան նաև դպրոցներ որոնք ունեն մոտ 2300 աշակերտ ,72 դասարան և երկհերթ են , մշակելիս կազմակերպել քննարկումներ ՀՀ-ում ամենաշատ և ամենաքիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների ներկայացուցիչների հետ։ 6․20-25 հոգանոց դասարաններ ունենալը դրական փոփոխություն է,սակայն այն կարող է իրագործվել միայն շենքային պայմանները ապահովելուց հետո։

Узнать больше