«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի № 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի № 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի № 329-Ն որոշում
COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի № 1348-Ն որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։
COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել պետությունների ցանկերը և դրանք սահմանել ըստ երեք հիմնական ռեժիմների
- պետություններ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում,
- պետություններ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում առանց հրավերի, ինչպես նաև դիմել էլեկտրոնային վիզա (E-VISA) ստանալու համար,
- պետություններ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, դիմել էլեկտրոնային վիզա (E-VISA) ստանալու համար կամ ստանալ ՀՀ պետական սահմանին։
Հրավերով երկրների փոփոխությունը
Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը։
- Եգիպտոսի քաղաքացիների համար հրավերի պահանջը վերացնելը նպատակահարմար է և անհրաժեշտ քաղաքական և տնտեսական տեսանկյուններից (զբոսաշրջության զարգացում)։ Անվտանգությանը և ապօրինի միգրացիային վերաբերող ռիսկերը նվազ են և կառավարելի՝ հաշվի առնելով Եգիպտոսի հետ Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակը։
Անօրինական միգրացիայի հետ կապված հարցերի շուրջ Եգիպտոսն ակտիվ համագործակցում է, մասնավորապես, ԵՄ հետ, ինչին եվրոպական երկրները և կառույցները պարբերաբար անդրադառնում են՝ մշտապես բարձր գնահատելով այս բնագավառում Եգիպտոսի հետ համագործակցության արդյունքները և պաշտոնական Կահիրեի կողմից թափվող ջանքերը։
Այս համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև 2007թ. ապրիլի 15-ին ստորագրված էքստրադիցիայի մասին համաձայնագրի առկայության կարևորությունը։ Ինչպես ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, այնպես էլ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են համագործակցել շահագրգիռ կողմերի հետ, քանի որ հարցերը ուղղակիորեն առնչվում են երկրի անվտանգության և հեղինակության հետ։
- Սաուդյան Արաբիայի թագավորությունը Մերձավոր Արևելքի առաջատար երկրներից է։ Այն կարևոր դերակատարություն ունի այդ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում։ Հանդիսանում է Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիացած շարժման, Ծոցի համագործակցության խորհրդի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ազդեցիկ անդամ։ Ունի տնտեսական և ներդրումային հսկայական ներուժ։ Թեև Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առայժմ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, վերջին շրջանում նկատվում է տարբեր մակարդակի շփումների ակտիվացում։ Սաուդյան Արաբիայի հետ գործնական կապերի հաստատումը բխում է ՀՀ շահերից թե քաղաքական, թե առևտրա-տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացումը կնպաստի այդ կապերի ակտիվացմանը, ինչպես նաև՝ զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։
- Մարոկկոյի թագավորություն, Թունիսի Հանրապետություն, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
Կարևոր դերակատարներ են իսլամական և արաբական երկրների շրջանակում, Աֆրիկայում, Միջերկրականի ավազանում։ Հանդիսանում են Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիացած շարժման, Աֆրիկյան միության գործուն անդամներ։ Մարոկկոն և Թունիսն անդամակցում են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։ Երեք երկրներն էլ ակտիվորեն ներգրավված են ԵՄ հետ ինտեգրացիոն գործընթացներում։ ԵՄ-ը ասոցացման համաձայնագրեր է ստորագրել Մարոկկոյի, Թունիսի և Ալժիրի հետ։
ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացումը Մարոկկոյի, Թունիսի և Ալժիրի քաղաքացիների համար կնպաստի այդ երկրների հետ հարաբերությունների ակտիվացմանը, ինչը բխում է ՀՀ շահերից՝ նկատի ունենալով նրանց միջազգային քաղաքական կշիռը և տնտեսական ներուժը, ինչպես նաև՝ զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այն պետությունները, որոնց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ գործող բազմակի մուտքի վիզա ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Մուտքի վիզաների ուսումնասիրության և որոշման կայացման համար հիմնական չափանիշներից են անվտանգությունը և այցելության նպատակի արժանահավատությունը (միգրացիոն ռիսկերի գնահատումը), հետևաբար նախագծով ներկայացվող երկրների գործող կացության կարգավիճակի կամ բազմակի մուտքի վիզայի առկայությունն ինքնին տվյալ օտարերկրացու օգտին առկա փաստական հանգամանք է։
ՀՀ կառավարության 2007թ. հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշում
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Ներկայումս սահմանին դիմելու դեպքում օտարերկացին լրացնում է համառոտ դիմում, որը չի պարունակում այն բոլոր կարևոր տեղեկությունները, որոնք նույն օտարերկրացին պետք է լրացնի, եթե դիմի նախապես՝ E-VISA համակարգով։
Նախագծով հստակեցվում է, թե տվյալ կարգի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն այդ ազգակցական կապն ապացուցելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան կապը հաստատելու համար մի շարք դեպքերում բավարար է միայն փաստաթղթի պատճենը՝ հետևյալ հիմնավորմամբ.
Օրինակ, եթե օտարերկրացին հանդիսանում է ՀՀ քաղաքացու ամուսին, ապա բացի իր անձնագրից պետք է ներկայացնի նաև իր ամուսնու անձնագիրը և ամուսնության վկայականը։ Եթե ընդունենք, որ ամուսնության վկայականի բնօրինակը կարող է իր մոտ լինել, ապա ակնհայտ է, որ իր ամուսնու անձնագրի բնօրինակը չպետք է իր մոտ լինի։ Հետևաբար, չենք կարող սահմանել ամուսնու անձնագրի բնօրինակի ներկայացման պահանջ։ Եթե ՀՀ քաղաքացի հանդիսացող ամուսնու անձնագրի պատճենն ընդունելի է, ապա նույն մոտեցումն անհրաժեշտ է կիրառել նաև առնվազն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված ամուսնության վկայականի նկատմամբ, որի իսկությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր է ստուգել։
Նույն խնդիրը ներկայումս առկա է նաև ազգությամբ հայ լինելու մասին նշումով մկրտության վկայականների և ծննդյան վկայականների միայն բնօրինակը պահանջելու հետ կապված։
Փաստաթղթերի պատճենները բավարար համարելու մոտեցումը բխում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածից, համաձայն որի. «Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»։
Ներկայումս ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու համար պահանջվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները, հետևաբար հազվադեպ է լինում, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ ազգությամբ հայ օտարերկրացին իր մոտ ունենա այդ փաստաթղթերի բնօրինակները։ Արդյունքում, սահմանված նորմը կրում է ձևական բնույթ և, ըստ էության, չի կիրառվում նույնիսկ այն դեպքերում, երբ Հայաստան ժամանած օտարերկրացին ակնհայտ ազգությամբ հայ է (օրինակ՝ ունի տիպիկ հայկական անուն, ազգանուն կամ հայրանուն և խոսում է հայերեն)։
Կարծում ենք, որ տվյալ դեպքում, երբ խոսքը գնում է ընդամենը մուտքի վիզան սահմանին ստանալու մասին, այլ ոչ իրավական հետևանքներ ունեցող վարչարարության մասին (օրինակ՝ կացության կարգավիճակի կամ անձնագրի տրամադրում, ՀՀ քաղաքացիության շնորհում), ՀՀ կողմից տրամադրված ՔԿԱԳ վկայականների և ազգությամբ հայ լինելու մասին նշումով մկրտության վկայականի պատճենը կամ լուսանկարը (այդ թվում էլեկտրոնային), պետք է համարել բավարար ապացույց։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այցելության նպատակը և ժամկետները հիմնավորող այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն։ Օրինակ, ինքնաթիռի տոմս՝ վերադարձով, հյուրանոցի ամրագրում, այցը կազմակերպող տուրիստական ընկերության հրավերը, ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր, առողջապահական ապահովագրություն և այլ փաստաթղթեր, որը հանդիսանում է միջազգայնորեն ընդունված պրակտիկա, սակայն ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված չէ։
Նախագծով նկարագրվել և հստակեցվել է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) տրամադրելու ընթացակարգը, քանի որ կարգի գործող տարբերակում այն բավարար չափով ներկայացված չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։
Ընթացակարգի հստակեցումը և մանրամասն նկարագրությունը ենթադրում է նաև ՍԷԿՏ համակարգի համապատասխան բաղադրիչում (E-VISA համակարգ) որոշակի ծրագրային փոփոխությունների իրականացում, որի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից դեռևս 2020թ.-ից համապատասխան գործընթաց է սկսվել՝ համապատասխան իրավասու մարմինների հետ համատեղ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացված նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.
- վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը,
- հստակեցնել երեք հիմնական ռեժիմներով վիզա ստանալու հնարավորություն ունեցող երկրների ցանկերը,
- սահմանել այն երկրների ցանկը, որոնց կացության կարգավիճակ կամ վիզա ունեցող օտարերկրացիները կարող ենք ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանին,
- սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ,
- հստակեցնել ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը,
- հստակեցնել պահանջվող փաստաթղթերի ցանկը, դյուրացնել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին,
- սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն,
- հստակեցնել ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) ստանալու ընթացակարգը։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, կատարելագործել և հստակեցնել վիզա ստանալու հետ կապված ընթացակարգերը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և
անձինք.
Նախագիծը մշակվել է Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից՝ հաշվի առնելով Վարչապետի աշխատակազմի, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, Ազգային անտվտանգության ծառայության (այդ թվում՝ սահմանապահ զորքերի), Էկոնոմիկայի նախարարության (այդ թվում՝ զբոսաշրջության կոմիտեի) և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ անցկացված աշխատանքային քննարկումները և վերջին երկու տարիների իրավակիրառ պրակտիկան:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում՝ չհաշված այն հանգամանքը, որ ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը կարող է խթան հանդիսանալ, որ մի շարք պետությունների քաղաքացիներ որոշեն այցելել Հայաստանի Հանրապետություն՝ կատարելով դրանից բխող մի շարք ծախսեր, այդ թվում՝ մատուցվող ծառայությունների համար վճարել պետական տուրք և այլ պարտադիր վճարներ, որի վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներ հնարավոր չէ ներկայացնել։
ՍԷԿՏ համակարգի համապատասխան բաղադրիչում (E-VISA համակարգ) որոշակի ծրագրային փոփոխությունների իրականացումն ակնկալվում է, որ կիրականացվի ԱԱԾ ընթացիկ ծրագրերի շրջանակներում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ներկայացված նախագծերի ընդունումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.5 («Զբոսաշրջություն») և 6.2 («Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ») կետերով սահմանված նպատակներին, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությանը։
-
Обсуждалось
06.06.2022 - 24.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 3996
Принт