Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորում           

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Մսի և մսամթերքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում)։ Որոշմամբ հաստատված հավելվածի 59-րդ կետի համաձայն՝ մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ և ընթեռնելի մակնշվածքը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը` հայերենով (մսի և մսամթերքի մակնիշները կարող են ներկայացվել նաև լատիներեն տառերով)`

ա) մսի կամ մսամթերքի անվանումը (մսի դեպքում նշել կենդանու կամ թռչնի տեսակը),

բ) մսի կամ մսամթերքի զտաքաշը,

գ) մսամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը,

դ) մսամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան, (...)։

Միաժամանակ, Որոշմամբ հաստատված հավելվածի 60-րդ կետի համաձայն՝ հավելվածի 59-րդ կետի դրույթները չեն տարածվում վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված` չփաթեթավորված մսի վրա, որը կարող է փաթեթավորվել գնորդի պահանջով կամ չափածրարվել անմիջապես վաճառքից առաջ:

Հարկ է նշել, որ չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է մի քանի առումներով, այսպես.

  • չփաթեթավորված և փաթեթավորված թռչնամիսը, ըստ էության, լինելով միևնույն ապրանքը՝ ստացվում է մի իրավիճակ, որ չփաթեթավորված և փաթեթավորված թռչնամիս արտադրող և ներմուծող սուբյեկտների նկատմամբ նախատեսվում են տարբեր կարգավորումներ, որպիսի պայմաններում անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում վերջիններիս համար։ Այսինքն՝ փաթեթավորված միս արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներն ապրանքն իրացնելիս պարտավոր են սպառողին ներկայացնել նաև Որոշմամբ սահմանված տեղեկատվություն, մինչդեռ չփաթեթավորված մսի դեպքում նման պահանջ բացակայում է.
  • չփաթեթավորված մսի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջի բացակայության պայմաններում հնարավորություն է ստեղծվում ներմուծված թռչնամիսը վաճառակետում վերջնական սպառողին ներկայացնել որպես տեղական, սառեցված թռչնամիսը՝ պաղեցված այն պարագայում, երբ դրանց պահպանման համար սահմանված են պահպանման տարբեր պայմաններ՝ խաթարելով մրցակցային միջավայրը։

Բացի այդ, չփաթեթավորված թռչնամիսն առանց մակնշման վաճառակետերում իրացնելու պայմաններում վերջնական սպառողը չի ստանում թռչնամսի վերաբերյալ մի շարք անհրաժեշտ տեղեկություններ:

Հարկ է նկատի ունենալ, որ վերոշարադրյալ խնդիրներն արձանագրվել են նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից թռչնամսի շրջանառության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում (ուսումնասիրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2022/03/Trchnamis-2.pdf

Միջազգային փորձի, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մսի, մասնավորապես՝ թռչնամսի շրջանառության ոլորտի վերաբերյալ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերպետական մարմիններն, ըստ էության, նախատեսում են պարտականություն անդամ պետությունների համար չփաթեթավորված սննդամթերքի, այդ թվում՝ թռչնամսի վերաբերյալ վաճառակետում սպառողին տեղեկությունների փոխանցելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսելու հարցը։

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության ակտերի շարքին դասվող  Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշման հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ վաճառվում է սննդամթերք, որը փաթեթավորված չէ սպառողական փաթեթավորմամբ (...), վաճառողը պարտավոր է փոխանցել այդ ապրանքների մասին տեղեկությունները սպառողին:    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 110 որոշմամբ[1] հաստատված հավելվածով կարգավորված չէ անդամ պետություններում չփաթեթավորված թռչնամսի մակնշման հետ կապված հարաբերությունները՝ դա թողնելով անդամ պետությունների հայեցողությանը։

Միաժամանակ՝ Եվրոպական միության հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 16-ի «Խորհրդի թիվ 1234/2007 կանոնակարգի (ԵՀ) կիրառման մանրամասն կանոններ թռչնի մսի շրջանառության չափանիշների վերաբերյալ» թիվ 543/2008 որոշման 5-րդ հոդվածի 4-րդ կետով կարգավորվում է փաթեթավորված թռչնամսի մակնշմանը ներկայացվող պահանջները, իսկ 5-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ թռչնի միսը վաճառվում է առանց նախնական փաթեթավորման (…) հոդվածի 4-րդ կետում նշված պահանջի նկատմամբ կիրառվում է 2000/13/ԵՀ հրահանգի 14-րդ հոդվածը։

Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2000 թվականի մարտի 20-ի «Սննդամթերքի մակնշման, ներկայացման և գովազդի վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությունների մոտարկման մասին» 2000/13/ԵՀ հրահանգի 14-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ սննդամթերքը վաճառքի է առաջարկվում վերջնական սպառողին կամ զանգվածային սննդի կազմակերպություններին առանց նախնական փաթեթավորման, կամ երբ սննդամթերքը փաթեթավորվում է վաճառքի վայրերում սպառողի խնդրանքով կամ նախափաթեթավորված ուղղակի վաճառքի համար, անդամ պետությունները պետք է մանրամասն կանոններ սահմանեն սննդամթերքի վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ անվանումը, պիտանելիության ժամկետը, արտադրողի կա ներմուծողի տվյալները և հրահանգով սահմանված այլ տվյալներ փոխանցելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ նախատեսել Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ։

 

Կարգավորման նպատակը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.

  • նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն.
  • սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության համար։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

[1] Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ՏՀ Խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 110 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշ դրույթների։

  • Обсуждалось

    03.06.2022 - 20.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Комиссия по защите конкуренции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4069

Принт