Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 416-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

                                                   

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» N 416-Ն հրամանի՝
  • վերնագրում և տեքստում «ղեկավար և մանկավարժական կազմ» բառերը փոխարինել «վարչական և մանկավարժական կազմ» բառերով.
  • հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

                                                       ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

 

2022 թ. N      -Ն հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԱՐԻՖԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի (այսուհետ` վարչական և մանկավարժական աշխատողների) տարիֆաորակավորման բնութագրերի նկարագրերը, ըստ պաշտոնների, հիմք են ծառայում սահմանելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
  2. Վարչական և մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրերով սահմանված բնութագրումներին:
  3. Պաշտոնների բնութագրերի նկարագրերը (այսուհետ` նկարագրեր) նախատեսված են վարչական և մանկավարժական յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:
  4. Հավելվածում բերված նկարագրերը տարածվում են նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) աշխատողների վրա` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
  5. Հայաստանի Հանրապետության հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի անվանացանկը ներառում է՝
  • վարչական կազմ՝

ա. հաստատության տնօրեն.

բ. հաստատության տնօրենի տեղակալ.

  • մանկավարժական կազմ՝

ա. հաստատության տնօրեն.

բ. մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.

գ. հաստատության դաստիարակ.

դ. հաստատության հատուկ մանկավարժ` լոգոպեդ, սուրդոմանկավարժ.

ե. հաստատության հոգեբան.

զ. հաստատության սոցիալական մանկավարժ.

 է. հաստատության երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար).

ը. հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգիչ

 թ. հաստատության պարուսույց` պարի ղեկավար

 ժ. լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ:

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

 

  • իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, կրթադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
  • ապահովում և կրում է պատասխանատվություն կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.
  • որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.
  • իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական ժամանակացույցի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.
  • լուծում է ուսումնամեթոդական, վարչական, ֆինանսական, տնտեսական և այլ հարցեր.
  • պլանավորում, համակարգում և վերահսկում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.
  • խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը.
  • ձևավորում է սաների տարիքային խմբերի համակազմը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և հաստատության կանոնադրության պահանջներին համապատասխան, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը.
  • ապահովում է արդյունավետ համագործակցություն համայնքի, հասարակական կազմակերպությունների, ծնողների (սաների օրինական ներկայացուցիչների) հետ.
  • համագործակցում է օրենսդրությամբ թույլատրված տարբեր կազմակերպությունների, միավորումների հետ.
  • ապահովում է հիմնադրի բյուջետային հատկացումների, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը.
  • ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում.
  • ապահովում է ուսումնանյութական բազայի, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի պաշտպանության փաստաթղթերի պահպանությունը.
  • կրում է պատասխանատվություն համապատասխան կրթական ծրագրերի կատարման, կրթական գործընթացի, կրթության որակի և բովանդակության, սաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
  • առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
  • նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու (հիմնադրի) որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
  • տալիս է հաստատության անունից հանդես գալու, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
  • աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
  • բանկերում բացում է հաշվարկային հաշիվ.
  • կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
  • օրենքով և կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
  • իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական զարգացման համար.
  • վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
  • ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
  • կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում կառավարման մարմնի (մարմինների) հաստատմանը.
  • ապահովում է պայմաններ` հաստատությունում ճիշտ գործավարության իրականացման, դիդակտիկ նյութերի ռացիոնալ օգտագործման, սարքավորումների պահպանման, տեխնիկայի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար.
  • կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
  1. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

 ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. մանկավարժության, հոգեբանամանկավարժական գիտության և պրակտիկայի արդի նվաճումներին, անձի հոգեբանության, դիֆերենցված հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքներին, կրթական համակարգերի կառավարմանն ու մեթոդներին, տնտեսական հիմունքներին, ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպմանը.

գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերին ու կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

1) հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

 

  1. 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԸ` ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ

 

  1. Պաշտոնային պարտականությունները`
  • կազմակերպում է ուսումնական հաստատության մեթոդական աշխատանքը, վերլուծում ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքը.
  • առաջարկություններ է ներկայացնում կրթական գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Համակարգում է մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.
  • կատարում է մասնագետներ վերապատրաստելու համար կանխատեսման և պլանավորման աշխատանքներ.
  • կազմակերպում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, դիդակտիկ նյութերի և սարքավորումների համակարգման աշխատանքները:
  • վերլուծում և ընդհանրացնում է ուսումնական հաստատության փորձարարական աշխատանքների արդյունքները. միջոցներ է ձեռնարկում մանկավարժական աշխատողների արդյունավետ փորձը տարածելու համար.
  • համակարգում է մանկավարժական աշխատողների աշխատանքը. հաղորդում է ուսուցման և դաստիարակության առաջավոր տեխնոլոգիաները։
  • մշակում է մրցույթներ, ցուցահանդեսներ, հավաքներ, ստուգատեսներ անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
  • ուսումնական հաստատությունների, ստորաբաժանումների, ուսումնամեթոդական, մեթոդական կաբինետների, կենտրոնների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին խորհրդատվական և գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնական, մեթոդական և դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու համար.
  • հաստատության տնօրենի հետ համատեղմասնակցում է՝

ա. մանկավարժական աշխատողների, դաստիարակների օգնականների թեկնածությունների ընտրությանը, կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատակիցների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին.

բ. հաստատության աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի մշակմանը, ռազմավարության պլանավորմանն ու ներդրմանը, կրթական ծրագրերի ընտրությանը.

գ. համայնքում և ծնողների շրջանում հաստատության վարկի և հեղինակության բարձրացմանը,

դ. սաների հետ տարվող կրթադաստիարակչական, աշխատանքների կազմակերպմանը.

ե. հաստատությունում փորձարարական, հետազոտական աշխատանքների կազմակերպմանը:

10) պլանավորում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հաստատությունում՝ հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը.

11) դաստիարակների համար անցկացնում է բաց պարապմունքներ, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ (կոնսուլտացիաներ), ստուգատեսներ, ցուցահանդեսներ.

12) պլանավորում և դաստիարակների հետ կազմակերպում է ուսումնադիտողական պարագաների, դիդակտիկ նյութերի պատրաստման աշխատանքները.

13) համակարգում է դպրոցի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները.

14) պլանավորում և դաստիարակների հետ պատրաստում է ծնողների հետ տարվող աշխատանքների համար վահանակներ, շարժական թղթապանակներ՝ ընտանեկան դաստիարակության փորձի վերաբերյալ.

15) իրականացնում է դաստիարակների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն. սիստեմատիկ ստուգում է՝

ա. ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանները.

բ. մեթոդական աշխատանքը մանկապարտեզում, մանկավարժների ինքնակրթությունը.

գ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը. նախապատրաստումը, ծրագրավորումը, պլանավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումը, վերլուծությունը:

  1. Մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

 ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. դիդակտիկայի սկզբունքներին, մանկավարժության և տարիքային հոգեբանության հիմունքներին, կրթական հաստատության ուսուցման գործընթացի կազմակերպման, հաստատության գործունեության ֆինանսատնտեսական ղեկավարման համակարգին, ուսումնածրագրային փաստաթղթերի, ուսումնական պլանների, կրթական ծրագրերի, սարքավորումների օրինակելի ցանկերի և այլ ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակման սկզբունքներին.

գ. ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառման, ընդհանրացման և տարածման մեթոդիկային, սկզբունքներին.

դ. աշխատանքի անվտանգության, սաների կյանքի, առողջության պաշտպանության կանոններին և նորմերին:

  1. Որակավորման պահանջները`

1) հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

 

  1. Պաշտոնային պարտականությունները`
  • պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
  • կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.
  • կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, նպաստում է գեղագիտական, մարզական տարաբնույթ պարապմունքների, ազատ ժամանցի կազմակերպմանը.
  • նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
  • աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
  • ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.
  • համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
  • սաների կյանքի և առողջության պահպանման նպատակով իրականացնում է հոգածություն և հսկողություն՝ իրեն վստահված սաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում.
  • կրում է պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ սաների կյանքի և առողջության համար.
  • բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.
  • հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները՝ համաձայն կրթական ծրագրի.
  • մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր սանի անձնային զարգացման համար.
  • խնամքով և հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր սանի, շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.
  • խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
  • ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
  • երաժշտության դաստիարակի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
  • ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
  • վարում է սաների հաճախումների մատյանը.
  • առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող սաներին.
  • նպաստում է նոր հաճախող սաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.
  • մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին, աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.
  • ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
  • մշտապես զբաղվում է ինքնակրթությամբ.
  • խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.
  • վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
  • համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.
  • ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն.
  • իրավասու է՝

ա. ընտրելու և կիրառելու նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
  • դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, առաջին օգնության հիմունքներին, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքներին,

գ. Աշխատանքի անվտանգության, սաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

1) հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ԼՈԳՈՊԵԴ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՕԼԻԳՈՖՐԵՆՈՄԱՆԿԱՎԱՐԺ)

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

 

  • Դաստիարակների հետ անցկացնում է պարապմունքների լսումներ և մասնակցում պարապմունքների.
  • իր աշխատանքում հիմնվում է համապատասխան մասնագետների հետազոտական տվյալների վրա՝ մշտական կապ պահելով ուսումնական հաստատության բուժաշխատողների հետ.
  • կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.
  • հետազոտում և գնահատում է սաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.
  • պարապմունքների համար խմբերը կազմավորում է` հաշվի առնելով սաների հոգեֆիզիկական վիճակը.
  • խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.
  • սերտորեն համագործակցում է այլ մասնագետների հետ.
  • զարգացման շեղումներ ունեցող սաների հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքներ կազմակերպելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տալիս մանկավարժներին, ծնողներին(օրինական ներկայացուցիչներին).
  • ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների խնդիրների կանխարգելմանը, շտկմանը.
  • մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սըաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով զարգացման առանձնահատկությունները.
  • բացահայտում է հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող սաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ.
  • անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված սաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին.
  • աշխատանքի ընթացքում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների շրջանակներում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ.
  • սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.
  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
  • հատուկ մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. հատուկ մանկավարժության, հոգեբանության, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներին, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդներին, ձևերին, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերին.

 գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

  1. 6. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԸ

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

 

  • հաստատությունում աշխատանքներ է տանում սաների հոգեկան առողջության և անձի զարգացման ապահովման ուղղությամբ.
  • հայտնաբերում է սանի անձի կայացումը դժվարացնող պայմանները և հոգեկանխորոշման, հոգեշտկման, խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է սաներին, մանկավարժներին ծնողներին անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում.
  • սաների մի տարիքային խմբից մյուսին անցնելիս անցկացնում է սովորելու պատրաստականության հոգեբանամանկավարժական գնահատում, առաջարկում է սանի զարգացման աստիճանին համապատասխան ուսումնական ծրագրեր.
  • մասնակցում է օժտված սաների բացահայտման և ստեղծագործական զարգացման գործին.
  • բացահայտում է հուզական և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող սաներին.
  • հետազոտում և սոցիալ-հոգեբանական օգնություն է ցույց տալիս մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սաներին.
  • մասնակցում է հոգեբանամանկավարժական հանձնաժողովի աշխատանքներին, սաների սոցիալ-իրավական պաշտպանության հանձնաժողովների աշխատանքին.
  • մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով սաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող սաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ. իրականացնում է սաների հոգեկան, մարմնական (սոմատիկ), սոցիալական բարենպաստության ապահովմանն ուղղված մասնագիտական գործունեություն.
  • որոշում է սաների բնականոն զարգացմանը խոչընդոտող գործոնները և ձեռնարկում է տարբեր միջոցներ՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
  • աջակցություն է ցուցաբերում սաներին, ծնողներին, մանկավարժական աշխատողներին՝ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ.
  • անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկումներ, հետազոտություններ, մանկավարժական գնահատում.
  • սաների անհատական և սոցիալական զարգացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների նյութերի հիման վրա կազմում է հոգեբանամանկավարժական եզրակացություն՝ մանկավարժական կոլեկտիվի, ծնողների կողմնորոշման նպատակով.
  • սահմանված կարգով վարում է փաստաթղթերը և կիրառում ըստ նշանակության.
  • մասնակցում է սաների հետ տարվող կրթադաստիարակչական գործունեության, շտկողական և զարգացման ծրագրերի մշակմանը՝ նրանց անհատական, սեռատարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով.
  • իրականացնում է հոգեբանական աջակցություն՝ օժտված սաների զարգացման ուղղությամբ.
  • որոշում է սաների (մտավոր, ֆիզիկական, հուզական) զարգացման շեղման աստիճանը, ինչպես նաև սոցիալական զարգացման տարբեր բնույթի խանգարումները և անցկացնում է հոգեբանամանկավարժական շտկողական աշխատանքներ.
  • խորհրդատվություն է իրականացնում մանկավարժներին՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը.
  • իրավասու է՝

ա. մասնակցելու հաստատությունում դաստիարակչական աշխատանքների  ուղղությամբ ծրագրերի կազմանն ու իրականացմանը,

բ.  ուսումնասիրելու երեխաների անձնային որակները, անհատականությունը, փոխհարաբերություններն հասակակիցների և մեծահասակների հետ.

գ. ընտրել և կիրառել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պատանջներիրն համապատասխան դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

դ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
  • հոգեբանի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության, բժշկական հոգեբանության (մանկան նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն, պսիխոմատիկա), արատաբանության, աշխատանքի հոգեբանության, հոգեախտորոշման, հոգեպրոֆիլակտիկայի հիմունքներին, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական, երեխայի բնական և ոչ բնական զարգացման կանխորոշման մեթոդներին.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն:

 

  1. 7. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

 

  1. Պաշտոնային պարտականությունները`
  • հաստատության ղեկավարության հետ համատեղ ձևակերպում և հստակեցնում է սոցիալ-մանկավարժական աշխատանքի հիմնական ուղղությունները.
  • ուսումնասիրում է հաստատության սոցիալ-մանկավարժական հիմնախնդիրները.
  • նպաստում է սաների և մանկավարժական աշխատողների շրջանում մարդասիրական հարաբերությունների ձևավորմանը.
  • սոցիալ-մանկավարժական աջակցության է ցուցաբերում սաներին և նրանց ընտանիքներին, որն ուղղված կլինի սոցիալական բարդ իրավիճակների և կոնֆլիկտների կանխարգելմանն ու հաղթահարմանը.
  • իրավապահ և արդարադատության մարմիններում, պետական այլ հիմնարկներում ներկայացնում է սաների և նրանց ընտանիքների շահերը, իրավունքների պաշտպանությունը.
  • մասնակցում է ներառական կրթության ոլորտում բազմամասնագիտական խմբի աշխատանքներին.
  • աշխատանքներ է իրականացում սաների սոցիալականացման ուղղությամբ.
  • սոցիալական պաշտպանության վերաբերյալ խորհրդատվության է տրամադրում սաներին, նրանց ծնողներին, հաստատության մյուս աշխատակիցներին.
  • մասնակցում է դպրոցին երեխաների նախապատրաստելուն ուղղված աշխատանքների իրականացմանը.
  • իրականացնում է սաների՝ հասակակիցների և մեծահասակների փոխհարաբերությունների բնույթի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների բովանդակության վերլուծություն.
  • իրավասու է՝

ա. մասնակցելու հաստատությունում դաստիարակչական աշխատանքների  ուղղությամբ ծրագրերի կազմանն ու իրականացմանը,

բ.  ուսումնասիրելու սաների անձնային որակները, անհատականությունը, նրանց դիրքն ընտանիքում, փոխհարաբերություններն ընտանիքի անդամների հետ.

գ. ընտրել և կիրառել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

դ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
  • սոցիալական մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. ընդհանուր և սոցիալական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության, հիմունքներին, ակտիվ ուսուցման, սոցիալ-հոգեբանական, հաղորդակցման մեթոդներին.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

հաստատության սոցիալական մանկավարժի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ)

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.

2) խթանում է սաների ստեղծագործական գործունեության զարգացումը.

3) սաների ստեղծագործական գործունեության զարգացման շրջանակում համագործակցում է մանկավարժական այլ աշխատողների և ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.

4) որոշում է մանկավարժական գործունեության ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.

5) դաստիարակների հետ համատեղ, կրթական ծրագրին համապատասխան, իրականացնում է սաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.

6) խթանում է սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.

7) համակարգում է հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.

8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.

9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.

10) իրավասու է՝

ա. ընտրելու և կիրառելու երաժշտական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար:

  1. Հաստատության երաժշտության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1)  երաժշտության դաստիարակի  պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկային, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉԸ (ՄԱՐԶԻՉ, ՄԱՆԿԱՎԱՐԺ)

 

  1. Պաշտոնային պարտականությունները`
  • նախադպրոցական կրթական ծրագրերին համապատասխան` երեխաների հետ տանում է ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ.
  • որոշում է պարապմունքների խնդիրները և բովանդակությունը` հաշվի առնելով երեխաների տարիքը, պատրաստվածությունը, անհատական և հոգեբանական առանձնահատկությունները.
  • աջակցում է սաներին վարժությունների կատարման տեխնիկայի և հմտությունների զարգացմանը, ձևավորում է նրանց բարոյակամային որակները:
  • ապահովում է սաների անվտանգությունը ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ.
  • ցույց է տալիս առաջին մինչբժշկական օգնություն: Մշտապես հետևում է պարապմունքների վայրի սանիտարահիգիենիկ վիճակին և նորմաների պահպանմանը.
  • բուժաշխատողների հետ համատեղ հսկում է սաների առողջության վիճակը, կարգավորում նրանց ֆիզիկական անբավարարությունը: Պատասխանատու է սաների կյանքի, առողջության համար.
  • կազմում է յուրաքանչյուր խմբի համար ֆիզկուլտուրայի պարապմունքների բաշխման ժամանակացույցը (գրաֆիկը)՝ համաձայնեցնելով հաստատության տնօրենի և մեթոդիստի հետ.
  • ըստ ծրագրի՝ անցկացնում է ֆիզիկական դաստիարակության գծով ուսումնական պարապմունքները՝ խմբի տարիքային կազմի առանձնահատկությունները հաշվի առնելով.
  • պլանավորում է պարապմունքների բովանդակությունը.
  • վերահսկում է օրվա ընթացքում սաների շարժողական ակտիվությունը: Անցկացնում է զրույցներ խմբերի դաստիարակների և սպասարկող անձնակազմի հետ ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.
  • ծնողների կազմակերպում է հետ բացատրական աշխատանք՝ պարապմունքներին սաների նախապատրաստման ուղղությամբ.
  • պարապմունքների ժամանակ հաշվի է առնում յուրաքանչյուր սանի անհատական հնարավորությունները.
  • ուսումնասիրում է պարապմունքի անցկացման հիգիենիկ պայմանները.
  • տարվա ընթացքում երկու անգամ ձևավորում է յուրաքանչյուր սանի ֆիզիկական զարգացման գնահատականը (կիրառելով ընտրանքային կարգով գնահատման (դիագնոստիկայի) մեթոդիկան).
  • մշտապես կատարելագործում է իր մասնագիտական վարպետությունը, սաների հետ տարվող մեթոդական աշխատանքի հնարները.
  • կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի գծով բացատրական աշխատանք հաստատության աշխատակիցների և ծնողների շրջանում։
  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ֆիզկուլտուրայի հրահանգչի  պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի, անատոմիայի, սանիտարական գործի, հիգիենայի, մարզագործիքների վրա ուսուցման մեթոդիկայի հիմունքներին,

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները՝

հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`

1)  բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ (ՊԱՐԻ ԽՄԲԱՎԱՐԸ)

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.

2) խթանում է սաների ստեղծագործական գործունեության զարգացումը՝ հաստատության այլ մանկավարժների և ծնողների  համագործակցությամբ.

4) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.

5) կրթական ծրագրին համապատասխան՝ երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.

6) խթանում է սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.

7) համակարգում է հաստատության այլ մանկավարժական աշխատողների աշխատանքը պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.

8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.

9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.

10) իրավասու է՝

ա. ընտրելու և կիրառելու պարարվեստի դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

ե. հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին։

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պարուսույցի  պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման մեթոդիկային, ունենա մանկավարժահոգեբանական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, հուզական, զգայական ընկալումների և պարային ընդունակությունների, կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները.

գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:

  1. Որակավորման պահանջները`

հաստատության պարուսույցը (պարի խմբավարը) պետք է ունենա`

1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ՈՒՍՈՒՑԻՉ, ԽՄԲԱՎԱՐ)

 

  1. Պաշտոնային պարտականությունները`

1) իրականացնում է երեխաների լրացուցիչ կրթությունը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական գործունեությունը.

2) սաներից կազմավորում է խմբակի, համույթի կազմը, ձեռնարկում է միջոցներ` ուսուցման տևողության ժամկետը, նրանց կազմը պահպանելու համար.

3) ապահովում է ուսուցման ընթացքում աշխատանքի մեթոդների ձևերի, միջոցների ընտրության մանկավարժական հիմնավորումը.

4) ապահովում է երեխաների իրավունքների և ազատության պաշտպանությունը.

5) մասնակցում է կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, կրում է պատասխանատվություն` ըստ ուղղվածության` դրանց կատարման որակի, երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

6) ըստ ուղղվածության` բացահայտում է երեխաների ստեղծագործական ընդունակությունները, նպաստում դրանց զարգացմանը, նախասիրությունների և հակումների, սոցիալական հաղորդակցական և տարրական հմտությունների ձևավորմանը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական, գեղագիտական, մտավոր, ֆիզիկական-առողջարարական գործունեությունը.

7) պարապմունքների ընթացքում ապահովում է աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերը, կանոնները, մասնակցում է մեթոդական միավորումների աշխատանքներին, բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.

8) դաստիարակների հետ համատեղ ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները: Պարապմունքների ընթացքում պլանավորում է տարբեր բարդության և մակարդակների հանձնարարություններ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի զարգացումը.

9) իրականացնում է անհատական աշխատանք երեխաների հետ: Նպաստում է երեխաների մեջ ըստ նախասիրության` հետաքրքրությունների ձևավորմանը.

10) մասնակցում է մանկավարժական խորհրդի աշխատանքներին: Տարվա ընթացքում երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքի, նախադպրոցականների ստեղծագործական ընդունակությունների, նրանց զարգացման գնահատման (դիագնոստիկայի) վերաբերյալ.

11) անցկացնում է դաստիարակների և ծնողների համար բաց պարապմունքներ, կազմակերպում ցուցահանդեսներ.

12) պատասխանատու է ըստ ուղղվածության` կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.

13) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին.

14) իրավասու է՝

ա. ընտրելու և կիրառելու ըստ կրթական ծառայության ուղղվածության` դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) լրացուցիչ կրթության մանկավարժի  պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝

ա. նախադպրոցական կրթության ոլորտի  և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.

բ. տարիքային և հատուկ մանկավարժության, հոգեբանության հիմունքներին, երեխաների հետաքրքրությունների և պահանջմունքների զարգացման առանձնահատկություններին, ըստ ուղղվածության` գեղագիտական, մտավոր բնապահպանական, առողջարարական-շտկողական, մարզական, ժամանցային խմբակների գործունեության մեթոդաբանությանը, կազմակերպմանը.

գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության հակահրդեհային պաշտպանության նորմերը և կանոնները, երեխաների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:

  1. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժը պետք է ունենա`

միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ:

  • Обсуждалось

    01.05.2022 - 16.05.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7045

Принт