Տեղեկանք-հիմնավորում

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը.

 <<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է` ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման  հավելվածի 21-րդ կետից և ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման (ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության ծրագրի) N 1 հավելվածի 127-րդ կետից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, ինչը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հանդիսանում է լուրջ մարտահրավեր: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրեր, որոնք,  չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց,  ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները: Դրանցից են՝

  • ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված և 30.00-ից բարձր միավոր ունեցող ընտանիքները ստանում են բազային նպաստ (18.000) և յուրաքանչյուր երեխայի համար հավելում` 6.500-8000 դրամի շրջանակներում, կախված անապահովության միավորից: Այսինքն, 4 երեխա ունեցող ընտանիքը ստանում է մոտ 000 դրամ նպաստ/18.000+(4x8)/: Սա այն դեպքում, երբ ՏՏԿԱՀ տվյալներով 2015թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծը մեկ չափահաս անձի համար կազմել է 24.109 դրամ, իսկ աղքատության վերին գիծը կազմում է 41.698 դրամ,
  • ՀՀ կառա­վարության 2004 թվականի մարտի 4-ի <<Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին>> N 318-Ն որոշման համաձայն որոշման պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեն նաև բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները:

Այնինչ, բազմազավակ ընտանիքների գերակշիռ մասն այսօր ապրում է աղքատության մեջ, որը փաստված է նաև պաշտոնական վիճակագրությամբ:

Բազմազավակ ընտանիքների թվաքանակի և ուսումնասիրությամբ ձեռքբերված վերջիններիս կարիքների վերաբերյալ տվյալները ներկայացված են կից տեղեկանքում: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 Ժողովրդագրության բնագավառում իրականացվող քաղաքականությունն իր հիմնական ուղղություններով ու առաջնահերթություններով ներկայացված է ՀՀ Կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման 3-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ:

  1. Կարգավորման նպատակը.

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժին:

  1. Ակնկալվող արդյունքը.

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության խրախուսումը, բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:

 

 

Տեղեկանք

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի

ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում տեղի կունենա ծախսերի և եկամուտների էական ավելացում:

 

Տեղեկանք

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի

 ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

<<Բազմազավակ ընտանիքների մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ իրավական ակտերում.

  1. <<Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենք,
  2. <<Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին>> ՀՀ օրենք,
  3. <<Կրթության մասին>> ՀՀ օրենք,
  4. <<Նախադպրոցական կրթության>> մասին>> ՀՀ օրենք,
  5. <<Բարձրագույն և հետբուհական կրթության մասին>> ՀՀ օրենք,
  6. <<Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենք:

 

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների թվաքանակի և հիմնական կարիքների վերաբերյալ

     Հայաստանի Հանրապետությունում ապրող ընտանիքների, այդ թվում` բազմազավակ, թվաքանակի վերաբերյալ ամբողջական տեղեկություն պարունակում են միայն մարդահամարի տվյալները: Ընդ որում, մարդահամարի շրջանակներում տվյալներն ամփոփվում են ըստ տնային տնտեսությունների (Տ/Տ): 2001թ. և 2011թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարների արդյունքում բազմազավակ` 4 և ավելի երեխա ունեցող Տ/Տ-ների թիվը ունեցել է հետևյալ պատկերը` ըստ աղյուսակ 1-ի:

Աղյուսակ 1.   ՀՀ տնային տնտեսությունների բաշխումն ըստ 0-18 տարեկան 4 երեխայի առկայության (ՀՀ 2001 թ. և 2011թ մարդահամարների արդյունքներով)

2001թ. մարդահամար

2011թ. մարդահամար

Տ/Տ-ների թիվը

780.000

Տ/Տ-ների թիվը

763.584

4 և ավելի երեխա ունեցող Տ/Տ-ների թիվը

31.202

4 և ավելի երեխա ունեցող Տ/Տ-ների թիվը

13.658

 

Աղյուսակ 1-ից պարզ է դառնում, որ Տ/Տ-ների թիվը մարդահամարից մարդահամար կրճատվել է շուրջ 17.000-ով, իսկ ահա 4 և ավելի երեխա ունեցող Տ/Տ-ների թիվը` շուրջ 18.000-ով կամ 2.5 անգամ:

Սակայն, 4 և ավելի երեխա ունեցող Տ/Տ-ների թիվը չի հանդիսանում բազմազավակ ընտանիքների ընդհանուր թիվ, քանի որ Տ/Տ-ում կարող է բնակվել մեկից ավելի նուկլեար ընտանիքներ, այսինքն, երեխաները սերված լինեն մեկից ավելի ամուսնական զույգերից:

ՀՀ ԱՎԾ կողմից ՀՀ 2011թ. մարդահամարի տվյալների բազայում ձևավորված ցուցանիշների հաշվարկներով 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, Երևան քաղաքի և մարզային բաշխումով, ունի հետևյալ պատկերը` ըստ աղյուսակ 2-ի:

Աղյուսակ 2.  4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, ըստ Երևան քաղաքի և մարզային բաշխման.

 

թվաքանակ

տոկոս

Հայաստանի Հանրապետություն

7394

100%

1. ք.Երևան

1186

16.0

2. Արագածոտն

565

7.6

3. Արարատ

952

12.8

4. Արմավիր

867

11.7

5. Գեղարքունիք

975

13.0

6. Լոռի

672

9.0

7. Կոտայք

626

8.4

8. Շիրակ

615

8.3

9. Սյունիք

393

5.3

10.Վայոց Ձոր

138

1.8

11. Տավուշ

405

5.4

 

4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվի վերաբերյալ տվյալներ է պարունակում նաև ընտանիքների անապահովության համակարգը, որում 2017թ. հունվարի 1-ի դրությամբ փաստագրված է եղել 6462 ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ է ստացել 6363-ը` համաձայն աղյուսակ 3-ի:

Աղյուսակ 3. Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) և նպաստ ստացող բազմազավակ (0-18 տարեկան 4 երեխա ունեցող) ընտանիքների և նրանցում երեխաների թվաքանակը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ.

Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը

Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված (փաստագրված) ու նպաստ ստացող բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը

ընտանիքների թվաքանակը

երեխաների թվաքանակը

ընտանիքների թվաքանակը

երեխաների թվաքանակը

6462

28861

6363

28442

 

Հաշվի առնելով, որ մարդահամարի տվյալները համեմատաբար հին են, իսկ ընտանիքների անապահովության համակարգում ներառված տվյալները` ավելի թարմ, վստահաբար կարելի է ենթադրել, որ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը ներկայումս տատանվում է 7200-7300-ի սահմաններում, մանավանդ, որ 2011-2016թթ. ընտանիքներում ծնված 4-րդ և հաջորդ երեխաների միջին տարեկան թիվը, որոշակի աճի պայմաններում, տատանվել է 1100-1300-ի միջակայքում: Միաժամանակ, այդ ընթացքում բազմաթիվ ընտանիքներ <<լքել>> են սույն նախագծով ներկայացված թիրախային գոտին (երեխաները դարձել են չափահաս): Այսինքն, կարելի է փաստել, որ հանրապետությունում բնակվող բազմազավակ ընտանիքների գերակշիռ մասը հաշվառված է ընտանիքների անապահովության համակարգում՝ աղքատ է:

Բազմազավակ ընտանիքների կարիքները փաստվել են ընտրանքային հետազոտությունների արդյունքում: Այսպես, 2015թ. անցկացված և 2016թ. երկրորդ կեսին ամփոփված Տնային տնտեսությունների կենսապայմանների  ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալներով (անցկացվել է 5184 Տ/Տ-ներում) աղքատ է ՀՀ բնակչության 29.8 տոկոսը կամ շուրջ 900 հազար մարդ: Աղքատ բնակչության մեջ իրենց ծանրակշիռ տեղն են գրավում երեխաները և երեխա ունեցող ընտանիքները:

Այսպես, 0-17 տարեկանը ներառյալ երեխաների տեսակարար կշիռը աղքատ բնակչության մեջ կազմում է 26.9 տոկոս, իսկ ընդհանուր բնակչության մեջ` իսկ ընդհանուր բնակչության 23.8 տոկոսը:

  Բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքները ուսումնասիրվել և գույքագրվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014թ. իրականացված  <<ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում>> հետազոտության (Հետազոտություն) շրջանակներում, որի ընտրանքում ներառված են եղել աղյուսակ 2-ում նշված 7394 ընտանիքներից 611-ը և որոնք բնակվել են հանրապետության 34 քաղաքային և 182 գյուղական համայնքներում:

    Հետազոտությամբ պարզվել է, որ`

  1. բազմազավակ ընտանիքների ճնշող մեծամասնությունը` 86.8 տոկոսը, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են,  իսկ հարցվողների1%-ը` Ավետարանչական եկեղեցու հետևորդներ: Սա  խոսում է այն մասին, որ տարածված այն կարծիքը,  որ շատ երեխաներ ունենում են ոչ քրիստոնեական ավանդական կրոնական համոզմունքերի հետևորդները (աղանդավորները),  անհիմն են:
  2. հետազոտությամբ ընդգրկված բազմազավակ ընտանիքի մեկ աշխատողին (կերակրողին) միջինը ընկնում է5 չաշխատող, այդ թվում` 6.2 երեխա,
  3. բազմազավակ ընտանիքների եկամուտների կառուցվածքում գերակշռում է ընտանեկան նպաստը` 79.0 %, կենսաթոշակը` 38.3%, աշխատավարձը` 2% և արտագնա աշխատանքից ստացված   եկամուտը`  15.4%: Բոլոր մյուս տիպի եկամուտները (գյուղմթերքների արտադրություն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, անհատական գործունեությունից ստացված եկամուտներ և այլն) միասին կազմում են 38%, ինչը խոսում է բազմազավակ ընտանիքների  սոցիալ-տնտեսական վիճակի` պետության կողմից ցուցաբերվող աջակցությունից  անմիջական կախվածության մասին,
  4. հետազոտությանը մասնակցած բազմազավակ ընտանիքների  ճնշող մեծամասնությունը` գրեթե 70%-ը, բնակվում է  գերբնակեցված կամ խիստ բնակեցված կացարաններում, այսինքն հետազոտված ընտանիքների կացարանների ընդհանուր բնակելի մակերեսները  չեն համապատասխանում ոչ միայն բնակմակերեսի նորմերին (9 ք/մ), այլ նաևնվազագույն սանիտարական նորմերին,
  5. արձանագրվել է զբաղվածության ցածր մակարդակ` մասնավորապես բազմազավակ մայրերի 89%-ը և հայրերի 69%-ը  ՀՀ տարածքում  չեն աշխատում,
  6. պետության կողմից մատուցվող սոցիալական օգնության և ծառայությունների ամենատարածված ձևը ընտանեկան նպաստի տրամադրումն է բազմազավակ ընտանիքներին, որում  ընդգրկված են եղել հարցված ընտանիքների մեծամասնությունը` 80%-ը (ինչը գրեթե համապատասխանում է աղյուսակ 2-ում և աղյուսակ 3-ում նշված բազմազավակ ընտանիքների թվաքանակի տարբերությանը),
  7. զգալի թիվ են կազմել այն բազմազավակ ընտանիքները, որոնցում կան նախադպրոցական տարիքի երեխաներ (70.4%): Սակայն ինչպես ցույց է տվել հարցումը, այդ ընտանիքների մեծ մասին անհասանելի են նախադպրոցական կրթական հաստատությունները: Հարցվողների5%-ը նշել են, որ իրենց նախադպրոցական տարիքի երեխաները նախադպրոցական հաստատություն չեն հաճախում,   21.4%-ը նշել են, որ հաճախում են նման հաստատություն, սակայն վճարովի հիմունքներով, իսկ  19.2%-ը նշել են, որ հաճախում են անվճար հիմունքներով:  Պետք է նկատել, որ  երեխաների`  նախադպրոցական հաստատություններ  չհաճախելու հիմնական պատճառներ են հանդիսանում կամ նման հաստատության բացակայությունը, կամ այդ հաստատության հեռու գտնվելը, կամ բարձր վճարը (44.5%):  Նման  իրավիճակը դառնում է որոշիչ պայման, որպեսզի  բազմազավակ ընտանիքների  ծնողները` հատկապես մայրերը,  չցանկանան աշխատանք փնտրել, քանի որ նրանք գիտակցում են, որ իրենց օրվա մեծ մասը ստիպված են ծախսել   երեխաների  խնամքի և դաստիարակության վրա,
  8. բուժհաստատության կարիք ունեցող, սակայն չդիմած ընտանիքների ճնշող մեծամասնությունը (մոտ 91%) չդիմելու հիմնական  պատճառ նշել են  դրամական  միջոցների   սղությունը,
  9. հիփոթեքային ծրագրերը բազմազավակ ընտանիքների համար մատչելի չեն, ինչի ապացույցն է այն, որ ընտանիքների 97%-ը նշել են, որ իրենց համար մատչելի չեն հիփոթեկային  ծրագրերը:

Ըստ էության, հետազոտական գործիքով ձեռքբերված տվյալները գալիս են լրացնելու վիճակագրությամբ փաստված տվյալները:

 

 

 

Տեղեկանք

բազմազավակ ընտանիքների աջակցության միջազգային փորձի մասին

 

Ելնելով բնակչության վերարտադրության մակարդակից և ժողովրդագրական մարտահրավերների առանձնահատկություններից` աշխարհի տարբեր երկրներ սահմանել են երեխաների ցանկալի թվի նվազագույն շեմ, այն բավարարող ընտանիքներին տրամադրելով սոցիալական տարբեր երաշխիքներ: Ընդ որում, նշված պրակտիկան կիրառվում է ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ այլ պետություններում: Սույն տեղեկանքում բերված են սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր մակարդակ և մշակութային արժեքներ ունեցող պետություններում իրականացվող այն միջոցառումները, որոնք ուղղված են բազմազավակ ընտանիքներին` առանց վերջիններիս ապահովվածությունն ու կենսամակարդակը հաշվի առնելու: Այդ միջոցառումները, մեծ հաշվով, կարելի է բաժանել 2 տեսակի`

  • բազմազավակ ընտանիքի սահմանում, կարգավիճակի և դրանից բխող երաշխիքների տրամադրում,
  • բազմազավակ ընտանիքի սահմանում, առանց կարգավիճակի և դրանից բխող երաշխիքների, սակայն ծնունդների տարբերակված խրախուսում:

 

Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)

ՌԴ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը: Ընդ որում, ելնելով ՌԴ առանձնահատկություններից, դաշնային սուբյեկտներին վերապահված է բազմազավակ ընտանիքի երեխաների թվաքանակի սահմանում` ելնելով իրենց յուրահատուկ պայմաններից:

 ՌԴ-ում դաշնային մակարդակով բազմազավակ ընտանիքներին վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.

  1. բնակարանի գնման համար հիփոթեքային վարկի տրամադրում մինչև 30 տարի մարման ժամկետով, առանց կանխավճարի, առաջին վճարման համար տարեկետման տրամադրում մինչև 3 տարի: Ընդ որում պետությունը փոխհատուցում է ընտանիքի կողմից վարկի մարման նպատակով կատարվող ամսական վճարումների 75 տոկոսը: Բնակարանի գնման նպատակով սահմանված երաշխիքից օգտվելու նպատակով բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  2. ջեռուցման, ջրի, գազի էլեկտրաէներգիայի, հեռախոսի վարձի փոխհատուցում 50 տոկոսով,
  3. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում,
  4. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  5. բժշկական տեղեկանքի առկայության դեպքում երեխաների ընդունում առողջարաններ արտահերթ կարգով,
  6. բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երեխաների համար քվոտայի սահմանում 20 տոկոսի չափով,
  7. բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երեխաների ուսուցման կազմակերպում 50 տոկոս զեղչով,
  8. գյուղացիական (ֆերմերային) տնտեսության ստեղծման նպատակով հողատարածքների տրամադրում (մեկ անգամ),
  9. գործազուրկ բազմազավակ ծնողների առաջնահերթ ուսուցում և վերապատրաստում զբաղվածության ծրագրերի շրջանակներում,
  10. ամսական նպաստ յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարեկանը լրանալը` տվյալ դաշնային սուբյեկտում վճարվող միջին աշխատավարձի չափով: Ընդ որում բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  11. բազմազավակ ծնողներին եկամտահարկից ցմահ ազատում: Ընդ որում բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  12. բազմազավակ ծնողների կենսաթոշակի նկատմամբ 2 գործակցի կիրառում` յուրաքանչյուր երեխայի համար,
  13. բազմազավակ ծնողներից յուրաքանչյուրի ամենամյա վճարովի արձակուրդի օրերի ավելացում 5 օրով,
  14. բազմազավակ մայրերին ատամների բուժման կամ պրոթեզավորման համար փոխհատուցման տրամադրում,
  15. 2 տարին մեկ անգամ բազմազավակ ընտանիքներին հանգստյան տներ այցելելու ուղեգրերի տրամադրում,
  16. դպրոցահասակ երեխաներին դասագրքերի և տաք սննդի անվճար տրամադրում,
  17. երեխաների արտահերթ սպասարկում պոլիկլինականերում,
  18. տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, երեխաների անվճար վիտամինավորում,
  19. Հեռավոր արևելքի և Հյուսիսի բազմազավակ ընտանիքներին 2 տարին մեկ անգամ հատկացնել արտոնությունների օդային և ջրային տրանսպորտով դեպի ՌԴ եվրոպական մաս ուղևորություն կատարելու նպատակով (բուժում, ազգականներին տեսակցություն և այլն),
  20. 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին <<Գազել>> մակնիշի ավտոմեքենայի անվճար տրամադրում: Ընդ որում բազմազավակ ծնողներից գոնե մեկը տվյալ բնակավայրում պետք է ունենա առնվազն 12 տարվա մշտական բնակություն, իսկ ծնողների աշխատանքային ապահովագրական համատեղ ստաժը (միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողի) պետք է պակաս չլինի 10 տարուց` ներառյալ զինծառայությունը և ցերեկային հիմունքներով ուսուցումը,
  21. Երեխաների համար մշակութային և սպորտային հաստատություններ անվճար այցելություն և հաճախում:

ՈՒկրաինա

ՈՒկրաինայում բազմազավակ են համարվում 3 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են սոցիալական հետևյալ երաշխիքները.

 

  1. սոցիալական բնակարանային ֆոնդից օգտվելու առաջնահերթ իրավունք,
  2. գյուղական բնակավայրերում բնակվելու և բնակարանաշինության համար ստացած հիփոթեքային վարկերի տոկոսների ամբողջական սուբսիդավորում: Ընդ որում, համապատասխան վարկը ստանում է անհրաժեշտ պահանջներին համապատասխանող ընտանիքը,
  3. ջեռուցման, ջրի, գազի էլեկտրաէներգիայի, հեռախոսի վարձի 50 տոկոսի փոխհատուցում, անկախ բնակարանի սեփականության ձևից,
  4. 1-4-րդ դասարաններում սովորող երեխաներին անվճար սննդի տրամադրում,
  5. հանրակրթական հաստատություններում սովորող երեխաների անվճար երթևեկում ներքաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտով, բացառությամբ տաքսիներից,
  6. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  7. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում,
  8. տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում` ստացիոնար բուժում,
  9. այն բազմազավակ մայրերը, որոնք ծնել և առնվազն մինչև 8 տարեկանը լրանալը մեծացրել են 5 և ավելի երեխա, կարող են ստանալ <<Հերոսուհի մայր>> պատվավոր կոչումը, որն իր հերթին ապահովում է նոր երաշխիքներ`
    • <<Հերոսուհի մայր>> պատվավոր կոչմանը արժանացած մայրերի ընտանիքներն ունեն բնակարանով ապահովման առաջնահերթ իրավունք,
    • կենսաթոշակի անցնել ավելի վաղ տարիքում` 58 տարեկանում, և այլն,
  10. 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաները և 18-23 տարեկան զավակները միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են անվճար, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատություն ընդունվելիս հավասար պայմաններում ունեն առավելություն:

                                                                

Ղազախստան

Ղազախստանում բազմազավակ է համարվում 4 և ավելի` մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնց համար սահմանված են հետևյալ երաշխիքները.

  1. չաշխատող և մինչև 7 տարեկան երեխա ունեցող բազմազավակ մայրերին ամսական նպաստի նշանակում նվազագույն աշխատավարձի չափով,
  2. բազմազավակ մայրերի ատամների անվճար պրոթեզավորում,
  3. բժշկի դեղատոմսի հիման վրա դեղորայքով անվճար ապահովում մինչև 14 տարեկան երեխաներին,
  4. հանրակրթական հաստատություններում սովորող երեխաների և ծնողների անվճար երթևեկում ներքաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտով, բացառությամբ տաքսիներից,
  5. ծնողներին, ըստ աշխատանքի վայրի, արտահերթության կարգով հանգստյան տներ և առողջարաններ այցելելու ուղեգրերի տրամադրում,
  6. նախադպրոցական կրթական հաստատություններ երեխաների արտահերթ և արտոնյալ պայմաններով ընդունում,
  7. ամսական նպաստ, որի չափը կազմում է շուրջ 8800 տենգե (համապատասխանում է 4 նվազագույն զամբյուղին): Ամսական նպաստը ավելանում է մինչև 13.000 տենգե <<Ալտին Ալկա>> կամ <<Կումիս Ալկա>> պարգևներով պարգևատրվելու դեպքում, որոնք շնորհվում են 6 և ավելի երեխա ծնած և մեծացրած ծնողներին:

 

Լատվիա

Լատվիայում բազմազավակ են համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնց վերապահված են հետևյալ երաշխիքները.

  1. սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի համար վճարվող գույքահարկի փոխհատուցում 90 տոկոսով,
  2. սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի համար վճարվող գույքահարկի փոխհատուցում 20 տոկոսով,
  3. սպառած էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում յուրաքանչյուր ամիս սպառած 300 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար,
  4. բազմազավակ ծնողին ամենամյա վճարովի արձակուրդի օրերի ավելացում 3 օրով: Ընդ որում, եթե լրացուցիչ օրերը կհամընկնեն երեխայի հիվանդության օրերին, ապա գործատուն պարտավոր է լրացուցիչ 3 օրերը տեղափոխել և հատկացնել այլ ժամանակ,
  5. ծնողներից մեկը կարող է 60 տոկոս զեղչ գներով երթևեկել հասարակական տրանսպորտով, այդ նպատակով նախապես ձեռք բերելով համապատասխան աբոնեմենտ: Ընդ որում, 5-րդ երեխան ունենալուց հետո այդ աբոնեմենտը տրվում է անվճար,
  6. <<3+>> ընտանեկան քարտեր, որը հնարավորություն է տալիս զգալի զեղչերով Լատվիայի տարածքում այցելել ավելի քան 100 վայրեր` խանութներ, հանգստյան տներ և այլն:

 

 

 

 

Բազմազավակ ընտանիքների արտոնությունները ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում

 

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Այդ երկրների զգալի մասում բազմազավակ ընտանիքներին տրվող երաշխիքները և սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝ ըստ յուրաքանչյուր հաջորդ երեխայի:

ԱՄՆ-ում, որպես այդպիսին, բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումներն իրականացվում են ըստ նահանգների, իսկ ֆինանսական աջակցության նվազագույն չափը սկսում է 200 դոլարից: Աջակցության հիմնական ձևերն են`

  • հարկային արտոնություններն ու սուբսիդիաները,
  • դպրոցական անվճար ճաշերը,
  • պարենամթերքի կտրոնները,
  • բնակարանի վարձակալության և կոմունալ վճարումների փոխհատուցումը,
  • անվճար բուժօգնությունը առողջապահական պետական կազմակերպություններում,
  • ծնողների և երեխաների իրավաբանական և հոգեբանական աջակցությունը:

 

Ավստիայում, որտեղ բազմազավ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որդեգրվել է ընտանիքների աջակցության հետևյալ տարբերակը. աջակցություն ըստ ընտանիքում երեխաների հերթական կարգաթվի:

Այսպես, մինչև 10 տարեկան երեխա ունեցող ընտանիքները ստանում են հետևյալ դրամական խրախուսավճարները`

1-ին երեխան- 130.9 եվրո,

2-րդ երեխան-143.7 եվրո,

3-րդ երեխան – 165.9 եվրո,

4-րդ երեխան – 180.9 եվրո:
Դրամական խրախուսավճարներն աճում են ավելի բարձր տարիքի երեխաների դեպքում` 11-18 տարեկան երեխաների համար, ըստ հետևյալի`

1-ին երեխան- 152.7 եվրո,

2-րդ երեխան-165.5 եվրո,

3-րդ երեխան – 187.7 եվրո,

4-րդ երեխան 202.7 եվրո:

Ֆրանսիա

Ֆրանսիայում բազմազավակ է համարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Ընդ որում,  երկու աշխարհամարտերի ընթացքում զգալի բնակչություն կորցրած երկրում գործում է ընտանիքներին, այդ թվում` բազմազավակ, տրամադրվող աջակցության և խրախուսավճարների ամենախոշոր համակարգը: Դրանցից ամենանշանակալին ընտանեկան նպաստն է, որը տրվում է <<Մեծ ընտանիք>> նպատակային ծրագրի շրջանակներում:

Ընտանեկան ամսական նպաստը տրամադրվում է անկախ ընտանիքի սոցիալական վիճակից` երեխայի ծննդից մինչև 18 տարեկանը լրանալը (ուսանող լինելու դեպքում` 20 տարեկանը): Նպաստն աճում է ոչ միայն երեխաների կարգաթվով, այլև ըստ տարիքային խմբերի տրվում են հավելումներ: Ֆրանսիայում նպաստի այս տեսակը ընտանիքում 1-ին երեխայի ծննդյան դեպքում չի վճարվում: Նպաստի շրջանակներում տրվող խրախուսավճարների չափերը և հավելումները հետևյալն են.

2-րդ երեխայի համար` ամսական 678 ֆրանկ,

3-րդ երեխայի համար` ամսական 1548 ֆրանկ,

4-րդ երեխայի համար` ամսական 2418 ֆրանկ,

5-րդ և հաջորդ երեխայի համար` ամսական 3287 ֆրանկ,

6-րդ երեխայից սկսած նախորդ երեխաներից յուրաքանչյուրի համար` ամսական 870 ֆրանկ:

    Բացի այդ` 10-15 տարեկան յուրաքանչյուր երեխային` հավելում ամսական 191 ֆրանկ, 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր երեխային ` 339 ֆրանկ:

  Ընտանիքում երեխաների թվաքանակի աճով պայմանավորված նվազում են նաև ծնողների հարկային պարտավորությունները: Չորս երեխայով ընտանիքները հարկեր գրեթե չեն վճարում: Արտոնությունները սահմանված են  բոլոր ընտանիքների համար` անկախ կարիքից (նույնիսկ միլիոնատերերի համար):

  • Обсуждалось

    05.09.2017 - 22.09.2017

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

05.09.2017 12:27

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18599

Принт