Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----- ------------- 2022 թվականի N ----- -Ն 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերերին ներկայացվող մատչելիության պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչ 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան մարմինների պահպանման համար նախատեսված միջոցների շրջանակներում իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի ……-ի N …-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն հավելվածի (այսուհետ՝ Հավելված) նպատակը համացանցում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) պաշտոնական կայքերի (այսուհետ՝ պաշտոնական կայք) մատչելիության տեխնիկական և կազմակերպչական պահանջները, անվտանգության ապահովման միասնական մեխանիզմները, պաշտոնական կայքերում բովանդակության պահանջները, ինչպես նաև տեղեկատվության ազատության և հրապարակայնության ապահովման պահանջները սահմանելն է։
  3. Հավելվածը վերաբերում է պետական մարմինների պաշտոնական կայքերի մատչելիության կառուցվածքին և բովանդակությանը։
  4. Հավելվածում կիրառվող հասկացությունները մեկնաբանվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
  5. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  6. Սույն Հավելվածում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.
  • այլընտրանքային տեքստային տարբերակ - տեքստ, որը կապակցված է ոչ տեքստային բովանդակության հետ կամ որին հղում է կատարված այնպիսի տեքստից, որը ծրագրային կերպով կապված է ոչ տեքստային բովանդակության հետ։ Ծրագրային կերպով կապված տեքստն այն տեքստն է, որի տեղադրությունը հնարավոր է ծրագրային կերպով որոշել ոչ տեքստային բովանդակությամբ.
  • աուդիո - ձայնի վերարտադրության տեխնոլոգիա, որը կարող է թե սինթեզվել (ներառյալ խոսքի սինթեզ), և թե իրական աշխարհի հնչյունների ձայնգրություն լինել կամ մեկի և մյուսի համադրությամբ.
  • աուդիոնկարագրություն (տիֆլոմեկնաբանություն) - հիմնական ձայնային բովանդակությանն ավելացված պատմողական նկարագրություն, որը նկարագրում է դիտողական մանրամասները, որոնք չեն կարող հասկացվել հիմնական ձայնից.
  • աջակցող տեխնոլոգիա - սարք և (կամ) ծրագրային ապահովում, որը ծառայում է որպես միջնորդ ծրագիր կամ կիրառվում է տարածված միջնորդ ծրագրի հետ՝ հաշմանդամություն ունեցող օգտվողների համար ապահովելով տարածված ծրագրերի կողմից տրամադրվող ֆունկցիոնալությունից ավելին.
  • բացառապես աուդիո - ժամանակով սահմանափակված մեդիա բովանդակություն, որը ներառում է միայն աուդիո բովանդակություն (չկա վիդեո կամ այլ բովանդակությունների հետ փոխազդեցություն).
  • բացառապես վիդեո - ժամանակով սահմանափակված ներկայացում, որը միայն վիդեո է պարունակում (չկա աուդիո կամ այլ բովանդակությունների հետ փոխազդեցություն).
  • բովանդակություն (վեբ բովանդակություն) - տեղեկություն կամ սենսորային զգացողություններ, որի հետ օգտվողն առնչվում է միջնորդ-ծրագրի միջոցով՝ ներառյալ ծրագրային կոդերը կամ նշագրումները, որոնք սահմանում են բովանդակության կառուցվածքը, ներկայացումը և փոխազդեցությունները.
  • ենթագրեր - խոսքային և ոչ խոսքային աուդիոտեղեկության սինքրոնացված վիզուալ և (կամ) այլընտրանքային տեքստային տարբերակ, որն անհրաժեշտ է մեդիա բովանդակությունը հասկանալու համար.
  • ընդլայնված աուդիոնկարագրություն - աուդիոնկարագրություն, որն ավելացվում է աուդիովիզուալ ներկայացմանը վիդեոն դադարեցնելու միջոցով՝ հավելյալ աուդիոնկարագրության համար ժամանակ հատկացնելով.
  • ժամանակով սահմանափակված մեդիա բովանդակության այլընտրանքային տարբերակ - փաստաթուղթ, որը ներառում է ժամանակով սահմանափակված վիդեո և աուդիո բովանդակության համար ճիշտ հաջորդականությամբ ներկայացված տեքստային նկարագրություններ և տրամադրում միջոցներ՝ ցանկացած ժամանակով սահմանափակված փոխազդեցության արդյունքների հասնելու համար.
  • ժեստերի լեզու - լեզու, որն օգտագործում է ձեռքերի և թևերի շարժումների, դեմքի արտահայտության և մարմնի դիրքի համակցություններ՝ իմաստ արտահայտելու նպատակով.
  • խոշոր տեքստ - տառեր, որոնց չափսն առնվազն 18 կամ 14 (սովորական տառատեսակի դեպքում) պունկտ է.
  • ծրագրային կերպով որոշված (որոշելի) - բովանդակության հեղինակի ներկայացրած տվյալների հիման վրա այնպիսի եղանակով որոշված, որ տարբեր տեխնոլոգիաները, ներառյալ՝ աջակցող, կարող են դրանից տեղեկություն քաղել և այդ տեղեկությունը ներկայացնել օգտվողներին տարբեր ռեժիմներում.
  • կապչա (CAPTCHA) - ամբողջովին ավտոմատացված Թյուրինգի հանրային թեստ՝ համակարգիչները և մարդկանց տարանջատելու համար.
  • հիմնարար նշանակություն ունեցող - հեռացման դեպքում հիմնովին փոփոխում է ինֆորմացիան կամ բովանդակության ֆունկցիոնալությունը, և անհնար է այլ եղանակով վերականգնել ինֆորմացիան և բովանդակությունն այնպես, որ դրանք համապատասխանեն նախկին տարբերակին.
  • մուտքագրման սխալ - օգտվողի կողմից մուտքագրված տեղեկություն, որը չի ընդունվում։ Սա ընդգրկում է տեղեկությունը, որը պահանջվում է վեբ էջի կողմից, սակայն անտեսվել է օգտվողի կողմից, և օգտվողի կողմից տրամադրված տեղեկությունը, որը չի համընկնում տվյալների պահանջվող ֆորմատին կամ արժեքների դիապազոնին.
  • նախօրոք ձայնագրված կամ տեսագրված - տեղեկություն, որը չի տրամադրվում ուղիղ հեռարձակմամբ.
  • պատկերային տեքստ - տեքստ, որը մատուցված է ոչ տեքստային ֆորմատով (օրինակ՝ որպես պատկեր)՝ որոշակի վիզուալ էֆեկտ ստեղծելու համար.
  • պիտակ - տեքստ կամ տեքստային այլընտրանք ունեցող այլ բաղադրիչ, որն օգնում է օգտվողին նույնականացնելու վեբ բովանդակության բաղադրիչները։ Պիտակը տեսանելի է բոլոր օգտվողներին, մինչդեռ անվանումը կարող է թաքցված լինել և հասանելի միայն աջակցող տեխնոլոգիաների միջոցով։ Պիտակ եզրը չի սահմանափակվում HTML-ի label տարրով.
  • սինքրոնացված մեդիա - աուդիո կամ վիդեո բովանդակություն, որը սինքրոնացված է տեղեկատվության այլ ձևաչափի հետ և (կամ) ժամանակով սահմանափակված փոխազդեցության բաղադրիչների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ մեդիա բովանդակությունը տեքստային բովանդակության այլընտրանքային մեդիա տարբերակ է և հստակորեն պիտակված է որպես այդպիսին.
  • վեբ էջ - անկախ ռեսուրս, որը հասանելի է առանձին միասնական ռեսուրսների նույնացուցիչով (Uniform Resource Identifier կամ URI) HTTP պրոտոկոլի կիրառմամբ.
  • վեբ էջերի խումբ - միևնույն նպատակն ունեցող և նույն պետական մարմնի կողմից ստեղված վեբ էջերի հավաքածու.
  • վիդեո - շարժվող կամ հաջորդաբար փոխվող նկարների կամ պատկերների արտացոլման տեխնոլոգիա.
  • տեքստի մեդիա այլընտրանք - մեդիա բովանդակություն, որը ներկայացնում է ոչ ավելին, քան տեքստում տրամադրված տեղեկությունը (ուղղակիորեն կամ այլընտրանքային տեքստային տարբերակի միջոցով).
  • օգտվողի ինտերֆեյսի բաղադրիչ - բովանդակության մաս, որն օգտվողների կողմից ընկալվում է որպես որոշակի ֆունկցիայի առանձին տարր:

                       III.        ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

  1. Պետական մարմինները պարտավոր են ապահովել պաշտոնական կայքերի բովանդակության, տեխնիկական և կազմակերպչական բնույթի միասնական պահանջների, ինչպես նաև տեղեկատվության ազատության և հրապարակայնության ապահովման մատչելիությունը՝ Հավելվածի IV և V մասերին համապատասխան։
  2. Պետական մարմինները պետք է հրապարակեն մատչելիության վերաբերյալ հայտարարություն, որը պետք է պարբերաբար վերանայվի։ Պաշտոնական կայքերի մատչելիության հայտարարությունը պետք է տրամադրվի մատչելի ձևաչափով և տեղադրված լինի համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքում։
  3. Մատչելիության վերաբերյալ հայտարարությունը պետք է ներառի.

ա) պաշտոնական կայքի այն հատվածի վերաբերյալ տեղեկություն, որը մատչելի չէ՝ բացատրելով դրա պատճառները,

բ) բոլոր հնարավոր դեպքերում հղում ոչ մատչելի տեղեկությունը ձեռք բերելու այլընտրանքային եղանակներին,

գ) հղում, որը հնարավորություն է տալիս անձին պաշտոնական կայքի էջով կամ այլ կերպ տեղեկացնել պետական մարմնին իր կայքի մատչելիության պահանջներին համապատասխանելու ցանկացած ձախողման մասին։

  1. Մատչելիության պահանջների համապատասխանության ցանկացած ձախողման վերաբերյալ ստացված տեղեկությանը պետական մարմինը պարտավոր է արձագանքել առավելագույնը 5-օրյա ժամկետում:
  2. Արձանագրած խնդիրների և (կամ) ձախողման դեպքերի լուծման ուղղությամբ պետական մարմինը պարտավոր է իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի № 1521-Ն որոշման 47-րդ կետով սահմանված պաշտոնական կայքի՝ շաբաթական 7 օր, օրվա մեջ 24-ժամյա գործունեություն, ինչպես նաև ամսական 3 ժամը չգերազանգող կայքի գործունեության դադարը` պայմանավորված տեխնիկական ապահովության պլանավորմամբ։
  3. ՎԵԲ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  4. Պետական մարմինների պաշտոնական կայքերը և դրանց բովանդակությունը պետք է լինի.

1) ընկալելի՝ պաշտոնական կայքերում պարունակվող տեղեկությունն ու ինտերֆեյսի բաղադրիչները պետք է ներկայացված լինեն այնպես, որ լիովին ընկալելի դարձնեն տեղեկության ստացումն անձի համար.

2) կառավարելի (գործարկելի)՝ պաշտոնական կայքերի ինտերֆեյսի բաղադրիչներն ու նավարկումը պետք է լինեն կառավարելի (գործարկելի)՝ ապահովելով պաշտոնական կայքերից անարգել օգտվելը.

3) հասկանալի՝ տեղեկատվությունն ու ինտերֆեյսը պետք է լինեն հասկանալի և ապահովեն, որ օգտվողները կարողանան ծանոթանալ և հասկանալ ներկայացված տեղեկությունը, ինչպես նաև ինտերֆեյսի հնարավորությունները.

4) հուսալի՝ բովանդակությունը պետք է բավականաչափ կայուն լինի՝ միջնորդ ծրագրերի լայն շրջանակի, ներառյալ՝ աջակցող տեխնոլոգիաների միջոցով հուսալիորեն մեկնաբանվելու համար։

  1. ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  2. Պետական մարմինների պաշտոնական կայքերում՝

1) բոլոր ոչ տեքստային նյութերը պետք է ունենան տեքստային այլընտրանքներ այնպես, որ հնարավոր լինի փոխարկել այլ ձևաչափերի, որոնց կարիքն ունեն օգտվողները։ Նշված կետից բացառություն են կազմում ստորև նկարագրած դեպքերը.

ա) եթե ոչ տեքստային բովանդակությունը կառավարման գործիք է կամ ակնկալում է ինֆորմացիայի մուտքագրում օգտվողի կողմից, ապա այն ունի անվանում, որը նկարագրում է դրա նպատակը,

բ) եթե ոչ տեքստային բովանդակությունը փորձարկում կամ վարժություն է, որը հնարավոր չէ ներկայացնել տեքստի միջոցով, ապա տեքստային այլընտրանքները նվազագույնը տրամադրում են ոչ տեքստային բովանդակության նկարագիրը,

գ) եթե ոչ տեքստային բովանդակությունը հիմնականում ուղղված է զգացողություններ ստեղծելուն, ապա տեքստային այլընտրանքներն առնվազն տրամադրում են ոչ տեքստային բովանդակության նկարագիրը,

դ) եթե ոչ տեքստային բովանդակության նպատակը հաստատելն է, որ բովանդակությունը գործածվում է մարդու, այլ ոչ թե համակարգչի կողմից, ապա տրամադրվում են տեքստային այլընտրանքներ, որոնք նույնականացնում և նկարագրում են ոչ տեքստային բովանդակությունը։ Տրամադրվում են կապչայի՝ արտածման տարբեր եղանակներ կիրառող այլընտրանքային ձևաչափեր, որոնք զգայական տարբեր ընկալումներ են ստեղծում՝ տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու նպատակով,

ե) եթե ոչ տեքստային բովանդակությունը կիրառվում է որպես զուտ ձևավորում, վիզուալ ֆորմատավորում կամ ընդհանրապես ներկայացված չէ օգտվողներին, ապա այն կիրառված է այնպես, որ հնարավոր լինի այն անտեսել աջակցող տեխնոլոգիաների կողմից,

զ) եթե ոչ տեքստային բովանդակությունը ժամանակով սահմանափակված է, ապա տեքստային այլընտրանքներն առնվազն տրամադրում են ոչ տեքստային բովանդակության նկարագիրը.

2) բոլոր նախապես ձայնագրված բացառապես աուդիո բովանդակության պարագայում պետք է հասանելի լինի ժամանակով սահմանափակված մեդիայի այլընտրանք, որը համարժեք է նախապես ձայնագրված աուդիո բովանդակությանը․

3) նախապես ձայնագրված բացառապես վիդեո բովանդակության պարագայում պետք է հասանելի լինի ժամանակով սահմանափակված մեդիայի այլընտրանք կամ նախապես տեսագրված վիդեո բովանդակությանը համարժեք աուդիո տեղեկություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեդիան տեքստի մեդիա այլընտրանք է և հստակորեն պիտակված է որպես այդպիսին․

4) սինքրոնացված մեդիայի մաս հանդիսացող ցանկացած նախապես ձայնագրված աուդիո բովանդակության համար պետք է տրամադրվեն ենթագրեր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեդիան տեքստի մեդիա այլընտրանք է և հստակորեն պիտակված է որպես այդպիսին․

4) սինքրոնացված մեդիայի մաս հանդիսացող ցանկացած նախապես ձայնագրված աուդիոյի համար պետք է տրամադրվի ժեստերի լեզվով թարգմանություն․

6) սինքրոնացված մեդիայի մաս հանդիսացող ցանկացած նախապես տեսագրված վիդեոյի համար պետք է տրամադրվի աուդիոնկարագրություն։ Երբ հիմնական (առաջին պլանի) աուդիո բովանդակության մեջ դադարի ժամանակը բավարար չէ աուդիոնկարագրության միջոցով նախապես տեսագրված վիդեոյի ամբողջական իմաստը ներկայացնելու համար, սինքրոնացված մեդիայում ներառված է ընդլայնված աուդիոնկարագրություն․

8) սինքրոնացված մեդիայի մաս հանդիսացող ցանկացած ուղիղ հեռարձակմամբ աուդիոյի համար պետք է տրամադրվեն ենթագրեր, իսկ ուղիղ հեռարձակմամբ բացառապես աուդիո բովանդակության համար՝դրան համարժեք ժամանակով սահմանափակված մեդիայի այլընտրանք․

7) նախապես ձայնագրված/տեսագրված սինքրոնացված մեդիայի և բացառապես վիդեո բովանդակության համար պետք է հասանելի լինի ժամանակով սահմանափակված մեդիայի այլընտրանք․

9) բովանդակությունը պետք է այնպիսին լինի, որ օգտվողները կարողանան այն հեշտությամբ տեսնել և լսել, ինչպես նաև տարբերակել առաջնային և ֆոնային բովանդակությունները։ Մասնավորապես՝

ա) գույնը չպետք է օգտագործվի որպես տեղեկության փոխանցման, գործողության ցուցադրման, հետադարձ կապի կամ վիզուալ տարրի տարբերակման միակ միջոց,

բ) եթե պաշտոնական կայքում ավտոմատ կերպով միացող ավելի քան 3 վայրկյան տևողությամբ ձայնային բովանդակություն կա, անհրաժեշտ է ունենալ ձայնը դադարեցնող մեխանիզմ կամ ձայնի բարձրությունը կառավարելու հնարավորություն, որ չպետք է կախված լինի ամբողջական համակարգի ձայնից,

գ) տեքստի և պատկերային տեքստի վիզուալ ներկայացումը պետք է ունենա առնվազն 4.5։1 կոնտրաստի հարաբերակցություն, իսկ խոշոր տեքստը և դրա պատկերները պետք է ունենան առնվազն 3։1 կոնտրաստի հարաբերակցություն: Տեքստերը և պատկերային տեքստերը, որոնք օգտվողի ինտերֆեյսի բաղադրիչի ոչ ակտիվ տարր են, զուտ ձևավորում, տեսանելի չեն կամ ավելի նշանակալի վիզուալ բովանդակություն պարունակող պատկերի մաս են կազմում, կոնտրաստի պահանջները բավարարելու անհրաժեշտություն չունեն։ Լոգոտիպի կամ ապրանքանիշի անվան մաս կազմող տեքստի վրա կոնտրաստի նվազագույն պահանջ չի սահմանվում,

դ) բացառությամբ ենթագրերի և պատկերային տեքստերի, բոլոր տեքստերի չափսն առանց աջակցող տեխնոլոգիայի պետք է հնարավոր լինի փոխել մինչև 200 տոկոս՝ չկորցնելով բովանդակությունը կամ ֆունկցիոնալությունը,

ե) եթե օգտագործվող տեխնոլոգիաները վիզուալ պատկերման հնարավորություն ունեն, տեղեկության փոխանցման համար տեքստի կիրառումն ավելի նախընտրելի է, քան պատկերային տեքստինը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատկերային տեքստը հնարավոր է վիզուալ կերպով կարգավորել՝ ըստ օգտվողի պահանջների կամ տեքստի տվյալ ձևով ներկայացումը տեղեկության փոխանցման համար հիմնարար նշանակություն ունի։ Լոգոտիպերը (տեքստը, որը լոգոյի կամ ապրանքանիշի անվանման մաս է) համարվում են հիմնարար նշանակություն ունեցող․

10) բովանդակության ամբողջ ֆունկցիոնալությունը պետք կառավարելի լինի ստեղնաշարի ինտերֆեյսի միջոցով՝ առանց առանձին ստեղների սեղման ժամանակի սահմանափակման․

11) ցանկացած տեղաշարժվող, թարթող կամ թերթվող տեղեկատվության համար, որը սկսվում է ավտոմատ եղանակում, տևում է 5 վայրկյանից ավելի և ներկայացված է այլ բովանդակությանը զուգահեռ, առկա է մեխանիզմ, որի միջոցով օգտվողը կարող է դադարեցնել, կանգնեցնել կամ թաքցնել այն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հիմնարար նշանակություն ունեցող գործողության մաս է.

12) տեղեկության ցանկացած ավտոմատ թարմացման դեպքում, երբ թարմացումը սկսվում է ավտոմատ եղանակով և ներկայացված է այլ բովանդակությանը զուգահեռ, առկա է մեխանիզմ, որի միջոցով օգտվողը կարող է դադարեցնել, կանգնեցնել կամ թաքցնել այն, բացառությամբ դեպքերի, երբ դա հիմնարար նշանակություն ունեցող գործողության մաս է։

13) բովանդակությունը չպետք է լինի այնպիսի եղանակով, որը հայտնի է որպես ցնցումների առաջացման պատճառ, այդ թվում՝ առկա չէ որևէ տարր, որն ունի վայրկյանում երեք բռնկումից ավելի,

14) օգտվողները պետք է կարողանան խուսափել սխալներից և ուղղել դրանք։ Մասնավորապես՝ եթե մուտքագրման սխալն ավտոմատ կերպով հայտնաբերվում է, ապա պետք է որոշվի սխալն առաջացնող տարրը, և սխալը նկարագրվի օգտվողին տեքստի միջողով:

15) այն դեպքում, երբ կայքի միջոցով իրավական պարտավորություններ են ստանձնվում, ֆինանսական փոխանցումներ կատարվում, կայքը պետք է բավարարի հետևյալ պահանջներից առնվազն մեկը՝

ա) տվյալների ներկայացումը հետադարձելի է.

բ) ստուգվում է մուտքագրման սխալների առկայությունն օգտվողի կողմից մուտքագրած տվյալներում, և օգտվողին ընձեռվում է դրանք ուղղելու հնարավորություն.

գ) առկա է մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է վերանայել, հաստատել և ուղղել տեղեկությունը՝ մինչև տվյալների ուղարկման վերջնականացումը։

16) տեքստային բովանդակությունը դյուրընթեռնելի է և հասկանալի, ներառյալ՝

ա) յուրաքանչյուր վեբ էջի սկզբնադիր լեզուն ծրագրային կերպով որոշելի է.

բ) երբ որևէ բաղադրիչ ակտիվացվում է, դա չի հանգեցնում կոնտեքստի փոփոխության (ներառյալ նոր պատուհանի բացվելը, էջի բովանդակության էական վերափոխումը)։

17) օգտվողներին անհրաժեշտ օգնության եղանակներ են տրամադրվում նավիգացիայի, բովանդակության որոնման և կայքում իրենց ընթացիկ դիրքի որոշման համար, այդ թվում՝

ա) առկա է մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում շրջանցել բովանդակության հատվածները, որոնք կրկնում են մի քանի վեբ էջերում,

բ) վեբ էջերն ունեն վերնագրեր, որոնք նկարագրում են դրանց թեման կամ նպատակը,

գ) եթե վեբ էջն ունի հաջորդաբար նավիգացիայի հնարավորություն և նավիգացիայի հաջորդականությունն ազդեցություն ունի իմաստի կամ գործածման վրա, ակտիվ պատուհանի հնարավորություն ունեցող բաղադրիչներն ակտիվացվում են այնպես, որ պահպանվեն իմաստն ու գործածելիությունը,

դ) Յուրաքանչյուր հղումի նպատակը որոշվում է միայն հղումի տեքստից կամ տեքստի և ծրագրորեն որոշված հղումի կոնտեքստի համադրությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ հղումի իմաստն անորոշ է բոլոր օգտվողների համար:

  1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
  2. Պետական մարմինների պաշտոնական կայքերի մատչելիության ապահովման գործընթացում իրականացվող գործողությունների, ինչպես նաև ընթացիկ հաշվետվողականության պահպանման նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչ առաջին եռամսյակի ավարտը, պետական մարմինը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացնում իր պաշտոնական կայքի մատչելիության վերաբերյալ ամփոփ զեկույց։
  3. Զեկույցն անդրադարձ է կատարում պետական մարմնի պաշտոնական կայքում մատչելիության ապահովման գործընթացում արձանագրած խնդիրներին, մատչելիության վերաբերյալ ստացած բողոքներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացրած գործողություններին։
  4. Հանձնաժողովը զեկույցում արձանագրած խնդիրների վերաբերյալ իրավասու է ներկայացնել առաջարկներ՝ գործընթացում ներգրավելով ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ ոլորտային հիմնահարցերով զբաղվով անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
  5. Պետական մարմինների պաշտոնական կայքերի բարելավման ուղղությամբ Հանձնաժողովի ներկայացրած առաջարկներն ընդունվում են և սահմանվում է առաջարկների իրականացման ժամանակացույց։ Ներկայացված առաջարկի կատարման անհնարինության դեպքում պետական մարմինը պարտավոր է ներկայացնել գրավոր պարզաբանում՝ անդրադառնալով կատարման անհնարինության պատճառներին։
  6. Պետական մարմինները կարող են իրականացնել իրենց պաշտոնական կայքերի մատչելիության աուդիտ։

              V.ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Հավելվածով նկարագրված պետական մարմինների պաշտոնական կայքերի գործունեության, հուսալիության և տեղեկատվության պաշտպանության պահանջները կանոնակարգվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի № 1521-Ն որոշման Հավելված № 1-ի կարգավորումների։
  • Обсуждалось

    23.02.2022 - 10.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4005

Принт