Добавить в избранное

Проект принят

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 07.03.2022 21:46:15 Առաջարկվում է հեռացնել Հավելվածի 9-րդ մասի 9-րդ կետը՝ հետևյալ հիմնավորմամբ՝ Հանձնաժողովին դիմած ամուսինների՝ տարբեր սեռի պատկանելության վերաբերյալ պահանջը խտրական է, քանի որ չկա որևէ օրինական, գիտական կամ գործնական ողջամիտ հիմնավորում առ այն, որ նույնասեռական զույգը չի կարող իրականացնել երեխայի պատշաճ խնամք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ Նաչովան ընդդեմ Բուլղարիայի և Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի վճիռներով տրված մեկնաբանության համաձայն` խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի եւ որևէ ողջամիտ բացատրության, այսինքն` երբ միջոցները չեն հետապնդում իրավաչափ նպատակ և չկա ողջամիտ համաչափություն միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև: Խտրականությունն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հետևաբար օրենքով նախատեսված նման պահանջը կլինի հակասահմանադրական։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ ​​Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Այս պարագայում խտրականությունը պայմանավորված կլինի անձի սեռական կողմնորոշմամբ, ինչը հանդիսանում է անձնական հատկանիշ։ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով միջազգային կառույցների, ինչպիսիք եք Եվրոպայի խորհուրդը և Միավորված ազգերի կազմակերպությունը և միանալով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի, ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ բացարձակ և սահմանափակման չենթարկվող խտրականությյունից զերծ լինելու իրավունքը, ներառյալ՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով։ Ձևակերպման խտրական բնույթը հիմնավորվում է նաև նախագծում տրված հետևյալ ձևակերպմամբ. «… ամուսինները տարբեր սեռի են, ինչը կապահովի երեխայի առողջ հոգեկան զարգացումը… »։ Նույնասեռական զույգերի ընտանիքում երեխայի հոգեկան զարգացման «անառողջությունը» չի կարող հիմնավորվել որևէ գիտահեն, ողջամիտ փաստարկներով։ Ավելին, որոշ հետևազոտություններ ցույց են տվել, որ չկա որևէ նշանակալի տարբերություն նույնասեռական և հետերոսեքսուալ զույգերի ընտանիքների երեխաների հոգեհուզական զարգացման մակարդակում։ Վերջին տենդենցները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում նույնասեռական զույգերի երեխաները ավելի երջանիկ են և ունեն ստաբիլ հոգեհուզական վիճակ, ավելի հաճախ են ստանում բարձրագույն կրթություն։ (https://aamft.org/Consumer_Updates/Same-sex_Parents_and_Their_Children.aspx?fbclid=IwAR0YUqYN44KgBuv12qcQA55xh_csmp2Yx7FWw1kHPhoCq0o58DhEP9scnYQ , https://www.washingtonpost.com/news/morning-mix/wp/2014/07/07/children-of-same-sex-couples-are-happier-and-healthier-than-peers-research-shows/ ) Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ քննարկվող կետը ընդհանրապես ավելորդ է, քանի որ եթե խոսքը վերաբերում է երեխայի պատշաճ խնամքն իրականացնելուն խոչընդոտող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ծնող դառնալու սահմանափակմանը, ապա այդ խնդիրը արդեն իսկ լուծված է նախագծի 8-րդ կետով, որում հղում է կատարվում հիվանդությունների ցանկը սահմանող ՀՀ կառավարության 2018թ. հուլիսի 19-ի N 811-որոշմանը՝ որպես երեխայի խնամքն իրականացնելուն խոչընդոտող հանգամանք։
2 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 08.03.2022 11:58:59 Առաջարկում ենք վերանայել հանձնաժողովի կազմը, աշխատակարգն ու գործառույթները՝ ներառելով հանձնաժողովի կազմում երեխայի իրավունքներով զբաղվող մասնագետների, մանկավարժների, հոգեբանների, ապահովել հանձնաժողովի անդամների պատշաճ վարձատրությունը և մեծացնել հանձնաժողովին օժտել նաև երեխայի ծնվելուց հետո վերահսկողական գործառույթներով: Հիմնավորում. Քանի որ նախագիծը վերաբերում է երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց կողմից փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու թույլտվությանը (ինչը շատ երկրներում արգելված է կամ թույլատրելի է միայն դատարանի որոշմամբ՝ երեխայի լավագույն շահի և կնոջը՝ շահագործումից պաշտպանելու նպատակով), ապագա երեխայի լավագույն շահի պաշտպանության տեսանկյունից հատկապես կարևոր է դառնում Հանձնաժողովի կազմի կոմպետենտության և վերջինիս՝ պատշաճ վերահսկողական գործառույթներով օժտելու հարցը: Այս առումով Հանձնաժողովի կազմում երեխայի իրավունքներով զբաղվող մասնագետների փոխարեն նոտարական պալատի ներկայացուցչի կամ ՀՀ սփուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետի ներկայությունն անհասկանալի է և խնդրահարույց: Կարևորագույն հարց է նաև հանձնաժողովի անդամների աշխատանքի վարձատրության հարցը, քանի որ երեխայի լավագույն շահին առնչվող հարցերի շուրջ որոշումները չպետք է կայացվեն կամավորության սկզբունքով աշխատող մասնագետների կողմից: Այս առումով, առաջարկում ենք ուսումնասիրել միջազգային փորձը և քննարկումներ իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
3 Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 08.03.2022 12:03:23 Նախագծից բացառել Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը, քանի որ այն խտրական դրույթներ է պարունակում, հակասում է ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածից և դրանում ամրագրված դրույթները չունեն որևէ գիտական կամ իրավական հիմնավորում:
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 1. Նախագծով նախատեսված է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը։ Կազմում ընդգրկված են 4 ՀԿ-ներ։ Նախագծից պարզ չէ, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել նշված ՀԿ-ները։ Առաջարկում ենք սահմանել Հանձնաժողովի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգ։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 2. Նախագծով սահմանված է Հանձնաժողովի գործունեության կարգը, որի շրջանակներում նախատեսված չէ Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, անդամներին ներկայացվող անձնային որակները և մասնագիտական պահանջները: Ըստ այդմ, առաջարկում ենք կարգում սահմանել Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, այդ թվում նաև անձանց տվյալների պաշտպանության սկզբունքը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների անձնային որակները և մասնագիտական պահանջները։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 3. Կարգի 5-րդ կետը առաջարկում ենք լրացնել նոր պարբերությամբ և վերախմբագրել հետևյալ շարադրանքով․ «Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով։ Հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ն նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչությունը։»։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 4. Նախագծի 10-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի առողջապահության ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչ-քարտուղարը` սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո դրանք ուղարկում է հանձնաժողովի անդամների էլեկտրոնային փոստին և դեպքը ներկայացնում հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի առաջիկա նիստին հրավիրելու և քննարկելու համար: Առաջարկում ենք սույն կետում սահմանել նաև գործողության կատարման համար համապատասխան ժամկետ։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 5. Նախագծի 11-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի մասին լրացուցիչ կարծիք ստանալու կամ իսկությունը ճշտելու նպատակով դրանք կարող է ուղարկվել համապատասխան գերատեսչություն: Առաջարկում ենք նախատեսել, որ սույն գործողությունը կատարվում է այն անձի համաձայնությամբ, որի վերաբերյալ հայցվելու է համապատասխան տեղեկությունը։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 6. Նախագծի 12-րդ կետի համաձայն՝ կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը դիմողին գրավոր առաջարկում է 30-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները: Սույն կետով առաջարկում ենք նաև նախատեսել, թե ինչ ժամկետներում են դիտարկում փաստաթղթերը։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 7. Նախագծի 13-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի մշտական անդամների 2/3 ներկայության դեպքում: (...) Սույն կարգում առանձնացված չեն մշտական և ոչ մշտական անդամները, բացառությամբ ՀՀ սփուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետի որը նշված է որպես հրավիրյալ անդամ։ Իսկ եթե ոչ մշտական անդամներն են ՀԿ ներկայացուցիչները, ստացվում է, որ նրանց՝ թեկուզև հարգելի բացակայության դեպքում, նիստերը կարող են գումարվել առանց նրանց մասնակցության։ Այս մոտեցումը առնվազն խոսում է այն մասին, որ ՀԿ-ների ներգրավումը (ենթադրվում է այս գործիքը ներմուծվել է հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով) կարող է ձևական բնույթ կրել, եթե հանձնաժողովը իրավասու է առանց իրենց նիստ գումարել։ Առաջարկում ենք վերաձևակերպել վերը նշված կետի համապատասխան կարգավորումը հետևյալ շարադրանքով․ «Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3 ներկայության դեպքում»։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 8. Նախագծի 4-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել այլ մասնագետներ: Առաջարկում ենք նախատեսել, որ այլ մասնագետներ կարող են հրավիրվել միայն ծնողների պարտադիր համաձայնության դեպքում։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 9. Նախագծի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված է, որ Հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում` 3․ ներկայացված բնութագրում անձին բացասաբար նկարագրող հատկանիշների մասին ստացված տեղեկությունների հիման վրա։ Կարծում ենք, որ սույն ձևակերպումը բավականին լայն է և անորոշ, իր մեջ պարունակում է խտրականության և կոռուպցիոն ռիսկերի դրսևորման հնարավորություններ։ Առաջարկում ենք հստակ սահմանել, թե ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվելու բնութագիրը կազմելու համար, և ինչպիսի՞ հատկանիշներ պետք է դիտարկվեն խտրական վերաբերմունքը բացառելու և կանխելու նպատակով։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 10. Նախագծի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված է, որ Հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում` 4. մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունենալու դեպքում։ ՀՀ նոր քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից) 9-րդ (Մարդու դեմ ուղղված հանցագործությունները) և 11-րդ (Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները) բաժինները հանցագործությունների չափազանց լայն շրջանակ են նախատեսում, ուստի կարծում ենք, որ անձի իրավունքի նման սահմանափակումը արդարացված չէ։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 11. Նախագծի 17-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված է, որ Հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում` 9. Հանձնաժողովի կողմից հարցազրույցի ընթացքում արձանագրված հիմնավոր պատճառաբանությունների դեպքում: Կարծում ենք, որ սույն ձևակերպումը բավականին լայն է և անորոշ, որն իր մեջ պարունակում է իր մեջ պարունակում է խտրականության և կոռուպցիոն ռիսկերի դրսևորման հնարավորություններ։ Առաջարկում ենք հստակ սահմանել, թե ի՞նչ չափանիշներիի վրա է հիմնվելու հարցազրույցի ընթացքում կազմվող բացասական եզրակացությունը և ինչպիսի հարցերի շրջանակի այն պետք է անդրադառնա։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 12. Նախագծի 17-րդ կետի (կարծում ենք, որ տեղի է ունեցել վրիպում, և այս կետը պետք է թվագրել 18) համաձայն՝ Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում նշվում են նման եզրակացության հանգելու պատճառները: Առաջարկում ենք սահմանել, որ մերժման որոշումը ենթակա է պատճառաբանված հիմնավորման։
16 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 13. Նախագծի 19-րդ կետով սահմանված է Հանձնաժողովի եզրակացության պատճենը, ի թիվս այլոց, դիմողին ուղարկելու կարգը։ Առաջարկում ենք դիմողին տրամադրել եզրակացության բնօրինակը։
17 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 14. Նախագծի 19-րդ կետով առաջարկում ենք սահմանել նաև, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը, բացառությամբ դիմումատուների և անձնական տվյալների, հրապարակվում է ՀՀ առողջապահության նախարարության կայքում։
18 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 15. Առաջարկում ենք Նախագծով սահմանել նաև Հանձնաժողովի որոշումների բողոքարկման ընթացակարգ։
19 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 16. Նախագծի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված է, որ Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վարում է հանձնաժողովի նիստերը։ Առաջարկում ենք վերաձևակերպել այս ենթակետը հետևյալ շարադրանքով․ «ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.»։
20 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 17. Նախագծի 20-րդ կետը, որը վերաբերում է Հանձնաժողովի անդամներին, առաջարկում ենք լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ․ «Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի անդամի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում վերջինիս փոխարինման հարցը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը:»։
21 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 18. Նախագծի 20-րդ կետը, որը վերաբերում է Հանձնաժողովի անդամներին, առաջարկում ենք դրանում առանձնացնել անդամների լիազորություններն ու պարտականությունները։
22 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 19. Նախագծի 20-րդ կետը, որը վերաբերում է Հանձնաժողովի անդամներին, դրա 6-րդ կետից հետո առաջարկում ենք լրացնել նոր հետևյալ շարադրանքով․ «Հանձնաժողովի անդամները ներկայացնում են առաջարկություն Հանձնաժողովի օրակարգում ներառվելիք հարցերի, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ»։
23 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 20. Նախագծի 22-րդ կետի 3-րդ ենթակետը սահմանում է, որ Հանձնաժողովի քարտուղարը նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է դիմողին/դիմողներին, իսկ հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացիների դեպքում` ծանուցումը ուղարկում է վերջիններիս էլեկտրոնային հասցեին` նիստի անցկացման օրից` առնվազն 2 ամիս առաջ։ Կարգավորումից պարզ չէ, թե ինչ եղանակով է քարտուղարը տեղեկացնում դիմողին, եթե վերջինս հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացի չէ։
24 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 21. Նախագծի 22-րդ կետի 5-րդ ենթակետը սահմանում է, Հանձնաժողովի քարտուղարը կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պատրաստում է որոշումների նախագծերը։ Առաջարկում ենք սահմանել նաև, որ քարտուղարը Առողջապահության նախարարության կայքում հրապարակելու նպատակով կազմում է նիստի մասին հակիրճ տեղեկատվություն։
25 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 08.03.2022 22:14:30 22. Նախագծի 23-րդ կետով նախատեսված է, որ Հանձնաժողովի նիստի ավարտից հետո արձանագրություն կազմելու կարգը և նրանում ներառվող տեղեկատվությունը։ Առաջարկում ենք արձանագրության շրջանակներում սահմանել նաև նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրած առարկությունները։