Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնակության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներից:

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Սոցիալական պաշտպանության բնագավառում պարբերաբար իրականացվող բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում դեռ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար մասնակցությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Երկրի տնտեսության և սոցիալական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցության խթանման, նրանց ֆունկցիոնալության ամբողջական բացահայտման և անհրաժեշտ նպատակային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայություն­ների որոշման մոտեցումներում։

Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալով անձը ձեռք է բերում որոշակի արտոնություններ և սահմանափակ ծառայություններ: Որևէ վիճակագրություն չի վարվում, թե որքանով են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող  ծառայությունները բավարարում նրանց կարիքներին (պահանջարկ և առաջարկ) և ինչպիսի ազդեցություն են ունենում այդ ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման և սոցիալական ներառման համար: Ինչպես նաև տեղեկատվություն չի հավաքագրվում, թե ինչ խոչընդոտներ կան հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը, հաղորդակցությունը, ինքնասպասարկումը և կենսագործունեության այլ իրավունք­ներն ապահովելու և իրացնելու համար:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպա­նությանը, այդ թվում հաշմանդամության գնահատմանն առնչվող հարաբերությունները մինչև 2021 թ. կեսերը կարգավորվում էին «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (1993թ): Այդ համատեքստում հաշմանդամությունը դիտարկվում է առավելապես որպես առողջական խնդիրներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակում, որոնց վերացման կամ հնարավորինս նվազեցման մեխանիզմներն ունեն անձին աջակցելու, պաշտպանելու ուղղվածություն: Թերևս, առանցքային բաղադրիչ է համարվում ոչ թե անձի գործունեությունը և մասնակցությունը հասարակական կյանքին, կամ դրան խոչընդոտող գործոնների  գնահատումն ու դրանց վերացումը, այլ առողջության խաթարումը և սոցիալական պաշտպանության անհրա­ժեշտությունը, ինչը հաշմանդամություն ունեցող անձի համար նպատակային սոցիալական քաղաքականության, վերականգման և մասնակցության ապահով­ման նպատակով միջոցառումների մշակման տեսանկյունից չի կարող անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել և բավարար համարվել հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք սոցիալական ներառման համար։

Չնայած այն հանգամանքին, որ հաշմանդամություն ձեռք բերած անձի համար մշակվում է վերականգնողական անհատական ծրագիր, այնուամենայնիվ, դրա մշակմանը մասնակցում են միայն բժիշկ-փորձագետները, իսկ անձի կարիքից բխող առավել հասցեական ծառայություններ որոշարկելու համար անհրաժեշտ է ընդլայնել գնահատող մասնագետների կազմը՝ ներառելով հարբժշկական մասնագետներ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սույն նախագիծը նպատակ է հետապնդում ամփոփել վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը, վեր հանել դեռևս լուծում պահանջող խնդիրները և ներկայացնել հաշմանդամության գնահատման  համակարգի բարեփոխումները և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման քայլերը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչը հնարավորություն կընձեռի պետությանն ունենալու հստակ պատկեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներից բխող ծառայությունների պահանջարկի և դրանով պայմանավորված նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին՝ թիրախային ռազմավարություններ մշակելու համար:

2021 թ. մայիսի 5-ին Ազգային Ժողովն  ընդունեց  «Անձի  ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի համաձայն արմատական փոփոխության է ենթարկվում հաշմանդամության գնահատման համակարգը՝ բժշկասոցիալական փորձաքննության մոդելից անցում կատարելով անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելին:

Նոր մոդելի  համաձայն հաշման­դամությունն այլևս չի դիտարկվելու որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվելու է որպես երևույթ՝ պայմանավորված անձի կայուն առողջական, ֆիզիկական, հոգեկան, մտավոր ու զգայական տևական խնդիրների և նրա միջավայրի փոխազդեցություն, որի արդյունքում սահմանափակվում է անձի գործուներությունն իր առօրյա կյանքում և մասնակցությունը հասարակական կյանքում։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձին մատուցվող ծառայություններն ուղղվելու են անձի գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանը (դպրոցում, աշխատանքի վայրում, ընտանեկան և համայնքային կյանքում, սպորտային ու մշակութային միջոցառումներում և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:

Անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքում ընկած են ԱՀԿ ՖՄԴ մոտեցումները: ՖՄԴ-ն ապահովվում է հայեցակարգային շրջանակ, ընդհանուր լեզու և տերմինաբանություն անձի մոտ ի հայտ եկած օրգանիզմի ֆունկցիաների ու մարմնի կառուցվածքի խնդիրները, գործունեության և մասնակցության սահմանափա­կումները, ինչպես նաև անձի համար կարևոր միջավայրային գործոնները գրանցելու կարիքի վրա հիմնված միջամտություններ իրականացնելու համար։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), ESI խորհրդատվական ընկերություն:   

5.

Ակնկալվող արդյունքը

 

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրում, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատմանը, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների մատուցմանը:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

       Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

       Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

        Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.02.2022 - 28.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3059

Принт