Добавить в избранное

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը - «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած որոշ, մասնավորապես՝ հսկողության և վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու և դրանով պայմանավորված համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Հայկական ագրոպարենային արտադրանքի ու վայրաճ բույսերի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի ու վայրաճ բույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով կամ երաշխավորված ավանդական արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով, արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում, և այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սևանի իշխանն» է։

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորում են  «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքով։ Օրենքը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում։ Չնայած դրան աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների մշակման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման օրենսդրական կարգավորման հետ կապված առկա են որոշակի բացթողումներ և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ։ Բանն այն է, որ օրենքով հստակ տարանջատված չեն աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը կարգավորող դրույթները։

Մյուս կողմից ՀՀ և ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի հիման վրա Եվրոպական միության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ իրականացվող Հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացի շրջանակներում ԵՄ փորձագետների հետ կայացած քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել «Հայկական կոնյակի» նոր անվանումը գրանցել որպես աշխարհագրական նշում և դրանով պայմանավորված ԵՄ փորձագետների կողմից առաջարկվել է Օրենքում կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես՝ Օրենքով սահմանված է, որ աշխարհագրական նշումը տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում է։ Նշված պահանջը պետք է տարածվի միայն ծագման տեղանունով արտադրանքի վրա, իսկ աշխարհագրական նշումով ապրանքների համար այդ պահանջի կիրառումը սահմանափակում է տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը, որպես աշխարհագրական նշում գրանցելու հնարավորությունը։ Այդպիսի արտադրանքներից են օրինակ՝ մածունը, թանը, սուջուխը բաստուրման, պանիրների մի շարք տեսակներ (հորած պանիր, մոթալ պանիր և այլն) և այլն։ Նույնպիսի խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, եթե որոշվի, որ «Հայկական կոնյակին» տրվում է տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող նոր անվանում, որը պետք է գրանցվի որպես աշխարհագրական նշումով արտադրանք։

 Բացի այդ Օրենքով աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադ­րանքն  արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ օրինակ Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով տեխնիկական հատ­կորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրելու կամ իրացնելու դեպքում համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ սահմանված չեն։  

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության հիմնական սկզբունքներից է նաև կողմնորոշումը դեպի որակ, ըստ որի անհրաժեշտ է կենտրոնանալ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման, մոնիտորինգի և խթանման վրա` շեշտը դնելով նաև հարուստ ու հնագույն սննդի մշակույթի վրա և զուգահեռաբար մշակել ավանդական ապրանքների և գինու որակական նույնականացման համակարգը։
  2. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
  3. «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝

1) հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինները և դրանց գործունեության շրջանակները։

Արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը, իսկ արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (մարմինների) կողմից և ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։

Բացի այդ պետական վերահսկողություն իրականացող լիազոր մարմնին հնարավորություն է տրվում արգելելու տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը կամ ներմուծումը և տալու շուկայից հետ կանչի վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր։ Սահմանվում է նաև, որ կարգադրագրի ձևը հաստատում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, իսկ կարգադրագիրը չկատարելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

2) որպես աշխարհագրական նշում պահպանվում է ոչ միայն տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, այլ նաև ցանկացած այլ նշումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում։

3) սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձևավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին և ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ։

4) կատարվում են նաև որոշ խմբագրական փոփոխություններ։

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, ըստ որոնց սահմանվում է, որ տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրելը կամ իրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ տեսչական մարմնի կողմից տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով կամ ծագման տեղանուններով կամ երաշխավորված ավանդական արտադրանքի՝ շուկայից հետ կանչի վերաբերյալ կարգադրագիրը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Միաժամանակ վերը նշված վարչական պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագծերի փաթեթը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, ԵՄ փորձագետների առաջարկությունների հիման վրա։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
  2. Ակնկալվող արդյունքը – Սույն նախագծերի փաթեթի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները և հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին։ Հնարավորություն է տրվում, որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաև տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը։ Գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու իրավասության վերապահումը հնարավորություն կտա կարճ ժամկետներում գրանցելու աշխարհագրական նշումով մի շարք ապրանքներ։

Օրենքով սահմանվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցների սահմանումը հնարավորություն կտա կանխարգելելու տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող աշխարհագրական նշումներով, ծագման տեղանուններով և երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը կամ ներմուծումը։

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում: 8. Սույն օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման մեջ։
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հանրապետության Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի Կառավարության 19-րդ նպատակից և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ միջոցառման 5-րդ արդյունքային ցուցանիշից։

 

 

  • Обсуждалось

    01.12.2021 - 16.12.2021

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4877

Принт