Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Իրավական ակտի ընդումնամ անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության   2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերանայման նպատակն է՝ օպտիմալացնել փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերը, հանրային քննարկումների գործընթացը, ստեղծել համաձայնեցման և միջգերատեսչական հանձնաժողովի  արդյունավետ ու գործընթացին աջակցող մասնակցության համակարգ, հնարավորինս կրճատել անարդյունավետ գրագրությունը, հստակեցնել փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգով նախատեսված են մի շարք ընթացակարգեր և առանձին դրույթներ, որոնց կիրառումն առաջացնում է բարդ երկարատև գործընթացներ: Մասնավորապես՝ գլխավոր հատակագծերի նախագծային փաստաթղթերը և, հատկապես, հաստատված փաստաթղթերում առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների առաջարկությունները շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու ընթացակարգը նախատեսում է մեծ ծավալի մեխանիկական գրագրություն, կրկնակի համաձայնեցումներ, անգամ այն դեպքերում, երբ հարցը չի առնչվում կոնկրետ մարմնի իրավասություններին, կամ լիազոր մարմինը տեսնում է, որ շահագրգիռ մարմիններից ստացված դիտողություններն ու առաջարկություններն հաշվի են առնված լրամշակված նախագծում: Փորձը ցույց է տալիս, որ լիազոր մարմնի կողմից համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ ստացված պատասխանների միայն 14-ից 20 տոկոսն են պարունակում բովանդակային առաջարկություններ կամ դիտողություններ:

Հանրության հետ փաստաթղթերի քննարկումը ևս կարող է ավելի արդյունավետ լինել, եթե հանրային լսումներին ներկայացվեն նախագծերը դրանց մշակման սկզբնական փուլում, երբ ավելի մեծ պատրաստակամությամբ կհավաքագրվեն բնակչության կողմից ներկայացվող առաջարկությունները, գաղափարները և առարկությունները: Օրինակ, գործող կարգի համաձայն՝ նախագծային առաջադրանքի քննարկումը նախատեսված է առաջադրանքի նախագիծը լիազոր մարմնի և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը կազմելու գործընթացն ավարտելուց հետո, ինչը համայնքի ղեկավարի համար լրացուցիչ զսպող հանգամանք է հանդիսանում՝ փաստաթղթում որևէ նոր առաջարկություն ներառելու տեսակետից: Նույնը վերաբերում է նաև նախագծերի համաձայնեցման և հանձնաժողովում քննարկման փուլերին, քանի որ ավարտված և փորձաքննություն անցած նախագծերի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները, եթե դրանք ենթադրում են նախագծային լուծումների էական վերանայում, դառնում են դժվար իրագործելի:

Հստակեցման կարիք ունեն նաև գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ներկայումս քաղաքային համայնքների և գյուղական համայնքների համար մշակվող գլխավոր հատակագծերի և պարզեցված գլխավոր հատակագծերի կազմի և բովանդակության  տարբերություններն էական չեն,  բացատրագրերի կազմման սկզբունքը ևս վերանայման կարիք ունի:

Կանոնակարգված չէ նաև հաստատված փաստաթղթերի իրագործման և փաստաթղթերում կատարվող առանձին փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և ամփոփման սկզբունքը, ինչպես նաև առանձին հողամասերի նշանակության փոփոխությունների թույլատրելի ծավալը և հաճախականությունը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Առաջարկվող փոփոխություններով  նախատեսվում է.

  • կրճատել հաստատված փաստաթղթերում փոփոխություն կատարելու համար սահմանված ընթացակարգերը՝ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցումը դարձնելով հասցեական, կախված առաջարկվող փոփոխությունների բնույթից: Մասնավորապես, առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքը՝ այն դեպքերում երբ լիազոր մարմինը գտնում է, որ լրամշակված փաստաթղթում հաշվի են առնված բոլոր դիտողությունները, կամ այն դեպքերում, երբ առանձին հողամասերի փոփոխությունները լիազոր մարմինը համաձայնեցնում է միայն հարցին առնչվող մարմինների հետ և վերջիններից ստանում դրական կարծիքներ, լիազոր մարմինը կազմում է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կցելով վերջնական փաթեթը ներկայացնում բոլոր շահագրգիռ մարմիններին, և եթե որոշակի ժամկետում (7 աշխատանքային օր) եզրակացության վերաբերյալ առարկություն չի ներկայացվում, այն ուժի մեջ է մտնում և տրամադրվում համայնքի ղեկավարին: Առաջարկվող սկզբունքի կիրառմամբ այն մարմինները, որոնք հարցի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունեն, ազատվում են պատասխան գրություն գրելու պարտականությունից:
  • կանոնակարգել տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված միջոցառումների կատարման գործընթացը, ստեղծելով այն մեխանիզմները, որոնց շնորհիվ պետք է բարձրանա փաստաթղթերի նախագծման որակը, իրագործման արդյունավետությունը, փոփոխությունների նպատակահարմար ծավալը: Նշված խնդիրների լուծման նպատակով սահմանվել են հետևյալ դրույթները՝

նախատեսվել են համայնքի կողմից կազմվող ամենամյա  ամփոփ տեղեկատվություն՝ գլխավոր հատակագծով նախատեսված միջոցառումների և գլխավոր հատակագծով չնախատեսված փոփոխությունների կատարման վերաբերյալ, որը ներկայացվում է նաև լիազոր մարմնին: Նշվածը թույլ կտա ամփոփել իրականացվող գործընթացները և պահպանել համաչափությունը՝ նախատեսված և չնախատեսված միջոցառումների միջև: Եթե հաստատվելուց հետո փաստաթով չնախատեսված փոփոխությունների ծավալը գերազանցում է բնակավայրի մակերեսի 10 %-ը, կամ առաջին չորս տարվա ընթացքում չի իրականացվել առաջնահերթ միջոցառումների առնվազն 50 %, իսկ դա գլխավոր հատակագծով նախատեսված միջոցառումների ընդամենը 1/6 –րդ մասն է, ապա նշանակում է, որ փաստաթուղթը չի համապատասխանում համայնքի իրական կարիքներին և ծրագրերին, և լիազոր մարմինը կարող է առաջարկել վերանայել հատակագծով նախատեսված լուծումները ամբողջովին՝ մոտեցնելով դրանք համայնքի ծրագրերին և կարիքներին: Նշված միջոցները կբարձրացնեն ինչպես փաստաթղթերի մշակման որակը և համայնքների ղեկավարների մասնակցությունը և պատասխանատվությունը փաստաթղթերի մշակման ընթացքում, այնպես էլ կստիպեն համայնքների ղեկավարներին աշխատել այս փաստաթղթերի հետ, ամփոփել, վերլուծել և կատարելագործել համայնքի ռազմավարական զարգացման փաստաթուղթը:

  • հստակեցնել գլխավոր հատակագծի, պարզեցված գլխավոր հատակագծի, համակցված փաստաթղթի միջև տարբերությունները՝ դրանց կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, կարգավորել նաև բացատրագրին ներկայացվող պահանջները՝ նպատակ ունենալով ուշադրությունը բևեռել համայնքների քաղաքաշինական զարգացմանն ուղղված լուծումների հիմնավորմանը, տարբերակների քննարկմանը, կրճատելով այն ուղեկցող տեղեկատվության և ուսումնասիրությունների ծավալը, որոնք ազդեցություն չեն ունեցել նախագծային լուծումների ընտրության վրա: Առաջարկվում է նաև հատուկ կարգավորման գոտիներ ունեցող համայնքների համար սահմանել գլխավոր հատակագծի կազմում մշակվող պարտադիր լրացուցիչ գծագրեր՝ հատուկ կարգավորման տարածքների սահմանների նկարագրության և քաղաքաշինական զարգացման տեսլականի ներառմամբ:
  • վերանայել հանձնաժողովում նախագծերի քննարկման սկզբունքները, նախընտրությունը տալով նախագծերի էսքիզային փուլերի և առաջարկվող լուծումների տարբերակների քննարկմանը: Որոշել, ինչպես է իրականացվելու համալիր փորձաքննությունը, հաշվի առնելով Կոմիտեում ստեղծվող պետական փորձաքննական հանձնաժողովի գործունեության կարգը (որը ներկայումս մշակման փուլում է):
  • վերանայել նաև փաստաթղթի ամբողջ կառուցվածքը, բացառելով կրկնությունները և միավորելով նույնանման պահանջները համապատասխան բաժիններում և հավելվածներում, մասնավորապես, կարգի մեկ հավելվածում միավորվել են գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման առաջադրանքներին և ելակետային նյութերին ներկայացվող պահանջները, հաջորդ հավելվածում՝ վերը նշված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր տեսակի համար առանձնահատկությունների նշմամբ, երրորդ հավելվածում՝ հողերի նպատակային նշանակությունների փոփոխման աղյուսակի և փաստաթղթերի տեխնիկատնտեսական ցուցանիշների աղյուսակների ձևերը, ընդ որում՝ համակցված փաստաթղթի տեխնիկատնտեսական ցուցանիշներում ներառվել են այդ փաստաթղթին բնորոշ տվյալներ և վերջին հավելվածում ներկայացվել են հողամասերի գործառնական և նպատակային նշանակությունների փոփոխման նպատակով լրացվող դիմումների և համայնքների ղեկավարների կողմից կազմվող և լիազոր մարմնին ներկայացվող գլխավոր հատակագծերում և համակցված փաստաթղթերում տարվա ընթացքում կատարված փոփոխությունների ամփոփ աղյուսակների ձևերը: Արդյունքում՝ գործող կարգի 9-ը հավելվածներով սահմանված դրույթները միավորվել են ընդամենը 4 հավելվածներում: 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
  • Որոշման ընդունման արդյունքում էականորեն կկրճատվի փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, ավելի արդյունավետ և բովանդակալից կլինի  շահագրգիռ մարմինների մասնակցությունը գործընթացում, փաստաթղթերի իրագործման միջոցառումների ամենամյա ամփոփումը և փոփոխությունների կատարման հիմնավորման անհրաժեշտությունը կբարձրացնեն համայնքների ղեկավարների պատասխանատվությունը գործընթացի նկատմամբ, մշակվող փաստաթղթերի կազմը և բացատրագրի ներկայացման նոր սկզբունքները կբարելավեն փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտ կլինի վերանայել ՀՀ կառավարության  2003 թվականի N625-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը»:

Ներկայումս, տարիների ընթացքում վերը նշված երկու որոշումներում կատարված փոփոխությունների արդյունքում՝  ՀՀ կառավարության  2003 թվականի N625-Ն որոշմամբ սահմանված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմը և բովանդակութնունն ամբողջությամբ ընդգրկված են համայնքի գլխավոր հատակագծի հիմնական գծագրում, ուստի նաև գլխավոր հատակագծի կազմում նշված անվանմամբ գծագրի մշակման անհրաժեշտություն չկա: Միաժամանակ, հողերի օգտագործման սխեմաները կարող են դառնալ գլխավոր հատակագծից անկախ մշակվող գյուղատնտեսության համար օգտակար փաստաթղթեր, եթե դրանց կազմը և բովանդակությունը նպատակաուղղվի համայնքների սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական և անտառային հողերի տեսակավորմանը և  դասակարգմանը, առաջարկելով գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերի  ռացիոնալ օգտագործման, բարելավման, քամուց, կարկուտից, ջրածածկումից, հողմնահարումից և դեգրադացումից պաշտպանող միջոցառումներ ներառող փաստաթուղթ: Նշված տեսակի փաստաթուղթը կարող է մշակվել ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերներով:

ՀՀ կառավարության  2003 թվականի N625-Ն որոշմամբ սահմանված կարգի վերանայման աշխատանքները կարող են իրականացվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ:

Սույն որոշման ընդունմամբ պայմանավորված լրացում կկատարվի  նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ավելացնելով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, քանի որ համաձայն ներկայացված առաջարկության՝ շահագրգիռ մարմինների ցանկում ներառվել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում` www.minurban.am:

  • Обсуждалось

    17.08.2017 - 05.09.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8994

Принт