Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեադատավարական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանությունները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածը սահմանում է քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները, որտեղ, սակայն ներառված չեն այնպիսի հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են` պատճեն, էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակ,  էլեկտրոնային փաստաթղթի պատճեն:

Առաջարկվում է հիմնական հասկացությունների շարքում սահմանել «էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակ» հասկացությունը, ըստ որի՝ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակ կհանդիսանա՝ նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով գրանցված տեղեկատվությունը, եթե էլեկտրոնային փաստաթուղթը փոփոխության չի ենթարկվել այն պահից, երբ այն տրվել է պահպանության:

Միաժամանակ, կսահմանվի էլեկտրոնային փաստաթղթի պատճեն, որի հասկացությունը կմեկնաբանվի, որպես՝ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակի վերարտադրությունը թղթային կրիչի վրա:

Հիշատակված հասկացությունների լրացման անհրաժեշտությունը թերևս առաջանում է մեկ այլ լրացմամբ պայմանավորված, քանի որ Օրենսգրքում նախատեսված չեն այնպիսի կարգավորումներ, որոնք վերաբերելի կլինեն քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստին, վնասմանը կամ ոչնչացմանը:

   Իսկ վերը նշված լրացման կարևորությունը և հրատապությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններով:

Մասնավորապես.

Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումները սփռված են ՀՀ ողջ տարածքով, իսկ որոշ կայազորային քննչական բաժիններ գտնվում էին Արցախի Հանրապետությունում՝ սահմանային տարածքներում:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերոսիոն խմբերի Արցախի Հանրապետության որոշ քաղաքներ հանկարծակի ներխուժելու պատճառով Արցախի Հանրապետությունում տեղակայված կայազորային որոշ քննչական բաժինների վարչական շենքերից հնարավոր չի եղել տարհանել քրեական գործերը, այդ թվում նաև՝ հաշվառման մատյանները և նյութական այլ միջոցները և հակառակորդի կողմից բռնազավթած տարածքներում մնացած, ինչպես վարույթի նյութերով, այնպես էլ՝ քրեական գործերով ունենք կորստի, վնասման, ոչնչացման դեպքեր:

Ավելին, ներկայումս մի շարք քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ, ինչը, սակայն, հնարավոր չէ վերը նշված հանգամանքներով պայմանավորված:

Օրինակ՝ Քննչական կոմիտեի հիշատակված ստորաբաժանումներից (որը ներկայումս մեր տարածքում չէ) մեկում առկա քրեական գործի կապակցությամբ 27.08.2021թ.-ի ՌԴ գլխավոր դատախազությունից գրություն է ստացվել այն մասին, որ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է թիվ 91250214 քրեական գործով հետախուզվող մեղադրյալ Է.Վ.-ն, որին կալանավորելու համար անհրաժեշտ է վերջինիս վերաբերելի քրեական գործով լրացուցիչ փաստաթղթեր:

Եվ, քանի որ վերը նշված հանգամանքներով պայմանավորված առկա է խնդիր, ապա առաջարկվում է Օրենսգրքում նախատեսել կարգավորում, ըստ որի՝ քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում համապատասխանաբար վերադաս դատախազը կամ դատարանը որոշում է կայացնում դրանք վերականգնելու մասին և միջոցներ ձեռնարկում քրեական գործով վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Քրեական գործի կամ քրեական գործի նյութերի վերականգնումը կատարվում է գոյություն ունեցող ձեռագիր կամ տպագիր կամ էլեկտրոնային փաստաթղթերի բնօրինակներից պատճեններ հանելով կամ քննչական և այլ դատավարական գործողությունները կրկին կատարելով:

Համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ՀՀ ազգային ժողովի կողմից 2021 թվականի հուլիսի 28-ին հրապարակված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքի 8-րդ հոդվածի 10-րդ մասում, որը սակայն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից: Եվ, քանի որ առկա է հարցի հրատապություն, առաջարկվում է Նախագծով նախատեսվող կարգավորումները ներառել գործող օրենսդրության մեջ:

Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև օրինակ՝

- Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում, որի 158.1-ին հոդվածը[1] վերնագրված է «Քրեական գործերի վերականգնումը» վերտառությամբ:

- Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, որի 165.1-ին հոդվածը[2] վերնագրված է «Քրեական գործերի վերականգնումը» վերտառությամբ:

-ՈՒզբեկստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, որի 348.1-ին հոդվածը[3] վերնագրված է «Քրեական գործերի կամ նյութերի  վերականգնումը» վերտառությամբ:

-  Տաջիկստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, որի 167.1-ին հոդվածը[4] վերնագրված է «Քրեական գործերի կամ նյութերի վերականգնումը» վերտառությամբ:

 Ավելին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, բացի օրենքով նախատեսված կարգավորումներից, առկա են նաև մի շարք գիտական աշխատություններ, հիմնավորումներ, տեսակետներ՝ խնդրի վերաբերյալ և օրինակ՝ Ն.Պ.Եֆրեմովան իր աշխատություններից մեկում անդրադառնալով հարցի կարևորությանը նշել է, որ քրեական գործերի վերականգնման դեպքում քննիչը կամ դատարանը, կախված այն հանգամանքից, թե ում վարույթում է խնդրո առարկա գործը, ընդհանուր առմամբ կայացնում են երկու որոշումներից որևէ մեկը: Առաջին՝  քրեական գործի կամ նյութերի կորստի մասին, երկրորդ՝ քրեական գործը վերականգնելու և վարույթ հարուցելու մասին: Նմանօրինակ դեպքերով վարույթի նյութերի կամ քրեական գործի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում ինքնին բարդություն չի առաջանում, քանի որ գործով ներգրավված սուբյեկտների մոտ առկա են լինում որոշակի դատավարական և քննչական գործողությունների վերաբերյալ՝ դատարանի կամ քննիչի կողմից տրամադրած փաստաթղթերի պատճենները: Ավելին, վարույթի նյութերի կամ քրեական գործի վերականգնումը կատարվում է, օրինակ՝ քրեական գործի նյութերի պահպանված պատճեններով, որոնք կարող են ապացույցներ ճանաչվել օրենսդրությամբ սահմանված կարգով և դատավարական կամ  քննչական գործողություններ կատարելու միջոցով [5] :

Համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում սահմանված իրավակարգավորումները, կարծում ենք, վարույթի նյութերի կամ քրեական գործի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում գործող Օրենսգրքում կարգավորումներ նախատեսելը՝  հիմնավոր է և իրավաչափ:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխությամբ հստակեցվում է քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքում դրանց վերականգնման հետ կապված հարցը՝ նկատի ունենալով պրակտիկայում առկա խնդիրները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք հարցեր, որոնք կապված են քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքերին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

                      

ՀՀ քննչական կոմիտե

 

 

[1]  Մանրամանս տե՛ս  http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34481/0a1aaee27108ac7e1b3e42cd2aabab3d3103f935/  http://fkurf.ru/zakon/ugolovno-processualnyj_kodeks_rossijskoj_federacii/statya_158-1.html :

[2] https://kodeksy-by.com/ugolovno-protsessualnyj_kodeks_rb/165-1.htm

[3] https://kodeksy-by.com/ugolovno-protsessualnyj_kodeks_rb/165-1.htm

[4] https://www.legislationline.org/download/id/9521/file/TAJ_CPC.pdf

[5]  Н. П. Ефремова, Восстановление решений по утраченному уголовному делу. Законодательство и практика, 2016, № 2

 https://xn--80axf.xn--b1aew.xn--p1ai/upload/site129/document_file/2(4).pdf

  • Обсуждалось

    11.10.2021 - 27.10.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 824

Принт