Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած, ինչպես նաև  կենսաթոշակները հիմնականում անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելուն առնչվող խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միասնական սոցիալական ծառայության ստեղծման իրավական հիմքերով ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 48.1-ին հոդվածը, որով սահմանված էին Սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները։ Դրանք սահմանվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերով, որպես միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) գործառույթներ։ Այս մոտեցումներն արտացոլված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանվել են կենսաթոշակները հիմնականում անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է, որ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով (օրենքի 35-րդ հոդված): Այս մոտեցումները ևս արտացոլված չեն Որոշման մեջ։

Կենսաթոշակի իրավունքի իրացման նպատակով դիմումները կարող են ներկայացվել ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում, սակայն Որոշման մի շարք դրույթներով դեռևս պահանջվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։

Որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված են այն տեղեկատվական բազաները, որոնց տվյալները  հիմք են ընդունվում սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար։ Բազաների տվյալների կիրառման կարգը Որոշմամբ հստակեցված չէ։

Որոշման N 1 հավելվածի 15.1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակի իրավունքի իրացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկանքները կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող այլ փաստաթղթերը ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ Ազգային արխիվ համապատասխան հարցում կատարելու միջոցով։ Այս դեպքում լրացուցիչ կարգավորումներ անհրաժեշտ տալ այն դեպքերի համար, երբ Ազգային արխիվը չի տրամադրում տեղեկատվություն արխիվային փաստաթղթերի բացակայության հիմքով և գրության մեջ նշում է գործատուի գտնվելու վայրի հասցեն, որտեղից կարող է ձեռք բերվել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Որոշման N 1 հավելվածի 36.4-րդ կետով սահմանված է բարձրաստիճան զինվորական պաշտոններ զբաղեցնող զինծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու՝ Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգից տարբեր այլ կարգ։ Նպատակահարմար է, որ նրանց կենսաթոշակը ևս հաշվարկվի Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով։

Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է վերահաշվարկելուց հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում։ Հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի (որով նշանակվում և վճարվում է կենսաթոշակը) հնարավորությունները և Կառավարության ծրագրի՝ առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրն ընդլայնելու նպատակադրումները, հնարավոր է աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկել առցանց ներկայացված դիմումի հիման վրա։

Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է: Այս դրույթի կիրակման կարգը սահմանված է Որոշման N 2 հավելվածի 21.1-ին կետով։ Անհրաժեշտ է հստակեցնել քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածի սկիզբը և վերջը։

Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառելու համար Որոշման N 2 հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ պետք է ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածք։ Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը չի պահպանել նշված տեղեկանքը, սակայն երեխայի հաշմանդամ լինելու մասին տեղեկատվությունն առկա է  հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում (վարվում է «Նորք» սոցալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի հիմնադրամի կողմից)։ Ըստ այդմ, անհրաժեշտ է ընդլայնել երեխայի հաշմանդամ լինելու փաստը և ժամանակահատվածը հավաստող տեղեկատվության կազմը։

Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի։ Այս ժամանակահատվածը Որոշման N 2 հավելվածի 32-րդ կետի համաձայն՝ հաստատվում է Արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով։ Սակայն ռազմական կցորդները դիվանագիտական ծառայության են մեկնում Պաշտպանության նախարարության միջոցով։ Ըստ այդմ, անհրաժեշտ է գործող դրույթը համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկային։

Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները և դրանք հաշվարկելու առանձնահատկությունները, այդ թվում՝ արտոնյալ հաշվարկով։ Անհրաժեշտ է կարգավորել այն դեպքերը, երբ նույն ժամանակահատվածում առկա են զինծառայության ստաժը արտոնյալ հաշվարկով հաշվարկելու մի քանի հիմքեր, օրինակ՝ մասնակցել է. մարտական գործողություններ (հաշվարկվում է եռակի չափով), սակայն 2000 մետր և ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում (հաշվարկվում է կրկնակի չափով)։ Անհրաժեշտ է այս դեպքում հստակեցնել  զինվորական ծառայության ստաժի արտոնյալ հաշվարկի կարգը։

Քաղաքացիական ավիացիայի աշխատողներին Օրենքով երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը սահմանված է Որոշման N 5 հավելվածով, որի 4-րդ կետով սահմանված են օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների պաշտոնները։ Անհրաժեշտ է այդ պաշտոններում ավելացնել նաև քաղաքացիական ավիացիայի գործարանների նույնանուն պաշտոնները, քանի որ երկու դեպքում իրականացվել է նույն աշխատանքը։

Գործող իրավակարգավորումների համաձայն (Որոշման N 9 հավելվածի 14-րդ կետ)՝ տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով՝ տեղում։ Անհրաժեշտ է այս դեպքում ևս ընձեռել կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելու հնարավորություն՝ հաշվի առնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։

Կենսաթոշակառուների հետ հետադարձ կապ ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել Որոշման N 10 հավելվածի 5-րդ, 25-րդ և 28-րդ կետերով սահմանված՝ դիմումում նշվող տվյալները։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում են վերը նշված՝ իրավակիրառ խնդիրների հետևյալ լուծումները, սահմանելով, որ․

  1. կենսաթոշակային ապահովության ոլորտում միասնական սոցիական ծառայության լիազորությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22.1-ին հոդվածով,
  2. անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարմանն առնչվող՝ Որոշման դրույթները պետք է համապատասխանեն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին,
  3. կենսաթոշակի իրավունքի իրացման նպաստակով դիմումները կարող են ներկայացվել ծառայության ցանկացած տարածքային բաժին (այն դրույթներում, որտեղ այդ պահանջը դեռևս ամրագրված չէ),
  4. անձի՝ աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 1992-2003թթ․ ժամանակահատվածից ընդունվում է այն, որի համար ըստ Ծառայության ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվության, ապահովադիրը կատարել է սոցիալական վճարներ։ Լուծարված ապահովադիրների դեպքում հաշվի են առնվում մինչև լուծարումը կատարված սոցիալական վճարները,
  5. անձի՝ աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 2004-2012թթ․ աշխատանքային գործունեության ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների կամ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների բազաներից որևէ մեկում առկա տվյալներով։ Ընդ որում, ըստ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող տվյալների բազայի (տեղեկատվության)՝ հիմք է ընդունվում այն ժամանակահատվածը, որի համար կատարված են սոցիալական վճարներ և առկա չէ ապառք։
  6. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար անհրաժեշտության դեպքում ազգային արխիվից Ծառայության կատարած հարցման ի պատասխան, արխիվը չի տրամադրում տեղեկատվություն արխիվային փաստաթղթերի բացակայության հիմքով և գրության մեջ նշում է գործատուի գտնվելու վարի հասցեն, որտեղից կարող է ձեռք բերվել անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ազգային արխիվից պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում տվյալ գործատուին։ Ընդ որում, չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար,
  7. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ազգային անվտանգության մարմինների ծառայողների, Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող զինծառայողի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնող զինծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակելուց հետո վերահաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
  8. աշխատող կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով՝ www.ssa.am կայքէջի միջոցով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ,
  9. օրենքով սահմանված՝ լիազորագրով կենսաթոշակ վճարելու դրույթները տարածվում են նաև կենսաթոշակն անընդմեջ չվճարելու 12-րդ ամսում լիազորագիր ներկայացնելու դեպքերի վրա (գործող դրույթը հստակեցվել է),
  10. աշխատանքային ստաժը (աշխատած լինելու փաստը) դատական ակտով հաստատված լինելու դեպքում այդ ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու կամ սոցիալական վճար կատարելու հանգամանքից,
  11. եթե քաղաքացիաիրավական պայմանագրի՝ աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա տևողությունը համընկնում է աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ, ապա համընկնող ժամանակահատվածների չափով այդ տևողությունը երկարաձգվում է, բայց ոչ ավելի, քան մինչև քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետի ավարտման օրը,
  12. հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությամբ,
  13. օտարերկրյա պետությունում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է նաև Պաշտպանության նախարարության տված տեղեկանքով (ռազմական կցորդների դեպքում),

երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայության ստաժը արտոնյալ հաշվարկով հաշվարկելիս միաժամանակ մի քանի հիմքերի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժը նույն ժամանակահատվածի համար հաշվարկվում է դրանցից մեկով՝ առավելագույն չափով,

  1. քաղաքացիական ավիացիայի գործարաններում օդանավերի տեխնիկական սպասարկումը (նորոգումը) իրականացնող բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկների, շարժիչագործների, մեխանիկների աշխատանքն անհրաժեշտ է հաշվառել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժում (2-3 շահառու),
  2. տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է ընդհանուր կարգով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով օրենքի՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարման դրույթները,
  3. Գյումրու տուն-ինտերնատը և Վանաձորի մանկատունն այլևս չեն հանդիսանում բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններ, ուստի այնտեղ բնակվող կենսաթոշակառուներին կենսաթոշակը և նպաստը պետք է վճարվի ընդհանուր կարգով՝ ամբողջությամբ,
  4. հետադարձ կապ ապահովելու համար կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար ներկայացված դիմումում անձը նշում է նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

Նախագծի ընդունման դեպքում հնարավոր լրացուցիչ ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել սոցիալական ոլորտի ծրագրերի գծով առկա բյուջետային հատկացումների հաշվին:

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում իրավակիրառ պրակտիկայում ծագած, ինչպես նաև  կենսաթոշակները հիմնականում անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելուն առնչվող խնդիրներին կտրվեն լուծումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն օրենքի դրույթներին:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի կանխատեսվում:

 

  • Обсуждалось

    14.09.2021 - 29.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3384

Принт