Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից սահմանադրական լիազորության իրականացման շրջանակներում ստուգվել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում (այսուհետ՝ «Ավան ՀԱԿ» ՓԲԸ)  արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը:

Կատարված ստուգմամբ պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ են գտնվել ընդհանուր թվով 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել ՀՀ ԱՆ «Ավան ՀԱԿ» ՓԲԸ:

Արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող 27 անձանց վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը՝ տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, գտնվել են ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել են ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ են կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան ՀԱԿ» ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձիք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել:

Հատկանշանական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել՝ անձի կյանքի և առողջության, ազատության դեմ ուղղված, այդ թվում` առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ: Վերը նշված անձանց կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքներից տեսանելի է, որ դրանք հիմնականում զուգորդված են բռնությամբ:

Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան ՀԱԿ» ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ, այլ ոստիկանության իրավասու ծառայողները բավարարվել են նրանցից պարտավորագրեր վերցնելով:

Նախաձեռնված ստուգման շրջանակներում դատախազության կողմից հարցումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություններ՝ բուժվող անձանց վերաբերյալ հիշյալ ստորաբաժանումների կողմից տիրապետվող տեղեկատվությունն ստանալու նպատակով:

Կատարված հարցումների վերաբերյալ ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող 1 անձ դեռևս 14.05.2019թ.-ից հաշվառվել է որպես մահացած, սակայն հիշյալ տեղեկությանն ինչպես ոստիկանության տարածքային ստորաբաժանումը, այնպես էլ  «Ավան» ՀԱԿ» ՓԲԸ չի տիրապետել, ինչի արդյունքում շուրջ երկու տարի վարել են փոխադարձ գրագրություն՝ բուժումից խուսափող անձին հայտնաբերելու վերաբերյալ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս ՀՀ չեն վերադարձել, իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել, ինչի արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

Այսպիսով, ստուգման գործընթացի շրջանակներում պարզված վերոշարադրյալ փաստական տվյալների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում հանրորեն վտանգավոր արարքներ կատարած և հարկադիր բուժում նշանակված անձանց վերաբերյալ կայացված դատական ակտերը տևական ժամանակ փաստացի չեն կատարվում, որն իր հերթին պայմանավորված է նաև տվյալ ոլորտի օրենսդրական թերի կարգավորմամբ:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել՝ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, այդ թվում՝ ծանր հետևանքների զուգորդմամբ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու հանրային շահից ելնելով, այլ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով,  առկա է մի շարք իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Հիշյալ ոլորտը կարգավորող ներկայիս գործող օրենսդրությունը հետևյալն է.

Այսպես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն. «1.Հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևերով:

  1. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը և սպասարկումը ներառում են՝(…)

7) հարկադիր բուժումը և հսկողությունը` դատարանի որոշման հիման վրա․

(…)

  1. Հիվանդանոցային հոգեբուժական օգնությունը և սպասարկումը ներառում են`

(…)

7) ոչ հոժարակամ հոսպիտալացումը կամ հարկադիր բուժումը` դատարանի որոշման հիման վրա:

(…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու և բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթների առանձնահատկությունները:

  «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է՝

      (…)

2) բժշկական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց.

2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.

(…)»

Վերը նշված իրավադրույթների բովանդակությունից ակնհայտ է, որ «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին, իսկ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ, իրավական կարգավորում առկա չէ:

Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախկինում (փոփոխությունը կատարվել է 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված ՀՕ-114-ն օրենքով) նախատեսված է եղել ոստիկանության վրա դրված այլ պարտավորություն, այն է՝ «բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց»:  

Այլ կերպ ասած՝ նախկին իրավակարգավորման պայմաններում ոստիկանությունն ունեցել է օրենսդրական հիմք՝ հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու համար, որպիսի կարգի բացակայությունը ներկայումս այս բնագավառում սահմանափակում է ոստիկանության լիազորությունը:

Օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու դեպքում ոստիկանությունը հնարավորություն կունենա բերման ենթարկելու դատարանների դատական ակտերով հարկադիր բուժման մեջ գտնվող և այդ բուժումից խուսափող անձանց:

Բացի այդ, հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին:

ՀՀ սահմանն առանց թույլտվության լքելու խնդիր է առկա նաև այն անձանց դեպքում, ում նկատմամբ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել: Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը դատապարտյալի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու հարցը որոշելու վերաբերյալ իրավասություն չունի:

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է՝

  1. «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:
  2. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում և դատարանին իրավունք վերապահել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալի վրա, ի թիվս գործող պարտականությունների, նախատեսել առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն:
  3. ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածում կատարել լրացում, որի միջոցով դատարանը հնարավորություն կունենա հոգեբույժի մոտ հարկադիրարտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
  4. ՀՀ Կառավարության կողմից 2006 թվականի հունիսի 22-ին ընդունված «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում կատարել լրացումներ, որոնք ուղղված են ապահովելու վերոնշյալ նոր կարգավորումների ընդունման արդյունքում դրանց պահպանումը:

 

  3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

  4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների դեպքում ակնկալվում է օրենսդրական և դրա արդյունքում նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդրների լուծում, որի շնորհիվ մի կողմից դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը և հոգեբույժը կկարողանան պատշաճ կատարել իր պարտականությունը՝ իրացնելով քրեական օրենսդրությամբ նախատեսված նպատակները:

 

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

Նախագծերի ընդունման դեպքում պետական ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    25.06.2021 - 10.07.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 833

Принт