Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որով ապահովվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքների իրականացումը, օրինակ՝ պաշտպանության իրավունքը, իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը, ճառով հանդես գալու իրավունքը, վերջին խոսքի իրավունքը և այլն: Ամբաստանյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքն ունի սահմանադրական և միջազգային իրավական հիմնավորումներ, քանի որ այն դատական պաշտպանության հիմնական իրավունքի կարևոր երաշխիքներից է:

Այսպես, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» (16.12.1996թ.) միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ, լիակատար հավասարության հիման վրա, ի թիվս այլ նվազագույն երաշխիքների` իրավունք ունի դատվել իր ներկայությամբ և իրեն պաշտպանել անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում դատական քննությանն անձամբ ներկա գտնվելու իրավունքի մասին թեև բացակայում է առանձին նշում, սակայն դրանում նախատեսված` մեղադրյալի մի շարք նվազագույն իրավունքների իրացումը գործնականում հնարավոր է դատական քննությանը մեղադրյալի փաստացի ներկայության դեպքում։ Սույնով դրսևորվում է դատական քննությանը մասնակցելու` ամբաստանյալի իրավունքի երկրորդային տեղը արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերի շարքում։ Սակայն մեղադրյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է սահմանափակվել: Բացի այդ՝ քանի որ գործի դատական քննությանը ամբաստանյալի ներկայության բացարձակ պարտադիրությունը օբյեկտիվորեն կապված է քրեական գործերի քննության «անհարկի հապաղումների» և տուժողների արդարադատության մատչելիության իրավունքի հետ, միջազգային իրավական փաստաթղթերը հնարավոր են համարում նաև մեղադրյալի (ամբաստանյալի) բացակայությամբ դատական վարույթի հնարավորությանը։ Քննարկվող ինստիտուտի նախատեսման իրավաչափությունը նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն «Ամբաստանյալի բացակայությամբ վարույթը կարգավորող չափանիշների մասին» 1973 թ. հունվարի 19-ի 75 (11) բանաձևում և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» 1987թ.-ի  սեպտեմբերի 17-ի N R (87) 18 հանձնարարականում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման։[1] Հենց այս պատճառով էլ, դատարանը համարում է, որ in absentia դատավարությունները, որպես այդպիսին չի հակասում արդար դատաքննության իրավունքին։ Այնուամենայնիվ, երբ ներպետական իրավունքը թույլ է տալիս in absentia դատավճռի կայացումը, դատավճռի մասին իմանալով անձը պետք է հնարավորություն ունենա իրեն մեղսագրված արարքի հիմքերի վերաբերյալ որոշակի տվյալներ ստանալ (Sanader v. Croatia, no. 66408/12, 12 February 2015, §§ 77-78):

Տարբերակված վարույթի այս տեսակը բավականին տարածված է Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում։ Հանձնման մասին կոնվենցիայի 2-րդ լրացուցիչ արձանագրությունը վավերացրած 41 երկրներից «հեռակա դատաքննություն» և այդ կարգով դատավճռի կայացման հնարավորություն նախատեսվում է 22 երկրներում, ներառյալ, Ֆրանսիա, Բելգիա, Խորվաթիա, Չեխիա և մի շարք այլ երկրներ։

Այս երկրներից շատերում հեռակա կարգով կայացվող դատավճիռները արդեն իսկ կայուն դատական պրակտիկա են ձևավորել, ինչպես նաև տարբեր գործերի շրջանակներում գնահատման արժանացել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

 

Այլ պետությունների օրենսդրություն

Բելգիայի Թագավորություն

Բելգիական քրեադատավարական օրենսդրության համաձայն, դատավճիռը համարվում է in absentia, եթե ծանուցված անձը կամ նրա պաշտպանը չեն ներկայանում դատավարությանը ծանուցման մեջ նշված օրը և ժամին։[2] Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդման մեջ գտնվող անձին դատաքննության ընթացքում ներկայացնում է նրա պաշտպանը, արդյունքում կայացված դատավճիռը համարվում է մրցակցային դատավարության արդյունքում կայացված, ոչ թե in absentia: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ պաշտպանը մասնակցել է դատաքննությանը և բացակայության պայմաններում վարույթն այդ կերպ է ընթացել, արդյունքում կայացված դատավճիռը վերանայման ռեժիմով չի անցնում, այլ կարող է ընդհանուր հիմունքներով բողոքարկվել վերաքննության կարգով, քանի որ վերանայման միջնորդությունը կարող է ներկայացվել միայն in absentia դատավճիռների դեպքում, դրանց մասին իմանալուց 15-օրյա ժամկետում։[3]

Ֆրանսիայի Հանրապետություն

Ֆրանսիական օրենսդրությունը տարբերակում է բացակայությամբ վարույթների մի քանի տեսակներ, որոնց կիրառումը պայմանավորված է քննության ընթացքում մեղադրյալի դրսևորած վարքագծով։ Նախ, Ֆրանսիայի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մեղադրյալի պարբերաբար պատշաճ ծանուցված լինելու դեպքում վերջինիս չներկայանալը հանգեցնում է իր բացակայությամբ գործի քննությանը, որի արդյունքում կայացված դատավճիռը համարվում է մրցակցային դատավարությամբ կայացված, սակայն դատարանը պարտականություն է կրում դատավճռի մասին պարտադիր ծանուցել դատապարտված անձին, որից սկսած էլ հոսելու են բողոքարկման ժամկետները (jugement contradictoire à signifier)։ Այս դեպքում փաստաբանը ամեն դեպքում պետք է լսված լինի, եթե ներկայանում է դատական նիստին։[4] Նման կարգով կայացված դատավճիռը ենթակա չէ վերանայման, այլ կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով։

Քննարկվող in absentia դատավճիռ կարող է կայացվել այն դեպքում, երբ մեղադրյալին ծանուցել հնարավոր չի լինում և հաստատվում է, որ նա այդ ծանուցման մասին տեղյակ չէ և չի ներկայանում դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալն ինքն է միջնորդել, որպեսզի դատաքննությունը տեղի ունենա իր բացակայության պայմաններում։[5]

Այսպիսով, մեղադրյալի՝ պարբերաբար չներկայանալու դեպքում նրա նկատմամբ դատաքննությունը և դատավճիռը կայացվում է in absentia։[6] Այս դեպքում արդեն քրեական հետապնդման ենթարկվող անձի կողմից համապատասխան առարկություն ներկայացնելու դեպքում դատավճիռը ճանաչվում է անվավեր ամբողջ ծավալով և գործը ենթակա է վերանայման։ Միևնույն ժամանակ, առարկությունը կարող է ներկայացվել միայն դատավճռով լուծված քաղաքացիական հայցի մասով։[7]

In absentia դատավճռի դեմ առարկության բացակայության դեպքում, դատավճռով բռնագանձման ենթակա գույքը պետության սեփականությունն է դառնում մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետը լրանալուց հետո։[8]

Օրենսգիրքը սահմանում է նաև այն դեպքը, երբ առարկություն ներկայացնելուց հետո անձը կրկին չի ներկայանում նիստին։ Այս դեպքում նրա ներկայացրած առարկությունը անվավեր է ճանաչվում։[9]

Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ բացառիկ դեպքերում ծանր և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործերով դատական քննությունը կարող է անցկացվել ամբաստանյալի բացակայությամբ, ով գտնվում է ՌԴ տարածքից դուրս և (կամ) խուսափում է դատարան ներկայանալուց, եթե այդ անձն այլ պետության տարածքում այդ գործով չի ենթարկվել քրեական պատասխանատվության։

Վրաստանի Հանրապետություն

Վրաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը «հեռակա դատաքննություն» անցկացնելու միակ հիմք սահմանում է դատարան ներկայանալուց քրեական հետապնդման ենթարկվող անձի խուսափելը։ Ընդ որում, նման տարբերակված վարույթով դատաքննության դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։[10]

Վրացական օրենսդրությունը չի սահմանում վերանայումը նույն ատյանի կողմից, այլ հնարավորություն է տալիս բողոքարկել in absentia դատավճիռները միայն վերաքննության կարգով։[11] Ըստ էության, նման մոտեցումը որոշակիորեն կարելի է համադրելի համարել բելգիական կարգավորման հետ այնքանով, որքանով Բելգիայում պաշտպանի մասնակցությունը պարտադիր չէ, իսկ նրա մասնակցությամբ վարույթի արդյունքում կայացված դատավճիռը չի համարվում in absentia: Այս մոդելի համատեքստում վրացական տարբերակված վարույթը չէր էլ համարվի in absentia:

Խորվաթիայի Հանրապետություն

Խորվաթիայի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի նկատմամբ հեռակա դատաքննությունը հնարավոր է միայն իր գործի քննության համար հատուկ կարևորության դեպքերում և սպառիչ կերպով թվարկում դրանք. 1) այլ պետության տարածքում դատական քննության անհնարինությունը, 2) հանձնման անհնարինությունը, 3) մեղադրյալի փախուստը։[12] Հեռակա դատաքննություն անցկացնելու որոշումը կայացնում է դատարանը, սակայն միայն մեղադրող դատախազի միջնորդության հիման վրա։ Ընդ որում, օրենքը սահմանում է նաև, որ հեռակա դատաքննություն իրականացնելու որոշման գործողությունը կասեցվում է, եթե դա տեղի է ունեցել հակառակ մեղադրողի դիրքորոշման։[13]

Խորվաթական քրեադատավարական օրենսդրությունը բացակայությամբ վարույթների այլ հնարավորություններ նույնպես սահմանում է։

Որպես ընդհանուր կանոն մեղադրյալի մասնակցությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրա չներկայանալու դեպքում դատարանը որոշում է կայացնում մեղադրյալին բերման ենթարկելու մասին։[14] Այդուհանդերձ, դատական նիստին մեղադրյալի չներկայանալու հետևանքով նիստի հետաձգման պայմանների առկայության դեպքում կամ նրա պաշտպանի բացակայության դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել դատական նիստը կայացնելու մասին, եթե գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները ակնհայտորեն վկայում են արդարացման դատավճռի կայացման մասին։[15] Դատական նիստը կարող է անցկացվել առանց մեղադրյալի նաև այն դեպքում, երբ մեղադրյալն ինքն է իրեն այնպիսի վիճակի մեջ դնում, որը անհնարին է դարձնում իր մասնակցությունը նիստին։[16][17]

Հեռակա դատաքննություն կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ պատշաճ ծանուցված մեղադրյալը չի ներկայանում դատական նիստին կամ ծանուցագրի հանձնումը անհնարին է՝ վերջինիս կողմից առանց դատարանին տեղեկացնելու հասցեն փոխելու հետևանքով, կամ ակնհայտորեն խուսափում է ծանուցագիրը ստանալ։ Նշվածի դեպքերում հեռակա դատաքննություն իրականացնելու մասին որոշման համար անհրաժեշտ է երեք պայմանների միաժամանակյա առկայություն. 1) դատական քննությունը տեղի է ունենում այնպիսի հանցագործության մեղադրանքով, որի համար պատիժը չի գերազանցում 12 տարի ժամկետով ազատազրկումը, 2) մեղադրյալը նախապես ծանուցվել է հեռակա դատաքննության կարգով իր նկատմամբ դատավճռի կայացման հնարավորության մասին, ինչպես նաև 3) մեղադրյալը պաշտպանի ներկայությամբ արտահայտել է իր դիրքորոշումը մեղադրական եզրակացության վերաբերյալ։[18]

Նախորդ երկու դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։

«Անչափահասների գործերով դատարանների մասին» օրենքի համաձայն՝ «անչափահասների նկատմամբ in absentia դատաքննություն չի կարող իրականացվել»։[19]

Չեխիայի Հանրապետություն

Չեխական օրենսդրությունը հեռակա դատաքննության հնարավորություն թույլ է տալիս մեղադրյալի փախուստի դեպքում։ Այդ դեպքում դատարանն առանձին որոշում է ընդունում հեռակա դատաքննություն անցկացնելու մասին և այդ կարգով էլ դատավճիռ կայացնում, միաժամանակ շարունակելով հրապարակել նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագրերը։

Ամբաստանյալի բացակայությամբ դատական քննությունը կարող է տեղի ունենալ, եթե դատարանը գտնի, որ գործի հավաստի քննությունը և քրեական դատավարության նպատակներին հասնելը կարող են տեղի ունենալ առանց նրա մասնակցության։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ մեղադրական եզրակացությունը պատշաճ մինչ այդ հանձնված լինի մեղադրյալին, նա ծանուցված լինի նիստի մասին, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում լսված լինի առաջադրված մեղադրանքի շուրջ, բացատրված լինեն գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու իրավունքները։[20]

Հիմնական դատական լսումները չեն կարող տեղի ունենալ ամբաստանյալի բացակայությամբ, եթե վերջինս գտնվում է կալանքի տակ, պատիժ է կրում ազատազրկման ձևով կամ մեղսագրվող հանցագործության համար սահմանված պատիժը գերազանցում է 5 տարի ժամկետով ազատազրկումը։[21]

Նախորդ պարբերությամբ նշված սահմանափակումը չի գործում այն դեպքերում, երբ ամբաստանյալն ինքն է պահանջում, որ իր նկատմամբ իրականացվի in absentia դատաքննություն։[22] Վերջինիս կարգով կայացված մեղադրական դատավճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով և նույն ատյանի կողմից վերանայման ենթակա չէ։

Քրեական դատավարության օրենսգրքի առանձին կարգավորումների հետ մեկտեղ տարբերակված այս վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նաև հատուկ վարույթների շարքում «Դատական քննությունը փախուստի դիմած անձի նկատմամբ» վերտառությամբ գլխում։ Ի թիվս այլ կարգավորումների այստեղ ուղղակիորեն նշվում է, որ փախուստի մեջ գտնվող անձի նկատմամբ in absentia մեղադրական դատավճիռը պարտադիր ենթակա է վերանայման, եթե անձը դրա կատարումից[23] 8-օրյա ժամկետում առարկություն է ներկայացնում դատավճռի նկատմամբ։[24]

Փախուստի մեջ գտնվող և հեռակա դատաքննությամբ դատապարտվող անձի շահերի պաշտպանության համար պարտադիր ներգրավվում է պաշտպան, ով օժտված է նույն իրավունքներով, ինչ ամբաստանյալը։[25]

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) նախատեսված չէ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից խուսափելու դեպքում հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:

Օրենսգրքի 302-րդ հոդվածի (ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը) համաձայն` դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, բացառությամբ Օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի: Օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքը առնչվում է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառելուն: Նշված դեպքից բացի այլ իրավիճակներում Օրենսգիրքը ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը համարում է պարտադիր, իսկ վերջինիս դատական քննությանը չներկայանալը՝ որպես գործի քննության բացառիկ արգելք, հիմք դառնում դատական նիստի հետաձգման, ընդհուպ մինչև գործի վարույթն անորոշ ժամկետով կասեցնելու: Այսպիսի մոտեցման նախատեսումն այն իրավիճակներում, երբ քրեական վարույթին մասնակցելու մեղադրյալի իրավունքը պետության կողմից անվերապահորեն ապահովվում է, սակայն վերջինս հրաժարվում է իր այդ սուբյեկտիվ իրավունքից, արդարացված չէ հանրային շահի ապահովման տեսանկյունից: Դատական քննությանը մեղադրյալի (ամբաստանյալի) պարտադիր մասնակցության իրավաչափ նպատակը սպառվում է, երբ վերջինս տեղյակ լինելով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին խուսափում կամ թաքնվում է քննությունից՝ հրաժարվելով քրեական վարույթին իր անմիջական մասնակցության հնարավորությունից: Քրեական վարույթին անմիջական մասնակցության հնարավորությունից մեղադրյալի հրաժարումը իր փաստական կազմով նույնանում է առանձին դատավարական իրավունքներից հրաժարվելու փաստակազմին: Հետևաբար, եթե մեղադրյալը (ամբաստանյալը) հրաժարվում է գործի քննությանը մասնակցելու իր իրավունքից, ապա անուղղակիորեն հրաժարվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքներից, օրինակ՝ հակընդդեմ հարցման իրավունքից կամ ցուցմունք տալու իրավունքից և այլն: Ուստի մեղադրյալի (ամբաստանյալի կողմից) իր այդ իրավունքների իրացումից սեփական կամքով կամ հակաիրավական արարք կատարելով (forfeiture by wrongdoing) հրաժարումը չի կարող մեկնաբանվել հօգուտ վերջինիս՝ հիմք դառնալով քրեական վարույթի հետագա ընթացքը դադարեցնելու համար: Քննարկվող իրավունքների սուբյեկտիվ կրողը մեղադրյալն (ամբաստանյալ) է և ինքը պետք է կրի այդ իրավունքներից հրաժարվելու բացասկան հետևանքները:

Հաշվի առնելով քրեական գործի շարժընթացում վերջնական լուծման հասնելու համար անհրաժեշտ միջոցների գործադրմամբ իրավաչափ նպատակը՝ կարելի է արձանագրել, որ «հեռակա դատական քննությունը», ըստ էության, մեղադրյալի արդար դատաքննության իրավունքից կատարված վերապահում է հանուն տուժողների արդար դատաքննության իրավունքի պաշտպանության և հանրային շահի գերակայության, որի ազգային օրենսդրության նախատեսումը միանգամայն թույլատրելի է ինչպես միջազգային փաստաթղթերի, այնպես էլ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի տեսանկյունից:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում առաջարկվում է նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում ավելացնել նոր բաժին և նոր գլուխ «Հեռակա դատական քննությունը վերտառությամբ», որի ներքո կանոնակարգել նշված կարգով գործերի քննության դեպքում քրեական վարույթի առանձնահատկությունները, մասնավորապես, հեռակա դատական քննություն կիրառելու հիմքը (քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելը կամ թաքնվելը).  հեռակա դատական քննությունը բացառող հանգամանքները, հեռակա դատական քննություն կիրառելու միջնորդությամբ հանդես եկող սուբյեկտի շրջանակը, միջնորդության ներկայացման և լուծման կարգը, հեռակա դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը, հեռակա դատական քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման առանձնահատկությունները, ինչպես նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածման հարցերը: Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նշված կարգավորումների հետ փոխկապակցված Օրենսգրքի այլ հոդվածներում:

Նախագծով նախատեսվում է, որ հեռակա դատական քննություն կարող է կիրառվել դատարանի որոշմամաբ մեղադրողի միջնորդության դեպքում, երբ մեղադրյալը (ամբաստնյալը) խուսափում կամ թաքնվում է քննությունից կամ դատից։ Որպես հեռակա դատկան քննությունը բացառող հանգամանքներ են նախատեսվել հետևյալ դեպքերը․ ա) մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին կամ դատական քննությանը չմասնակցելը պայմանավորված չէ իր կամքով, բ) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ դատական քննությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու համար, գ) մեղադրյալը չունի պաշտպան, դ) մեղսագրվող արարքի կապակցությամբ մեղադրյալի նկատմամբ առկա է այլ պետության իրավասու մարմնի գործն ըստ էության լուծող օրինակնա ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ կամ ե) մեղադրյալն անչափահաս է:

Նախագծով նախատեսվել է նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հետևյալ մեխանիզմները․

Առաջին՝ հեռակա դատական քննության արդյունքում կայացված օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկվելու է ընդհանուր կարգով:

Երկրորդ՝ հեռակա դատական քննության արդյունքում օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը մեղադրյալի կողմից կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այդ ակտը ստանալուց հետո եռամսյա ժամկետում։

Ընդ որում՝ եթե վերադաս վերանայման ընթացքում դատարանը պարզի, որ հեռակա դատական քննությունը կիրառվել է ոչ իրավաչափորեն, ապա նշված հանգամանքը հիմք է լինելու դատական ակտն անվերապահորեն բեկանելու և գործի լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու համար։

Այսպիսով, առաջարկվող կարգավորումներով՝ մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից հրաժարվելը և որպես հետևանք գործի քննությանը չմասնակցելը չի բացառելու վարույթի հետագա ընթացքը՝ այդկերպ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողի արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և դրան հակակշիռ հանրային շահի ողջամիտ հավասարակշռումը:

 3. Նախագիծը մշակող մարմինը

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

[1] Colozza v. Italy, 12 February 1985, Series A no. 89, § 29:

[2] Բելգիայի Թագավորության քրեական դատավարության օրենսգիրք, 1878-04-17/01, 05.05.1878թ., հոդված 186, հասանելի՝ այստեղ։

[3] Ibid 8, հոդված 187 մաս 1

[4] Ֆրանսիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, 08.04.1958թ., հոդված 410

[5] Ibid 10, հոդված 412

[6] Ibid 10, հոդված 487

[7] Ibid 10, հոդված 489

[8] Ibid 10, հոդված 493-1

[9] Ibid 10, հոդված 494

[10] Վրաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, թիվ 1772, 09.10.2009թ., հոդված 189 մաս 1, հասանելի՝ այստեղ։

[11] Ibid 10, հոդված 292 մաս

[12] Խորվաթիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, թիվ 2386, 28.10.2011թ., հոդված 402 մաս 3, հասանելի՝ այստեղ։

[13] Ibid 12, հոդված 402 մաս 4

[14] Ibid 12, հոդված 402 մաս 1

[15] Ibid 12, հոդված 404 մաս 1

[16] Հոդվածում նշվում է, որ որոշումը կայացվում է բժիշկ-փորձագետի կողմից զննության ենթարկվելուց հետո, ինչից հետևում է, որ խոսքը հիմնականում առողջական վիճակի մասին է (օրինակ՝ ինքնավնասում)։

[17] Ibid 12, հոդված 404 մաս 2

[18] Ibid 12, հոդված 404 մաս 3

[19] «Անչափահասների գործերով դատարանների մասին» Խորվաթիայի Հանրապետության օրենք, թիվ 1792, 20.07.2011թ., հոդված 53 մաս 1, հասանելի՝ այստեղ։

[20] Չեխիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, 141/1961, 09.12.1961թ., հոդված 202 մաս 2, հասանելի՝ այստեղ։

[21] Ibid 26, մաս 4

[22] Ibid 26, մաս 5

[23] Այսինքն, մեղադրական դատավճռի հիման վրա անձին արգելանքի վերցնելու պահից, եթե նշանակվել է պատիժ՝ ազատազրկման ձևով։ Կամ դատավճռով փախուստի դիմած անձի նկատմամբ տրամաբանական է, որ դատավճռով արգելանքի միջոցներ սահմանվեն՝ անկախ պատժիչ։

[24] Ibid 26, հոդված 306a մաս 2

[25] Ibid 26, հոդված 304

  • Обсуждалось

    13.05.2021 - 28.05.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6047

Принт