Добавить в избранное

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, Ծառայության լիազորությունները, Ծառայության կառուցվածքը, Ծառայության ծառայողների վարքագծի հատուկ կանոնները, ինչպես նաև Ծառայությունում պետական ծառայության հիմնական սկզբունքները, Ծառայությունում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական վերահսկողություն (այսուհետ՝ վերահսկողություն)` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն, որը Ծառայության կողմից իրականացվում է ուսումնասիրությունների, մշտադիտարկումների և (կամ) ընթացիկ դիտարկումների միջոցով.

2) արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.

3) օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.

4) պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը, նյութական ու ոչ նյութական ակտիվները.

5) պետական միջոցների կառավարում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.

6) պետական միջոցների ձևավորում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.

7) վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք, որոնց առնչությամբ Ծառայության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է պետական վերահսկողություն,

8)  ուսումնասիրություն՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կամ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում և (կամ) վերահսկվող օբյեկտում սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.

10) մշտադիտարկում` Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա՝ այդ հանձնարարականով սահմանված վերահսկվող օբյեկտի գործունեությանն առնչվող առանձին հարցերի պարզաբանման համար վերահսկվող օբյեկտում սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.

11) ընթացիկ դիտարկում՝ սույն օրենքով սահմանված Ծառայության լիազորությունների շրջանակներում Ծառայությունում ստացված, Ծառայության կողմից ձեռք բերված տեղեկությունների վերլուծության միջոցով պետական միջոցների ձևավորման և կառավարման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների և պետական հիմնարկների գործունեության օրինականության և (կամ) արդյունավետության մասով ռիսկերի բացահայտմանն և գնահատմանն ուղղված սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն.

12) Ծառայությունում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Ծառայության լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.

13) պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

14) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

15) Ծառայությունում պետական ծառայող (այսուհետ` պետական ծառայող)՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ.

16) պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

17) պետական ծառայության դասային աստիճան՝ պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

18) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

19) պետական ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցվում են պետական ծառայության պաշտոններից ազատված պետական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների.

20) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ բարձրագույն կրթության և այդ կրթության մասին վկայող փաստաթղթին համապատասխանող աշխատանքային ստաժ: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը: 

 

Հոդված 3.

 Պետական վերահսկողական ծառայությունը

 

  1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորությունները համարվում են ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունները:

 

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4.

 Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը

 

  1. Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 5.

 Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները

 

  1. Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով՝

1) պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝

ա. Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ,

բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության նկատմամբ,

գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության նկատմամբ.

2) Սահմանադրությամբ նախատեսված կամ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ․

3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, ինչպես նաև համայնքային բյուջեների ձևավորման և կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ.

4) վերահսկողություն է իրականացնում պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ պետական միջոցների ձևավորման օրինականության նպատակով.

5) Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրած (մասնակցությամբ) իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով.

7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից   կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և (կամ) դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.

9) վերահսկվող օբյեկտների, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործողությունները, գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.

10) վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ, որի իրականացման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ.

11) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները, ըստ անհրաժեշտության հասցեագրում է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը.

12) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն.

14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

15) ներկայացնում է իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:

 

Հոդված 6.

 Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը

 

  1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ` Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրերի հիման վրա: Հանձնարարագրերով սահմանվում են ուսումնասիրություն իրականացնող մարմնի անվանումը, վերահսկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն, ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը, ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը, ուսումնասիրություն կատարելու ժամկետը, ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը): Հանձնարարագրերում փոփոխությունները կատարվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա:
  2. Ծառայության ղեկավարի հրամանով ուսումնասիրությունը կարող է կասեցվել և վերսկսվել:
  3. Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունը, վարչապետի սահմանած կարգով, կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը։
  4. Ուսումնասիրությունը կարող է կատարվել ինչպես արտագնա, այնպես էլ Ծառայությունում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնասիրությունը կատարվում է նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելու և ուսումնասիրելու միջոցով:
  5. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի պահանջելու գրավոր պարզաբանումներ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:
  6. Ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են համապատասխան տեղեկանքով (այսուհետ՝ Տեղեկանք): Տեղեկանքը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։
  7. Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար:
  8. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:
  9. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես վարչապետի հանձնարարականի հիման վրա: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմնի գործունեության օրինականությունը և արդյունավետությունը:
  10. Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։
  11. Մշտադիտարկումն իրականացվում է վերահսկվող օբյեկտի վերաբերյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի լիազորությունների շրջանակում ստացված տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով, որն իրականացվում է արտագնա եղանակով, առանձին հարցի պարզման համար, Ծառայության ղեկավարի կողմից տրված գրավոր հանձնարարականի հիման վրա: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով, որը կարող է ներկայացվել ՀՀ վարչապետին:
  12. Ընթացիկ դիտարկումն իրականացվում է Ծառայությունում՝

1) ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի վերլուծության և ամփոփման միջոցով,    

2) կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների, այդ թվում՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների հիմնավորումների և փաստացի ապահովված արդյունքների համադրման միջոցով,

3) տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված, այդ թվում՝ տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկությունների, պետական կառավարման համակարգի մարմինների (այդ թվում՝ պետական հիմնարկների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների) ներքին ու արտաքին աուդիտի հաշվետվությունների վերլուծության միջոցով:

  1. Ուսումնասիրության, մշտադիտարկման և ընթացիկ դիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են Ծառայության ղեկավարի հրամանով:
  2. Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունն ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովվում են վարչապետի սահմանած կարգով:
  3. Իրականացված վերահսկողության արդյունքներով Ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, անհամապատասխանությունները, թերությունները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքները` անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ վարչապետին ներկայացնելով տեղեկանքներ, զեկույցներ և (կամ) վերլուծություններ ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջարկություններ:
  4. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերացման վերաբերյալ վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ:
  5. Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս իրեն սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում`

1) վարչապետի սահմանած կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին.

2) ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ, ներառյալ` հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ.

3) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ.

4) իրավասու է անհրաժեշտության դեպքում վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտորների (տվյալ կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր.

5) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքում է տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով, ստանում և դասակարգում է հավաքված տեղեկությունները.

6) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.

7) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով.

8) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսաձայնագրում, փաստաթղթերի պատճենահանում.

9) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների` օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերում.

10) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում՝ անհրաժեշտության դեպքում առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով.

11) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ.

12) վարչապետի սահմանած կարգով հավաքում, ամփոփում և վարչապետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից` սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 7.

  Ծառայության կառուցվածքը

 

  1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են օրենքով և Ծառայության կանոնադրությամբ:
  2. Ծառայությունն ունի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ ու գլխավոր քարտուղար:

 

Հոդված 8.

 Ծառայության կառավարումը և ղեկավարումը

  1. Ծառայության կառավարումը իրականացնում է ՀՀ վարչապետը։
  2. Վարչապետն իրավասու է իր որոշմամբ կարգավորել սույն օրենքով չկարգավորված և օրենքի կարգավորման առարկա չհանդիսացող ցանկացած իրավահարաբերություն։
  3. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության ղեկավարը: Ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին:
  4. Ծառայության ղեկավարը`

1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

4) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև այլ անձանց պարգևատրում է շնորհակալագրերով և այլ խրախուսանքի միջոցներով․

5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իրեն անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը.

6) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

7) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

8) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կառուցվածքը, ինչպես նաև դրա կառուցվածքային փոփոխությունների հարցերը.

9) ձևավորում է աշխատանքային խմբեր.

10) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, հանձնարարագրեր, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, լսում է Ծառայության աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները.

11) վերահսկվող օբյեկտների, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ ներկայացնում է գործողությունները, գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.

12) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

13) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

14) այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ.

15) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

16) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ.

17) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

18) իրավասու է իր հրամանով կարգավորել սույն օրենքով չկարգավորված և օրենքի, կառավարության կամ Վարչապետի որոշման կարգավորման առարկա չհանդիսացող ցանկացած իրավահարաբերություն։

  1. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս առաջարկությամբ, վարչապետի համաձայնությամբ, Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը: Ծառայության ղեկավարի առաջարկության բացակայության դեպքում վարչապետի որոշմամբ Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը նշանակվում է Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

 

 

 

ԳԼՈՒԽ 4.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 9.

Ծառայությունում պետական ծառայությունը

 

  1. Ծառայությունում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրային ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 10.

Պետական ծառայության հիմնական սկզբունքները

 

  1. Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են՝

 1) իրավունքի գերակայությունը,

2) արժանիքահեն, կարիերային առաջընթացի վրա հիմնված պետական ծառայության կայունությունը,

3) քաղաքացիների համար պետական ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան,

4) պետական ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,

5) պետական ծառայողների քաղաքական չեզոքությունը,

6) քաղաքացիների համար պետական ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան,

7) պետական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը,

8) պետական ծառայողների պատասխանատվությունը իրենց ծառայողական պարտակա­նությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար,

9) պետական ծառայողի արհեստավարժությունը:

 

Հոդված 11.

Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

  1. Պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն oրենքով, ինչպես նաև այլ oրենքներով և իրավական ակտերով:
  2. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսդրությամբ, եթե սույն oրենքով կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
  3. Պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն oրենքով, այլ oրենքներով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում կառավարության, Վարչապետի կամ Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 12.

Պետական ծառայության պաշտոնների դասակարգումը

 

  1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
  2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ:

  1. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

 

Հոդված 13.

Պետական ծառայության դասային աստիճանները

 

  1. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

  1. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ծառայության ղեկավարի առաջարկությամբ՝ Վարչապետի միջնորդությամբ:
  2. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Ծառայության ղեկավարը:
  3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է Ծառայության ղեկավարը:
  4. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:
  5. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի և ոչ ուշ քան յոթ տարի հետո:
  6. Պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
  7. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:
  8. Պետական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմիններում հանրային ծառայողների պաշտոններում նշանակվելիս, իսկ հանրային ծառայողների այլ դասային աստիճանները` Ծառայությունում պետական ծառայության պաշտոններում նշանակվելիս:
  9. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված դասային աստիճանների համապատասխանությունը պետական ծառայության դասային աստիճաններին սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 14.

Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, պետական ծառայության պաշտոնների անձնագրերը և Ծառայության հաստիքացուցակը հաստատելը

 

  1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է Ծառայության ղեկավարը` պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:
  2. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Ծառայության ղեկավարը:

 

Հոդված 15.

Պետական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

 

  1. Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երկու տարվա աշխատանքային ստաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն վեց ամսվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առնվազն բարձրագույն կրթություն:

  1. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում Ծառայության ղեկավարի կողմից կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:
  2. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

Հոդված 16.

Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

  1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 21 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

 

Հոդված 17.

Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

 

  1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5)  օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Հոդված 18.

Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

  1. Պետական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում այլ կարգով:

 

Հոդված 19.

Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

 

  1. Պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում (ներառյալ` սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) Ծառայության այն պետական ծառայողին կամ Ծառայության այն հանրային ծառայողին, ով միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2) պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձին,

3) սույն օրենքով նախատեսված այլ դեպքում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակում չի կարող կատարվել, եթե տվյալ թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ:

 

Հոդված 20.

Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

  1. Նոր (բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) ստեղծված պետական ծառայության պաշտոնները, ինչպես նաև պետականծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:
  2. Պետականծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Ծառայությունը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ Ծառայության պաշտոնական կայքէջում և www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:
  3. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ծառայությունը:
  4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 16-րդ հոդվածով և 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
  5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
  6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝թեստավորման և հարցազրույցի:
  7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

1) Թեստերը կազմվում են Ծառայության ղեկավարի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ. պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ. Ծառայության գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

2) Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և (կամ) խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

3) Համակարգչում զետեղված հարցաշարի հիմքում դրված իրավական ակտերի և նորմերի ցանկը, ինչպես նաև թեստի ձևանմուշը, ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի: Հարցաշարը հրապարակման ենթակա չէ:

4) Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

  1. Մրցույթի երկրորդ՝հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

1) Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է Մրցութային հանձնաժողովի կողմից՝ հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

2) Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում՝

ա. գնահատում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանը.

բ. կազմում է հարցազրույցի ընթացքի մասին արձանագրություն և ամփոփում է հարցազրույցի արդյունքները.

գ. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակում է հարցազրույցի արդյունքները.

դ. կազմում և Ծառայության ղեկավարին է ներկայացնում հարցազրույցի փուլը հաղթահարած բոլոր մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը:

  1. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, որոնք հարցազրույցի գնահատման արդյունքում հավաքել են գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի 80 տոկոսից ավելի միավորներ:
  2. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը:
  3. Մրցույթի արդյունքների եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ծառայության ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
  4. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում չի հավաքել գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի 80 տոկոսից ավելի միավորներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:
  5. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում: Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:
  6. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:
  7. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
  8. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
  9. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը հաստատում է Վարչապետը:

 

Հոդված 21.

Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

 

  1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի:
  2. Պետական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Ծառայության ղեկավարը:
  3. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով, որի անցկացման կարգը հաստատվում է Ծառայության ղեկավարի կողմից:

 

Հոդված 22.

Պետական ծառայության ստաժը

 

  1. Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր կամ պետական ծառայությունում ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու, ինչպես նաև մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

2.Պետական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ պետական կառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

  1. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում, ինչպես նաև հանդիսանում է հանրային ծառայության ստաժ:

 

Հոդված 23.

Պետական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելը

 

  1. Ծառայության ղեկավարը, մինչև սույն օրենքով սահմանված թափուր հաստիքը համալրելու համար մրցույթ հայտարարելը, իրավասու է պետական ծառայության թափուր հաստիքը զբաղեցնելու համար, պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխանող անձի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
  2. Ժամկետային աշխատանքային պայմանագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին՝ Ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու օրվանից:
  3. Ոչ ուշ քան ժամկետային աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց մեկ օր առաջ Ծառայության ղեկավարն ընդունում է հետևյալ հրամաններից մեկը՝
  • Ծառայողի պաշտոնը ժամանակավոր զբաղեցրած անձի հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին, բայց ոչ ավել քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը.
  • Ծառայողի պաշտոնը ժամանակավոր զբաղեցրած անձին պաշտոնից ազատելու մասին.
  • մրցույթ հայտարարելու մասին:
  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված հրամանը Ծառայության ղեկավարի կողմից ընդունվելու պահից Ծառայողի պաշտոնը ժամանակավոր զբաղեցրած անձի հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին պաշտոնի նշանակելը:
  2. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը Ծառայության ղեկավարը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման պետական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնի, եթե նա բավարարում է պետական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում փոխադրված պետական ծառայողի պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողը:
  3. Պետական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`

    1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.

    2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.

    3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

    4) պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

    5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.

    6) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում.

    7) օրենքով սահմանված այլ դեպքերում:

  1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերում պետական ծառայության այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից կամ այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով սահմանված կարգով կամ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոններն զբաղեցվում են մեկ այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
  2. Ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող ծառայողներին դասային աստիճան չի շնորհվում:
  3. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 24.

Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

 

  1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման: Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ պետական ծառայողի կամ Ծառայության ղեկավարի նախաձեռնությամբ:
  2. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Ծառայության ղեկավարի հայտի հիման վրա:
  3. Պետական ծառայողներին վերապատրաստողների թեկնածությունը և վերապատրաստման ծրագրերը հաստատում է Ծառայության ղեկավարը:
  4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
  5. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են պետական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:
  7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:

 

Հոդված 25.

Պետական ծառայության կադրերի ռեզերվը

 

  1. Պետական ծառայության կադրերի ռեզերվը վարում է անձնակազմի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը:
  2. Ծառայության գործունեությունը դադարելու դեպքում կադրերի ռեզերվը վարում, վարձատրությունը տրամադրում է Վարչապետի աշխատակազմը:
  3. Պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 18-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք,

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձինք:

  1. Պետական ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, որից 3 ամիսը ստանում է վարձատրություն, որի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
  2. Կադրերի ռեզերվում գրանցելուց առաջ պետական ծառայողի հետ կատարվում է վերջնահաշվարկ:
  3. Պետական ծառայության կադրերի ռեզերվից անձին հանելու հիմքերն են՝

1) կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը,

2) կադրերի ռեզերվում գրանցված անձի հանրային ծառայության պաշտոնի նշանակվելը կամ այլ վճարովի աշխատանքի անցնելը,

3) Ծառայության ղեկավարի կողմից սահմանվող այլ հիմքեր:

  1. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հիմքերը, ինչպես նաև Ծառայությունում կադրերի ռեզերվի վարման կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 26.

Պետական ծառայողի հիմնական իրավունքները

 

  1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

8) պետական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

9) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

10) դատական կարգով մրցույթի արդյունքները բողոքարկելը.

11) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննարկմանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

2.Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 27.

Պետական ծառայողի հիմնական պարտականությունները

 

  1. Պետականծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) պետական ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

5) վերադաս պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարական­ները և ընդունած որոշումները կատարելը.

6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

7) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը:

 

 

Հոդված 28.

 Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները

 

  1. Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում Ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:
  2. Ծառայության աշխատակիցները չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել վերահսկվող օբյեկտի շահերին:
  3. Ծառայության աշխատակիցները պարտավոր են հարգել իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները, բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
  4. Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ ցանկացած այլ եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա:
  5. Ծառայության աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայությունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները:

 

Հոդված 29.

Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

  1. Պետական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) խախտելու պետական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքը` իր ծառայողական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

  1. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
  2. Պետական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

 

Հոդված 30.

Պետական ծառայողին հանձնարարականներ տալու լիազորությունները և  սահմանափակումները

 

  1. Պետական ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Ծառայության ղեկավարին, եթե վերջինս վերադաս չէ, ապա այդ դեպքում` Վարչապետին: Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:
  2. Ծառայության ղեկավարի կողմից հանձնարարականներ կարող են տրվել Ծառայության ղեկավարի տեղակալներին, գլխավոր քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներին, իր խորհրդականներին և օգնականներին: Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարականները ենթակա են կատարման առաջնահերթության կարգով, եթե հանձնարարականով այլ բան սահմանված չէ:
  3. Ծառայության ղեկավարի տեղակալները հանձնարարականներ կարող են տալ կամ փոխանցել Ծառայության ղեկավարի հանձնարարականները, բացառապես, իրենց կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և օգնականներին, իսկ վերահսկողական գործառույթ իրականացնող խմբի ղեկավարին՝ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով:
  4. Ծառայության ստորաբաժանման ղեկավարի կողմից հանձնարարականներ կարող են տրվել իր անմիջական ենթակայությամբ աշխատող պետական ծառայողներին:
  5. Ծառայության ղեկավարի անհատական իրավական ակտով (հրաման, հանձնարարագիր, հանձնարարական) որպես խմբի ղեկավար սահմանված պետական ծառայողի կողմից հանձնարարականներ կարող են տրվել նույն անհատական իրավական ակտով ձևավորված խմբում ներառված պետական ծառայողներին:

 

Հոդված 31.

Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

  1. Պետությունը պետական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա նվազագույն և լրացուցիչ վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

  1. Ծառայության ղեկավարի սահմանած դեպքերում և կարգով պետական ծառայողին հատկացվում է տրանսպորտային միջոց, կամ տրվում է տրանսպորտային ծախսերի հատուցում:

 

Հոդված 32.

Պետական ծառայողի արձակուրդը

 

  1. Պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:
  2. Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:
  3. Պետական ծառայողին արձակուրդը տրամադրվում է Ծառայության ղեկավարի հրամանով:

 

Հոդված 33.

Պետական ծառայողի վարձատրությունը

 

  1. Յուրաքանչյուր պետական ծառայող, առանց որևէ խտրականության, ունի իր կատարած աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:
  2. Տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` պետական ծառայողին տրվում է հավելավճար նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով:
  3. Պետական ծառայողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածի «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների» աղյուսակով սահմանված չափով:
  4. Պետական ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

 

Հոդված 34. 

Պետական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

  1. Պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 35.

Պետական ծառայողի իրավական վիճակը Ծառայության կառուցվածքային փոփոխության ժամանակ

 

  1. Կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման,միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով:
  2. Ծառայության կառուցվածքային փոփոխությունը պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են Ծառայության կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների առավելագույն քանակի կրճատման դեպքում ծառայողի աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է Ծառայության ղեկավարը:
  3. Ծառայության կառուցվածքային փոփոխության հետևանքով պետական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները կարող են զբաղեցվել անվանացանկում փոփոխություններ կատարելուց և պաշտոնի անձնագրերը հաստատելուց հետո սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:
  4. Կառուցվածքային փոփոխության արդյունքումպետականծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:
  5. Կառուցվածքային փոփոխության արդյունքում, եթե անվանացանկից հանվում է պետականծառայողի պաշտոնը, ապա պետականծառայողին առաջարկվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն: Եթե պետական ծառայողը չի տալիս համաձայնություն առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա նա գրանցվում է կադրերի ռեզերվում:
  6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
  7. Կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Ծառայության ղեկավարը:

 

Հոդված 36.

Պետական ծառայողի անձնական գործը

 

  1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:
  2. Պետական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 37.

Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

  1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

4) կարգապահական տույժի հանում.

5) օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

  1. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 38.

Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

  1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով.

5) զբաղեցրած պաշտոնից ազատում:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է Ծառայության ղեկավարը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
  3. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից: Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ:
  4. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
  5. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:
  6. Կարգապահական տույժի մասին պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
  8. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

 

Հոդված 39.

Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

  1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը (նույնը կամ տարբեր) երկու անգամ կիրառելը.

4) սույն օրենքով նախատեսված վերապատրաստմանը երեք անգամ չներկայանալը.

5) հաստիքների կրճատումը.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

7) ինքնավար, քաղաքական, վարչական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

8) պետական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

9) սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

10) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

11) ազատազրկման դատապարտվելը.

12) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

15) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

17) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

18) սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

19) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը:

  1. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

 

Հոդված 40.

Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

  1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
  2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողը կարող է մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

 

Հոդված 41.

Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

  1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու (այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
  2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 42.

Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

  1. Պետական ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
  2. Պետական ծառայողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 43.

Անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողները, որոնք սույն օրենքի իմաստով պետք է անցնեն պետական ծառայության իրականացմանը, շարունակում են պաշտոնավարել, մինչև Ծառայության նոր հաստիքացուցակի, անվանացանկի և պաշտոնների անձնագրերի հաստատումն ու Ծառայության ղեկավարի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոնի նշանակումը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցրել են մրցույթային կարգով:
  2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ժամկետային աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող այն քաղաքացիական ծառայողները, որոնք սույն օրենքի իմաստով պետք է անցնեն պետական ծառայության իրականացմանը, շարունակում են պաշտոնավարել, մինչև Ծառայության նոր հաստիքացուցակի, անվանացանկի և պաշտոնների անձնագրերի հաստատումն ու Ծառայության ղեկավարի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոնի նշանակումը:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասում նշված անձիք Ծառայության նոր հաստիքացուցակի, անվանացանկի և պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո տասնօրյա ժամկետում կամ Ծառայության ղեկավարի կողմից արտամրցույթային կարգով նշանակվում են պետական ծառայության պաշտոնի, կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվառվում են կադրերի ռեզերվում:
  4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ծառայության ղեկավարը հաստատում է Ծառայության նոր անվանացանկը և հաստիքացուցակը:
  5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Ծառայության ղեկավարը հաստատում է պետական ծառայություն իրականացնող ծառայողների պաշտոնների անձնագրերը:
  6. Պետական ծառայության համապատասխան պաշտոններում վերանշանակված քաղաքացիական ծառայողները պահպանում են իրենց աշխատավարձի դրույքաչափը, եթե պետական ծառայության պաշտոնում սույն օրենքի հիման վրա հաշվարկվող աշխատավարձի դրույքաչափը ավելի ցածր է:
  7. Պետական ծառայության համապատասխան պաշտոններում վերանշանակված քաղաքացիական ծառայողների՝ Ծառայությունում աշխատած ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատանքային ստաժը ներառվում է նաև պետական ծառայության աշխատանքային ստաժի հաշվարկում՝ որպես պետական ծառայության աշխատանքային ստաժ:

 

Հոդված 44.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «ոստիկանությունում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «պետական վերահսկողական ծառայությունում պետական ծառայությունը,» բառերով։

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառից հետո լրացնել «,պետական վերահսկողական ծառայությունում պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով։

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառից հետո լրացնել «պետական վերահսկողական ծառայությունում պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածում՝

          1) 1-ին մասի 4-րդ կետում «չի կնքվում:» բառերը փոխարինել «չի կնքվում.» բառերով

          2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

          «5) հրավերում փոփոխություն կատարելու համար նախատեսված ժամանակահատվածն ավարտված լինելու դեպքում, սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությամբ և պատվիրատուի համաձայնությամբ։»:

          Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

          «3. ՀՀ վարչապետի համաձայնությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկության հիման վրա պատվիրատուն կարող է իր իրավական ակտով կասեցնել գնման գործընթացը: Պատվիրատուի կողմից կասեցված գնման ընթացակարգերը կարող են իր իրավական ակտով չկայացած հայտարարվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում:»

          Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    06.04.2021 - 26.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Служба государственного надзора

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1296

Принт