Добавить в избранное

В стадии разработки

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի (այսուհետ՝ պալատ) գործունեության հիմնական նպատակը և խնդիրները, կարգավորվում են պալատի մարմինների կազմավորման, նրանց լիազորությունների իրականացման և որոշումների ընդունման, սոցիալական աշխատանքի մասնագետների արտոնագրման, վերապատրաստման, պալատի անդամի կարգապահական պատասխանատվության և խրախուսման, անկախ մասնագիտական գործունեության իրականացման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) շահառու` անհատ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, համայնք, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.

2) սոցիալական աշխատանքի մասնագետի մասնագիտական գործունեության արտոնագիր (այսուհետ՝ արտոնագիր)՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:

  1. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ: 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), ինչպես նաև անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող սոցիալական աշխատանքի մասնագետների վրա: 

 Հոդված 4. Սոցիալական աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը         

  1. Սոցիալական աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:   

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ,  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 5. Սոցիալական աշխատանքը         

  1. Սոցիալական աշխատանքը մարդու անհատական սոցիալական կարիքների բավարարման նպատակով հոգեբանական, մանկավարժական և մասնագիտական այլ մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ կանխարգելելուն` մարդուն, ընտանիքին,սոցիալական այլ խմբերին անհատական օգնություն ցուցաբերելու միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
  2. Սոցիալական աշխատանքը կարող է իրականացվել՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա, երբ սոցիալական աշխատանքի մասնագետը հանդես է գալիս որպես աշխատող, այդ թվում՝ քաղաքացիական կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող (որպես գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեություն).

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (բայց ոչ շահառուների) հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա (որպես քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում).

3) որպես անկախ մասնագիտական գործունեություն՝ սույն օրենքով և պալատի կողմից սահմանված կարգով:

  1. Սոցիալական աշխատանքը նպաստում է՝

1) շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը.

2) շահառուների իրավունքների պաշտպանությանը և իրացմանը․

3) համայնքներում ռիսկային գործոնների բացահայտմանը, դրանց նվազեցմանը, սոցիալական իրավունքների պաշտպանությանը, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը և խթանմանը.

4) բարձրորակ և մատչելի սոցիալական ծառայությունների զարգացմանը.

5) շահառուի սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և սոցիալական ներառմանը.

6) հասարակությունում սոցիալական արդարության խթանմանը՝ հիմնվելով մարդասիրության (հումանիզմի) և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած այլ սկզբունքների և նորմերի վրա: 

Հոդված 6. Սոցիալական աշխատանքի սկզբունքները 

  1. Սոցիալական աշխատանքն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական և սույն մասով սահմանված հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) առաջնահերթությունը՝ շահառուի իրավունքների առաջնահերթության ճանաչումը բոլոր դեպքերում, բացառությամբ՝ երբ դա հակասում է այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին. 

2) հանդուրժողականությունը՝ շահառուների նկատմամբ համբերատար վերաբերմունքը, նրանց աշխարհայացքի, սովորությունների, կենցաղավարման և վարքագծի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումը, եթե դա չի խոչընդոտում շահառուի սոցիալական խնդիրների լուծմանը և ինքնօգնության ունակությունների զարգացմանը.

3) սոցիալական ռեսուրսների համախմբումը՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում մարդկային, նյութական, վարչական հասանելի ռեսուրսների որոնումը, դրանց ներգրավումը և արդյունավետ օգտագործումը՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, կանխման ու հակազդման նպատակով.

4) իրավաչափությունը՝ լիազորությունների և գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին համապատասխան. 

5) տնտեսվարությունը՝ գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը սոցիալական աշխատանքի մասնագետի տիրապետման ներքո գտնվող միջոցների առավել բարեխիղճ և արդյունավետ օգտագործմամբ. 

6) պատասխանատվությունը՝ իր կողմից իրականացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների և պարտականությունների համար սոցիալական աշխատանքի մասնագետի պատասխանատու լինելը: 

  1. Սոցիալական աջակցություն տրամադրելիս, սոցիալական աշխատանքի մասնագետը պետք է առաջնորդվի նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներով: 

Հոդված 7. Սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները 

  1. Սոցիալական աշխատանքը ներառում է հետևյալ հիմնական միջոցառումների իրականացումը՝

1) տվյալների հավաքագրում և վերլուծություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր միջոցներով շահառուներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման և վերլուծման համակարգային գործընթաց, որն իրականացվում է շահառուների իրավիճակի ուսումնասիրության, գնահատման և հետագա բարելավման նպատակով.

2) պլանավորում՝ ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան միջոցառումների, աշխատանքների և գործողությունների ծրագրերի մշակում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը կամ հաղթահարմանը.

3) կազմակերպական (մոբիլիզացնող) միջոցառումներ՝ շահառուների՝ կյանքի դժվարին իրավիճակին, կարիքների բավարարմանը արձագանքելու և կյանքի որակի բարելավման կազմակերպված գործընթաց, որում սոցիալական աշխատանքի մասնագետները հանդես են գալիս նախաձեռնողների և (կամ) կազմակերպիչների և (կամ) սուպերվիզորների դերում.

4) փորձագիտական կարծիքի տրամադրում՝ սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից սոցիալական քաղաքականության բարեփոխումների, ընթացիկ սոցիալական ծրագրերի, շահառուի սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկությունների և եզրակացությունների տրամադրում.

5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բնույթի՝ մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների կազմակերպում և (կամ) տրամադրում.

6) շահապաշտպանություն (ադվոկացիա)՝ շահառուների իրավունքների պաշտպանությանն ուղղված այնպիսի գործունեություն, որի նպատակն է շահառուների համար մատչելի դարձնել նրանց համար նախատեսված սոցիալական ծառայությունները.

7) սոցիալական մենթորություն՝ գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը, օգտագործելով իր հեղինակությունը և փորձառությունը, աջակցում է շահառուների ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը.

8) դրական ուղեկցում՝ շահառուի գործողությունների նկատմամբ վերահսկողություն, երբ նա իրականացնում է իր սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված պլանը.

9) սոցիալական կառավարում՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և այլ սուբյեկտների հետ համագործակցության շրջանակներում սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից թիմային աշխատանքի և կազմակերպական կառավարման մեթոդների և հմտությունների օգտագործում.

10) ճգնաժամային միջամտություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից մասնագիտական մեթոդների և հմտությունների կիրառմամբ իրականացվող միջամտություն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ շահառուների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում.

11) մշտադիտարկում և գնահատում՝ շահառուի սոցիալական դեպքի վարման ընթացքում իրականացվող գործողությունների և նրանց արդյունքների վերաբերյալ տարբեր մեթոդներով տեղեկատվության շարունակական ստացման ու վերլուծման գործընթաց՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու, հնարավոր դրական զարգացումներն արդյունավետ օգտագործելու, շահառուի և սոցիալական աշխատանքի մասնագետի միջև հետադարձ կապն ապահովելու և աջակցող ցանցն ընդլայնելու նպատակով.

12) կոնֆլիկտների կառավարում՝ կոնֆլիկտների հավանական առաջացումն առավելագույն արդյունավետությամբ կանխարգելելուն և կոնֆլիկտների առաջացման վաղ փուլերում դրանց լուծմանն ուղղված պլանավորման գործընթաց.

13) սոցիալական գնահատում՝ ակտիվ ճանաչողական գործընթաց, որի ժամանակ սոցիալական աշխատանքի մասնագետը շահառուի մասնակցությամբ բացահայտում է վերջինիս կարիքները, դժվարությունների բնույթը, դրանց պատճառները և այն արդյունավետ միջոցները, որոնք կարող են օգնել հաղթահարելու խնդրահարույց իրավիճակը.

14) սուպերվիզիա՝ գործընթաց, որի արդյունքում համապատասխան արտոնագիր ունեցող սոցիալական աշխատողն օգտագործելով իր մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու կազմակերպական հմտությունները նպաստում է պրակտիկ սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական կատարելագործմանը, անհատական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական այրման համախտանիշի կանխմանը (հաղթահարմանը)՝ այդ կերպ նպաստելով շահառուներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացմանը.

15) ուղղորդում և փաստաթղթավորում՝ տեխնիկական կառավարման գործընթաց և վարչական միջոցառումների ամբողջություն՝ սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող օրենսդրությանը և սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչներին համապատասխան.

16) ընտանեկան միջամտություն՝ միջանձնային խնդիրներ ունեցող ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի մասնագետի հաղորդակցման գործընթացը, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը ընտանիքի կոնֆլիկտի կողմերի հետ համատեղ փորձում է ընդհանուր դիրքորոշման հասնել ընտանեկան հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների հետ հարաբերությունները, ամուսնալուծությունը, ֆինանսական խնդիրները և այլն.

17) հանրային (հասարակության) իրազեկում՝ շահառուների, ինչպես նաև համայնքի սոցիալական կարիքների վերհանմում, դրանց բավարարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվության նախապատրաստում և դրա տրամադրում համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչությանը.

18) համագործակցություն՝ շահառուի դեպքին առնչվող այլ կառույցների, անձերի, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հետ (վերջիններիս պարագայում՝ նաև լուսաբանվող նյութերում էթիկական հարցերում զգուշություն ցուցաբերելու, նորմերի պահպանության իմաստով).

19) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության իրականացում։

   

  • Обсуждалось

    11.07.2017 - 27.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

11.07.2017 12:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 16380

Принт

Предложения

Կանանց աջակցման կենտրոն

26.07.2017

Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ ընտանեկան բռնության ոլորտում ըստ միջազգային ստանդարտների պարտադիր չէ, որ սոցիալական աշխատողը ունենա համապատասխան բարձրագույն կրթություն ընտանեկան բռնության դեպքերի հետ աշխատելու համար: Հատկապես սոցիալական աշխատողի համար առավելապես կարևոր են չորս որակներ. հմտություններ, ինչը ներառում է կապը շահառուի և համայնքի հետ; արժեքներ, ինչը ներառում է պրոֆեսիոնալիզմ, ոչ խտրական վերաբերմունք, սահմանների պահպանում, գաղտնիության սկզբունքի պահպանում; անհատական ուժեղ գծեր, ինչը ներառում է ինքավստահություն, նվիրվածություն աշխատանքին, շահառուի համար հանգիստ մթնոլորտի ստեղծում, հաղորդակցման հմտություններ; կրթություն, ինչը ներառում է ֆորմալ կրթություն, աշխատանքային փորձի ձեռք բերում, ընդհանուր գիտելիքներ: Մեր մտահոգությունն այն է, որ մարդիկ, ստանալով արտոնագիր, այնուամենայնիվ վերը նշված հմտություններից զուրկ կլինեն, և չեն կարողանա տրամադրել այն աջակցությունը, որի կարիքը ունի շահառուն: Մենք առաջարկում ենք, որ արտոնագիրը տրվի 5 տարվա աշխատանքային փորձ ունենալուց հետո, հենց շահառուի հետ աշխատանքից հետո: Քննությունը այնքան էական չէ, որքան էական է գնահատել աշխատողին ըստ դեպքի վարման հմտությունների և անձնային տվյալների:

Նախշուն Աֆանեսյան

12.07.2017

4. Կարելի է նախատեսել նաև հեշտացված եղանակով արտոնագիր ստանալու վերաբերյալ դրույթ /4. Առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու՝ սոցիալական աշխատողի արտոնագիր կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, սոցիալական ոլորտում աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին/։ Այսինքն վերոնշյալ հաոդվածում կարելի է ավելացնել կետ այն մասնագետների համար, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, ավելի քիչ փորձ /5 տարի, 10 տարի/ և ապահովել որակավորման քննության հեշտացված եղանակ։

Նարինե Ճաղարյան

12.07.2017

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի (այսուհետ՝ պալատ) գործունեության հիմնական նպատակը և խնդիրները, կարգավորվում են պալատի մարմինների կազմավորման, նրանց լիազորությունների իրականացման և որոշումների ընդունման, սոցիալական աշխատանքի մասնագետների արտոնագրման, վերապատրաստման, պալատի անդամի կարգապահական պատասխանատվության և խրախուսման, անկախ մասնագիտական գործունեության իրականացման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները: Հոդվածում կիրառվող ,,պալատ,, հասկացությունը պարզեցնել, մանրամասնել կամ փոխել ավելի ընդունելի բառով, օրինակ խմբակցություն կամ համախումբ:

Узнать больше