Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Օրինագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ: «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում առաջարկվել է խնդրին տալ համապարփակ լուծում՝ հաշվի առնելով ոլորտում առկա մեծ ներուժը և տնտեսական ազդեցությունը։

Հաշվի առնելով COVID-19-ի բռնկման հետևանքով ակնկալվող տնտեսական բարդ պայմանները՝ այս գործընթացի խթանումը կարող է լրջորեն նպաստել ոլորտի կենսունակության պահպանմանն ու հետագա ինստիտուցիոնալ զարգացմանը:

Բացի այդ, փաստացի ՀՀ-ում գործունեություն իրականացնող պաշտոնական ներկայացուցիչները ԵՏՄ գործընկերների համեմատ հայտնվում են ոչ մրցակցային պայմաններում:

Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաև ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետություններում, որտեղ այդ ներդրումն ուղեկցվել է անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններով և վերը նկարագրված կրկնակի հարկում ենթադրող օրենսդրական դրույթների վերացմամբ:

Բելառուսի Հանրապետությունում մի շարք բարեփոխումներ են կատարվել համակարգի խթանման համար. մասնավորապես սահմանվել է, որ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանցից ձեռք բերված «8703 21 - 8703 90» ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, ինչպես նաև «8704 21» և «8704 31» ապրանքային խմբերին պատկանող տրանսպորտային միջոցների հետագա վաճառքի դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և վաճառքի գների միջև տարբերությունը, և ոչ թե գործարքների ամբողջ արժեքը: Ընդ որում նշված գների մեջ ներառվում է նաև ավելացված արժեքի հարկի մասը:

Կատարված փոփոխությունները միանշանակ իրենց դրական ազդեցությունն են ունեցել ոլորտի զարգացման համար, ինչի մասին վկայում է նաև համակարգի ներդրումից հետո այդ երկրում առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման տվյալների զգալի աճը:

Նմանօրինակ կարգավորումներ տրվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում՝ հանգեցնելով տպավորիչ արդյունքի:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Trade-in» համակարգը իրենից ենթադրում է հետևյալը.

 ֆիզիկական անձը, օգտվելով նշյալ համակարգից, հնարավորություն է ստանում իր հին ավտոմեքենան փոխարինել նորով` արդյունքում վճարելով վերջիններիս միջև առկա գնային տարբերությունը։ Ներկայացուցչի պարագայում նշյալ համակարգի կիրառումը ենթադրում է՝ հին ավտոմեքենայի ձեռքբերում ֆիզիկական անձից, նոր ավտոմեքենայի վաճառք ֆիզիկական անձին և ձեռքբերված հին ավտոմեքենայի հետագա վաճառք։

 Գործող հարկային օրենսդրության պայմաններում պաշտոնական ներկայացուցչի համար ՀՀ ում շահավետ չէ վերոնշյալ ընթացակարգի կիրառումը՝ հատկապես ֆիզիկական անձանց հետ փոխհարաբերություններում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ակնհայտորեն ետ է մնում զարգացած և զարգացող երկրներում հաջողությամբ կիրառվող նմանատիպ գործընթացներից:

Գործող հարկային օրենսդրությամբ «Trade-in» համակարգի կիրառումը Ներկայացուցչի կողմից կհանգեցնի վերջինիս հարկային պարտավորությունների անհիմն ավելացմանը, ինչը և խոչընդոտ է հանդիսանում այդ համակարգի ներդրման համար։

Գործող հարկային օրենսդրությամբ «Trade-in» ընթացակարգով ավտոմեքենայի առուվաճառքի գործարքի դեպքում առաջանում են հետևյալ հարկային հետևանքները.

  • Ֆիզիկական անձի կողմից Ներկայացուցչին հին ավտոմեքենան օտարելիս ֆիզիկական անձի մոտ առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ հաշվարկված գործարքի արժեքի նկատմամբ 10% դրույքաչափով, որը հաշվարկվում և պահվում է հարկային գործակալի (Ներկայացուցչի) կողմից,
  • ձեռք բերված ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում Ներկայացուցչի մոտ առաջանում է ԱԱՀ գծով պարտավորություն՝ վաճառքի ամբողջ արժեքի 20%-ի չափով, միաժամանակ Ներկայացուցչի մոտ չի առաջանում ԱԱՀ հաշվանցման իրավունք՝ ԱԱՀ վճարող չհանդիսացող ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու պատճառով,
  • ավտոմեքենայի օտարման դեպքում Ներկայացուցչի մոտ առաջանում է նաև շահութահարկի գծով պարտավորություն՝ ձեռքբերման արժեքի և վաճառքի գնի տարբերության 20%-ի չափով։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան շուկաների ձևավորման քաղաքականություն։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով ոլորտի ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Օրինագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։

Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրինագծերի փաթեթը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրինագծերի փաթեթով սահմանվող կարգավորումների արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառելի դարձնել «Trade-in» համակարգը՝ ստեղծելով ֆիզիկական անձանց համար բարենպաստ պայմաններ` իրենց հին ավտոմեքենաները վաճառելու Ներկայացուցչին՝ դրանով խթանելով ավտոմեքենաների քաղաքակիրթ առևտուրը։

Օրինագծերի փաթեթի ընդունումը թույլ կտա ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին ներգրավվել օգտագործված ավտոմեքենաների առուվաճառքի շուկայում։ Այլ կերպ ասած, նախագծի ընդունման արդյունքում նշված շուկան ձեռք է բերելու ևս մեկ մասնակից, որը պատրաստ է լինելու բավարարել շուկայում առկա ավտոմեքենաների առաջարկի որոշակի մասը, ինչը, բնականաբար, խթանելու է նշված շուկայի զարգացումը։

Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում կբացվեն նաև ևս մի քանի կարևորագույն խնդիրների լուծման նոր ճանապարհներ: Մասնավորապես, զգալիորեն կբարելավվի հայաստանյան ավտոշուկայի որակական մակարդակը, քանի որ երկրորդական շուկայում շրջանառվող ավտոմեքենաների զգալի տոկոսը կփոխարինվի լիովին նոր ավտոմեքենաներով: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաները մինչև պաշտոնական ներկայացուցչի/դիլերի կողմից կրկին վաճառքի հանվելը կենթարկվեն լրացուցիչ զննման, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները մասնագիտացված կազմակերպությունների կողմից, ինչը զգալիորեն կնպաստի ՀՀ ճանապարհներին շահագործվող ավտոպարկի անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացմանը:

Պոտենցիալ ավտոգնորդների համար էականորեն ավելի հարմարավետ պայմաններ կստեղծվեն, մասնավորապես, պաշտոնական ներկայացուցիչների/դիլերների կողմից առաջարկվող նոր և հին ավոտմեքենաները բանկային ֆինանսավորման առավել ճկուն գործիքներ կարող են ունենալ: Ակնհայտորեն կնվազեն նաև հաճախորդների՝ առևտրային մոլորության մեջ հայտնվելու դեպքերը:

Ավտոմեքենաների երկրորդային շուկայում պաշտոնական ներկայացուցիչների ներգրավվածության ավելացումը (փոխանակված ավտոմեքենաները վերավաճառելու առումով), ինչի տեսակարար կշիռն այսօր գրեթե զրոյական է, պետական կառավարման մարմիններին թույլ կտա ոլորտը առավել վերահսկելի դարձնել թե՛ հարկերի հավաքագրման և թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման և պահպանման տեսանկյունից: Արդյունքում, կավելանա նաև ոլորտի ներդրումային գրավչությունը:

Հարկ է հաշվի առնել նաև, որ շահագործվող ավտոպարկի թարմացումը միանշանակ ուղղակի դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից:

Սրան զուգահեռ կսկսի ձևավորվել ավտոմեքենաների շրջանառման նոր մշակույթ, իրականացվող գործարքների մի զգալի տոկոս կիրականացվի առավել վերահսկելի եղանակով, ինչը կնպաստի ավտոշուկայի ինստիտուցիոնալացմանը: Դրանով իսկ հնարավոր կդառնա առավելագույնս օգտվել մասնագիտացված և որակյալ ծառայություններ ստանալու իրավունքից, ինչը կմոտեցնի հայկական ավտոշուկան այս տեսանկյունից առաջատար համարվող երկրներում գործող չափանիշներին:

Բնականաբար, Օրինագծերի փաթեթի ընդունումը կունանա դրական ազդեցություն՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով նպաստելով տնտեսության աշխուժացմանը այս և հարակից ոլորտներում։ Միաժամանակ, վերջինիս ընդունմամբ երկարաժամկետում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների որոշակի ավելացում։

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
  • Обсуждалось

    12.02.2021 - 27.02.2021

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5680

Принт