Добавить в избранное

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  1. Առաջնային բժշկական զննության խնդիր քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս. Ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունի քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննությունը: Այս հարցի կապակցությամբ ԽԿԿ-ի 3-րդ ընդհանուր զեկույցի համաձայն՝ ազատությունից զրկման վայրեր ընդունվելուց բժշկական զննություն անցնելը պետք է կարևոր դեր կատարի ինքնասպանությունների կանխարգելման հարցում: Կանոնավոր կերպով կատարված բուժզննումը կարող է ի հայտ բերել այդպիսի վտանգի ենթակա ազատությունից զրկված անձանց մի մասին և մասնակիորեն թեթևացնել անհանգստության զգացումը, որը ունենում են ազատությունից զրկման վայրեր նոր մուտք գործած բոլոր անձինք: Ինքնասպանության ռիսկի խմբին դասվող անձինք պետք է հատուկ հսկողության տակ գտնվեն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է[1]: Եվրոպական բանտային կանոնների (42-րդ կանոն) համաձայն գոյություն ունեն ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս բժշկական զննության ենթարկելու մի շարք կարևոր պատճառներ, որոնց մեջ է մտնում նաև պատրաստված անձնակազմի կողմից բանտարկյալի հոգեկան վիճակի պարզումը և ինքնավնասման հակում ունեցողներին պատշաճ օգնության ցուցաբերումը[2]: Այս տեսանկյունից քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության վիճակի սկրինինգային հետազոտության վերաբերյալ օրենսդրության և պրակտիկայի բարելավման, ինչպես նաև ինքնավնասումների հնարավոր բոլոր դեպքերի հայտնաբերման ապահովման համար պետք է կարգավորել քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս իրականացվող նախնական բժշկական զննության խնդիրը: Բացի այդ, հարկ է նաև կարգավորել պարտադիր սկրինինգային հետազոտություն իրականացնելու խնդիրը այն դեպքերում, երբ անձը դատարանից անմիջապես տեղափոխվում է (վերադառնում է) քրեակատարողական հիմնարկ:
  2. Առողջության պահպանման իրավունքի հասկացության ընդլայնման անհրաժեշտություն. Ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման հարաբերությունները կարգավորող ակտերի վերլուծությունը վկայում է, որ չնայած ՀՀ կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը ուղղված է բանտային առողջապահության համակարգը հանրային առողջապահության համակարգին ինտեգրելուն, սակայն նշված հարաբերությունները կարգավորող ակտերում առողջության պահպանման իրավունքը օգտագործվում է նեղ իմաստով, իսկ բժշկական ծառայություններից օգտվող անձանց առումով օգտագործվում է կալանավորված անձ կամ դատապարտյալ եզրույթը, ի տարբերություն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով նախատեսված պացիենտ (բժշկական օգնություն և սպասարկում ստացող կամ դրա համար դիմած ֆիզիկական անձ) եզրույթի: Այս տեսանկյունից ևս արձանագրվել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի հասկացության ընդլայնման կապակցությամբ` ներառելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առնչությամբ բժշկական օգնությունը և սպասարկումը: Քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականին[3] համահունչ անհրաժեշտ է երաշխավորել, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման և բժշկական ծառայություններին վերաբերող իրավակարգավորումներում «պացիենտ» եզրույթը հնարավորինս ավելի շատ կիրառվի, քան կալանավորված անձ և դատապարտյալ եզրույթները[4]:
  3. Կյանքից զրկելու կամ վնաս պատճառելու միջոցների հասանելիության բացառում. Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ներառյալ՝ ինքնասպանության և ինքնավնասման ռիսկային խմբին դասվող ազատությունից զրկված անձանց ի հայտ բերելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և ինքնասպանության դեպքերը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել ինքնավնասման, ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց կյանքից զրկելու միջոցներին անհրաժեշտ ժամանակահատվածով հասանելիությունը սահմանափակելու օրենսդրական հնարավորություն (օրինակ՝ պարան, կոշկաքուղեր, սավան, գոտի և այլն)[5]:
  4. Ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկայի վերացում. Հաշվի առնելով այն, որ մեկուսացման մեջ գտնվող ազատությունից զրկված անձանց կողմից ինքնասպանություն գործելու հավանականությունն անհամեմատ բարձր է, անհրաժեշտ է, որ վերանա ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկան: Ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասումներ կատարելու համար կարգապահական տույժ նշանակելու անթույլատրելիության և անհրաժեշտ բժշկական օգնության իրավունքի ապահովման կարևորությանն անդրադարձել է նաև ԽԿԿ-ն[6]: Մարդու իրավունքների պաշտպանը ևս արձանագրել է, որ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները ենթակա են փոփոխման՝ մարդու իրավունքների ապահովմանն ուղղված ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ՝ բացառելով սեփական առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի կիրառումը[7]:
  5. Մեկուսի պահելու խնդրի կարգավորում. Եվրոպական բանտային կանոնների նախագծի 60.6.ա կանոնով սահմանվում է, որ մեկուսի պահելը, այսինքն` ազատությունից զրկված անձին օրվա ընթացքում առանց իմաստալից մարդկային շփումների 22 ժամից ավելի պահելը, արգելվում է կիրառել քրեակատարողական հիմնարկում գտնվող երեխաների, հղիների, կրծքով կերակրող և իրենց մոտ մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի նկատմամբ[8]: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պատիժների կամ այլ միջոցների ենթարկված անչափահաս իրավախախտների վերաբերյալ» եվրոպական կանոնների վերաբերյալ անդամ պետություններին ուղղված թիվ Rec(2008)11 հանձնարարականի 95.1 կետով ևս սահմանվում է, որ կարգապահական տույժերը պետք է հնարավորինս ընտրվեն դրանց դաստիարակչական ազդեցությունից ելնելով: Դրանք չեն կարող ավելի խիստ լինել, քան պատճառաբանված է իրավախախտման վտանգավորության աստիճանով[9]: ԽԿԿ-ի համաձայն՝ անչափահասների պարագայում մեկուսի պահելը կարող է կիրառվել որպես կարգապահական տույժ միայն ծայրահեղ դեպքերում և շատ կարճ ժամանակով: Երբ անչափահասների նկատմամբ կիրառվում են այդպիսի միջոցներ, նրանց պետք է տրամադրվի սոցիալ-կրթական աջակցություն և համապատասխան մարդկային կապի, շփումների հնարավորություն[10]: Ավելին, ԽԿԿ-ն համարում է, որ մեկուսացումը որպես կարգապահական տույժ ակնհայտ վնասակար է երեխաների համար և, հետևաբար, պետք է արգելվի: Բազմաթիվ եվրոպական երկրներ, իրականում, հրաժարվել են այդ պրակտիկայից[11]: Այս տեսանկյունից հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման 227-րդ կետի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։ Ըստ այդմ, այս ցանկում անհրաժեշտ է ներառել նաև անչափահասներին և համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում (հոդված 95):

     Մեկուսի պահելու հիմնահարցի համատեքստում հարկ է անդրադառնալ նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանն սպառնացող վտանգի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալը կարող է տեղափոխվել մենախուց: Այսպես, ԽԿԿ-ն մեկուսի պահելը սահմանում է որպես ազատությունից զրկված մի անձին ազատությունից զրկված մյուս անձանցից առանձին պահելը կամ ազատությունից զրկված մեկ կամ երկու այլ անձանց հետ պահելը[12],, իսկ Նելսոն Մանդելայի կանոնների (44-րդ կանոն) համաձայն՝ մեկուսի պահելը նշանակում է ազատությունից զրկված անձանց օրվա ընթացքում առանց իմաստալից մարդկային շփումների 22 ժամ կամ ավելի երկար պահելը: Երկարատև մեկուսի պահելը վերաբերում է միայնակ մեկուսի պահմանը 15 անընդմեջ օրը գերազանցող ժամկետով[13]: Եվրոպական բանտային վերանայված կանոններով (53.ա կանոն) դատապարտյալի մեկուսացումը այլ դատապարտյալներից բնորոշվում է որպես անվտանգության միջոց, որը պետք է կիրառվի ամենակարճ ժամանակահատվածով` դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու համար, և պետք է պարբերաբար վերանայվի այդ նպատակների համատեքստում: Մեկուսացման դեպքում դատապարտյալը պետք է ունենա առնվազն մեկ ժամ զբոսանքի, ինչպես նաև գրքերից, թերթերից կամ այլ գրականությունից օգտվելու իրավունք: Նշված կանոններով սահմանվում է նաև (53.ա կանոն), որ մեկուսացված դատապարտյալներին ամենօրյա ռեժիմով պետք է այցելեն, այդ թվում` քրեակատարողական հիմնարկի պետը կամ վերջինիս անունից հանդես եկող անձնակազմի մեկ այլ ներկայացուցիչ[14]:

     ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 108-րդ հոդվածի ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ դրա հիմքում ընկած է ազատությունից զրկված անձի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և ըստ այդմ, ապահովության համապատասխան միջոցներ ձեռնարկելու կարևորությունը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ գործող կարգավորումները ունեն վերանայման կարիք` մասնավորապես մենախցում առանձնացման համար հիմք հանդիսացող հանգամանքների, նման որոշման կայացման պատճառաբանվածության, մենախցում առանձնացվելու մեկանգամյա և ընդհանուր տևողության ժամկետների, մենախցում առանձնացվելու դեպքում դատապարտյալի` նվազագույն երաշխավորման ենթակա իրավունքների շրջանակի և այլ հարակից հարցերի տեսանկյունից:

 

    

Առաջարկվող կարգավորման բնույթը

          Նախագծերով ներկայացվում են հետևյալ հիմնական կարգավորումները.

  • Նախատեսվել է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո անհապաղ կալանավորված անձի կամ դատապարտյալի պարտադիր սկրինինգային հետազոտություն իրականացնելու պահանջ.
  • Ընդլայնվել է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի բովանդակությունը` ընդգրկելով նաև հոգեկան առողջության հարցերը.
  • Նախատեսել են համապատասխան իրավական հիմքեր ինքնասպանության և (կամ) ինքնավնասման ռիսկային խմբին դասվող ազատությունից զրկված անձանց` կյանքից զրկելու կամ վնաս պատճառելու միջոցների հասանելիության բացառման կապակցությամբ.
  • Վերացվել է ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը.
  • Նախատեսվել է իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ.
  • Հստակեցվել են ազատազրկման դատապարտված անձանց մենախցում առանձնացնելու կարգավորումները (ժամկետներ, հիմքեր, իրավունքների շրջանակ և այլն):

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից` Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագետների աջակցությամբ:

 

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախադրյալներ ստեղծել քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության վիճակի գնահատման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ և թիրախային քաղաքականության վարման, դրա համար անհրաժեշտ իրավական և կազմակերպական կառուցակարգերի առկայության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական քաղաքականության որոշ ուղղությունների (օրինակ` մեկուսի պահելու կարգավորումներ և այլն)՝ միջազգային իրավական չափանիշներով առաջադրվող հիմնական պահանջներին համապատասխանության ապահովման համար:

 

[1] Տե՛ս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ 2019 թվականի տարեկան զեկույցը (այսուհետ` ՄՒՊ 2019 թվականի տարեկան զեկույց), հասանելի է` https://ombuds.am/images/files/f6bccc6db65258e28be6f3e093987a15.pdf հղումով, էջ 310, այդ թվում` ԽԿԿ-ի զեկույցի մասով:

[2] Տե՛ս ttps://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae,  էջ 65:

[3] Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի R (98) 71 առաջարկությունն անդամ պետություններին քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման էթիկական և կազմակերպչական ասպեկտների վերաբերյալ, պրեամբուլայի 2-րդ պարբերություն,  https://rm.coe.int/09000016804fb13c:

[4] Տե՛ս Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում մշակված` «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության վիճակի գնահատման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման վերաբերյալ» զեկույցը (այսուհետ` Զեկույցը) էջեր` 21-22, էջ 58:

[5] Տե՛ս ՄՒՊ 2019 թվականի տարեկան զեկույցը, հասանելի է` https://ombuds.am/images/files/f6bccc6db65258e28be6f3e093987a15.pdf հղումով, էջեր` 315-316:

[6] ԽԿԿ-ի մասով տե՛ս ՄՒՊ 2019 թվականի տարեկան զեկույցը, հասանելի է` https://ombuds.am/images/files/f6bccc6db65258e28be6f3e093987a15.pdf հղումով,  էջեր` 305-306:

[7] Տե´ս ՄՒՊ 2019 թվականի տարեկան զեկույց, հասանելի է` https://ombuds.am/images/files/f6bccc6db65258e28be6f3e093987a15.pdf հղումով, էջեր` 307-308:

[8] Տե´ս https://rm.coe.int/pc-cp-2018-15-e-rev-7-post-pc-cp-meeting-7-november-2019-document-with/168098bbab%D6%89, էջ 54:

[9] Տե՛ս https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805d2716։

[10] Տե՛ս https://rm.coe.int/1680696a9c, 128-րդ պարբերություն։

[11] Այս մասին տե´ս Զեկույցը, էջ 45:

[12] Տե՛ս  https://rm.coe.int/1680696a88, 54-րդ կետ։

[13] Տե՛ս  The United Nations Standard Minimum Rules for the Treatment of Prisoners, (the Nelson Mandela Rules), հասանելի է` https://www.unodc.org/documents/justice-and-prison-reform/Nelson_Mandela_Rules-E-ebook.pdf հղումով:

[14] Տե՛ս  https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016809ee581:

  • Обсуждалось

    19.08.2020 - 08.09.2020

  • Тип

    Закон

  • Область

    Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5762

Принт

Предложения

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

08.09.2020

1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը: Գուցե վրիպակ է, բայց, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «6-րդ կետ» չունի: ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ 2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ազատազրկման դատապարտված անձի դիմումով նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում դատապարտյալը կարող է առանձնացվել մենախցում:» Սույն դրույթի բառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ ազատազրկման դատապարտված անձը կարող է իր դիմումի համաձայն մենախուց տեղափոխվել, եթե' • նրա անձնական անվտանգությանն է վտանգ սպառնում, • խցակիցների անձնական անվտանգությանն է վտանգ սպառնում: Հոդվածի առաջին կետով նախատեսված հիմքը պարզ է և արդարացված կյանքի և անձի անձեռնմխելիության իրավունքների համատեքստում, իսկ երկրորդ կետով նախատեսված հիմքը, որը նաև ամրագրված է գործող Օրենսգրքում, կարծում ենք, որ չի բխում իրավական որոշակիության սկզբունքից: Իրավական որոշակիության սկզբունքին է անդրադարձել ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ- 1176, ՍԴՈ-1213). «....իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «....իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում' իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»: 3. Իրավական որոշակիության խնդիր է առաջանում նաև Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող «Դատապարտյալը կարող է մենախցում առանձնացվել ոչ ավել, քան անընդմեջ տասնհինգ օր: Նշված ժամկետը լրանալուց առնվազն երկու օր առաջ դատապարտյալի կողմից նոր դիմում ներկայացնելու պարագայում մենախցում առանձնացման տևողությունը քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում' տեղակալի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել ևս տասնհինգ օրով, բայց ոչ ավել, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ:» դրույթի կիրարկման պարագայում: Այսպես. Նախագծով առաջարկվում է դատապարտյալի' մենախցում առանձնացվելու 15-օրյա ժամկետ, որը հնարավոր է երկարաձգել ևս 15 օրով: Բավականաչափ պարզ և ընկալելի չէ, հետևապես նաև շփոթություն է առաջացնում առաջարկվող նորմի « կարող է երկարաձգվել ևս տասնհինգ օրով, բայց ոչ ավել, քան մեկ տարվա ընթացքում 6 անգամ» բովանդակությունը: Նախագծի «Հիմնավորումներ» բաժնում, որպես դատապարտյալին մենախցում առանձնացնելու ժամկետի որոշման իրավական հենասյուն, հղում է արված Նելսոն Մանդելայի կանոններին և Եվրոպական բանտային կանոններին, սակայն, հիշյալ երկու փաստաթղթերում որևէ դրույթ ամրագրված չէ դատապարտյալին մենախցում առանձնացնելու 15-օրյա ժամկետը մեկ տարվա ընթացքում անհրաժեշտությամբ պայմանավորված որևիցե անգամ ավելացնելու ողջամտության մասին: «Հիմնավորումներ» բաժնում նաև անդրադարձ չի կատարվել դատապարտյալին մենախցում առանձնացնելու ժամկետը մեկ տարվա ընթացքում 6 անգամ երկարաձգելու նպատակահարմարության վերաբերյալ փորձագիտական վերլուծություն կամ այլ հիմք: Ավելին, թյուրըմբռնում է առաջացնում նաև այն հարցը, թե Նախագծի հեղինակն ինչ հիմք է ծառայեցրել դատապարտյալի մեկուսացման ժամկետը հենց մեկ տարվա ընթացքում առավելագույնը 6 անգամ երկարաձգելու մասին նորմ սահմանելու համար: Առաջարկում ենք, որ առավել նպատակահարմար կլինի Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող դրույթը կառուցել ավելի բազմակողմանի և խորը հիմքերի վրա։ 4. Բացի այդ, Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջից' հետևյալ պատճառաբանությամբ. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Օրենսդրական ակտերի հոդվածներն ունենում են վերնագրեր....: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:....» ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 108-րդ հոդվածի վերնագիրն է' «Ցմահ ազատազրկման դատապարտված անձի' պատիժը կրելու առանձնահատկությունները»։ Հոդվածի վերնագիրը համապատասխանում է բովանդակությանը: Իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը բովանդակային մասով իրավակարգավորման շրջանակ է ձևավորում ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, այլ ընդհանրապես ազատազրկման դատապարտված անձանց համար այն դեպքում, երբ Օրենսգրքի խնդրո հոդվածի վերնագրի փոփոխությանը որևիցե անդրադարձ չի կատարվել: Այսինքն՝ գործող Օրենսգրքի խնդրո հոդվածի վերնագիրը չի համապատասխանում նույն հոդվածի՝ Նախագծով առաջարկվող բովանդակությանը և, այդ իմաստով, նույնպես ենթակա է փոփոխության։ 5. ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի № 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ Նախագծով առաջարկվում է Որոշմամբ հաստատված հավելվածի 227-րդ կետում «գտնվող» բառից հետո լրացնել «անչափահաս» բառը: Գործող Որոշման 227-րդ հոդվածի համաձայն' կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող կալանավորված անձը կամ դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում: Կարծում ենք, որ Նախագծի հեղինակը մոռացել է ներառել «և» համադասական շաղկապը, այլապես, ստացվում է, որ առաջարկվող նորմը կիրառելի է դառնալու բացառապես կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, հակառակ պարագայում, Նախագծով առաջարկվող դրույթը չի բխում ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջից։ Հետևապես, առաջարկում ենք վերանայել նախագծային դրույթը։

Узнать больше