Добавить в избранное

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1 Ներկայացված օրեսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը  պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմանը: Ոչ լիարժեք և հստակ սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները քաղաքաշինության բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինը հակասում է լիցենզավորման գործընթացի օրենքով սահմանված նպատակներին:

1.2 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 1): Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաև այդ իրավունքը հավաստող պաշտոնական փաստաթուղթ («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 3): Լիցենզավորման գործընթացը՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ,  իրականացվում է պետական մարմնի կողմից՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 3): Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 7): Լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն  օրենքով և լիցենզավորման կարգերով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հակայաստանի Հանրապետության կառավարությունը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 10):

1.3 Գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները՝

1) Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջոց աշխանքների),

2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջոց աշխանքների),

3) Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

4) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող`300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

5) Ինժեներական հետազննում,

6) Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

1.4 Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կիրարկումն ապահովվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  հետևյալ որոշումներով՝

       1)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  N777-Ն,

       2)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N775-Ն,

       3)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N788-Ն,

       4)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և ձևը հաստատելու մասին» N774-Ն,

       5)ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1533-Ն,

       6)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամն զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N855-Ն:

1.5 Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պայմաններ («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 13): Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության, ինժեներական հետազննման, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության տեսակների համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ:

1.6 Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը լիցենզավորման գործընթացի ապահովման ընթացքում բախվել է մի շարք խնդիրների, որոնց համակարգային լուծումները հնարավոր է ապահովել միայն սույն օրենսդրական նախագծով ներկայացված իրավակարգավորումների առկայության դեպքում: Քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերով սահմանված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև օրենքով նախատեսված պահանջները հակասում են լիցենզավորման գործընթացի սկզբունքներին և նպատակներին: «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս այլ նպատակների, սահմանում է, որ գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակն է անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը: Հետևաբար լիցենզավորման գործընթացը ապահովող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և պայամները սահմանելիս պետք է ապահովվեն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները: Այնուամենայնիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված որոշակի չափորոշիչների:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են։ Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սակայն ներկայումս Հայաստանի Հանրապաետության կառավարության կողմից  չի ընդունվել որևէ նորմատիվ իրավական ակտ, որով կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կարգը։ Նպատակահարմար ենք գտնում, որ շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքները իրականացվեն միայն քաղաքաշինության բնագավառում համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից`քանի որ բոլոր տեսակի շինությունները պետք է համապատասխանեն ՀՀ գործող նորմատիվ-տեխնիկական պահանջներին։ Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ապահովման համար գործող իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում ի հայտ են եկել հետևյալ խնդիրները.

1.7 Լիցենզավորված իրավաբանական անձին լիցենզիային կից տրամադրվող ներդիրների իրավաչափությունը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են լիցենզիային կից ներդիրի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Համաձայն գործող իրավակարգավորումների լիցենզիային կից դրամադրվում է ներդիր, եթե լիցենզիայի տրամադրման համար նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ, տեխնիկական որակավորման պահանջ կամ լիցենզավորման կարգերով սահմանված այլ պահանջներ և պայմաններ: Լիցենզավորող մարմնի կողմից նշված պահանջների բավարարումը հավաստվում է լիցենզային կից տրամադրվող ներդիրի միջոցով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ: Գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված են քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթեր ինժեներական բաժինների մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և շինարարության իրականացման համար մասնագիտական որակավորման պահանջ նախատեսված չէ: Սակայն նշված գործունեության տեսակների լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջներ:

1.8 Լիցենզիային կից ներդիրները սահմանում են լիցենզավորման ենթակա գործունեության ոլորտներ: Մասանվորապես. շինարարության իրականցման և շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման  համար լիցենզիային կից տրամադրվում է թվող հինգ տեսակի ներդիրներ՝ 1)բնակելի, հասարակական և արտադրական, 2)տրանսպորտային, 3)հիդորտեխնիկական, 4)էներգետիկ, 5)կապի: Գործող կարգավորումները ենթադրում են, որ լիցենզավորված անձը նշված գործունեությունները կարող է իրականացնել միայն թվարկված ոլորտներում: Սակայն ըստ էության իրավաբանական անձին տվել է պաշտոնական իրավունք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու համար: Հետևաբար նրանց տրված իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել նշված ոլորտներից որևէ մեկով: Բացի այդ ՀՀ գործող որևէ իրավական ակտով սահմանված չէ նշված ոլորտների օբյեկտների վերաբերյալ որևէ իրավակարգավորում:

Փաստացի ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N855-Ն որոշումը չի կիրառվում, քանի որ լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման գնահատման այլ պահանջ: Նշված պահանջները համապատասխանում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին (անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով): Սակայն քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման կարգերում որպես մասնագիտական որակավորման պահանջ սահմանված է մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի և աշխատանքային ստաժի միաժամանակյա պահանջ: Ըստ էության լիցենզավորման կարգերով նախատեսված պահանջը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանաված կարգավորումներին, քանի որ մասնագիտական որակավորման փաստը կարող է հավաստվել կամ լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթով, կամ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթով: Բացի այդ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և շինարարության իրականացման համար մասնագիտական որակավորման պահանջ նախատեսված չէ:

1.9 ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտմեբերի 6-ին ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ, որպես հարակից օրենքում փոփոխություն, փոփոխություն է իրականացվել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, համապատասխան որի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» լիցենզիան փոխարինվել է երկու տարբեր գործունեության լիցենզիաներով. «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» և «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»։ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով «Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպության ստեղծումից վեց ամիս անց դադարեցվել  են նախկինում քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» բնագավառի լիցենզիաները: ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոսնտրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիաների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատվել է տվյալ գործունեության տեսակների լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ սահմանված պահանջների: «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոփոխությունները հակասում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին: Համաձայն գործող օրենսդրության՝ քաղաքաշինական փաստաթղթերը հանդիսանում են քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց՝ կարգավորելով քաղաքաշինական սուբյեկտների միջև հարաբերությունները։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում՝ առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն փաստը, որ իրավաչափ չէ պետական կարգավորման միջոց հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերի մասնակի  մշակումը ներառել լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում,  քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի բոլոր բաժինների մշակումն ուղղակի առնչություն ունի անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանմանը։ Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության արդյունքում առաջացած ռիսկերը հնարավոր է կառավարել միայն պատշաճ փորձաքննության միջոցով:

Առաջացած խնդրի վերաբերյալ կազմակերպվել են բազմաթիվ հանրային քննարկումներ, որոնց արդյուքնում սույն օրենսդրական նախագծով շեշտադրումն իրականացվել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման արդյունավետության բարձրացման վրա:

1.10 Գործող լիցենզավորման կարգերը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները լիարժեք չեն ապահովում լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը և չեն նպաստում քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, չեն տարանջատում տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները: Այս պարագայում հնարավոր չէ ապահովել սպառողների իրավուքների պաշտպանությունը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը: Հստակ սահմանված որակավորման պահանջների բացակայության պայմաններում  լիցենզիաների տրամադրումը դառնում է ինքնանպատակ և հնարավորություն չի ընձեռում ապահովել պատշաճ վերահսկողություն: Լիցենզավորման կարգերով հաշվի չի առնվում քաղաքաշինական գործունեության օբյեկների բարդությունը, և ոչ լիարժեք սահմանված լիցենզավորման պայմանները ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման նպատակներին։ 

Ներկայումս գործող իրավական ակտերի կարգավորումների համաձայն՝ լիցենզավորված սուբյեկտին թույլատրվում է իրականացնել ցանկացած բարդության և ռիսկայնության աստիճան ունեցող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և/կամ փորձաքննության կամ շինարարական աշխատանքների իրականացման գործառույթներ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է անորակ աշխատանքների կատարաման կամ ծառայությունների մատուցման և կարող է ունենալ ծանր հետևանքներ:

1.11 1998 թվականի մայիսի 5-ի խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 ՀՀ օրենքի (ստորագրվել է 1998 թվականի մայիսի 26-ին, ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 9-ին) 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «զ» կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտի շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողությունը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Վկայակոչված օրենսդրական դրույթի կիրարկումը ապահովվել է  1998 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Քաղաքաշինության նախարարության  «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրամանով:  Համաձայն N 44  հրամանի 1.1 կետի՝ հրահանգը կարգավորում է ՀՀ տարածքում կառուցապատողների կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Նույն հրամանի 3.1 կետով սահմանվում է, որ Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողությունը լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով:  Նույն հրամանը սահմանում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կամ մասնագետների իրավունքները և պարտականությունները: 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՕ-494-Ն ՀՀ օրենքի (ստորագրվել է 2003 թվականի հունվարի 11-ին, ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 23-ին) 5-րդ հոդվածի համաձայն խմբագրվել է 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ սահմանելով, որ Կառուցապատողները պարտավոր են ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ օրենքով սահմանված կարգով: 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՕ-494-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվել է 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանելով, որ քաղաքաշինական սուբյեկտների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով: Նշված փոփոխությունների արդյուքնում առաջացել է օրենսդրական բաց, որի արդյունքում գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով բացակայում են անհրաժեշտ իրավակարգավորումները շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգի վերաբերյալ:

1.12 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:»: Սակայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրք է սահմանվել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզիայի ներդիրների համար:

 

2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումները.

2.1 Սույն օրենսդրական փաթեթով որպես առաջին հիմնական նպատակ առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և գործող կարգավորումներում կատարել խմբագրություն: Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են՝

       1) Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում,

       2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       3) Շինարարության իրականացում,

       4) Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն,

       5) Ինժեներական հետազննում,

       6) Շենքերի և շինությունների տեխնիկական զննություն:

Քանի որ շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը, շենքերի և շինությունների տեխնիկական զննությունն ու ինժեներական հետազննումը իրականացվում է հաստատված կարգերի և մեթոդաբանութունների հիման վրա, ինչպես նաև կոնկրետ պատասխանատու անձանց միջոցով,  նպատակահարմար է նշված ծառայությունների մատուցման համար տրամադրել  ինժեներական ծառայությունների մատուցման մեկ լիցենզիա: Լիցենզավորված սուբյեկտը նշված գործունեությունները կարող է իրականացնել, եթե լիցենզիայի անբաժան մաս հանդիսացող ներդիրում առկա է համապատասխան գրառում գործունեության համար պատասխանատու անձի վերաբերյալ: Հետևաբար ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ լիցենզիայի տեսակները՝

       1) Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում,

       2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       3) Շինարարության իրականացում,

4) Ինժեներական ծառայությունների մատուցում:

Օրենսդրական նախագծով լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակների համար նախատեված է մասնագիտական որակավորման պահանջ: Լիցենզավորված սուբյեկտը լիցենզավորման ենթակա գործունեությունը կարող է իրականացնել միայն պատասխանատու անձի միջոցով, որի վերաբերյալ տեղեկատվությունը  պարտադիր կարգով ամրագրվում  է լիցենզիային կից ներդիրում:

2.2 Ներկայացված օրենսդրական նախագծի երկրորդ հիմնական նպատակն է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային դաշտ, ինչպես նաև բարձրացնել  մասնագիտական որակավորման պահանջներն ու պատասխանատվությունը: Այդ նպատակով  նախատեսվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բաժանել ըստ հինգ ռիսկայնության աստիճանի (կատեգորիաների)՝

       1) ցածր ռիսկայնության օբյեկտներ (I կատոգորիա),

       2) միջին ռիսկայնության օբյետկներ (II կատեգորիա),

       3) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (III կատեգորիա),

       4) բարձր ռիսկայնության օբյեկտներ (IV կատեգորիա),

       5) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (V կատեգորիա):

Տարբեր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների շինարարության իրականացման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կամ այլ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար  լիցենզավորման կարգով նախատեսվում է սահմանել տարբեր պայմաններ և պահանջներ: Իրավական որոշակիության ապահովման նպատակով ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվել է խմբագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ սահմանելով  քաղաքաշինական օբյեկտների  դասակարգումը, բացառությամբ պաշտապանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  Սույն օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է  լիցենզավորման գործընթացը կանոնակարգող տարբեր տարիներին ընդունված և ներկայումս գործող ենթաօրենսդրական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.07.2009թ. N777-Ն, 02.07.2009թ. N775-Ն, 20.07.2009թ. N788-Ն, 02.07.2009թ. N774-Ն, 27.12.2018թ. N1533-Ն որոշումներ) միավորել՝ սահմանելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման մեկ միասնական կարգ:

2.3 Ներկայումս քաղաքաշինական գործունեության  օբյեկտների  դասակարգումը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման Հավելված 4-ով: Ներկայացված օրենսդրական նախագծի երրորդ հիմնական նպատակն է ամբողջությամբ վերանայել գործող ցանկը՝ սահմանելով ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը և այլ շինարարական աշխատանքների տեսակներ, որոնց համար չի պահանջվելու շինարարության թույլտվություն: Միաժամանակ ներկայացված օրենսդրական նախագծով առաջարվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի, ՀՀ Կառավարությունը լիազորվում է սահմանել այն քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը, որոնց համար չի պահանջվի լիցենզիա:

2.4 Օրեսդրական նախագծի չորրորդ հիմնական նպատակն է կարգավորել  շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության հետ կապված հարաբերությունները: Գործող կարգավորումների համաձայն շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը իրականացվում է երկու առանձին սուբյեկտների կողմից:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետով սահմանվում է, որ կառուցապատողը պարտավոր է ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ օրենքով սահմանված կարգով: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ շինարարութան որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները հանդիսանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտ և նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով: Սակայն քաղաքաշինության գործունեության սուբյեկտ հանդիսացող շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազամակերպությունների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ «Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով համապատասխան կարգավորումները բացակայում են:

Գործնականում քաղաքաշինության սուբյեկտի կողմից  շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության հրահանգ» N 44 հրամանի համաձայն: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» ենթակետով սահմանվում է, որ նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Կառավարությունը: Գործնականում քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից հեղինակային հսկողությունն իրականացվում է հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 143 հրամանի համաձայն: Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաև հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից ծառայությունների մատուցումն իրականացվում է  կառուցապատողի հետ կնքած երկկողմ պայմանագրի հիման վրա:  Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագիծ մշակողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։ Ի տարբերություն շինարարության որակի տեխնիկական հսկողության, գործող օրենսդրական կարգավորումներով հեղինակային հսկողության իրականացումը համարվում է ոչ լիցենզավորված գործունեություն։

ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի N143 հրամանի 4.5 կետի համաձայն՝ հեղինակային հսկողություն իրականացնողը հետևում է քաղաքաշինական օբյեկտի իրականացման համապատասխանությանը հաստատված նախագծի պահանջներին և պայամաններին։ ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի  ապրիլի 28-ի  N 44 հրամանի 2.1 կետի համաձայան՝ տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով: Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտը հսկողական ստուգման միջոցով պարզում է արդեն կատարված շինմոնտաժային աշխատանքների համապատասխանությունը նախագծային լուծումների, շինարարական նորմերի ու կանոնների հետ:

Վերոնշյալ իրավական ակտերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող սուբյեկտները քաղաքաշինական օբյեկտի շինարարության ընթացքում իրականացնում են նույն գործառույթը՝ հետևում են, որպեսզի շինարարություն իրականացնող սուբյեկտը պահպանի նախագծային փաստաթղթերով տրված լուծումներն ու պահանջները։

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի  1998 թվականի սեպտեմբերի 28-ի  N 143 հրամանի 4.3 կետի համաձայն՝ կառուցապատողը հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության հետ կարող է կնքել շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու պայմանագիր, եթե սուբյեկտն ունի համապատասխան լիցենզիա։

ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության հրահանգ» N 44 հրամանի 2.1 կետը սահմանում է, որ տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների  նախագծային ծավալների ստուգումներով և փորձարկումներով։ Փորձարկումը լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների գործիքների և մեխանիզմների օգնությամբ, կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի կրողունակության, ամրության, տարբեր տեսակի մեկուսացման, ինչպես նաև այլ ֆիզիկամեխանիկական և տեխնիկական հատկությունների ստուգումն է նախագծի պահանջների և նորմերի հետ համեմատելու նպատակով:

Թվարկված գործառույթներից առավել խնդրահարույց է փորձարկումը, քանի որ շինարարության ընթացքում կիրառվող շինարարական նյութերի փորձարկումները հիմնականում կատարվում են լաբորատոր պայմաններում։ Գործնականում փորձաքննության ենթակա շինարարական նյութերը փորձարկվում են ոչ թե շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտի կողմից, այլ իրականացվում են  անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ լաբորատոր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջոցով։

Լաբորատոր փորձաքննության ենթակա շինարարական նյութերի փորձաքննության դեպքերը սահմանվում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, իսկ տեղում իրականացվող փորձարկումները սահմանվում են հաստատված մեթոդաբանական ցուցումներով։

Շինարարության ընթացքում անհարկի վարչարարության և կրկնվող գործառույթները բացառելու նպատակով սույն օրենսդրական փաթեթով առաջարվում է սահմանել շինարարության արտադրության նկատմամաբ հսկողության մեկ գործառույթ՝ գործածությունից հանելով շինարարության որակի տեխնիական հսկողությունը և հեղինակային հսկողությունը։

Շինարարության արտադրության նկատմամբ հսկողություն կարող է իրականացնել նախագծային փաստաթղթերը մշակող քաղաքաշինական սուբյեկտը։ Շինարարական աշխատանքներ իրականացնող սուբյեկտը չի կարող իրականացնել շինարարության նկատմամաբ հսկողություն։

Սույն օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է Կառավարությանը ներկայացնել շինարարական աշխատանքների  նկատմամբ հսկողության կարգը, և  փոփոխություններ ու լրացումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարության արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանում։

2.5 Ներկայացված օրենսդրական նախագծի հինգերորդ հիմնական նպատակն է ապահովել ինչպես սկսնակ, այնպես էլ գործող տնտեսվարող սուբյեկտների ոլորտում ազատ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը՝ սկսնակներին առաջարկելով  սկսել գործառույթները ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներից: Սահմանված է պետական տուրքի դրույքաչափ,  որը տրվող լիցենզիայի համար չի գերազանցում ներկայումս գործող յուրաքանչյուր գործունեության տեսակի լիցենզիայի բոլոր ներդիրների դրույքաչափերի միասնական գումարին: Ուստի սահմանված պետական տուրքի դրույքաչափերի մասով համեմատական կարգով վերլուծություն կարելի է կատարել միայն ցածր և միջին ռիսկայնության աստիճանի լիցենզիաների համար: Միջինից բարձր, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի լիցենզիաների համար վերլուծություն կատարել հնարավոր չէ, քանի որ առկա լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների դասակարգումը չի համապատասխանում առաջարկվող դասակարգման հետ և ընդհանուր առմամբ կախված է օրենքի կիրարկումից: Առաջարկվող իրավակարգավորումների արդյունքն ընդհանուր առմամբ անկանխատեսելի է՝ ինչպես երևում է ստորև ներկայացված վերջին տարիներին իրականացված հիմնական գործառույթներից, ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքերից ու կանխատեսումներից:

Տրամադրվել է. 2016 թվականին՝ 209 լիցենզիա և 434 ներդիր, 2017 թվականին՝ 236 լիցենզիա և 503 ներդիր, 2018 թվականին՝ 204 լիցենզիա և 367 ներդիր, 2019 թվականին՝ 473 լիցենզիա և 1214 ներդիր:

Դադարեցվել է. 2016 թվականին՝ 94 լիցենզիա և 175 ներդիր, 2017 թվականին՝  97 լիցենզիա և 178 ներդիր, 2018 թվականին՝ 81 լիցենզիա և 167 ներդիր, 2019 թվականին՝ 60 լիցենզիա և 124 ներդիր:

Որպես տարեկան պետական տուրք և տույժ 2016-2019 թվականներին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտք է եղել համապատասխանաբար՝ 324, 43 մլն, 344,65 մլն, 322,73 մլն և 355,08 միլիոն ՀՀ դրամ, իսկ որպես կանխատեսում եղել է՝ 339,50 մլն, 343,58 մլն, 326,88 մլն և 347,10 միլիոն ՀՀ դրամ:

2.6 Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարվում է նոր լիցենզայի տեսակներ, որոնք էականորեն տարբերվում են նախկինում տրված լիցենզիաներից: Ինչպես նշվեց, կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, լիցենզավորման կարգերով նախատեսվելու է տարբեր պայմաններ և պահանջներ, բացառությամբ առաջին կարգի քաղաքաշինական գործունեության ռիսկայնության օբյեկտների: Լիցենզավորման կարգով նախատեսվելու է, որ ցածր ռիսկայնության օբյեկտների համար լիցենզավորվող սուբյեկտը պետք է ներկայացնի միայն տվյալ գործունեության համար պատասխանատու անձանց:

Քանի որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված լիցենզիաները, ապա ներկայակայած օրենսդրական առաջարկով ամրագրված են համապատասխան անցումային դրույթեր, որոնք նախատեսված են մինչև օրենքների ուժի մեջ մտնելը: Քաղաքաշինական գործունեության սուբյեկտի կողմից շինարարություն կարող է իրականացվել միայն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից, սահմանված կարգով, տրված շինարարաության թույլտվության հիման վրա: Շինարարության իրականացման հիմք  հանդիսացող ճարտարապետաշինարարական փաստաթղթերով նորմատիվային տվյալների հիման վրա հաշվարկվում է շինարարության տևողությունը (շինարարության նորմատիվային տևողություն): Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերի հաշվարկված ժամկետի չափով: 

Կառաարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման Հավելված 1-ի 111-րդ կետի համաձայն՝ նոր կառուցվող  շենքերի, շինությունների համար շինարարության ավարտի ժամկետը՝ ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի նախագծային փաստաթղթերում նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շինարարության թույլտվությամբ՝ կառուցապատողի հայեցողությամբ, սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը: Ուստի  առաջարկվող օրենսդրական նախագծով մինչև նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելը տրված շինարարության թույլտվությունների հիման վրա ստանձնած պարտավորությունների մասով քաղաքաշինական սուբյեկտի համար նոր լիցենզիա չի պահանջվում: Հետևաբար նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելու պահից տնտեսվարող սուբյեկտը չի կարող նոր շինարարություն սկսել նախկինում տրված լիցենզիաներով:  Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե շինարարություն իրականացնող կամ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող  սուբյեկտը չունի համապատասխան կատեգորիայի լիցենզիա, ապա տեղական ինքնակառավարման մարմնի կողմից չի տրամադրվի շինարարության թույլտվություն:

Սույն օրենսդրական նախագծի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության հաստատմանը կներակայացնի շինարարական աշխատանքների նկատմամաբ հսկողության կարգը, որով պետք է կարգավորվեն Կառուցապատողի, շինարարություն իրականացնող կազմակերպության, շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնող կազմակերպության և պետական տեսչական մարմնի գործառույթները:

 

3. Ակնկալվող արդյունքը.

 

3.1 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

3.2 Լիցենզավորված գործունեության իրականացման համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտին տրվելու է մեկ լիցենզիա մեկ անբաժան ներդիրով: Արդյունքում լիցենզավորված սուբյեկտն ազատվում է անհարկի վարչարարությունից և պատասխանատու անձի փոփոխման դեպքում բավարար է փոփոխություն իրականացնել տրամադրված լիցենզիայի ներդիրում:

3.3 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, վերարտադրման ռիսկերի կրճատմամբ, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշությամբ`լիցենզավորման տարբեր փուլերում հնարավորինս շրջանցելով  քաղաքաշինական սուբյեկտների միջև անմիջական շփումը:

3.4 «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենքերի և շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:

3.5 Ոչ պակաս կարևոր հանգամանք է ներկայացնում, ըստ ոլորտների մասնագետների որակավորման բարելավմանն ուղղված այնպիսի՛ միջոցառումների իրականացումը, որոնք որևէ կերպ չեն վտանգի կառուցապատվող միջավայրի անվտանգությունը, կայունությունն ու հուսալիությունը:

Լիցենզավորման համակարգում կներդրվի քաղաքաշինության բնագավառում միասնական ռեեստրի ստեղծման, կառուցվածքի վարման և մոնիթորինգի իրականացման համակարգը, որը ուղված կլինի նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2019-2022 թվականների «4.3 Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում» գլխի միջոցառումների ծրագրի կատարմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում և մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում (Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն, 02.07.2009թ. N 777-Ն, 02.07.2009թ. N 775-Ն, 20.07.2009թ. N 788-Ն, 02.07.2009թ. N 774-Ն, 27.12.2018թ. N 1533-Ն 23.07.2009թ. N 855-Ն որոշումներում)

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

  • Обсуждалось

    12.08.2020 - 27.08.2020

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7704

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

3. Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվում են ոլորտի նորմեր, որոնք կամ ներկայացվում են ՌԴ նորմերի ռուսերեն լեզվով տարբերակով կամ ՌԴ նորմերի հիման վրա որոշակի լրամշակված տարբերակով: Սակայն, հաշվի չառնելով, որ ՌԴ-ում 2009թ–ից ոլորտում լիցենզիաները փոխարինվել են արտոնագրերով, ՔԿ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ում նորից վերադառնանք լիցենզիաների:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

2. Հատկանշական է, որ այս անգամ, առավել բարդացնելով վիճակը, առաջարկվում է երեք տեսակի լիցենզիաները միավորել մեկ անվան ներքո: Այսինքն, <<Շինարարության որակի տեխնիկական հսկողություն>>, <<Ինժեներական հետազննում>>, <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզիաների տեսակները պետք է միավորվեն <<Ինժեներական ծառայությունների մատուցում>> տեսակում: Նման մոտեցումը մասնագիտական և տրամաբանական հիմնավորումներից զուրկ լինելու մասին ներկայացրել ենք https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում: Կարելի միայն է ավելացնել, որ Ինժեներական հետազննում իրականացնողին ամրանի կամ բետոնի տվյալները որոշող գործիքները ունենալու պարտադրանքը ո՜չ մասնագիտական և ո՜չ էլ տրամաբանական մոտեցում է:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.08.2020

1. Սույն նախագիծը, ըստ էության, երրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և հիմնավոր հակափաստարկներ չներկայացվեցին, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest և https://www.e-draft.am/projects/1964/digest կայքի էջերում առաջարկում ենք կրկին անգամ քննարկման առարկա դարձնել ՀԿ-ի կարծիքները:

Узнать больше