Добавить в избранное

В стадии разработки

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։ Սակայն իրավական կարգավորման նման պայմաններում գործի գրավոր քննության ընթացակարգը գործնականում կիրառություն չի գտնում՝ չծառայելով օրենսդրի հետապնդած նպատակներին։ Ընդահանրապես գրավոր դատաքննության կիրառումը հնարավորություն է տալիս թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը այն գործերի գրավոր քննության միջոցով, որոնք իրավական կամ փաստական առումով բարդություն չեն ներկայացնում։ Այս առումով գրավոր դատաքննության ընթացակարգը նախընտրելի միջոց է վարչական գործերի արդյունավետ և արագ քննությունն ապահովելու համար։

Գործի քննության գրավոր ընթացակարգը բարելավելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները, որոնցով նախատեսված տուգանքի չափը չի գերազանցում 5.000 ՀՀ դրամը։ Պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվա­վեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վարչական գործերը հարուցվում են գլխա­վորապես ֆիզիկական անձանց կողմից (91.5%) ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստի­կանության[1]: Ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառում կայացված վարչական ակտերի շարքում հատկապես մեծ թիվ է կազմում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի վիճարկումը։

Միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է պարզեցված վարույթը վարչական դատավարությունում ներդնելու արդի միտումները: Այսպես, Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության հարցերի եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից նշվել է, որ վարչական դատավարության արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցներից է վարչական գործերով պարզեցված վարույթի նախատեսումը: Պարզեցված վարույթը կարող է հանդես գալ տարբեր ձևերով՝ դատական ակտի կայացում՝ առանց դատական լսումների կամ միայն դատավորի մոտ լսումների միջոցով, դատական ակտի կայացում միանձնյա դատավորի կողմից, արագացված ընթացակարգ, պարզեցված դատական ակտ և այլն։ Ընդ որում, հանձնաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից 19-ը վարչական դատավարությունում ամրագրել են պարզեցված վարույթ: Այս կապակցությամբ վիճակագրությունը ցույց է տվել, որ վարչական գործերով պարզեցված վարույթը հիմնականում կիրառվում է նախազգուշացման կամ տուգանքի դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրավախախտումն արձանագրվել է լուսանկարահանող կամ տեսանկարահանող սարքերով[2]:

Գործերի քննության գրավոր ընթացակարգի կիրառումը լայնորեն տարածված է միջազգային պրակտիկայում և անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու պարագայում ընդունելի դատավարական կառուցակարգ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածից բխում է բանավոր դատաքննության իրավունքը։ Եթե գործի քննությունը իրականացվում է միայն մեկ ատյանի դատարանում, սկզբունքորեն գործի քննությունը պետք է իրականացվի բանավոր ընթացակարգով[3]։ Սակայն այս սկզբունքից առկա են բացառություններ։ Այդպիսի բացառություններ կարող են կազմել որոշակի խումբ գործեր։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում բանավոր դատաքննության պահանջի պահպանվածությունը ստուգելիս բավականին ճկուն է և յուրաքանչյուր գործով, ըստ կոնկրետ հանագամանքների, ստուգում է բանավոր դատաքննության անհրաժեշտությունը (փաստական և իրավական հարցերի պարագայում)։ Այս առումով, պետությունները իրավունք ունեն դիտարկելու արդյունավետության և ժամանակի խնայողության պահանջները, որպեսզի դատավարությունը արագ իրականացվի[4]։ Ըստ Եվրոպական դատարանի՝ բանավոր դատաքննության անհրաժեշտությունը բացակայում է, եթե դատարանը պետք է որոշում կայացնի միայն իրավական հարցերի վերաբերյալ, որոնք առանձնապես բարդություն չեն ներկայացնում[5]։ Եվրոպական դատարանը բացառություն է սահմանել նաև այն վեճերի մասով, որոնց լուծումը առավելապես տեխնիկական բնույթ է կրում: Օրինակ, այդպիսին են համարվում սոցիալական ապահովագրության հետ կապված հայցերը, քանի որ այդպիսի վարույթը գերազանցապես տեխնիկական բնույթ է կրում, կապված է թվերի հետ և գործի ելքը մեծապես կախված է բժշկական գրավոր եզրակացության արդյունքներից։ Նման դեպքերում պետությունները կարող են արդյունավետության, տնտեսավարման և արագության պահանջներին նախապատվություն տալ[6]։ Հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումների դեպքում ևս բանավոր դատաքննությունը որոշակի հանգամանքների պահմանման պարագայում կարող է անհրաժեշտ չլինել[7]։

«Յուսսիլան ընդդեմ Ֆինլանդիայի» գործով Եվրոպական դատարանը հիշեցնում է, որ «բանավոր դատաքննություն անցկացնելու պարտականությունը բացարձակ չէ։ Այն կարող է բացակայել այն դեպքերում, երբ փաստերը կամ վկաների ցուցմունքերի անժանահավատությունը անվիճելի է, և դատարանները կարող են գրավոր նյութերի և դատավարության մասնակիցների գրավոր բացատրությունների հիման վրա արդարացի և հավասարակշռված որոշում կայացնել։ Թեև քրեաիրավական ոլորտում բանավոր դատաքննություն անցկացնելու պահանջները ծայրահեղ բարձր են, այդուհանդերձ առկա են իրավիճակներ, երբ «քրեական մեղադրանքին» տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։ Խոսքը վերաբերում է այն ոլորտներին, որոնք ավանդաբար «քրեական իրավունք» կատեգորիային չեն պատկանում։ Այդպիսիք են ֆինանսական և վարչական պատիժները, ինչպես նաև մաքսային և մրցակցային գործերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոք բերող անձին բավարար հնարավորություն է տրվել գրավոր ներկայացնելու իր հարկային գործը և ներկայացնելու իր դիրքորոշումը՝ արդարացի քննության պահանջները դրանով իրացված են համարվել և բանավոր դատաքննություն նշված դեպքում հարկավոր չի համարվել։ Ուստի բացակայում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը»[8]։

Իսկ «Պոնկան ընդդեմ Էստոնիայի» գործով Եվրոպական դատարանը նշում է, որ բանավոր դատաքննություն կարող  է չպահանջվել, եթե գործի քննությունը կապված չէ այնպիսի փաստերի կամ իրավական հարցերի հետ, որոնք հնարավոր չէ պատշաճ ձևով քննել գործի նյութերի և կողմերի գրավոր բացատրությունների հիման վրա[9]։ Եվրոպական դատարանը կարևորում է նաև բանավոր դատաքննություն կիրառելու վերաբերյալ կողմերի միջնորդություն ներկայացնելու իրավունքը, եթե նույնիսկ դատարանը կարող է մերժել այդպիսի միջնորդությունը[10]։ Նմանապես Եվրոպական դատարանը մեծ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ դատավարության մասնակիցները զրկված չեն եղել բանավոր դատաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից և որ այն մերժելու մասին դատարանի որոշումը եղել է պատճառաբանված[11]։

Վարչական դատավարությունում գործերի քննության գրավոր ընթացակարգ է ամրագրված նաև մի շարք եվրոպական երկրներում։

Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է առանց բանավոր դատաքննության գործը լուծել դատական որոշման միջոցով, եթե գործը իրավական կամ փաստական առումով առանձնապես բարդություն չի ներկայացնում[12]:

Էստիոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է գործը քննել գրավոր ընթացակարգով, եթե դատարանի գնահատմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները կարելի է պարզել առանց դատական նիստ անցկացնելու, և երբ բոլոր կողմերը և երորրդ անձին համաձայն են գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելու հետ կամ դատավարության մասնակիցները ակնհայտորեն պատճառ չունեն պահանջելու բանավոր քննություն՝ հաշվի առնելով իրավական շահերը և վեճի բնույթը, հատկապես, երբ վեճը վերաբերում է իրավական հարցերի, իսկ 133-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է կիրառել պարզեցված վարույթ, եթե անձի իրավունքի խախտումն իր բնույթով աննշան է, ինչպես նաև այն դեպքերում, երբ կողմերը և երրորդ անձինք պարզորոշ արտահայտել են իրենց համաձայնությունը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ եթե պահանջը ենթակա է դրամական գնահատման, ապա իրավունքի խախտումը համարվում է իր բնույթով աննշան, եթե վեճի առարկայի գումարը չի գերազանցում 1000 եվրոն։ Ընդ որում, նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործը քննելիս դատարանը կարող է սահմանել դատավարական փաստաթղթերը, ապացույցները ներկայացնելու ավելի սեղմ ժամկետներ, վճիռը պատճառաբանելու առավել մեղմ պահանջներ և այլն[13]:

Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ վարչական գործը կարող է քննվել պարզեցված (գրավոր) ընթացակարգով, եթե՝

-գործին մասնակցող բոլոր անձինք միջնորդել են գործը քննել իրենց բացակայությամբ և նրանց մասնակցությունը տվյալ գործին պարտադիր չէ,

-հայցվորը խնդրել է կիրառել պարզեցված վարույթ, իսկ պատասխանողը չի առարկել,

-տվյալ գործով դրամական պարտավորությունը կամ որպես տուգանք նշանակված գումարը չի գերազանցում 20.000 ռուբլին,

-օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[14]:

Իսպանիայում պարզեցված վարույթը կիրառվում է մինչև 13.000 եվրո գումարի հետ կապված վարչական գործերով[15]:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հետևյալը՝

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասով,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124-124.4, 124.6, 124.7, 125, 126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2 և 140-րդ հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնում է գրավոր ընթացակարգով: Խոսքը վերաբերում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Վերը նշված գործերի շարքում ներառված են նաև այսպես կոչված՝ կարմիր գծերի հետ կապված խախտումները: Այս գործերի քննությունը դատարանը սկզբունքորեն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։
  • միաժամանակ Վարչական դատարանը գրավոր դատաքննություն կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ գործն ըստ էության քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և բացակայում է դատավարության մասնակիցների առարկությունը։
  • Նախատեսվել է գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու հնարավորություն: Որպես հիմքեր նշվել են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը բանավոր ընթացակարգի պայմաններում պարզելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու անհրաժեշտությունը կամ ոչ պատշաճ կողմին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտությունը:
  • Կարգավորվել է գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ դատավարության մասնակցի կողմից միջնորդություն ներկայացնելու հարցը: Դատարանի կողմից դատավարության մասնակցի միջնորդության մերժումը պետք է լինի հիմնավորված:
  • Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը կարող է բողոքարկվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ կողմից: Սահմանափակվել է վարչական մարմնի բողոքարկման իրավունքը:
  • Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննված գործերի համար քննության գրավոր ընթացակարգ է սահմանվել նաև վերաքննիչ վարչական դատարանում:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով չունի բողոքարկման իրավունք՝ նախատեսվել է, որ առաջին ատյանի դատարանի կամ վարչական վերաքննիչ դատարանի կողմից հայցն կամ վերաքննիչ բողոքը ամբողջությամբ բավարարվելու դեպքում դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը և նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

             «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

 

 

 

[1] Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը, էջ 49-52,60: (http://court.am/storage/uploads/files/news/H3MFF9nesC2jVRW2jlloYcSTsBmeas8XuCmzpGs3.pdf)

[2] The European Commission for the Efficiency of Justice (CEPEJ). 2014. European judicial systems – Edition 2014 (2012 data): efficiency and quality of justice. Strasbourg, France, կետ 9.4.2, էջ 260-262։

[3]Allan Jacobsson vs. Schweden,19.2.1998 – 16970/90, կետ 46; Fredin vs. Schweden, 23.2.1994 Ap. no.18928/91, կետ. 21: 

[4] Petersen vs. Germany, 06.12.2001 –Ap. no. 31178/96.

[5]Döry vs.Schweden, 12.11.2002 – 28394/95, կետ. 37:

[6] Schuler-Zgraggen vs. Switzerland, 24.6.1993, Ap. no. 14518/89, կետ 58: Saccoccia/Austria, 18.2.2008, Ap. no – 69917/01, կետ 78-79:

[7] Jussila vs. Finnland, 23.11.2006, Ap. no. 73053/01, կետ43; Grande Stevens ua vs. Italy, 04.3.2014, Ap. no. 18640/10, կետ 120:  

[8] Jussila vs. Finland, 23.11.2006, Ap. No.  73053/01, կետ 40-49.

[9] Pönkä vs. Estonia, 08.11.2016, Ap. no. 64160/11, կետ. 32:

[10] Pönkä vs. Estonia, 08.11.2016, Ap.no. 64160/11, կետ. 33.

[11] Vilho Eskelinen and Others v. Finland [GC], 19.04.2007, Ap. no. 63235/00, կետ 74.

[12] http://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/

[13] https://www.riigiteataja.ee/en/eli/512122017007/consolide

[14]http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_176147/ecf2ba1c4083d4d6c7964617ede6b9d7bcecc0e7/

[15] The European Commission for the Efficiency of Justice (CEPEJ). 2014. European judicial systems – Edition 2014 (2012 data): efficiency and quality of justice. Strasbourg, France, կետ 9.4.2, էջ 262։

  • Обсуждалось

    05.05.2020 - 21.05.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6971

Принт

Предложения

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

21.05.2020

1. ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: 2. Սույն նախագծի ընդունմամբ, հաշվի չի առնվում մրցակցության սկզբունքը, բացի այդ, դատարանն հենց ինքը պետք է հարգի մրցակցային սկզբունքը, քանի որ սկզբունքն անհրաժեշտ է դատավարական պրակտիկայում վարչական ակտերի բողոքարկման օբյեկտիվության պահպանման, փաստական ողջ հանգամանքների բացահայտման համար։ 3. Դատավարության ընթացքում, կողմերին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց հայցի հաջողության համար անհրաժեշտ ցանկացած ապացույց։ 4. Հետևապես, գործի էության վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում, չեն ապահովում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, ինչն էլ կբացահայտի գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: 5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ 6. Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։ 7. Հայտնի է, որ Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, կազմակերպելով լսումներ վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: 8. ՀՀ ճանապարհային ոստիկանության բողոքարկման լսումների հանձնաժողովը ոչ միշտ, սակայն ակտի հասցեատիրոջը ընձեռում է հնարավորություն արտահայտելու դիրքորոշում, կայացված վարչական վարույթի շրջանակներում, սակայն անգամ այդ դեպքում, չեն ապահովում վարույթի արդար քննությունը, ուստի վարչական ակտի հասցեատերերը ստիպված են լինում դիմելու վարչական դատարան։ 9. Օրինակ՝ տեսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերով չի իրականացվում լսումներ, ավելին վերադաս բողոքի քննությունը գործնականում չի իրականացվում լսումներով և եթե դատարանում էլ չիրականացվի լսումներ, ապա կստացվի, որ անձին երբեք չեն լսի: 10. Արդար դատաքննություն հասկացությունը ներառում է անձին լսելու, արտահայտվելու իրավունքը։ 11. Դատարանը, դա կարող է իրագործել մրցակցային սկզբունքի կիրառման մեթոդով, այսինքն հնարավորություն ընձեռելով մասնակիցներին երևան բերելու այն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել գործի քննության ժամանակ։ 12. Ավելին, որոշակի տուգանքներ այնքան բարձր են, որ կարող են համարվել քրեական մեղադրանք և պատասխանատվություն, օրինակ՝ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն, եթե տուգանքը սկսում է 50 հազար դրամից, հետևաբար հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը և կենսապահովման նվազագույն զամբյուղը, ապա օրինակ 50 հազար և ավելի տուգանքները լիովին համապատսխանում են քրեական մեղադրանք հասկացությանը և այդպիսի գործերով առանց լսումների դատական ակտ կայացնելը չի համապատսխանում սահմանադրության և ՄԻԵԿ 6-րդ հոդվածներով նախանշված երաշխիքներին։ 13. Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք չընդունել սույն նախագիծը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

Առաջարկում ենք նաև "Պետական տուրքերի մասին" ՀՀ օրենքից հանել այն դրույթը, ըստ որի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով դատաքննության համար ՀՀ քաղաքացիները չեն ազատվում պետական տուրք վճարելուց և պետք է վճարեն օրենքով սահմանված տուրքը։ Շատ հաճախ այդ տուրքի գումարը ավելի բարձր է, քան իրավախախտման համար սահմանված տուգանքը։ Ավելին, հայցադիմումի պահանջը բավարարելու դեպքում ՀՀ քաղաքացիները ընկնելու են երկարաժամկետ բյուրոկրատական քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած տուրքը հետ ստանալու համար։ Այս փաստերը ապացուցող գործընթացի մեջ են եղել մեր կազմակերպության շահառուները։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

1. Դեմ ենք այս օրինագծին, քանի որ դրանով ոտնահարվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ ահմանադրությամբ երաշխավարոված արդարադատության իրավունքը։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիները կզրկվեն ապացույցներ ներկայացնելու և դրանց արդար քննարկում իրականացնելու իրավունքից։ Դա են վկայում ՀՀ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի անհիմն վարչական վարույթները, ինչի պատճառով էլ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում դիմել վարչական դատարան։ 2․ Փոխանակ այս օրինագիծը դրվեր շրջանառության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ կատրվեին ՎԻՎՕ-ում և խստացնել պահանջը վարչական մարմինների նկատմամբ։ 3․ Խիստ տարակուսելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որի մեջ նշվում է այնպիսի բառակապակցություն, ինչը ՀՀ օրենսդրության որևէ մեկ ակտում ամրագրված չէ, այն է՝ "այսպես կոչված՝ կարմիր գծերի" հետ կապված խախտումները: Աբսուրդ։ Այդ այսպես կոչված՝ "կարմիր գծերը" իրականում վճարովի ավտակայանտեղիներն են և ըստ էության ապօրինի են և հակասում են ՀՀ Սահմանադրության 2 հոդվածների, ՀՀ օրենսդրության 13 իրավական ակտերի պահանջներին։ 4․ Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և իրականացնել բարձրացված հարցի հանրային լսումներ ՀՀ ազգային ժողովում։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Узнать больше