Добавить в избранное

«Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

      ՆԱԽԱԳԻԾ

                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                  «_____»___________2020 թվականի №_____-Ն

 

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

     «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ և 6.2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

        1) կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաս­տա­նի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

       2) ԴՆԹ բնութագրի քարտի և համընկնելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

«      »_______________ 2020թ.

                                                                                                                      ք. Երևան  

 

 

 

                                                                              Հավելված 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

«_____» __________ N ___-Ն որոշման

                                                                                   

                                                                                           

                   Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերը Հայաս­տա­նի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից հաշվառելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավա­հարա­բերու­թյունները:
  2. ԴՆԹ բնութագրերի հաշվառման ընթացքում ոստիկանությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ:
  3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ԴՆԹ բնութագիր՝ անձնական տվյալ, որն իրենից ներկայացնում է անձին բնորոշ ԴՆԹ-ի  (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)  որոշակի  հատվածների  կոդավորած տեղեկություն՝ թվային արտապատկերման տեսքով,

2) ԴՆԹ բնութագրերի հաշվառում՝ գործողություններ, որոնք ուղղված են ԴՆԹ բնու­թագրերի ստացմանը, կուտակմանը, համակարգմանը, համեմատմանը, պահ­պան­մանը, օգտագործմանը, տարածմանը և ոչնչաց­մանը,

3) ԴՆԹ բնութագրերի էլեկտրոնային պահոց (այսուհետ՝ ԴՆԹ պահոց)՝ ոստիկանությունում մշակվող, կուտակվող, համակարգվող, ծածկագրվող և պահպանվող ԴՆԹ բնութագրերի ամբողջություն,

4) կենսաբանական ծագման հետք (այսուհետ՝ հետք)՝  անձանց հյուսվածքներ, դիակ­ների հյուս­վածքներ և մասունքներ, մարդու արտա­զատուկներ (թուք, քրտինք, տղամարդու սերմ (սպերմա) և այլն) և ցանկացած այլ հետք, որը պարունակում է կորիզային բջիջ,

5) լոկուս՝ ԴՆԹ շղթայի հատված, տեղամաս, որն իր մեջ պարունակում է կոդա­վորված տեղեկատվություն,

6) Ամելոգենին  (Amelogenine)՝ լոկուս, որը տեղեկություն է պարունակում անձի սեռի վերաբերյալ,

7) ԴՆԹ բնութագրերի համընկնման համակարգ՝ համա­կարգչային ծրագրային փաթեթ, որի միջո­ցով ոստիկանության կողմից իրականացվում է ԴՆԹ բնութագրերի մուտքագրումը ԴՆԹ պահոց, դրանց ծածկագրումը, պահպանումը և համեմատումը:

   2. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունն իրականացնում է ԴՆԹ բնութագրերի կենտրոնացված հաշվառում:
  2. ԴՆԹ պահոցում հաշվառվում են հանցագործության դեպքի վայրից վերցված՝ քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:
  3. ԴՆԹ պահոցում առկա տեղեկություններն օգտագործվում են բացառապես սույն կարգի 4-րդ կետով նախատեսված խնդիրների իրականացման համար և այլ նպատակներով օգտագործվել չեն կարող:
  4. ԴՆԹ բնութագրերի փոխանցումը սույն կարգով նախատեսված մարմինների միջև իրականացվում է փոփոխման չենթարկվող էլեկտրոնային ֆայլով՝ լոկալ փակ (պաշտպանված) կապուղու միջոցով, դրա բացակայության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթաշրջանառության կանոնների համաձայն:
  5. ԴՆԹ պահոցում հաշվառվում են միայն՝

1) դա­տական փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող փոր­ձա­գիտական հիմնարկ­ներում գենետիկական փորձաքննությունների արդյունքում ստացված ԴՆԹ բնութագրերը,

2) այն հետքերից ստացված ԴՆԹ բնութագրերը, որոնք առաջացել են մեկ անձից և չեն պարու­նակում խառնուրդներ,

3) այն ԴՆԹ բնութագրերը, որոնք պարու­նակում են նվազագույնը 8 լոկուս­ների (FGATH01VWAD3S1358,  D8S1179D18S51D21S11 և Ամելոգենին  (Amelogenine)) մասին տեղեկատվություն:

  1. ԴՆԹ պահոցը համալրվում է՝

1) հանցագործության դեպքի վայրից վերցված՝ քրեական գործով չպարզված անձանց թողած հետքերից և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերով,

2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոից (այսուհետ՝ Ինտերպոլի ԱԿԲ) և օտարերկրյա պետություններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձանց ԴՆԹ բնութագրերով, որոնք մեղադրվում են այնպիսի հանցագործության կատարման համար, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով համարվում է ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:

 

3. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ, ԴՐԱՆՔ ԴՆԹ ՊԱՀՈՑ ՄՈՒՏՔԱԳՐԵԼԸ ԵՎ ՀԱՄԸՆԿՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՐԶՈՒՄԸ

 

  1. Եթե դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման ուղեկցող գրության մեջ նշված է սույն կարգով նախատեսված հանցագործության տեսակը (ծանր, առանձնապես ծանր կամ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն)՝ փորձաքննության արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերի հիման վրա փորձագիտական հիմնարկում լրացվում է ԴՆԹ բնութագրի քարտ (Հավելված 2-ի Ձև 1), որը փորձաքննությունն ավարտելուց հետո 5 օրվա ընթացքում հաշ­վառման նպա­տակով ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
  2. Փորձագիտական հիմնարկներից ստացված ԴՆԹ բնութագրերը ոստիկանության փորձաքրեա­գի­տական վարչությունում մուտքագրվում են ԴՆԹ պահոց՝ հաշվառելու և համընկնման համակարգի միջոցով համապատասխան ստուգում իրականացնելու նպատակով:
  3. Ստուգման արդյունքներով ԴՆԹ բնութագրերի համընկնում հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ զեկուցվում է ոստիկանության պետին կամ ոստիկանության պետի իրավասու տեղակալին: ԴՆԹ բնութագրերի համընկնման դեպքում մեկօրյա ժամկետում ոստիկանության փորձաքրեա­գի­տական վարչությունում կազմվում է համընկնելու վերաբերյալ տեղեկանք (Հավելված 2-ի Ձև 2), որն ուղարկվում է դատագենետիկական փորձաքննություն նշանակած մարմին:

       

       4. ԴՆԹ ՊԱՀՈՑԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

  1. ԴՆԹ պահոցում առկա տեղեկություններից իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում գրավոր հարցման միջոցով օգտվում են դատարանները, դատախազությունը, նախաքննության և հետաքննության մարմինները, այդ թվում՝ Ինտերպոլի ԱԿԲ-ն և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով: ԴՆԹ բնութագրի վերաբերյալ տեղեկություն կարող է տրամադրվել նաև «Անձնական տվյալների պաշտ­պա­նության մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Հարցման արդյունքներով ԴՆԹ բնութագրերի համընկնման համակարգի միջոցով իրականացված ստուգումների արդյունքում ԴՆԹ բնութագրերի համընկնում հայտնաբերելու դեպքում ոստիկանության փորձաքրեա­գի­տական վարչությունում կազմվում է համընկնելու վերաբերյալ տեղեկանք (Հավելված 2-ի Ձև 2), որը հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարցումը կատարած մարմնին:
  3. Համընկնում չհայտնաբերելու դեպքում ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը այդ մասին հարցում ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարցումը կատարած մարմնին:
  4. Սույն կարգի 13-րդ կետում նշված մարմինների հարցումների արդյունքում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության տրամադրության տակ հայտնված, սույն կարգի 2-րդ գլխի պահանջներին համապատասխանող և ԴՆԹ պահոցում չընդգրկված ԴՆԹ բնութագրերը ևս սահմանված կարգով վերցվում են հաշվառման:
  5. Փորձագիտական հիմնարկներից ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ստացված՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող անձանց ԴՆԹ բնութագրի մեկ օրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Ինտերպոլի ԱԿԲ՝ օտարերկրյա պետության քաղաքացու ծագման պետություն ուղարկելու համար:

           

          5. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

  1. ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության տեղեկատվական կենտրոնից այդ մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
  2. Ոստիկանության տեղեկատվական կենտրոնը ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ համապատասխան ԴՆԹ բնութագիրը ոչնչացնելու նպատակով:
  3. Եթե դեպքի վայրից վերցված՝ քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը համընկնում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի ԴՆԹ բնութագրի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:
  4. Նախաքննության մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված անձի վերաբերյալ տեղեկատվությունը, այն հայտնի դառնալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը՝ համապատասխան ԴՆԹ բնութագիրը ոչնչացնելու նպատակով:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2-ը կցված է: 

  • Обсуждалось

    21.01.2020 - 05.02.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6397

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

21.01.2020

«Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ և 6.2-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությանն իրավունք է վերապահված միայն սահմանել ոստիկանությանը դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգը: Մինչդեռ նախագծով սահմանվում է նաև ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգ: Սույն մասով նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Բացի այդ «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է: Սույն նախագծից պարզ չէ թե պահպանված է օրենքի վերոհիշյալ պահանջը:

Узнать больше