«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2017 N ____-Ն
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՐԱԿԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
_______________ ____ N ____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՐԱԿԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառության իմաստով`
1) գույքի որակական կորուստ է համարվում`
ա. պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման պատճառով շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը,
բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում` ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը.
2) գույքի պատահական կորուստ է համարվում գույքի կորուստը, ոչնչացումը կամ վնասումը, որը տեղի է ունեցել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկության, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով.
3) գույքի տեխնոլոգիական կորուստ են համարվում՝
ա. շահութահարկ վճարողի կողմից միավոր արտադրանքի արտադրության (հավաքման, պատրաստման) համար սահմանված՝ հումքի, նյութերի, դետալների և (կամ) հանգույցների ծախսի նորմայի այն մասը, որն արտադրության (հավաքման, պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիայի հետևանքով կորցրել է իր որակական հատկանիշները,
բ. խոտան արտադրանքը՝ շահութահարկ վճարողի սահմանած նորմայի չափով,
գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստները.
4) գույքի այլ կորուստ է համարվում, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, բնական, որակական, պատահական և տեխնոլոգիական կորուստ չհամարվող գույքի փաստացի այլ կորուստը: Գույքի այլ կորուստ չի համարվում շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով ակտիվների վերագնահատումը:
3. Սույն կարգի 2-րդ կետի`
1) 1-ին ենթակետով սահմանված որակական կորուստները հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են, եթե գույքը հանվել է շրջանառությունից (դուրս է գրվել), և պահպանվել են սույն կարգի 4-6-րդ և 10-12-րդ կետերով սահմանված պահանջները.
2) 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պատահական և այլ կորուստները հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են, եթե սկզբնական հաշվառման փաստաթղթերով և (կամ) սահմանված կարգով իրականացված գույքագրման արդյունքներով հիմնավորվում է, որ գույքի փաստաթղթերով հաշվառված մնացորդները գերազանցում են գույքի փաստացի մնացորդները, և պահպանվել են սույն կարգի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 10-12-րդ կետերով սահմանված պահանջները.
3) 3-րդ ենթակետով սահմանված տեխնոլոգիական կորուստները հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են, եթե պահպանվել են սույն կարգի 4-րդ, 5-րդ և 9-12-րդ կետերով սահմանված պահանջները, ինչպես նաև, եթե`
ա. սկզբնական հաշվառման փաստաթղթերով հիմնավորվում է հումքի, նյութերի, դետալների և (կամ) հանգույցների ծախսը, և (կամ) սահմանված կարգով իրականացված գույքագրման արդյունքներով հիմնավորվում է, որ գույքի փաստաթղթերով հաշվառված մնացորդները գերազանցում են գույքի փաստացի մնացորդները, և այդ տեխնոլոգիական կորուստները պայմանավորված են տեխնոլոգիական գործընթացներով: Տեխնոլոգիական կորուստները գույքի յուրաքանչյուր տեսակի (մասնավորապես, հումքի, նյութերի, կիսապատրաստուկների, պատրաստի արտադրանքի, ապրանքների) համար որոշվում են առանձին-առանձին և հիմնավորվում հարկ վճարողի կողմից կազմված տեխնոլոգիական գործընթացը բնութագրող փաստաթղթերով ու փաստացի կորստի չափն արձանագրող ակտով կամ արձանագրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստները հիմնավորվում են հարկ վճարողի կողմից կազմված փաստացի կորստի չափն արձանագրող ակտով կամ արձանագրությամբ,
բ. խոտանի առաջացումը պայմանավորված է տեխնոլոգիական գործընթացներով և հիմնավորվում է հարկ վճարողի կողմից կազմված գույքի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ:
4. Սույն կարգի 2-րդ կետի`
1) 1-ին ենթակետով սահմանված որակական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից կազմված գույքի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ կամ ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում՝ գույքի կամ ապրանքի շրջանառությունից հանման ակտով կամ արձանագրությամբ.
2) 2-րդ ենթակետով սահմանված պատահական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից գույքագրման արդյունքներով գույքի փաստացի մնացորդների մասին տվյալների հիման վրա կազմված գույքագրման ցուցակներով կամ գույքագրման ակտերով և գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագրերով, որոնց հիման վրա որոշվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի հետևանքով կորած, ոչնչացված կամ վնասված գույքի քանակը:
Պատահական կորուստները պետք է հիմնավորված լինեն նաև այդ կորուստներն առաջացնող` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերը (արտակարգ իրադարձությունները) տեղի ունեցած լինելու փաստն արձանագրող` համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքով կամ այլ փաստաթղթով: Սույն պարբերության իմաստով՝ լիազոր մարմիններ են հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի դեպքերում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, նավաբեկության դեպքերում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, պատերազմի, մարտական գործողությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
3) 3-րդ ենթակետով սահմանված տեխնոլոգիական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից կազմված տեխնոլոգիական գործընթացը բնութագրող փաստաթղթով, նյութածախսի հաշվետվությամբ կամ փաստացի կորստի չափն արձանագրող ակտով կամ արձանագրությամբ.
4) 4-րդ ենթակետով սահմանված այլ կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից գույքագրման արդյունքներով գույքի փաստացի մնացորդների մասին տվյալների հիման վրա կազմված գույքագրման ցուցակներով կամ գույքագրման ակտերով և գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագրերով, որոնց հիման վրա որոշվում է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ կորած, ոչնչացված կամ վնասված գույքի չափը:
Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից փաստաթղթերով հիմնավորված կորուստները նվազեցվում են, եթե դուրս գրված գույքը փաստացի ոչնչացվել կամ հանձնվել է այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին, իսկ նշված գործողությունները կատարված չլինելու դեպքում գույքը փաստացի առկա է հարկ վճարողի մոտ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը կորել կամ ոչնչացել է:
5. Սույն կարգի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված կորուստների արդյունքում ոչնչացման կամ այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին հանձնման ենթակա գույքը փաստաթղթավորվում է`
1) հարկ վճարողի կողմից գույքի ոչնչացման դեպքում` ոչնչացման մասին հարկ վճարողի կողմից կազմված ակտով կամ արձանագրությամբ.
2) հարկ վճարողի կողմից և այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի մասնակցությամբ գույքի ոչնչացման դեպքում` ոչնչացման մասին հարկ վճարողի և այլ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կամ պետական մարմնի կողմից կազմված ակտով կամ արձանագրությամբ.
3) գույքն այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին հանձնելու դեպքում` հանձնման-ընդունման ակտով կամ հաշվարկային փաստաթղթով:
6. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերում պարտադիր նշվում են`
1) փաստաթղթի կազմման օրը, ամիսը և տարեթիվը.
2) շրջանառությունից հանվող գույքի անվանումը, քանակը.
3) փաստաթուղթն ստորագրող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
7. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում գույքագրման ցուցակներում և գույքագրման ակտերում պարտադիր նշվում են`
1) գույքագրումն սկսելու օրը, ամիսը և տարեթիվը.
2) գույքագրումն ավարտելու օրը, ամիսը և տարեթիվը.
3) գույքագրմամբ հաշվառված գույքի անվանումը և քանակը.
4) գույքագրման հանձնաժողովի անդամների և (կամ) նյութական պատասխանատու անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
8. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագրերում պարտադիր նշվում են`
1) գույքագրումն սկսելու օրը, ամիսը և տարեթիվը.
2) գույքագրումն ավարտելու օրը, ամիսը և տարեթիվը.
3) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի հետևանքով կորած, ոչնչացված կամ վնասված, իսկ սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` այլ կորուստ համարվող գույքի անվանումը, քանակը.
4) գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագիր կազմող անձի և (կամ) նյութական պատասխանատու անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
9. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ նյութածախսի հաշվետվությունում կամ փաստացի կորստի չափն արձանագրող ակտում կամ արձանագրությունում պարտադիր նշվում են`
1) փաստաթղթի կազմման օրը, ամիսը և տարեթիվը.
2) տեխնոլոգիական կորուստ համարվող գույքի անվանումը, քանակը.
3) փաստաթուղթն ստորագրող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
10. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում գույքի ոչնչացման փաստաթղթերում պարտադիր նշվում են`
1) գույքի ոչնչացման օրը, ամիսը և տարեթիվը.
2) գույքի ոչնչացման վայրը.
3) գույքի ոչնչացման ձևը.
4) ոչնչացված գույքի անվանումը, քանակը.
5) գույքի ոչնչացմանը մասնակցող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
11. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում այլ կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը) կամ պետական մարմնին գույքի հանձնման փաստաթղթերում պարտադիր նշվում են`
1) գույքի հանձնման օրը, ամիսը և տարեթիվը.
2) գույքի հանձնման վայրը.
3) հանձնված գույքի անվանումը, քանակը.
4) գույքը հանձնող և ընդունող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
12. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում փաստաթղթերը (հաշվետվություն կամ ակտ, կամ արձանագրություն, գույքագրման ցուցակ կամ գույքագրման ակտ, գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագիր, հանձնման-ընդունման ակտ կամ հաշվարկային փաստաթուղթ) ստորագրվում են հարկ վճարողի, այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կամ պետական մարմինների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` այդ անհատ ձեռնարկատիրոջ) և (կամ) նրա կողմից լիազորված (գրավոր կամ ի պաշտոնե) անձի կողմից:
-
Обсуждалось
12.05.2017 - 02.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 10867
Принт