Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում մշակված կարևոր իրավական ակտերից է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 12-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)։ Այն անմիջական գործողության օրենք է, որը միասնական, համակարգված և համապարփակ կերպով կարգավորում է քրեադատավարական հասարակական հարաբերությունները։ Օրենսգիրքն ընդունման պահին բավականին առաջադիմական էր, քանի որ դրանում առաջին անգամ ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները և անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքները։ Բացի այդ, Օրենսգրքում շոշափվում էին նաև անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված առանցքային հարցեր։

Բարձր գնահատելով Օրենսգրքի ակնհայտ առավելություններն ու դրական նշանակությունը, պետք է նշել, որ այն զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասն առկա էին Oրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում։ Օրենսգրքի կիրառման ավելի քան քսան տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում։ Մասնավորապես, 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի Կոնվենցիան, ինչի հետևանքով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ ազգային օրենսդրությունը, այդ թվում՝ քրեական արդարադատության ոլորտը պետք է ենթարկվեին լուրջ բարեփոխումների: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ  քրեադատավարական խնդիրներին, ներառյալ՝ արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքներին վերաբերող գործերով կայացված վճիռները ևս վկայում են քրեական արդարադատության համակարգը կատարելագործելու անխուսափելի անհրաժեշտության մասին:

Բացի այդ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին, ինչպես նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին երկրի հիմնական օրենքում կատարվեցին հիմնարար փոփոխություններ, որոնք էապես շոշափեցին քրեական արդարադատության ոլորտը` անխուսափելի դարձնելով Օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ու լրացումները։

Արագ փոփոխվող հասարակական հարաբերություններից և երկրում պարբերաբար իրականացվող իրավական բարեփոխումներից բացի քրեադատավարական իրավահարաբերությունների դինամիկ զարգացման վրա նշանակալի ազդեցություն է ունեցել նաև դատական պրակտիկան։  Օրենսգրքի գործածության ընթացքում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ իրենց գնահատականն են ստացել ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում։ Մասնավորապես,  Սահմանադրական դատարանը երկու տասնյակից ավելի որոշումներով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Օրենսգրքի տարբեր նորմեր, որոնք վերաբերում են քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, պաշտպանի իրավունքներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունների քննությունը, բողոքարկման ժամկետներին և կարգին, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորություններին, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին և այլն:

 

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներում տվել է Օրենսգրքի տարբեր դրույթների մեկնաբանություններ` նպաստելով  իրավակիրառ պրակտիկայի կարգավորմանը (օրինակ` կալանավորման կիրառման հետ կապված մի շարք չափանիշների ճշգրտումը,  կասկածյալի դատավարական կարգավիճակ չունեցող անձին նվազագույն և հիմնական իրավունքներով օժտելը, դատարանների լիազորությունների մեկնաբանությունը և այլն)։ Այս ամենն էապես փոխել է Օրենսգրքի մի շարք դրույթների և նույնիսկ որոշ սկզբունքների իրավաըմբռնման և կիրառման գաղափարախոսությունը։

Նշված գործընթացներով և ոչ միայն դրանցով պայմանավորված` Օրենսգրքի կիրառման ընթացքում դրանում կատարվել են  էական և լուրջ փոփոխություններ ու լրացումներ: Ընդունելով դրանց մեծ մասի ողջամիտ և առաջադիմական բնույթը, պետք է նշել, որ որոշ փոփոխություններ համալիր չէին, առավելապես կրում էին դրվագային բնույթ, հաճախ համաձայնեցված չէին իրավական այլ ակտերի, ինստիտուտների և նորմերի հետ։ Մինչդեռ պետության իրավական համակարգում քրեական դատավարության օրենսգրքի ունեցած դերն ու նշանակությունը միանշանակ թույլ են տալիս եզրակացնել, որ նման իրավական ակտում առկա առանցքային թերություններն ու բացթողումները չեն կարող շտկվել առանձին կամ իրավիճակային փոփոխությունների և լրացումների միջոցով։ Հետևաբար, դրանք չեն կարող ծառայել այն նպատակներին, որոնց համար իրականացվում են։

Ինքնըստինքյան, նման պայմաններում կատարված փոփոխությունները Օրենսգրքի կարգավորման ոլորտի համար ունեցան նաև շրջադարձային բովանդակային հետևանքներ։ 1998 թվականի խմբագրությամբ Օրենսգիրքը, իր բոլոր թերություններով հանդերձ, ուներ ստույգ գաղափարախոսություն և իրենից ներկայացնում է որոշակի տրամաբանություն ունեցող համակարգ` քրեադատավարական տարբեր ինստիտուտների և սկզբունքների միջև եղած ներքին կապի տեսքով։ Վերոնշյալ փոփոխությունները շատ դեպքերում խախտեցին Օրենսգրքի ներքին հավասարակշռությունը, ծնեցին հակասություններ ինչպես դրա տարբեր դրույթների, այնպես էլ Օրենսգրքի և իրավական այլ ակտերի միջև։  Բազմաթիվ օրենսդրական փոփոխություններն առանձին դեպքերում  հանգեցրեցին ինստիտուցիոնալ անկայունության, ինչը բացասական ազդեցություն ունեցավ իրավակիրառ և հատկապես դատական պրակտիկայի ձևավորման վրա:

Վերը թվարկված գործոնների ամբողջությունը, ինչպես նաև հասարակական հարաբերությունների մշտական զարգացումը ներկայումս հանգեցրել են այնպիսի մի իրավիճակի, որի պայմաններում 1998 թվականի Օրենսգիրքն իր փիլիսոփայությամբ և տրամաբանությամբ, կառուցվածքով և ներուժով, տարատեսակ փոփոխություններով, նոր ներդրված ինստիտուտներով, բազմատեսակ և իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաև հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերի քննության և լուծման ընթացակարգը, այդ գործընթացի շրջանակներում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, հետևաբար, և քրեական դատավարության խնդիրների լուծումն ու նպատակների նվաճումը։

Ներկայումս առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության մասին։ Ուստի կարծում ենք, որ անցած երկու տասնամյակների  ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա դրված, գիտատեսական հիմնավորումներով հագեցած և գործնական փորձով ամրապնդված քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը։

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 9 արձանագրային որոշմամբ:

Նախագծի մշակման հիմքում  ընկած է  երկու հիմնարար չափանիշ` համարձակ նորարարությունը և չափավոր պահպանողականությունը։ Այն առաջին հերթին ընկալվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության զարգացման հաջորդ փուլում կիրառվելիք գաղափարների, ինստիտուտների փորձարկման (ապրոբացիայի) միջոց։ Այս առումով Նախագծի մշակումը դիտարկվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության բնականոն զարգացման յուրահատուկ փուլ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի խուսափել թռիչքաձև ցնցումներից և ապահովել համեմատաբար ավելի սահուն անցում մեկ համակարգից մյուսին։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող քրեադատավարական համակարգի էությունը կազմող մինչդատական և դատական վարույթների հարաբերակցության կտրուկ փոփոխությունը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ իրավակիրառ պրակտիկայի վրա (մասնագիտական, կազմակերպական, հոգեբանական և այլ առումներով)։ Բացի այդ, ներկայումս  գործող համակարգն էլ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (կադրային, նյութական և այլն) պատրաստ չէ նման կտրուկ փոփոխությունների։

 Նախագիծը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ հիմնական խնդիրները.

1) քրեական գործերի քննության և լուծման ընթացքում ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն` իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա.

2) քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության և դատարանի դերն ու նշանակությունը, ձևավորել դատարանակենտրոն քրեադատավարական ընթացակարգ.

3) ստեղծել արդարադատության արդյունավետությունն ապահովող և արդար դատաքննության տարրերի իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր, ապահովել տարբեր դատական ատյանների ներդաշնակ գործառութային կապը.

4) վերաիմաստավորել քրեական դատավարությունում մրցակցության գաղափարախոսությունը, այն դատավարական սկզբունքից վերածել դատավարության ձևի (ռեժիմի),.

5) իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, մշակել դրանց սահմանափակման համաչափ և թափանցիկ  կառուցակարգեր.

6) դատավարական իրավահարաբերությունների և գործողությունների հիմքում դնել գործառութային տարանջատման սկզբունքը,  վարույթի մասնակիցների համար սահմանել բացառապես նրանց դերից, նշանակությունից և կարգավիճակից բխող գործառույթներ և լիազորություններ.

7) մշակել առանձին անձանց նկատմամբ կամ առանձին տեսակի վարույթների իրականացման տարբերակված ընթացկարգեր, ապահովելով մարդկային ռեսուրսների, միջոցների և ժամանակի արդարացված խնայողություն:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կարգավորում են ստացել հետևյալ առանցքային հարցերը.

1) քրեական վարույթի  (հատկապես, մինչդատական վարույթի) ընթացքում ամրապնդվել են անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները, մասնավորապես, ընդլայնվել են պաշտպանության կողմի իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ուժեղացվել է դատական վերահսկողության ինստիտուտը,

2) վերանայվել են դատավարական հարկադրանքի միջոցների, մասնավորապես՝ ձերբակալման և կալանքի կիրառման հիմքերը, պայմանները և ընթացակարգերը, բարձրացվել է դրանց օրինականության նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև ընդարձակվել է այլընտրանքային խափանման միջոցների շրջանակը,

3) հիմնարար կարգավորում է ստացել քրեական վարույթի շարժիչ ուժը` քրեական հետապնդման ինստիտուտը, հստակեցվել են դրա բնույթը,  նշանակությունը, ինչպես նաև իրականացման ձևերը (եղանակները) ,

4) նախատեսվել են տուժողի և արդարացվածի իրավաչափ շահերի պաշտպանության, այդ թվում՝ հատուցում ստանալու գործուն և արդյունավետ կառուցակարգեր,

5) մշակվել է մինչդատական վարույթի ձևերի (հետաքննություն և նախաքննություն) տարբերակման արդյունավետ կառուցակարգ, հստակեցվել, տարանջատվել և ներդաշնակեցվել են մինչդատական վարույթին մասնակցող պաշտոնատար անձանց (դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննիչ) գործառույթները, ապահովվել է գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի օրգանական ամբողջականությունը և լիարժեքությունը,

6) ընդլայնվել է տարբերակված վարույթների շրջանակը կատարելագործվել են  դրանց իրականացման ընթացակարգերն այն հաշվով, որպեսզի ապահովվի մի կողմից ռեսուրսների և ժամանակի խնայողությանը, իսկ մյուս կողմից` արդարադատության շահերի համաչափ  պաշտպանությունը,

7) ներդրվել է միջանկյալ դատական վարույթի (նախնական դատական լսումների) ինստիտուտ` մինչդատական վարույթի արդյունքների ամփոփումն ավելի ռացիոնալ դարձնելու և ապագա դատաքննությունն առավել արդյունավետ անցկացնելու համար,

8) նվազեցվել է մինչդատական ընթացակարգերի ազդեցությունը վարույթի ելքի վրա, դատարանում երաշխավորվել է մրցակցության լիարժեք իրացումը,

9) կատարելագործվել են դատական ակտերի վերանայման համակարգը և դրա տարրերը (վերաքննություն, վճռաբեկություն, հատուկ և բացառիկ վերանայումներ), ապահովվել է դատական ակտերի վերանայման կառուցակարգերի գործառնական նշանակությունը և արդյունավետությունը,

Նախագիծը բնութագրվում է նաև մի շարք հիմնարար, սկզբունքային նորամուծություններով, որոնք պետք է էապես բարելավեն, կատարելագործեն քրեադատավարական գործող համակարգը և նպաստեն քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը։

Մասնավորապես նախատեսվում է.

  • վերացնել քրեական գործի հարուցման (նյութերի նախապատրաստման) փուլը. այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ եղանակի բովանդակության մեջ,
  • փոխել «հետաքննություն» և «նախաքննություն» հասկացությունների քրեադատավարական հարաբերակցությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունն ինկորպորացնել քրեական դատավարության օրենսգիրք` այն նույնացնելով հետաքննության հետ,
  • պաշտպանության կողմին վերապահել ապացույցներ ներկայացնելու իրավունք` մինչդատական վարույթում փաստաթղթեր և առարկաներ, իսկ դատարանում հետազոտման ենթակա ապացույցների ցանկ ներկայացնելու ձևով,
  • հստակեցնել հարկադրանքի միջոցների, ներառյալ՝ ձերբակալման և կալանքի կիրառման նպատակը, հիմքերը և ընթացակարգերը, ընդլայնել և օպտիմալացնել խափանման միջոցների շրջանակը,
  • դատական վերահսկողությունը տարածել բնակարանում կատարվող բոլոր քննչական գործողությունների, ինչպես նաև գույքի արգելադրման վրա, հստակեցնել մինչդատական վարույթում դատական պաշտպանության սահմանները,
  • դատավարական հիմնական ժամկետների հաշվարկի և խափանման միջոցների կիրառման համար որպես նախապայման սահմանել հսկող դատախազի կողմից անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը,
  • սահմանել ռեաբիլիտացիայի ինստիտուտ, նախատեսել տվյալ քրեական վարույթի շրջանակներում արդարացվածի կրած վնասների հատուցման հնարավորություն,
  • մեղադրյալին զրկել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից՝ հնարավորություն ընձեռելով նրան պահպանել լռություն կամ տալ ճշմարտացի ցուցմունք,
  • նախատեսել մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ անձին հարցաքննելու (ցուցմունքը դեպոնացնելու) ընթացակարգ,
  • նախատեսել նոր տարբերակված վարույթներ` մասնավոր մեղադրանքով վարույթ (առանց նախաքննության),  համագործակցության վարույթ, իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ և այլն,
  • սահմանել նախնական դատական լսումների ընթացքում քննարկման ենթակա առանցքային հարցերի քննության և լուծման արդյունավետ կարգ ` մրցակցության և կողմերի հավասարության պայմաններում,
  • դատարանին վերապահել ինքնուրույն արբիտրի դեր, որը կաշկանդված չէ կողմերի դիրքորոշմամբ և իրավասու է միջամտել ապացուցման գործընթացին կամ ուղղորդել այն՝ ելնելով արդարադատության շահից,
  • ամրապնդել դատարանում ապացույցների հետազոտման անմիջականության և թափանցիկության սկզբունքները,
  • հստակեցնել առաջին ատյանի դատարանում դատաքննության սահմանները, բարեփոխել դատարանում դատախազի կողմից մեղադրանք փոփոխելու կարգը.
  • նախատեսել դատական ակտի կայացման երկփուլ կարգ,
  • ամրապնդել դատական ակտերի սահմանափակ վերանայման սկզբունքը, առանձին բացառություններով, հստակեցել հիմնարար խախտումներով վարույթի նորոգման հիմքերը և կարգը,
  • վերացնել դատական ակտերի կատարումը` որպես քրեական վարույթի փուլ։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի N 137-Ա հրամանով ստեղծված ՀՀ քրեական դատավարության նախագիծը մշակող աշխատանքային խմբի և Արդարադատության նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, քրեական վարույթը համակարգված ձևով կանոնակարգող, սկզբունքորեն նոր օրենսգիրք, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակներում  ապահովել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, քրեական արդարադատության ոլորտում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի դերը, սահմանել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ, ինչպես նաև իրավունքի հանրաճանաչ սկզբունքների հիման վրա երաշխավորել քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունը:

  • Обсуждалось

    08.11.2019 - 28.11.2019

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1351

Принт

Предложения

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

28.11.2019

Նախագծի 454՝ «Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները» եւ 455՝ «Մասնավոր մեղադրանքով հիմնական դատալսումները» վերտառությամբ հոդվածներում հստակեցված չէ, թե արդյոք հաշտության համաձայնությունների պահանջները, որոնք կիրառվում են հանրային մեղադրանքի գործերով, կիրառելի են նաեւ մասնավոր մեղադրանքով դատալսումներում հաշտության համաձայնություններ կայացնելիս, թե՝ ոչ։ Հարկ է նկատել, որ նույնիսկ Նախագծում տեղ գտած «օրենքին հակասող համաձայնությունը» չի հաստատվում դատարանի կողմից ձեւակերպումը բավարար չէ, որպեսզի երաշխավորվի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված իրավունքն ու համապատասխանի դրան։ Հետեւաբար, անհրաժեշտ է սույն դրույթում պատշաճ երաշխիքներ ներառել՝ ապահովելու, որ ցանկացած հաշտություն ձեռք է բերվում իսկապես կամավոր կերպով, եւ երկու կողմերն էլ լիարժեքորեն տեղեկացված են գործի փաստերին եւ իրավական հետեւանքներին։ Համանման դիրքորոշում է արտահայտել նաեւ Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում (տես օրինակ՝ «Natsvlishvili and Togonidze v. Georgia» դատական ակտը https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-142672%22]})

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

28.11.2019

Նախագծի 237՝ «Անձնական խուզարկությունը» եւ 238՝ «Խուզարկության արձանագրությունը» վերտառությամբ հոդավծներում նկարագրված գործողությունները պետք է իրականացվեն երաշխավորելով, որ խուզարկությունը որեւէ կերպ չի նվաստացնում կամ ստորացնում տվյալ անձին՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելքին համապատասխան։ Այդ նպատակով՝ անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն ամրագրվեն խուզարկության հստակ հիմքերը, ինչպես նաեւ այն, որ խուզարկությունը չպետք է իրականացվի հակառակ սեռի անձանց ներկայությամբ եւ տեղի ունենան միայն այն անձանց ներկայությամբ, ովքեր օրենքով պարտավոր են ներկա գտնվել, այլեւ պետք է նախատեսվի, որ մարմնի խոռոչների զննման ընթացքում պահպանվեն հիգիենայի կանոնները, եւ այն իրականացվի այնպես, որպեսզի չհանգեցնի տվյալ անձի լիովին մերկացմանը (տես ավելին՝ § 233, https://rm.coe.int/16806ef4c5)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

28.11.2019

Նախագծի 224-րդ հոդվածով նախատեսված է առերեսման անցկացման կարգը։ Կարեւորելով քրեական գործի շրջանակներում յուրաքանչյուրի՝ իր դեմ ցուցմունք տված անձի հետ առերեսվելու իրավունքը, այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ հաշվի առնելով որոշ քրեական գործերի առանձնահատկությունները, առերեսման անցկացման վերաբերյալ ընդհանուր կարգավորումները կիրառելի չեն բոլոր դեպքերում։ Մասնավորապես՝ հաշվի առնելով ընտանեկան բռնության վերաբերյալ քննվող գործերի, ինչպես նաեւ սեռական բռնության գործերով առանձնահատկություններն ու բռնության ենթարկված անձի կրկնակի զոհականացման ենթարկվելու անթույլատրելիությունը՝ անընդունելի է բռնություն գործադրող անձի եւ բռնության ենթարկված անձի (ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձի պարագայում) նույն սենյակում առերեսման պարտադիր անցկացումը (տես օրինակ «Y. v. Slovenia» դատական գործը, https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-154728%22]})։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով ամրագրված առերեսման անցկացման կարգում կատարել համապատասխան փոփոխություններ եւ հատուկ կարգավորումներ նախատեսել ընտանեկան բռնության, ինչպես նաեւ սեռական բռնության գործերով քննության դեպքերով։

Узнать больше