Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, անհապատասխանությունները վերացնելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջները պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը նախկին ՀՀ քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը և իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալը բացառելու նպատակով։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի /այսուհետ՝ օրենք/ 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչելու հիմք է սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Հաշվի առնելով ներկա պահին 10-րդ հոդվածի 2-րդ մասի արդիականությունը, քանի որ նշված նորմի ուժով ներկայումս ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող բազմաթիվ անձինք ճանաչվում են ՀՀ քաղաքացիներ, անհրաժեշտ է հիշյալ հոդվածի 2-րդ մասի գործողության ժամկետը երկարաձգել ևս 2 տարով։

 Նախագծի 3-րդ հոդվածի նպատակը կայանում է նրանում, որ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն։ Որպես այլ պետության քաղաքացիութուն ունենալու հանգամանքը հիմնավորող ապացույց անձը ներկայացնում է օտարերկրյա պետության անձնագիր կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին: Ընդ որում՝ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ներկայումս քաղաքացիությունը դադարեցնելու դիմում ներկայացնելու համար անձին իրավունք է վերապահված այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանք) ներկայացնել մինչև ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը։

Օրենքի ներկայիս գործող խմբագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ դրանք քննարկվում են, կազմվում են ամփոփ եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։ ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող հավաստումը ներկայացվում է օրենքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալու վերջին օրերին, և մինչև այն սահմանված կարգով ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկելը ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ ստորագրվում է հրամանագիրը՝ մերժելով անձի դիմումը՝ փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված։  «Քաղաքացիության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս դեպքում անձը կարող է կրկին դիմել մերժման օրից մեկ տարի հետո միայն։ Ներկայացված նախագծով նախատեսվում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացնելու համար սահմանել դիմումը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետ, որպեսզի մինչև գործը քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանն ուղարկելը ապահովվի փաստաթղթերի ամբողջականությունը և հիմնավորվածությունը։

Նախագծով սահմանվում է նաև հիշյալ ժամկետում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստում (տեղեկանք) չներկայացնելու դեպքում քաղաքացու դիմումը անհետևանք թողնելու հիմք։ Այս դեպքում քաղաքացին կարող է կրկին դիմում  ներկայացնել՝ առանց 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամյա ժամկետի սահմանափակման:

Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության նպատակը ապաքաղաքացիության կրճատումն է: Պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները հաճախ դիմում են ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ ներկայացնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստումը (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու  մասին, սակայն արդյունքում  տարբեր պատճառներով ձեռք չեն բերում տվյալ պետության քաղաքացիությունը՝ փաստացի հայտնվելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում: Առանց անձը հաստատող վավեր որևէ փաստաթղթի այս անձինք հնարավորություն չեն ունենում օգտվել իրենց հիմնարար իրավունքներից (սոցիալական, կրթական և այլն) և հարկադրված դիմում են ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն՝ քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվելու համար։ Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ծնողները դիմում և դադարեցնում են նաև երեխաների քաղաքացիությունը, որոնք ձեռք չբերելով այլ պետության քաղաքացիություն նույնպես հայտնվում են քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում։ Հիշյալ հանգամանքով պայմանավորված վերջին տարիներին ՀՀ-ում կտրուկ աճել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը /եթե 2013թ. քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվել է 38 անձ, ապա 2017թ-ին՝ 412/։ Նշված խնդրի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը, որը հանդիսանում է նաև քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով իրավասու մարմին, և առաջարկել է վերանայել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը՝ անձանց՝ ապաքաղաքացի դառնալու հնարավորությունը կանխելու նպատակով։

Հարցի կանոնակարգման նպատակով նախապատրաստվել է սույն օրինագիծը, որով նախատեսվում է կարգավորել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ըստ օրինագծի, այն դեպքում, երբ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ իրավասու մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ՝ նրա այդ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ) լիազոր մարմին ներկայացնելու պահից։ Ընդ որում, նշված ապացույցը ներկայացնելու պարտականություն կրելու է անձը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

Սույն օրինագծի ընդունման արդյունքում կբացառվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո անձի՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելու հնարավորությունը՝ ապահովելով «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի պահանջները, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացող որոշ խնդիրներ:

  • Обсуждалось

    30.09.2019 - 21.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7850

Принт