Добавить в избранное

В стадии разработки

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Միաժամանակ, Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են դատավորների կենսաթոշակների հաշվարկման արտոնյալ պայմաններ։

Մասնավորապես, համաձայն 6-րդ մասի իրավակարգավորումների՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կենսաթշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով:

Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման համաձայն՝

  1. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
  2. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը` «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
  3. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
  4. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։
  5. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը, ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝դատավորներին վերաբերող մասով, ճանաչվել է Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։

Միաժամանակ,  Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերելի իրավակարգավորումները ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում ինքնին վերացել է 6-րդ մասի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակասահմանադրական է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կենսաթշակի չափը հաշվարկելու կարգի որևէ առանձնահատկություն սահամանելը։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը վերանայել է իր ՍԴՈ-1302 որոշումը։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է.

  • ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածի 6-րդ մասը,

Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 5-րդ և 6-րդ մասերով՝ սահմանելով, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով: Սահմանվել է նաև, որ Օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար օրենքով կամ Կառավարության որոշմամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

  • ուժը կորցրած ճանաչել Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ընդունվել է ի կատարում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1302 որոշման։

Միաժամանակ, անցումային խնդիրներին լուծում տալու նպատակով կարգավորվում են նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձանց մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի մասնագիտական ստաժի հիման վրա վերահաշվարկելու ժամկետների հետ կապված հարաբերությունները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարունակելու է գործել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը՝ սահմանվում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակները շարունակում են վճարվել վերահաշվարկված չափով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափով: 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագիծն ընդունվելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքի իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջներին:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը բովանդակային առումով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենք ներառելու անհրաժեշտությամբ։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կարգավորված են այդ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին (ով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է այդ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ) կենսաթոշակ նշանակելուն առնչվող հարաբերությունները:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով կարգավորված են  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողին (ով պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով)  կենսաթոշակ նշանակելուն առնչվող հարաբերությունները:

Հարկ է նշել, որ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատավորի, դատախազի պաշտոններ զբաղեցրած անձինք, ում կենսաթոշակային ապահովությունն իրացվում էր որպես զինծառայող կամ զինծառայողների համար սահմանված կարգով, կենսաթոշակի իրավունքը կարող են իրացնել նաև Օրենքի 9-րդ հոդվածով (անցումային դրույթներով) սահմանված կարգով՝ եթե մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք են բերել առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ:

Ստացվում է, որ Օրենքով (հիմնական մասով և անցումային դրույթներով) կարգավորված են պետական առանձին պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, բացառությամբ քննչական ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց, որոնց մի մասի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով (հիմնական մասով), իսկ մյուս մասինը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով (անցումային դրույթներով): 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում և ապահովել քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության իրականացումը բացառապես Օրենքով:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նկատի ունենալով, որ միաժամանակ բովանդակային առումով այն ներառվում է Օրենքի 9-րդ հոդված:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագիծն ընդունվելու դեպքում պետական պաշտոն, այդ թվում՝ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովությունը կիրացվի բացառապես «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2016 թվականի  հունվարի 20-ի N 30-Ն որոշումը:

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    23.08.2019 - 09.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7491

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

26.08.2019

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին և 2-րդ հոդվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող մասերի համարակալումը փոխել՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջները: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» և «ժամանակահատվածը» բառեր չկան, այդպիսի բառեր կան գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, սակայն այստեղ էլ «ժամանակահատվածը» բառը կրկնվում է 2 անգամ, որի դեպքւմ պարզ չէ, թե որ «ժամանակահատվածը» բառից հետո է կատարվում լրացումը: Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասը վերանայել նախորդ առաջարկության հիմքով, քանի որ ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությունից հետո փաստացի կա նաև 8-րդ մաս, հետևաբար լրացումը պետք է կատարվի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով>>` պարբերությունների միջև լրացուցիչ համարով: Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում <<ութերորդ>> բառը փոխարինել <<յոթերորդ>> բառով, որովհետև ձևակերպման իմաստով առաջարկվող փոփոխությունը գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերությանը պետք է վերաբերի: Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայել, որովհետև գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը 9-րդ պարբերություն ուղղակի չունի: Նախագծի 3-րդ հոդվածի չհամարակալված 2-րդ և 3-րդ մասերը, որոնք փաստացի անցումային դրույթներ են, առաջարկում եմ ձևակերպել առանձին հոդվածով՝ գործող օրենքի 9-րդ հոդվածի 7-11-րդ մասերի միջև:

Узнать больше