Добавить в избранное

В стадии разработки

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 8. Առաջարկվում է ձևափոխել Իրավահասարության խորհրդին վերաբերող Նախագծի ամբողջ 3-րդ գլուխը, փոփոխելով Իրավահավասարության խորհրդի ձևավորման կարգը, դարձնելով այն ոչ թե միանձնյա նշանակովի հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին, այլ առանձին աշխատակազմ և պետական ֆինանսավորում ունեցող ընտրովի ինքնավար մարմին, որը կձևավորվի ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի հիման վրա ԱԺ կողմից և որն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն կունենա: Իրավահավասարության մարմինը պետք է անձի համար նախատեսի իրավունքի պաշտպանություն, իրավունքի խախտման փաստի ճանաչում և լինի խախտված իրավունքի վերականգմանն ուղղված արդյունավետ մարմին: Այն պետք է հնարավորինս ընդգրկուն մանդատ ունենա, մասնավորապես. 1/ Բողոքներ քննելու լիազորություն, այդ թվում նաև ex oficio կարգով, ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, 2/ Վարչական պատասխանատվություն /տուգանք/ կիրառելու լիազորություն, 3/ Հաշտարարություն իրականացնելու գործառույթ 4/ Դատարանին Amicus curiae ներկայացնելու իրավասություն, 5/ հանրային շահի պաշտպանության (actio popularis) հայցերով դատարան դիմելու լիազորություն, 6/ Իր կայացրած որոշումների կատարումը պարտավորեցնելու իրավական մեխանիզմներ, 7/ իրազեկվածության բարձրացման, մոնիթորինգի և խորհրդատվության գործառույթներ: Հավասարության մարմնի լավագույն մոդելի և հավասարության իրավունքի ապահովման համար անհրաժեշտ գործառույթների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի այս հետազոտությամբ http://www.havasar.am/wp-content/uploads/2019/02/%D5%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%B6%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf Չի ընդունվել: Իրավահավասարության ապահովման համար արդյունավետ և անկախ մարմին է Մարդու իրավունքների պաշտպանը, որն օժտված է անկախության սահմանադրական երաշխիքներով և տիրապետում է անհրաժեշտ գործիքակազմի: Իսկ գործելով Իրավահավասարության խորհրդի փորձագետների հետ համատեղ՝ բոլոր նախապայմաններն առկա կլինեն արդյունավետ գործունեության համար: Ուստի, նոր մարմին ստեղծելու, այդ մարմնին առանձին աշխատակազմ և ֆինանսական, նյութատեխնիկական ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտություն չկա:
2 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:45:31 Առաջարկ 9. Առաջարկվում է փոփոխությունների փաթեթում ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 162.1. հոդվածի 2-րդ մասում նախատեսված փոփոխությունների փոխարեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1. կետով. «2.1. Անձը, իսկ նրա մահվան դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը, Իրավահավասարության խորհուրդը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի, իրավաբանական կամ ֆիզիկական անձի որոշման, կարգավորման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված խտրականությունից զերծ մնալու իրավունքը և/կամ վերջինիս նկատմամբ դրսևորվել է «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված խտրականության որևէ տեսակ»: Փոփոխության այս տարբերակը հնարավորություն կտա խտրականության գործորով դատարան դիմելիս ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել ոչ միայն պետական և տեղական ինքնակաավարման մարմիններից, այլ նաև իրավաբանական և ֆիզիկական անձանցից: Սա հատկապես կարևոր է աշխատանքային իրավահարաբերություններում և սպասարկման ոլորտում, քանի որ խտրականության չենթարկվելու իրավունքի խախտումներ հաճախ թույլ են տալիս խոշոր գործատուները և հասարակությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնց նկատմամբ որևէ լիազորություն չունի նաև Իրավահավասարության խորհուրդը: Ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորության ստեղծումն այս դեպքում խախտված իրավունքի վերականգնման միակ արդյունավետ միջոցը կարող է լինել: Ընդունվել է ի գիտություն: Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ՀՀ-ում դեռևս գտնվում է կայացման փուլում և զարգանում է այն տրամաբանությամբ, որ որոշ ժամանակ անց միանգամայն հնարավոր կլինի առաջարկվող կարգավորման նախատեսումը: Սակայն, զարգացման ներկա փուլում, երբ մի շարք այլ կարևոր իրավունքների խախտման համար մասնավոր սուբյեկտներից ոչ նյութական վնասի հատուցում նախատեսված չէ, միայն խտրականության պարագայում նման հնարավորության նախատեսումը կարող է միակողմանի և չհիմնավորված կարգավորում համարվել: Բացի այդ, խտրականության որոշ դրսևորումների պարագայում ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի շրջանակում:
3 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:58:12 Առաջարկ 10. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան արձանագրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 29.07.2019թ. փոփոխել է հանրային քննարկման դրված նախագիծը, որում ավելացվել են հատուկ կարգավորումներ ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Թեև Նախագծի փոփոխությունների մի մասը Կոալիցիան գնահատում է դրական, սակայն Նախագծի փոփոխության հետ մեկտեղ չի երկարացվել Նախագծի հանրային քննարկման ժամկետը, ուստի հանրությունը դրան կարող է արձագանքել միայն 2 աշխատանքային օրվա ընթացքում, ինչն անհամաչափ ժամկետ է և գործող ընթացակարգերի խախտում է: Հաշվի առնելով կարճ ժամանակահատվածը և նոր կարգավորումների ընդհանրական ու սևագրի տպավորություն թողնող բնույթը, մեր առաջարկներն այս մասով ևս ներկայացնում ենք ընդհանրական ձևով և ակնկալում ենք Նախագծի լրամշակված տարբերակի մանրամասն քննարկում շահագրգիռ կողմերի հետ: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի նախնական տարբերակում դատավարական կարգավորումների բացակայությունը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով (ի դեպ, փոփոխությունը արվել է Ձեր կողմից նշված ժամկետից ավելի վաղ): Միաժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում քննարկման առարկա դարձնել դատավարական նորմերի վերաբերյալ Ձեր գրավոր առաջարկները՝ հաշվի առնելով, որ այս պահին նախագծի լրամշակման աշխատանքները գտնվում են ամփոփման փուլում:
4 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:58:12 Առաջարկ 11 Առաջարկվում է փոփոխությունների փաթեթում ներկայացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև Նախագծի 8-րդ հոդվածում հստակ ամրագրել ապացուցման բեռի փոխանցումը պատասխանողին առերևույթ խտրականության կանխավարկած ստեղծվելու պահից: Առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը. «Խտրականության վերաբերյալ հայցադիմում քննելիս հայցվորը ներկայացնում է տվյալներ և փաստարկներ՝ առերևույթ /prima facie/ խտրականության առկայությունը հիմնավորելու համար (ստեղծելու համար խտրականության կանխավարկած), ինչից հետո խտրականության բացակայության ապացուցման պարտականությունը փոխանցվում է պատասխանողին:» Ապացուցման բեռի այլ կանոնների սահմանումը և դրա փոխանցումը պատասխանողին խտրականության կանխավարկածի ձևավորման դեպքում միջազգային իրավունքի պահանջներից է կապված խտրականության գործերով ապացուցման անհամաչափ բարդության հետ դիմողների համար: Նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր No. 20 ընդհանուր հանձնարարականում, նշելով, որ քանզի քննարկման առարկա փաստերն ու դեպքերը ամբողջությամբ կամ մասնակի բացառապես գտնվում են իշխանությունների կամ պատասխանողի գիտության սահմաններում, ապացուցման բեռը պետք է համապատասխանաբար դրվի իշխանությունների կամ պատասխանողի վրա: (Committee on Economic, Social and Cultural Rights, General Comment No. 20: Non-Discrimination in Economic, Social and Cultural Rights, UN Doc. E/C.12/GC/20, 2009, Para 40): Նույնանման մոտեցում են արտահայտել նաև ՄԱԿ-ի այլ կոնվենցիոն մարմիններ. խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժման վերաբերյալ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն նշել է, որ խելամիտ հարմարեցումների տրամադրման պարտականության հիմնական տարրերից է… ապահովումը, որ ապացուցման բեռը կրում է պարտականություն կրողը, որը պնդում է, որ պարտականությունն իր համար անհամաչափ կամ անտեղին է: /Committee on the Rights of Persons With Disabilities, General Comment No. 6: Equality and Non-Discrimination, UN Doc. CRPD/C/GC/6, 2018, Para 26(g)/: Եվրոպական Միությունը նույնպես ունի կարգավորումներ ապացուցման բեռի բաշխման հետ կապված: ԵՄ Հավասարության դիրեկտիվի համաձայն, երբ անձը, ով կարծում է, որ իր նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը խախտվել է ներկայացնում է դատարանի կամ այլ իրավասու մարմնի առջև փաստեև, որոնցից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել ուղղակի կամ անուղղակի խտրականություն, պատասխանողն է կրում իր կողմից հավասարության սկզբունքը չխախտելու ապացուցման բեռը (ԵՄ Խորհրդի Դիրեկտիվ 2000/43/EC 2000թ․ հունիսի 29-ի Հոդված 8; ԵՄ 2000/78/EC o27 Նոյեմբեր 2000թ․ հոդված 10; ԵՄ Խորհրդի Դիրեկտիվ 2004/113/EC 13 դեկտեմբերի 2004թ, հոդված 9; ԵՄ Խորհրդի Դիրեկտիվ 2006/54/EC 5 հուլիսի 2006թ, հոդված 19)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր նախադեպային որոշումներում անդրադարձել է խտրականության դեպքերով գործերի քննության ժամանակ ապացուցման բեռի բաշխման հարցին և արձանագրել, որ այն դեպքում, երբ դիմողը հիմնավորում է տարբերակված մոտեցումը, պետությունը պետք է ապացուցի, որ այն արդարացված է (M and Others v. France [GC], nos. 25088/94, 28331/95 and 28443/95, §§ 91-92, ECHR 1999 III, Timishev, § 57). Այս համատեքստում Նախագծի 8-րդ հոդվածի ձևակերպումը և ապացուցման բեռի մասին հստակ կարգավորումների բացակայությունը դատավարության օրենսգրքերում (ինչպես նաև տեղադրված առաջին տարբերակի մեջ տրված սահմանումը) հստակ չեն ամրագրում ապացուցման բեռի փոխանցումը պատասխանողին, ուստի չեն համապատասխանում միջազգային պահանջներին և չեն երաշխավորում անձանց իրավունքների իրացումը։ Չի ընդունվել: Նախագծի 8-րդ հոդվածի համաձյան՝ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի կամ այլ պետական մարմնի կողմից խտրականության վերաբերյալ բողոք կամ հայցադիմում քննելիս դիմումատուն կամ հայցվորը ներկայացնում է փաստական տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքները ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա կամ այն անձի վրա, ում դեմ ներկայացվել է բողոքը: Կարծում ենք նման կարգավորումը համապատասխանում է Ձեր կողմից մատնանշված չափանիշներին և գործող կարգավորումներին: Միաժամանակ, ապացուցման բեռի բաշխման վերոհիշյալ կանոնը տեղ է գտել նաև համապատասխան դատավարական օրենսգրքերում:
5 Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ 31.07.2019 02:58:12 Առաջարկ 12. Առաջարկվում է Նախագծին կից ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում կատարվող փոփոխություններում նաև ավելացնել առանձին կարգավորումներ խտրականության վերաբերյալ գործեր քննելիս ապացույցների այլ տեսակներ (վիճակագրական տվյալներ, փորձարկման արդյունքներ…) ներկայացնելու հնարավորության, և նույնանման փաստերի անհերքելիության կանխավարկածի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են խտրականության գործերով արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար: Այս փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ ապացուցման կարգն ու դատավարական նշանակությունը սահմանված են դատավարական օրենսգրքերով և պրակտիկայում հնարավոր չէ առաջնորդվել միայն նախագծում առաջարկվող դեկլարատիվ դրույթով տվյալներ և փաստարկներ ներկայացնելու վերաբերյալ: Սա հատկապես կարևոր է անուղղակի խտրականության դեպքում: ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ անուղղակի խտրականության դեպքում պաշտոնական վիճակագրության ներկայացումը բավարար է առերևույթ խտրականություն արձանագրելու համար (Hoogendijk v. the Netherlands (dec.), no. 58641/00, 6 January 2005): Չի ընդունվել: Մատնանշված ապացույցները մտնում են Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով և վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների տեսակների մեջ և լրացումների անհրաժեշտություն չկա:
6 Հովհաննես Մադոյան 31.07.2019 13:34:45 Առաջարկում եմ ավելացնել առողջական վիճակը կամ հիվանդության առկայությունը որպես պաշտպանված հիմք: Դա կօգնի պաշտպանել ՄԻԱՎ վարակ ունեցող, թմրամիջոցներից կախվածություն ունեցող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց խտրականությունից զերծ մնալու իրավունքը: ՄԻԵԴ-ը ճանաչել է այս հիմքրով խրտրականության փաստերը և կարելի է հղում տալ նախադեպային իրավունքին, սակայն օրենքի տեքստում ուղղակի նշելը ունի նաև կանխարգելիչ ազդեցություն: Չի ընդունվել: Օրենքի նախագծում պաշտպանված հիմքերը նշելու առումով որդեգրվել է Սահմանադրությամբ նախատեսվածն հիմքերի թվարկման մոտեցումը, որը համապատասխանում է նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին:
7 Ստելլա Չանդիրյան 31.07.2019 23:52:18 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցների մատչելիությունն ազգային փոքրամասնությունների համար։ Առաջարկում ենք հոդվածում կատարել փոփոխություն եւ ամրագրել, որ ընտրությունների, հանրաքվեների ժամանակ ընտրության կարգի եւ գործընթացի վերա-բերյալ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով մատուցվող տեղե-կատվությունը պետք է հրապարակվի նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը քննարկման առարկա կդառնա առաջիկայում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համատեքստում:
8 Ստելլա Չանդիրյան 31.07.2019 23:52:18 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ խտրականությունը գործողություն, անգործություն, կարգավորում, վերաբերմունք կամ քաղաքականություն է, որն արտահայտվել է անձի իրա-վունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ, երբ՝ առկա չեն հետապնդվող իրավաչափ նպատակի, ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտության եւ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության պայմանները՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ։ Նշված սահմանման մեջ ներառված չէ խտրականության դրսեւորումը սեռական կողմնորոշման եւ գենդերային պատկանելիության հիմքով, ինչն առաջակում ենք ամրագրել նախագծով։ Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին:
9 Ստելլա Չանդիրյան 31.07.2019 23:52:18 Նախագծի 5-րդ հոդվածում, ի թիվս այլնի, նշվում է նաեւ վիկտիմիզացիայի սահմանումը, համաձայն որի՝ վիկտիմիզացիան դիտավորյալ գործողություն կամ անգործություն է, որը սույն օրենքի շրջանակում իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին դիմում կամ բողոք ներկայացրած կամ ենթադրյալ խտրականության փաստը հրապարակած անձի համար հանգեցրել է բացասական հետեւանքների։ Հարկ է նշել, սակայն, որ հնարավոր են դեպքեր, երբ անձն առհասարակ բարձրաձայնի սույն օրենքի շրջանակներից դուրս կատարվող որեւէ հարց (օրինակ՝ իր աշխատանքային պայմանների վերաբերյալ) եւ արդյունքում նա ենթարկվի խտրականության եւ դա հանգեցնի իր համար բացասական հետեւանքների, սակայն այդ պարագայում նշված օրենքով նախատեսված կարգավորումները չեն տարածվի այդ իրավիճակի նկատմամբ եւ անձը կզրկվի իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձեւակերպել օրենքում տեղ գտած վիկտիմիզացիայի նշված նեղ սահմանումը։ Չի ընդունվել: Առաջարկվող ձևակերպումը չափազանց լայն է և ուղղակիորեն չի բխում սույն նախագծի նպատակներից: Բացի այդ, բերված չեն օրինակներ այլ երկրների համանման օրենքներից, որտեղ վիկտիմիզացիան նման լայն բովանդակություն ստացած լինի: Որպես կանոն, այլ եվրոպական երկրներում էլ վիկտիմիզացիայի ձևակերպումը համապատասխանում է Նախագծով ամրագրվածին:
10 Ստելլա Չանդիրյան 31.07.2019 23:52:18 Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է, որ իրավահավասարության ապահովմամբ պետք է զբաղվի Մարդու իրավունքների պաշտպանը, որն այդ գործունեությունը կիրականացնի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծվող խորհրդակցական մարմնի՝ Իրավահավասարության խորհրդի միջոցով։ Միեւնույն ժամանակ նախատեսվում է, որ Իրավահավասարության խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով, առանց վարձատրության, ինչն արդեն ենթադրում է, որ դրանում ներգրավված անձիք իրենց ամբողջ ժամանակը չեն կարողանա տրամադրել այդ աշխատանքին: Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իր սահմանադրական լիազորություններով որոշակի սահմանափակումներ ունի, քանի որ վերջինս, օրինակ, չի կարող քննել մասնավոր կազմակերպություններում առաջացող վեճերն ու արդյունքում ստղծվելու է մի իրավիճակ, երբ հասարակության մի ամբողջ հատվածում առաջացող խտրականության դրսեւորումները մնալու են պաշտպանության ոլորտից դուրս։ Ավելին, Իրավահավասարության խորհրդի կայացրած որոշումներն ունեն ուղղակի խորհրդակցական բնույթ, ինչից ենթադրվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դրանց հետեւել եւ նույն կերպ կարող է չհետեւել։ Արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ձեւավորվում է մարմին, որի գործունեությունը կրում է պարզապես դեկլարատիվ բնույթ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել եւ ՀՀ Սահմանադրութան համաձայն ստեղծել ինքնավար մարմին, որը կապահովի Հանրապետության ողջ տարածքում եւ բոլոր ոլորտներում խտրականության դրսեւորման ենթարկված անձանց իրավունքների պաշտաճ պաշտպանությունը։ Չի ընդունվել: Իրավահավասարության ապահովման համար արդյունավետ և անկախ մարմին է Մարդու իրավունքների պաշտպանը, որը տիրապետում է անկախության սահմանադրական երաշխիքների և այլ անհրաժեշտ գործիքակազմի: Իսկ գործելով Իրավահավասարության խորհրդի փորձագետների հետ համատեղ՝ բոլոր նախապայմաններն առկա կլինեն արդյունավետ գործունեության համար: Ուստի, նոր մարմին ստեղծելու, այդ մարմնին առանձին աշխատակազմ և ֆինանսական, նյութատեխնիկական ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտություն չկա