Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձևավորման և գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում առկա են մի շարք իրավանորմեր, որոնք ունեն փոփոխության կարիք, ինչը բխում է գործնական անհրաժեշտությունից և Կոմիտեի լիազորությունների իրականացման պատշաճ ապահովումից:

Նշված Օրենքի Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:

  1. Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնելու ընթացակարգի վերացում:

Ներկայումս Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդ և տևական ընթացակարգ, որի արդյունավետությունը գործնականում վիճահարույց է: Հարկ է նշել, որ 2015թ.-ին Արդարադատության ակադեմիայում ուսուցանել են Կոմիտե ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված 15 ունկնդիր, 2016թ.-ին՝ 46, 2017թ.-ին՝ 50, իսկ 2018թ.-ին՝ 57:

2018թ.-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Կոմիտեում թափուր է 46 քննիչի հաստիք: Սակայն, Կոմիտեում այս պահի դրությամբ թափուր հաստիքները մասնակի լրացվել են արտահերթ կազմակերպված քննությունների հաշվին, որոնց մասնակցում են այն անձինք, ովքեր Օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն ազատված են Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:

Առհասարակ, Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուների գործող ընթացակարգի պատճառով Կոմիտեն հարկադրված է տարեկան 3-4 անգամ կազմակերպել քննություններ, և անգամ այդ պայմաններում թափուր հաստիքների թիվը մնում է բավականին բարձր:

Քննիչների թվի պակասումը և թափուր հաստիքների առկայությունն ազդում են Կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածության, հետևաբար նաև քրեական գործերի քննության արդյունավետության վրա: Այսպես, Կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությանը 2018թ.-ի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում հանդիսանում է վերջին 4 տարիների համեմատության ամենաբարձրը: Եվ համեմատած 2017թ.-ի առաջին կիսամյակի տվյալների հետ նկատվել է քրեական գործերի քանակի աննախադեպ աճ։ Այսպես` 2017թ.-ի առաջին կիսամյակում Կոմիտեում քննվել է 10526 քրեական գործ, իսկ 2018թ.-ի առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 քրեական գործով ավելի։

Նման պայմաններում էապես բարձրացել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը` նախորդ տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 23 քրեական գործ, իսկ 2018թ.-ի առաջին կիսամյակում 28 քրեական գործ։

Քրեական գործերի նման քանակական աճը բացասական է ազդելու նախաքննության որակի և արդյունավետության վրա։

Ուստի, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցած/անցնող Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված ավարտածների/թեկնածուների թիվը, քրեական գործերով առկա ծանրաբեռնվածության ցուցանիշները, ինչպես նաև թափուր հաստիքների թիվը, կադրերի հոսունությունը, ուսումնառության տևողությունը և նշանակումների անհամապատասխանությունը, ուստի անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չանցնեն Արդարադատության ակադեմիայում, այսինքն՝ նշանակվեն պարզեցված ընթացակարգով:

Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդացված ընթացակարգ քննչական այլ մարմինների (հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների) քննիչի պաշտոն զբաղեցնելու համեմատ: Նման տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ, և լրացուցիչ բարդություն է ստեղծում Կոմիտեում ծառայություն անցնելուն հավակնող անձանց համար, քանի որ այդ անձը կնախընտրի ծառայության անցնել այդ քննչական մարմիններում, քան Կոմիտեում:

  1. Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի հստակեցում:

2.1 Օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը, որի 3-րդ մասը սահմանում է, որ Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումն իրականացվում է գրավոր քննության միջոցով, սակայն Նախագծով առաջարկվում է կատարել լրացում՝ ամրագրելով նաև քննության բանավոր ընթացակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված թափուր պաշտոնի հավակնող անձն առավել նպատակահարմար է, որպեսզի բացի գրավոր քննությունից, հանձնի նաև բանավոր քննություն, որի ընթացքում իր բանավոր խոսքի տիրապետման գրագիտության աստիճանով, հանցագործությունների որակման, քրեադատավարական իրավիճակների մեկնաբանմամբ վստահություն կներշնչի հանձնաժողովին:

Բանավոր քննությունը հնարավորություն կընձեռի պարզել անձի արագ կողմնորոշվելու, բարձրացված խնդրին օպերատիվ լուծում տալու ունակությունները, կազմակերպական հարցերը լուծելու, ոստիկանության, դատախազության, քննչական բաժինների պետերի հետ իր աշխատանքը կազմակերպելու հմտությունները:

2.2. Հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

Նախագծով առաջարկվում է 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո նաև բանավոր քննություն: Գրավոր կամ բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք ընդգրկվում են քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

  • Հոդվածի 10-րդ մասը սահմանում է այն անձանց ցանկը, ովքեր ազատված են Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Նշված ցանկում ներառված են դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ (եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի) ունեցողները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ունեն իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

Նախագծով առաջարկվում է նշված անձանց համար նախատեսել բացառություն՝ սահմանելով, որ նրանք հանձնելու են միայն բանավոր քննություն, որից հետո կընդգրկվեն Կոմիտեի ծառայողների ցուցակում:

  • Հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Նախագծով առաջարկվում է 11-րդ մասում սահմանել, որ գրավոր քննություններից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Վերոնշյալ փոփոխությունները միտված են նրան, որ Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում:

  1. Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակի ձևավորման ընթացակարգի հստակեցում:

Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը: Նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ որակավորման հանձնաժողովը Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակը ձևավորում է այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառություն ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակավորման հանձնաժողովը Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակը ձևավորում է այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում Օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասում նշված՝ անձանց (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ) միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

  1. Կոմիտեում պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու ընթացակարգի հստակեցում:

Գործող Օրենքի 20-րդ հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը», որի 6-րդ մասը սահմանում է այն պաշտոնների ցանկը, որի համաձայն էլ քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունն արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքով սահմանված կարգով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառություն՝ պաշտոնի է նշանակում: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես արդեն վերը նշվեց, Կոմիտեն ձևավորում է սկզբունք, ըստ որի Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, ուստի և անհրաժեշտություն է առաջանում կատարելու վերոնշյալ փոփոխությունները, որը միտված է կադրային կայունություն ապահովելուն, քանի որ, հնարավոր չի լինում հաստիքների համալրումն իրականացնել, ինչի արդյունքում Կոմիտեն տարեկան 3-4 անգամ հայտարարում է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննության անցկացման մասին և որին մասնակցելու իրավունք են ունենում Օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասում նշված այն անձինք, ովքեր ազատված են արդարադատության ակադեմիայի ուսումնառություն:

Միաժամանակ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ որակավորման քննություններից դրական գնահատական ստացած և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չունեն առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, ապա քննչական կոմիտեում նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարեն քննչական խմբում՝  ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:

Նշված առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոլեգիալ կազմով գործերը քննելիս, ավելի արդյունավետ կլինի փորձի փոխանակումը, քանի որ նորանշանակ քննիչները չունենալով պրակտիկ փորձ կդժվարանան իրականացնել իրենց պարտականությունները, իսկ քննչական խմբում ներգրավվելու մեխանիզմը կնպաստի վերջիններիս պրակտիկ փորձի, հմտությունների ձեռքբերմանը՝ արագ կողմնորոշվելու հարցերում: Բացի այդ կենտրոնացված դատավարական որոշումները կայացնելու է քննչական խմբի ղեկավարը, քանի որ քրեական գործը վարույթ է ընդունելու քննչական խմբի ղեկավարը:

Նշված փոփոխության արդյունքում ՀՀ պետական բյուջեն կտնտեսի 48.331.300 (քառասունութ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր) դրամ գումար, քանի որ Կոմիտեի կողմից ներկայացված 2019թ.-ի բյուջետային հայտով նախատեսվում էր, որ 2019թ.-ի ընթացքում մասնագիտական պատրաստում պետք է անցնեին քննչական ծառայողների ցուցակում ընդգրկված 55 անձինք, որոնց մասնագիտական պատրաստումը կազմելու էր 5.552.000  (հինգ միլիոն հինգ հարյուր հիսուներկու հազար) դրամ գումար ներառյալ հարկերը, իսկ քննչական ծառայողների ցուցակում ընդգրկված 55 անձանց ուսումնառության յոթ ամիսների ընթացքում տրամադրվելիք կրթաթոշակը կազմելու էր 42.779.300 (քառասուներկու միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր) դրամ գումար:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ իրականացվում է Կոմիտեում կադրային քաղաքականություն բարելավում, մասնավորապես՝

  • Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես դա արվում է այլ քննչական մարմիններում,
  • Կոմիտեի թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումը կիրականացվի ոչ միայն գրավոր ընթացակարգով, այլ նաև բանավոր,
  • Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկված անձինք (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ) միաժամանակ կընդգրկվեն Կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում,
  • որակավորման քննություններից դրական գնահատական ստացած և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չունեն առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, ապա Կոմիտեում պաշտոնի նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարեն քննչական խմբում՝ ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ, ինչը հնարավորություն կընձեռի կատարելագործել իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, Կոմիտեի թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումը իրականացվելու է ոչ միայն գրավոր ընթացակարգով, այլ նաև բանավոր, Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկված անձինք (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ) միաժամանակ ընդգրկվելու են Կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում, որակավորման քննություններից դրական գնահատական ստացած և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չունեն առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, ապա քննչական կոմիտեում նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարեն քննչական խմբում՝  ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    25.10.2018 - 09.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10317

Принт

Предложения

Դավիթ Ասատրյան

31.10.2018

Հարկ է ընդգծել,որ նախագիծը զերծ չէ թերություններից:Ստորև ներկայացնեմ դրանցից մի քանիսը. 1/Արդարադատության ակադեմիայում ուսումը ինքնանպատակ ներդրված չի եղել,այն պայմանավորված է եղել հիմնականում նրանով,որ քննիչ դառնալու համար բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների կողմից դասավանդվող առարկաները բավարար չեն պատրաստի քննիչ ձևավորելու համար/սրա մասին հպանցիկ անդրադարձ եղավ նաև կառավարության նիստերց մեկի ժամանակ/,օրինակ Ակադեմիայում ուսումնասիրում են եվրոպական կոնվենցիոն իրավունք,իսկ բուհերում այն չի դասավանդվում:Կարելի է փաստել,որ ՄիԵԴ-ից Հայաստանի դեմ կայացված վճիռների մի զգալի հատվածն էլ նախաքննության արդյունքում թույլ տրված սխալների հետևանք է:Ինչևէ Ակադեմիայում ձևավորվել է մի բարի ավանդույթ,որ տեսական գիտելիքները զուգորդվում են գործնականի հետ և փաստորեն ապագա քննիչները փորձաշրջանի ընթացքում ըստ էության կատարում են բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ և հմտանում իրենց ապագա գործում :Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նորավարտ իրավաբանը միանգամից նշանակվում է քննիչ և սկսում գործ քննել,այն դեպքում,երբ երբևէ նման փորձ չի ունեցել:Սա իհարկե մտահոգիչ է: 2/Նախագծով առաջարկվում է նորանշանակ քննիչներին Կոմիտեում պաշտոնի նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարել քննչական խմբում՝ ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:Ընդհանրապես դատավարությամբ սահմանված կարգով բարդ և մեծածավալ,դժվար բացահայտելի գործերով է կազմվում քննչական խումբ:Արդյոք տրամաբանական է նորաթուխ քննիչին ներգրավել նման աշխատանքին:Չէ որ հենց այդ նորանշանակ քննիչն է պատասխան տալու օրենքի առջև իր թերի կատարած քննչական գործողության համար,այն դեպքում,երբ ինքը համալսարանում սովորելիս երբևէ չի կատարել քննչական կամ դատավարական գործողություններ,այլ միայն տեսական գիտելիքներ ունի դրա մասին:Բացի այդ,հետաքրքիր է արդյոք ՔԿ ստորաբաժանումների մեծ մասում այդքան մեծ թվով քննչական խմբեր են կազմվում,որ 1 հաստիք էլ պահեն այդ խմբերում աշխատելու համար:Այն դեպքում,երբ քննիչների մեծ մասը ուղղակի տիտանական աշխատանք է անում ՝իր վարույթում ունենալով տասնյակ քր.գործեր: 3/Որպես նախագծի հիմնավորում նշվում է ,որ Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուներն անցնում են բարդացված ընթացակարգ քննչական այլ մարմինների (հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների) քննիչի պաշտոն զբաղեցնելու համեմատ: Նման տարբերակված մոտեցումը ըստ նախագծի հեղինակների հիմնավորված չէ:Պետք է չհամաձայնել սրա հետ,քանի որ նույն ՀՔԾ կամ ԱԱԾ քննիչները մինչև աշխատանքի նշանակվելը սովորաբար արդեն իսկ ունենում են քննչական աշխատանքի փորձ,որն էլ ձեռք են բերում նույն քննչական կոմիտեում:Այսինքն կոմիտեն ինքն է պատրաստում քննիչներ ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի համար:Ինչ վերաբերում է ՊԵԿ քննիչներին,ապա նրանց առջև դրված խնդիրներն սկզբունքորեն այլ են հետևաբար համեմատականներ տանելը ևս սխալ կլինի: 4/Որպես նախագծի կողմից ֆինանսական բեռը թեթևացնելու հնարավորությունը ևս վիճահարույց է :Այսպես այդ գումարի առյուծի բաժինը գնում է ուսանողնեիր կրթաթոշակին,այն ուսանողների ովքեր նույն փորձաշրջանի ընթացքում կատարում են քննիչի աշխատանք՝հետևաբար թեթևացնում տվյալ ստորաբաժանման աշխատանքները,այլապես այն ստորաբաժանումը,ուր իրենք անցնում են փորձաշրջան նոր աշխատակցի կարիք կունենա,որին ևս պետք է վճարվի: Սակայն ցավալին նա է,որ նախագծի հեղինակները պետք է գիտակցեն,որ արդարադատության իրականացումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում և դրա հաշվին խնայողություններ անելը կնշանակի ունենալ վատ արդարադատության համակարգ: 5/Սույն որոշումը մեծապես կախված է նրանից,որ օր օրի Քկ ում աճում է քր գործերի թիվը և քննիչները ուղղակի ֆիզիկապես չեն հասցնում գործ քննել:Սակայն սա նոր խնդիր չէ և լուծումներն էլ առաջարկվել են,օրինակ քննիչի օգնականի հաստիք նախատեսելը, մանր,հեշտ բացահայտելի գործերը հետաքննությամբ ավարտելու օրենսդրական հնարավորության նախատեսումը,էլեկտրոնային նախաքննության ավելի մեծ ու արդյունավետ ծավալներ նախատեսելը և այլն:

Узнать больше