Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

           

Առկա իրավիճակը

ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների  կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար,  թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման  միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։

 

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են`

  • Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում.
  • Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում.
  • Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)ընտրության երաշխիքների ապահովում.
  • Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում.
  • Կուսակցական համակարգի զարգացման և տեղական մակարդակում քաղաքական մշակույթի ձևավորման նպատակով համամասնական ընտրակարգի սահմանում համայնքի ավագանու ընտրության համար։

Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված հետևյալ նպատակով՝

Ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, որը ենթադրում է՝

  • Սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:
  • Նախատեսել մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:
  • Ի լրումն ստորագրված ցուցակների, որպես կրկնակի ստուգման միջոց, առցանց հրապարակել տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցած մասնակիցների ցանկն՝ որոնման հնարավորությամբ առանց ընտրողների անձնագրային տվյալների։

Ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է

  • Օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը:
  • Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և նախատեսել կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում:
  • Կիրառել վերգետնյա հեռուստատեսությունների վրա տարածվող կարգավորումները նաև կաբելային և առցանց հեռուստատեսությունների նկատմամբ՝ հարգելով վերջիններիս բիզնես շահերը:
  • Ապահովել զանգվածային լրատվության միջոցներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը:
  • Ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ սահմանել մեխանիզմներ զորամասերում պաստառներ փակցնելու և զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, ինչը ենթադրում է`

  • Սահմանել տեղամասային կենտրոնների մատչելիության կարգը, կատարել տեղամասային կենտրոների գույքագրում և ընտրություններից առաջ հրապարակել hենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողների համար մատչելի տեղամասային կենտրոնների ցուցակը։
  • Հենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել ԿԸՀ կողմից հայտարարված՝ տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։
  • Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) վիճակահանությամբ տրված համարները և կուսակցությունների անվանումը քվեաթերթիկի վրա տպագրվում են այնպիսի մեծությամբ, որ ընթեռնելի լինեն թույլ տեսողություն ունեցող ընտրողների համար։
  • Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԿԸՀ֊ն տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրում է քվեաթերթիկի կաղապարներ՝ կույր ընտրողների ինքնուրույն քվեարկությունը ապահովելու նպատակով։
  • Օրենսդրորեն ամրագրել, որ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու (քվեարկելու) հնարավորություն չունեցող ընտրողին իրավունք ունի օգնի միայն տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված մեկ այլ ընտրող՝ վերջինիս տվյալները նախապես գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում (պարտավորագրի ստորագրման հետ միասին)։

Զինծառայողների քվեարկության նկատմամբ վերահսկողության բացառում`

  • Զինվորականների քվեարկության ընթացքում արգելել վերադաս սպայի գտնվելը տեղամասային կենտրոնում։
  • Հրապարակել այն ընտրական տեղամասերի ցանկը, որտեղ քվեարկում են զինվորականները:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում`

  • Վերանայել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու ժամկետները, բողոքարկման առարկայի և սուբյեկտների շրջանակը։
  • Իրավունք վերապահել կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան։
  • Կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները:
  • Վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը:
  • Սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը:
  • Ամրագրել տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։ Զեկույցում պետք է նշվի դիտորդական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը:
  • Ներդնել օրենսդրական սահմանափակումներ այն հաշվառմամբ, որ դիտորդական կազմակերպության ղեկավար մարմիններում չեն կարող լինել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուները:

Վերանայել ընտրական գործընթացների վարչարարությունը, այդ թվում՝

  • քվեարկության օրվա և վայրի վերաբերյալ ընտրողներին ծանուցման գործող ծախսատար և անարդյունավետ փոստային մեթոդը փոխարինել առավել արդյունավետ մեթոդով, օրինակ՝ հեռախոսային կարճ հաղորդագրություններով՝ կրճատելով փոստային և տպագրական ծախսերը և խնայելով ժամանակը.
  • ընտրողների մատնահետքերը պարզապես սքանավորելու փոխարեն իրականացնել ընտրողների կենսաչափական նույնականացում՝ բոլոր ընտրողներին տրամադրելով նույնականացման քարտեր, ստեղծելով մատնահետքերի միասնական շտեմարան և համաժամանակյա կապ ստեղծելով բոլոր տեխնիկական գրանցման սարքերի միջև.
  • դիտորդների գրանցման և վկայականների տրման գործընթացում նվազագույնի հասցնել մարդկային գործոնը և կրճատել ժամկետները՝ նախընտրական թեժ ժամանակահատվածում դիտորդների անուններ լրացնելու և վկայական տալու բեռը ԿԸՀ-ի վրայից տեղափոխելով ծրագրային համապատասխան ապահովմամբ ինտերնետային համակարգերի վրա, օրինակ` հեռավար գրանցման և ինքնուրույն վկայականներ տպագրելու միջոցով.
  • տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը դարձնել առավել թափանցիկ՝ ամրագրելով տեսախցիկներով կահավորելու պահանջ, որոնցով հնարավորություն կստեղծվի ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ կայքի միջոցով հեռարձակել տեղամասային ընտրական հանձնաժողովներից փաստաթղթերի ստացման և արդյունքների աղուսակավորման գործընթացը.
  • դիմում-բողոքների ընդունման համակարգը՝ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընդունելով էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթեր՝ ավանդական և տարածության ու ժամանակի տեսանկյունից առավել ռիսկային փոստային ծառայության կիրառման փոխարեն.
  • փոփոխել տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը, սահմանելով, որ անդամներից 3-ին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը և մեկական անդամ նշանակում են Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:  

 

 

  • Обсуждалось

    05.10.2018 - 20.10.2018

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 27728

Принт

Предложения

Արմեն Գալստյան

20.10.2018

Առաջարկում եմ Ընտրական օրենսգրքում նախատեսել համապետական ընտրություններում "բոլորին դեմ" քվեարկելու հնարավորություն` դրա հետ կապելով հստակ իրավական հետևանքներ (օր.` այն դեպքում, երբ բոլորին դեմ քվեարկողների թիվը գերազանցում է ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թվի կեսից ավելին, ապա անհրաժեշտ պետք է լինի անցկացնել նոր ընտրություններ` արգելեով առաջադրվել այն անձանց, ովքեր ընդգրկված են եղել ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում):

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

18.10.2018

Առաջարկում ենք. Դիտարկել և ձևակերպել ՀՀ Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100 -րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները միայն որպես ժամանակավոր միջոց առաջիկա արտահերթ ընտրություններում: Սակայն ամրագրել՝ • Նախագծի հոդված 48-ով նախատեսվող քվոտայի բարելավման տեսլականը հետևյալ խմբագրմամբ. «Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները 3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (1-5, 1-10, 1-15 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը»: • Նախագծի հոդված 61-ով նախատեսվող կանանց ներկայացվածությունը դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովում երաշխավորման մեխանիզմը հետևյալ խմբագրմամբ. «Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին 3. Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 40 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա»: • Կուսակցությունների ընտրական ցուցակներում սեռերի 40/60 համամասնության վերաբերյալ վերոնշյալ դրույթները տարածել նաև 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համանքներում համամասնական կարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների վրա: Առաջարկությունն արվում է.  Հիմք ընդունելով ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների բաց նամակը և դրան հաջորդած սույն տարվա հուլիսի 6-ին հանձնաժողովում տեղի ունեցած քննակումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 100-րդ հոդվածի 3-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման շուրջ քննարկումները,  Փաստելով, որ բաց ցուցակներից հրաժարվելու պարագայում ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի 48-րդ և 61-րդ հոդվածներում՝ գործող օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ կետի և 100 -րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող լուծումները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կհանգեցնեն Ազգային ժողովում կանանց ներկայացվածության միայն նվազագույն շեմի ապահովմանը և չեն կարող դիտարկվել որպես էական առաջընթաց Ազգային ժողովում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության հասնելու ուղղությամբ, հետևապես չեն համապատասխանում հասարակության կեսը կազմող կանանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների սպասելիքներին,  Հաշվի առնելով. - Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները կանանց աջակցող ժամանակավոր միջոցների / քվոտաների/ կիրառման մասին, - Հայաստանի Հանրապետության պարտավորությունները Եվրախորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեի թիվ (2003)3 բանաձևի շրջանակում մինչև 2020 թվականը քաղաքական որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության ոչ պակաս քան 40% շեմը ապահովելու մասին, - ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կայուն զարգացման նպատակների շրջանակում մինչև 2030 թվականը կանանց ու տղամարդկանց հավասար (50/50) մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում ապահովման մասին, - ԵԽԽՎ-ի թիվ 1898 (2012) բանաձևը` օրենսդիր մարմնում և ամբողջ հասարակությունում կանանց ներգրավելու և նրանց քաղաքական աճին և առաջընթացին նպաստելու առումով կուսակցությունների պատասխանատվության մասին,  Ի նկատի ունենալով, նաև որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն չորս համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում քաղաքական ուժերի մեծ մասը հատել է իր ընտրական ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունը:

Իրինա Գասպարյան

16.10.2018

Քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվող օրենսդրական առաջարկությունների փաթեթ 1. Օրենսդրական բարեփոխման անհրաժեշտությունը Ստեղծել երաշխիքներ ազատ, արդար թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ 2. Փոփոխման և/կամ լրամշակման ենթակա օրենքի անվանումը Մայիսի 25-ին 2016 թ․ ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրք 3. Օրենքի նախագծի մեջ փոփոխման և/կամ լրամշակման ենթակա դրությները 3.1. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 13, հոդված 77-ում՝ «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:»՝  «անցկացվում են» բառից հետո լրացնել, «կիրառելով Սահմանադրության 7-րդ, Ընտրական օրենսգրքի 1-ի և 5-րդ հոդվածներով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները»,  «կուսակցությունների» բառից հետո լրացնել «այբբենական հերթականությամբ»,  Հանել «և տարածքային» բառերը։ 3.2. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 83-րդ հոդված․  Հոդվածի վերնագրից հանել բառերը «և տարածքային»,  Հոդվածի վերնագրից «ցուցակներ» բառը փոխարինել «ցուցակ» բառով,  1-ի կետում «ընտրական ցուցակ» բառերից հետո լրացնել «այբբենական հերթականությամբ»,  1-ի կետում հանել «, և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը։  3-րդ կետում առաջին նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «այբբենական հերթականությամբ» բառակապակցությամբ,  3-րդ կետում առաջին նախադասությունում «ցուցակներ» բառը փոխարինել «ցուցակ» բառով,  3-րդ կետում լրացնել «կազմում է» բառից հետո «այբբենական հերթականությամբ»  3-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն «Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) իր համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուներից կազմում է այբբենական հերթականությամբ ընտրական ցուցակ»,  3-րդ կետի վերջին նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «համապետական» բառով,  8-րդ կետի առաջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել,  8-րդ կետի առաջին նախադասությունում «ընտրական» բառից հետո լրացնել «առաջին և երկրորդ մասերի» բառակապակցությամբ,  8-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել,  9-րդ, 10-րդ, 11-րդ կետերը հանել,  12-րդ կետում «և տարածքային» բառերը հանել։ 3.3. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 84-րդ հոդված, 2-րդ կետի, 2-րդ և 3-րդ ենթակետերում «և տարածքային» բառերը հանել, իսկ «ցուցակները» բառը փոխարինել «ցուցակ» բառով։ 3.4. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 85-րդ հոդված․  1-ի կետի վերջին նախադասությունը «Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու դեպքում գրանցված են համարվում նաև տարածքային ընտրական ցուցակները» հանել։  3-րդ կետում, «և տարածքային» բառերը հանել։ 3.5. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 86-րդ հոդված․  1-ի կետում «կամ որևէ տարածքային ընտրական ցուցակի» բառերը հանել։  2-րդ կետի, 2-րդ ենթակետը հանել։  2-րդ կետի, 3-րդ ենթակետում «կամ որևէ տարածքային ընտրական ցուցակ» բառերը հանել։  2-րդ կետի, 3-րդ ենթակետում «, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն հինգ տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է երկուսից.» բառերը հանել։  4-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.6. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 87-րդ հոդված, 3-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.7. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 14, 88-րդ հոդված․  1-ի կետի, 5-րդ ենթակետը հանել։  4-րդ կետի վերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.8. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 15, 90-րդ հոդված, 3-րդ կետի նախավերջին նախադասությունում «համապետական» բառից առաջ «և» բառը և «և տարածքային» բառերը հանել։ 3.9. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 94-րդ հոդված․  1-ի կետի 2-րդ պարբերակում «, ինչպես նաև համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները» բառերը հանել «և տարածքային» բառերը հանել։  1-ի կետի 2-րդ պարբերակի 2-րդ նախադասությունում «տարածքային» բառը փոխարինել «համապետական» բառով։ 3.10. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 96-րդ հոդված, 3-րդ կետում «և տարածքային» բառերը հանել։ 3.11. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 97-րդ հոդված, 3-րդ կետի նախավերջին նախադասությունում «և տարածքային» բառերը հանել։ 3.12. ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 100-րդ հոդված․  1-ի կետի առաջին նախադասությունում «և տարածքային ընտրական ցուցակից» բառերը հանել։  2-րդ կետի առաջին պարբերությունը հանել, իսկ «Երկրորդ» և «Երրորդ» բառերը համապատասխան փոխարինել «Առաջին» և «Երկրորդ» բառերով։  2-րդ կետում 2-րդ պարբերությունում «սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով» բառերը հանել, իսկ «ազգային փոքրամասնությունների» բառակապակցությունից հետո «ներկայացուցիչներին» բառը փոխարինել «ընտրված պատգամավորներին» բառակապակցությությամբ։  2-րդ կետի 2-րդ պարբերությունում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն «Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասին հասանելիք մանդատներն ստանում են այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ:»  2-րդ կետի 3-րդ պարբերությունում «ըստ հերթականության» բառերը փոխարինել «ըստ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներին»  ՀՀ Ընտրական օրենսգրքի գլուխ 17, 100-րդ հոդված, 3-րդ կետի 1-ին պարբերությունը հանել։  3-րդ կետի 2-րդ պարբերությունում «հերթական հաջորդ թեկնածուին» բառերը փոխարինել «ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին» բառերով։  3-րդ կետի վերջին պարբերությունում «տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին» բառերը փոխարինել «նույն ազգային փոքրամասնության առանձին ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին»:  4-րդ կետի 2-րդ պարբերությունում «, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից» բառերը հանել։ 4. Օրենսդրական բարեփոխման հիմնավորումը Վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Նաև նոր Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ։

Узнать больше