Добавить в избранное

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 

 

  1. Սույն օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, սույն օրենքով նախատեսված կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություններ) գործարարների ձեռնարկատիրական գործունեության հետ կապված շահերի ներկայացման և պաշտպանության, ձեռնարկատիրական հաշտարարի (այուհետ՝ Հաշտարար) լիազորությունների և նշանակման կարգի, ձեռնարկատիրական հաշտարարի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:  

 

Հոդված 2.  Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքի նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանը նպաստելը և ներդրումների խթանման լրացուցիչ երաշխիքների ամրագրումը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Գործարար՝ առևտրային կազմակերպություն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.

2) Կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների հարյուր տոկոս մասնակցությամբ կազմակերպություն կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն անմիջականորեն առնչվում կամ այլ կերպ ազդում է գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա.

3) Հաշտարարի գրասենյակ՝ (այսուհետ՝ գրասենյակ) ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրը հաշտարարի մասնագիտական գործունեությանն օժանդակելն է:

 

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԸ

 

Հոդված 4.  Ձեռնարկատիրական հաշտարարը

 

  1. Հաշտարարը սույն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
  2. Հաշտարարի անկախության և գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով:

 

Հոդված 5. Հաշտարարի գործունեության խնդիրները

 

  1. Հաշտարարի գործունեության խնդիրներն են՝

1) գործարարների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում պետական և տեղական ինքանակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը,

2) գործարարների ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,

3) ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը,

4) ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

Հոդված 6. Հաշտարարի լիազորությունները

  1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն իրականացնելիս հաշտարարը սույն օրենքով սահմանված կարգով՝

1) ներկայացնում է գործարարների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում.

2) իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով գործարարների օրինական շահերի խախտման վերաբերյալ դիմումների ուսումնասիրություն և իր իրավասությունների շրջանակում ձեռնարկում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ.

3)  նախաձեռնում է հարցի ուսումնասիրություն այն  դեպքերում, երբ առկա է գործարարների իրավունքների և օրինական շահերի զանգվածային խախտումների կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվություն կամ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն կամ խախտումները կրում են համակարգային բնույթ, ինչպես նաև այլ դեպքերում, երբ պաշտպանը գտնում է, որ առկա է սեփական նախաձեռնությամբ հարցի ուսումնասիրություն սկսելու անհրաժեշտություն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է ներդրումների իրականացման հետ կապված օրենսդրության կատարելագործմնն ուղղված առաջարկություններ.

5) իրականացնում է նախնական քննարկումներ և հարցումներ՝ գործարարներին ուղղորդելով դեպի խնդրի կարգավորմանն ուղղված միջոցները և տեղեկատվություն տրամադրելով այլ մարմինների և ծառայությունների վերաբերյալ այն դեպքերում, երբ իրավունքի վերականգնմանն ուղղված միջոցների ձեռնարկումը դուրս է պաշտպանի իրավասությունների շրջանակից.

6) իր կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին է ներկայացնում ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկություններ՝ գործարարների իրավունքների պաշտպանության, գործունեության խոչընդոտների վերացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով.

7) միջոցներ է ձեռնարկում գործարար միջավայրի հետ համագործակցության, ինչպես նաև գործարարների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև երկխոսության ապահովման համար.

8)  դիմումների ուսումնասիրության ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից և դրանց պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր և տեղեկություններ.

9) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից և դրանց պաշտոնատար անձանցից (բացառությամբ` սահմանադրական դատարանի անդամի, դատավորի, քրեական վարույթն իրականացնող մարմինների՝ իրենց վարույթում գտնվող հարցերի առնչությամբ) տվյալ մարմնի իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստանում է դիմումի ուսումնասիրության ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ.

10)          ծանոթանում է դիմումում  բարձրացված հարցերին առնչվող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին.

11) իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ներգրավում է փորձագետների և մասնագետների:

  1. 2. Հաշտարարն ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, համայնքների ղեկավարների, ինչպես նաև իր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:
  2. 3. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին հաշտարարը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
  3. 4. Դիմում ներկայացրած անձին վերաբերող, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա գաղտնի տեղեկատվությանը հաշտարարը կարող է ծանոթանալ դիմումատուի համաձայնությամբ:
  4. 5. Հաշտարարն իրավասու չէ միջամտել դատարանների գործունեությանը և քրեական գործերով մինչդատական վարույթին:

 

Հոդված 7. Հաշտարարի նշանակումը

 

  1. Հաշտարարին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջադրած թեկնածուներից:
  2. Հաշտարարի թեկնածուներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի՝ առնվազն վեց անդամների կողմ ձայներով:
  3. Խորհրդի կողմից որպես հաշտարարի թեկնածու կարող է ընտրվել 30 տարին լրացած և գործարար միջավայրում հեղինակություն ունեցող այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, գործարար կառավարում կամ իրավագիտություն մասնագիտություններով իրավական համակարգի և գործարարության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, գործարար շրջանակներում վայելում է բարձր հեղինակություն և տիրապետում է հայերենին: Հաշտարարի թեկնածուների ընտրության ընթացակարգը սահմանվում է գրասենյակի կանոնադրությամբ:
  4. Խորհրդի կողմից որպես հաշտարարի թեկնածու չի կարող ընտրվել այն անձը, ով՝

1) դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:   

  1. Միևնույն անձը չի կարող ընտրվել հաշտարարի պաշտոնում մեկ անգամից ավել:
  2. 6. Հաշտարարն ունի տեղակալ, որը նշանակվում և ազատվում է հաշտարարի համար սահմանված կարգով և պետք է բավարարի Հաշտարարի թեկնածուին ներկայացվող պահանջներին:
  3. 7. Հաշտարարի բացակայության կամ պաշտոնեական պարտականութ յունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գրասենյակի կանոնադրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:

 

Հոդված 8. Հաշտարարի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

  1. Հաշտարարը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 9. Հաշտարարի լիազորությունների դադարումը

  1. Հաշտարարի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետը լրանալու օրը:
  2. Հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե՝

1)         նա դատական կարգով զրկվել է պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից.

2)         օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

3)        օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու մասին դատարանի վճիռը.

4)        նա հրաժարական է ներկայացնում Խորհուրդ և տասնօրյա ժամկետում հետ չի վերցնում իր հրաժարականը.

5)        նա մահացել է.

  1. Հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1)         խախտվել են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները,

2)         հաշտարարը առողջական վիճակի պատճառով ոչ պակաս, քան 3 ամիս անընդմեջ իր լիազորությունները չի կատարել,

3)        հաշտարարը  անհարգելի պատճառով չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականություններն, վերազանցել է ծառայողական լիազորությունները կամ թույլ է տվել <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ կամ պարբերական խախտում:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առերևույթ առկայության (դիմումի կամ խորհրդի անդամի միջնորդության ներկայացման, զանգվածային լրատվության միջոցի հաղորդման) դեպքում, խորհուրդը իր նիստում լսելով դիմում, միջնորդություն կամ տեղեկատվություն ներկայացրած անձին և պաշտպանին կայացնում է այդ կետում նշված խախտման առկայության կամ բացակայության մասին որոշում: Խախտման առկայության մասին որոշումը կայացվում է Խորհրդի կողմից քվեարկության արդյունքում՝ ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Խախտման առկայության մասին որոշում կայացնելու դեպքում այն ամհապաղ ներկայացվում է ՀՀ վարչապետին, ով եռօրյա ժամկետում որոշում է ընդունում հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

 

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Հաշտարարի գրասենյակի կարգավիճակը

  1. Հաշտարարի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) հիմնադրամ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
  2. Գրասենյակի հիմնադիր փաստաթուղթը գրասենյակի կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Գրասենյակի կառավարումը

 

  1. Գրասենյակի կառավարման մարմիններն են՝

1) Հոգաբարձուների խորհուրդը.

2) Գրասենյակի կառավարիչը, որի լիազորություններն իրականացնում է հաշտարարը.

  1. Գրասենյակի գործունեության ղեկավարումն իրականացնում է հաշտարարը:

 

Հոդված 12. Խորհուրդը

  1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):
  2. Խորհուրդը կազմված է ինն անդամներից, որոնցից՝

1) երեքը գործադիր իշխանության ներկայացուցիչներ են,

         2) երեքը  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են,

         3) երեքը՝ գործարարների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

  1. Խորհրդի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչները Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հրավիրվում են  Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հրավիրվել են երեքից ավելի կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչները Խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց միջև ձեռքբերված համաձայնությամբ (կոնսենսուսի միջոցով):
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են Խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, երեք տարի ժամկետով:
  4. 6. Որպես սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անդամներ,Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն կազմակերպությունները,որոնց շահառուները հանդիսանում են գործարարները և, որոնք ունեն վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
  5. Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

  1. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

        

Հոդված 13. Խորհրդի նիստերը

  1. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  2. Խորհրդի նիստերը գումարում է Խորհրդի նախագահն՝ իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամի կամհաշտարարիպահանջով:
  3. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր:
  4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի առնվազն յոթ անդամ:
  5. Խորհուրդը որոշումներ է կայացնում Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
  6. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները:
  7. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հաշտարարը:

 

Հոդված 14. Խորհրդի նախագահը

  1. Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով:
  2. Խորհրդի անդամների երկու երրորդի նախաձեռնությամբ խորհուրդը կարող է ընտրել նոր նախագահ:
  3. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.

2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:

  1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:

 

Հոդված 15. Խորհրդի անդամները

  1. Խորհրդի անդամներն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով:
  2. Խորհրդի անդամներն իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:
  3. Խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները, լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը սահմանվում են սույն օրենքով, Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով, գրասենյակի կանոնադրությամբ և խորհրդի աշխատակարգով:

Հոդված 16. Խորհրդի լիազորությունները

  1. Խորհուրդը՝

1) առնվազն վեց անդամների կողմ ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրությունը, ինչպես նաև դրա փոփոխություններն ու լրացումները.

2) սահմանված ընթացակարգին համապատասխան ընտրում է հաշտարարի և նրա տեղակալի թեկնածուներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում նրանց նշանակման վերաբերյալ առաջարկություններ.

3) սույն օրենքով սահմանված կարգով որոշումներ  է ընդունում հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

4) որոշում է հաշտարարի գործունեության ընդհանուր ռազմավարությունը և առաջնահերթությունները.

5) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը (այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, հաշտարարի և գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, ինչպես նաև Խորհրդի բնականոն գործունեությանն առնչվող այլ հարցեր).

7) հաստատում է գրասենյակի տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

8) հաստատում է գրասենյակի կառուցվածքն ու հաստիքացուցակը.

9) հաստատում է գրասենյակի գույքի տնօրինման կարգը.

10) հաստատում է հաշտարարի և գրասենյակի աշխատակիցների վարձատրության և պարգևատրման կարգը.

11) վերահսկում է գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.

12) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.

13) լսում է հաշտարարի տարեկան հաղորդումները.

14) իրականացնում է սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

  1. Խորհրդի՝ սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
  2. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին:
  3. Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելուՀաշտարարի գործունեությանը և (կամ) ազդելու դիմումների ուսումնասիրության ընթացքի և եզրակացությունների տրամադրման վրա:

 

Հոդված 17. Գրասենյակի գույքը և ֆինանսավորումը

 

  1. Գրասենյակը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
  2. Գրասենյակի գույքը ձևավորվում է Գրասենյակին սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրվող և գործունեության ընթացքում ձեռք բերվող գույքից։
  3. Գրասենյակի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) պետական բյուջեից հատկացված միջոցները.

2) դրամաշնորհները, նվիրատվությունները.

3) օրենքով չարգելված այլ միջոցներ։

  1. Հիմնադրի որոշմամբ Գրասենյակին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է գործունեության համար անհրաժեշտ գույք։

 

Հոդված 18. Գրասենյակի աշխատակիցների նշանակումն ու ազատումը

 

  1. Գրասենյակի աշխատակիցներին սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում, նրանց նկատմամբ խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ է կիրառում հաշտարարը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 

Հոդված 19. Հաշտարարի կողմից քննարկման ենթակա դիմումները

  1. Հաշտարարն ուսումնասիրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով գործարարների օրինական շահերի խախտման վերաբերյալ գործարարների դիմումները:
  2. Հաշտարարին կարող են ներկայացվել գործարարների գույքային և ոչ գույքային պահանջների վերաբերյալ դիմումներ:
  3. Հաշտարարն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե դրանք ներկայացվել է այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ Գործարարն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:
  4. Հաշտարարի կողմից դիմումների ուսումնասիրման ընթացքում երաշխավորվում է դրանց կապակցությամբ հաշտարարին հայտնի դարձած տվյալների գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 20. Գործարարների առաջարկությունները և դրանց հետագա ընթացքը

  1. Հաշտարարին կարող են ներկայացվել ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված գործարարների առաջարկությունները:
  2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առաջարկությունների քննարկման արդյուքնում հաշտարարն իրավասու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկություններ՝ գործարարների իրավունքների պաշտպանության, գործունեության խոչընդոտների վերացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով:
  3. Հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայքէջում հրապարակվում է հաշտարարի ներկայացրած առաջարկությունների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
  4. Հաշտարարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկություն ներկայացրած անձին ներկայացնում է դրա քննարկման արդյունքները:

 

 

Հոդված 21. Դիմում ներկայացնելու կարգը

  1. Դիմումը ներկայացվում է գրավոր, այդ թվում էլեկտրոնային ձևով՝ գրասենյակի պաշտոնական կայքէջում համապատասխան տվյալները մուտքագրելու միջոցով:
  2. Հաշտարարին ներկայացվող դիմումների համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում չի գանձվում:
  3. 3. Գրավոր դիմումը պետք է լինի ստորագրված այն ներկայացնող ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա ղեկավարի կամ նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի կողմից:
  4. Դիմումում նշվում են՝

1) դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության վայրը (հասցեն), իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման համար անհրաժեշտ տվյալներ,

2) այն փաստական հանգամանքները, որոնք վկայում են գործարարների շահերի խախտման կամ վիճարկման մասին,

3) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ պաշտոնատար անձի տվյալները, որի գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, ինչպես նաև դիմումատուի պահանջը (դիմումի առարկան):

  1. Անանուն դիմումները հաշտարարի կողմից չեն ուսումնասիրվում:
  2. Դիմումին կարող են կցվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված փաստական հանգամանքները հիմնավորող և դիմումատուի մոտ առկա փաստաթղթեր կամ այլ նյութեր:
  3. Այն դեպքում, երբ դիմումը ենթակա է ուսումնասիրության, սակայն չեն պահպանվել սույն հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված պահանջները, հաշտարարն առաջարկում է դիմումատուին շտկել դրանք և յոթնօրյա ժամկետում ներկայացնել հաշտարարին: Նշված ժամկետում թերությունները չշտկվելու դեպքում հաշտարարը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը ուղարկելով դիմումատուին:

 

Հոդված 22. Գործարարների աջակցության ծառայությունը

  1. Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով գրասենյակում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ:
  2. Հաշտարարն ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե՝

1) դրանցով ներկայացվում են հրատապ լուծում պահանջող հարցեր, որոնք սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետում չուսումնասիրելու դեպքում կառաջանան այնպիսի բացասական հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով և

2) ողջամտորեն հնարավոր է 3-օրյա ժամկետում ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված միջոցներ:

  1. Հաշտարարը չի ուսումնասիրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները, եթե հիմնավոր կասկածներ ունի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմում ներկայացրած անձի ինքնության և (կամ) լիազորվածության վերաբերյալ: Այդ դեպքում հաշտարարը դիմում ներկայացրած անձին առաջարկում է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրավոր դիմում:
  2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները չեն համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին, հաշտարարը՝

1)  դիմումատուին առաջարկում է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրավոր դիմում կամ,

2) սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սեփական նախաձեռնությամբ հարուցում է վարույթ:

  1. Գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ) միջոցով կարող են ներկայացվել նաև ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ առաջարկություններ:

 

 

Հոդված 23. Դիմումների ընդունուման մասին որոշում կայացնելը

 

  1. Դիմումը ստանալով` հաշտարարը որոշում է ընդունում`

1)       դիմումը քննարկման ընդունելու մասին,

2)       սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումը չքննարկելու մասին,

3)      դիմում ներկայացնողի համաձայնությամբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին  փոխանցելու մասին, որի իրավասությանն է վերապահված դիմումի ըստ էության քննությունը:

  1. Հաշտարարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ընդունում է դիմումը ստանալու պահից 10-օրյա ժամկետում, որից հետո որոշման պատճենն ուղարկում է դիմողին՝ կայացման պահից 3-օրյա ժամկետում:

 

Հոդված 24. Դիմումը քննարկման ընդունելը

  1. Հաշտարարը կայացնում է դիմումը քննարկման ընդունելումասինորոշում, եթե դիմումում  հիմնավորված է գործարարների օրինական շահերի խախտման փաստը, դիմումում շարադրված փաստական հանգամանքները ողջամտորեն կարող են ստուգվել և առկա չեն դիմումը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր:
  2. Դիմում ներկայացնելը չի կասեցնում խախտվածիրավունքներիև օրինական շահերի պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները:

 

Հոդված 25. Դիմումը չքննարկելը

  1. Հաշտարարը կայացնում է դիմումը չքննարկելու մասին որոշում, եթե՝

1) դիմումում բարձրացված հարցի լուծումը դուրս է հաշտարարի իրավասությունների շրջանակից.

2) դիմումը հաշտարարին ներկայացվել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո.

3) միևնույն հարցի վերաբերյալ հաշտարարի կողմից նախկինում տրվել է եզրակացություն և դիմումը չի բովանդակում նախկինում հաշտարարին չներկայացված նոր փաստեր կամ չեն ներկայացվում դրանք հիմնավորող ապացույցներ.

4) միևնույն հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախկինում կայացվել է որոշում և դիմումը չի բովանդակում նախկինում Մարդու իրավունքների պաշտպանին չներկայացված նոր փաստեր կամ չեն ներկայացվում դրանք հիմնավորող ապացույցներ.

5) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

  1. Հաշտարարը դիմումը չի քննարկում, եթե՝

1) դիմումատուն այն չքննարկելու խնդրանքով դիմել է հաշտարարին.

2) դիմումի ուսումնասիրությունը սկսելուց հետո նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայց է ներկայացվել դատարան և ընդունվել դատարանի վարույթ:

  1. Դիմումը չքննարկելումասինորոշում կայացնելիս հաշտարարը դիմումատուին պարզաբանում է դիմումը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև դիմումի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:
  2. Դիմումը չքննարկելն արգելք չէ հետագայում միևնույն հիմքերով կրկին պաշտպանին դիմելու համար, եթե դիմումում ներկայացվում են նախկինում չներկայացված նոր փաստեր կամ տեղեկություններ:

 

Հոդված 26. Դիմումն այլ մարմնի փոխանցելը

  1. Եթե դիմումում բարձրացված հարցը կարող է լուծվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, հաշտարարը դիմումատուի համաձայնությամբ կարող է կայացնել դիմումն այդ մարմնին կամ պաշտոնատար անձին փոխանցելու վերաբերյալ որոշում՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմումատուին:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինները պարտավոր են քննարկել դիմումները՝ արդյունքների մասին տեղեկացնելով դիմումատուին և հաշտարարին:

 

Հոդված 27. Հաշտարարի գործունեությանն աջակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պարտականությունը

 

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սույն օրենքի 6–րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված նյութերը, փաստաթղթերը, տեղեկություններն ու պարզաբանումները հաշտարարին տրամադրել անվճար և հնարավորինս սեղմ ժամկետում՝ հարցումը ստանալու պահից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները խախտելու կամ անհրաժեշտ տեղեկությունները չտրամադրելու դեպքում հաշտարարն իրավասու է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին և գրասենյակ կայքէջում հրապարակել հատուկ տեղեկատվություն:
  3. Դիմումի ուսումնասիրության ընթացքում տարբեր մարմիններից ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում մինչև վերջնական եզրակացություն տալը հաշտարարը կարող է ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց՝ վերջիններիս տրամադրելով պարզաբանումներ և ներկայացնելով առաջարկություններ:

 

Հոդված 28. Դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում հաշտարարի կողմից տրվող եզրակացությունները

  1. Դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում հաշտարարի կողմից տրվում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտման առկայության մասին, եթե դիմումի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կողմից գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտում.

2) գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտման բացակայության մասին, եթե ուսումնասիրության ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից գործարարների իրավունքների և օրինական շահերի խախտում չի հայտնաբերվել.

3) գործարարների իրավունքները և օրինական շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը:

  1. Եթե դիմումի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են դիմումը չքննարկելու կամ ուսումնասիրությունը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր, հաշտարարը կայացնում է դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու մասին որոշում:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացություն տալու դեպքում հաշտարարը այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, որի որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը, առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները կամ անվավեր ճանաչել համապատասխան իրավական ակտը:
  3. Հաշտարարը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված եզրակացությունների կամ որոշման պատճենը կայացման պահից հինգ օրվա ընթացքում ուղարկում է դիմում ներկայացրած անձին: Հաշտարարի եզրակացությունն արգելք չէ անձի կողմից իր իրավունքները և օրինական շահերը օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
  4. Հաշտարարը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված եզրակացության պատճենը կայացման պահից հինգ օրվա ընթացքում ուղարկում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, որի որոշումը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը, որը ստացել է հաշտարարի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված եզրակացությունը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս սեղմ, սակայն ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել հաշտարարին:
  5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, հաշտարարը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել հաշտարարի առաջարկը և արդյունքների մասին սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Հաշտարարին:
  6. Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության առերևույթ հատկանիշներ, ապա հաշտարարն այդ մասին հայտարարություն է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Հոդված 29. Դիմումների ուսումնասիրության ժամկետները

  1. Հաշտարարը սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եզրակացությունները տալիս է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո 20-օրյա ժամկետում:
  2. Հաշտարարը կարող է դիմումն ուսումնասիրել և դրա վերաբերյալ սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված եզրակացությունները տալ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե՝

1) դիմումատուն հիմնավորում է խախտման հետևանքով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ դրանց առաջանալու հնարավորությունը, և

2) հաշտարարը գտնում է, որ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմում ներկայացրած անձի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:

 

Հոդված 30. Եզրակացությունների հրապարակումը և հաշտարարի հատուկ զեկույցը

  1. Հաշտարարի եզրակացությանը չպատասխանած կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկությունը հրապարակվում է գրասենյակի պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներով` հաշտարարի եզրակացության և դրա վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի պատասխանի հետ միասին, եթե սպառվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հարցը լուծելու բոլոր հնարավորությունները:
  2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից հաշտարարի եզրակացությանը չպատասխանելու կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հաշտարարը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է հատուկ զեկույց:

 

Հոդված 31. Տարեկան և եռամսյակային հաղորդումները

  1. Հաշտարարը գրասենյակի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը ներկայացնում է Խորհուրդ:
  2. Հաշտարարը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է գործարար միջավայրում առկա խնդիրների, գործարարների գործունեության խոչընդոտների վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ ներկայացնելով դրանց վերացմանն ուղղված միջոցների վերաբերյալ առաջարկություններ:
  3. Հաշտարարի տարեկան հաղորդումը, ինչպես նաև բողոքներին վերաբերող եռամսյակային վիճակագրական տվյալների հաշվետվությունները, ենթակա են պարտադիր հրապարակման Հաշտարարի պաշտոնական կայքում և կարող են հրապարակվել հասարակաությանը հասանելի տեղեկատվության ստացման ցանկացած այլ միջոցով: Գործարարների դիմումները և դրանց վերաբերյալ Հաշտարարի եզրակացություններն ու որոշումները հրապարակվում են դիմումատուի համաձայնությամբ:
  4. Հաշտարարի տարեկան հաղորդման և բողոքներին վերաբերող եռամսյակային վիճակագրական տվյալների հաշվետվության բովանդակությունը սահմանում է Խորհուրդը:
  5. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ իրավունքների կոպիտ խախտումներով դեպքերի, ինչպես նաև խախտումները զանգվածաբար չվերացնելու և համակարգային բնույթ կրելու դեպքերում Հաշտարարը կարող է հանդես գալ արտահերթ հրապարակային զեկույցներով:

 

 

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    19.09.2018 - 06.10.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Гражданское и коммерческое законодательство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5602

Принт

Предложения

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

02.10.2018

1. «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի(այուհետ՝ նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «քրեական վարույթն իրականացնող մարմինների» բառերը: Գործարարի նկատմամբ անարդարացի հետապնդում կարող է իրականացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքից ելնելով: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասից պետք է հանել տարիքային և կրթական ցենզը, մնացած չափորոշիչները լիարժեք բավարար են: 3. Պետք է ամբողջությամբ փոխվեն նախագծի 12-րդ հոդվածը: 12-րդ հոդվածում հասկանալի չէ . - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, որն է լինելու նրանց առաքելությունը, - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները , որն է լինելու նրանց առաքելությունը: Նախագծում հստակեցված չէ նաև այն իրավիճակը , երբ ոչ մի կամ երեքից պակաս միջազգային կազմակերպություն ցանկանան լինել խորհրդի կազմում, - թե ինչու գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություննների ներկայացուցիչներին պետք է ընտրեն գործադիր իշխանությունների և միջազգային կազմակերպությունների ներիկայացուցիչները: Այս ամենը հաշտարարի ընտրությունը և նրա աշխատանքը իշխանությունների կողմից խիստ վերահսկելի դարձնելու միտում է հիշեցնում: Կարծում ենք, որ . - խորհրդի կազմում մեծամասնություն պետք է կազմեն գործարարության շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 9-ից առնվազն 5-ը, որոնք պետք է ընտրվեն սեփական հայտերի հիման վրա՝ ՀՀ վարչապետի կողմից: Մնացած 4-ը կարելի է բաշխել նախագծում նշված կարգով: - Խորհրդում որոշումները պետք է ընդունվեն խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկելու դեպքում : 4. Նախագծի 23-րդ հոդվածում «10-օրյա» և 29-րդ հոդվածում ՝ «20-օրյա» ժամկետները պետք է հնարավորինս կրճատվեն:

Gagik Grigoryan

20.09.2018

Առաջարկում եմ հաշտարար բառը փոխել, օրինակ՝ օմբուդսմեն բառով՝ հաշտարարության ինտիտուտին չվնասելու և այս երկու ինստիտուտների միջև շփոթ չստեղծելու նպատակով:

Узнать больше