«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու, ինչպես նաև անօրինական առցանց հարթակների դեմ պայքարի նպատակով։
Նշված նախագիծը մշակվել է 2 կարևոր հարցերի՝ Հեռուստանման մեդիածառայությունների և անօրինական ОТТ հարթակների կարգավորման համար: Մասնավորապես՝
1) Հեռուստանման մեդիածառայություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման, համացանցի լայնածավալ տարածման և տեսալսողական տեղեկատվության տարածման ձևաչափերի էական փոփոխության պայմաններում նկատվում է, որ տեսալսողական տեղեկատվության տարածման հիմնական հարթակը աստիճանաբար տեղափոխվում է համացանցային միջավայր։ Մասնավորապես, վերջին տարիներին զգալիորեն աճել է համացանցում հասանելի «հեռուստանման» տեսալսողական տեղեկատվության տարածումը, որն իր բնույթով և ազդեցությամբ համադրելի է դասական հեռարձակման հետ, սակայն դուրս է մնում գործող տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող իրավական կարգավորման տիրույթից։
Միևնույն ժամանակ, գործող Օրենքով փաստացի սահմանված է տեսալսողական մեդիայի կարգավորման գործիքների չկիրառելիությունը համացանցային միջավայրում տարածվող տեսալսողական տեղեկատվության նկատմամբ, ինչի արդյունքում ձևավորվել է իրավական վակուում։ Հաշվի առնելով համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվության տարածման արագությունը, ծավալը և լայն հասանելիությունը՝ նման իրավիճակը չի ապահովում պետության կողմից անհրաժեշտ մակարդակի վերահսկողություն և հանրային շահերի պատշաճ պաշտպանություն։
Եվրոպական իրավակարգավորումները ևս արձագանքել են տեսալսողական տեղեկատվության տարածման ձևաչափերի փոփոխությանը։ Մասնավորապես, Եվրոպական միության «Տեսալսողական մեդիա ծառայությունների մասին» դիրեկտիվը (Audiovisual Media Services Directive, AVMSD) իր 2018 թվականի լրացումներով ընդլայնել է կարգավորման տիրույթը՝ ներառելով ըստ պահանջի տեսալսողական մեդիա ծառայությունները (on-demand services), ինչպես նաև տեսանյութերի փոխանակման հարթակները (video-sharing platforms)։ Դիրեկտիվը հիմնված է տեխնոլոգիական չեզոքության սկզբունքի վրա և նախատեսում է, որ համանման ազդեցություն ունեցող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ենթարկվի համադրելի կարգավորման՝ անկախ դրա տարածման հարթակից։
Այս համատեքստում, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախատեսված իրավական մոտարկման ուղղությունները, առաջացել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ ապահովելու համար համացանցում տարածվող տեսալսողական, այդ թվում՝ հեռուստանման տեղեկատվության նկատմամբ համաչափ և արդյունավետ իրավակարգավորում, ինչպես նաև իրավական դաշտում հավասար պայմանների ստեղծում՝ անկախ տեսալսողական տեղեկատվության տարածման տեխնոլոգիական ձևաչափից։
2) Անօրինական ОТТ հարթակներ: Հաջորդ խնդիրը վերաբերում է Հայաստանում վերջին տարիներին դիտարկվող անօրինական ОТТ հարթակների աճին, որոնք տրամադրում են տեսալսողական բովանդակություն՝ առանց համապատասխան լիցենզիաների և իրավատերերի թույլտվության: Այս հարթակները խախտում են հեղինակային իրավունքները՝ զրկելով օրինական իրավունք ունեցող անձանց, իրավատերերին իրենց հասանելի եկամտից և խաթարելով իրավական և տնտեսական միջավայրը: Նման բովանդակության անօրինական տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է հեղինակային իրավունքները, այլև չի ապահովում արդար մրցակցություն և հանգեցնում է ստվերային մեծ շուկայի ձևավորմանը, հարկեր չվճարելուն և պետբյուջեի կորուստների: Մոտավոր հաշվարկներով այս շուկայի մոտ 50 տոկոսը գործում է ստվերում, ինչն ահռելի ֆինանսական կորուստներ է պատճառում պետությանը:
Ներկայումս գործող օրենսդրությունը չունի բավարար մեխանիզմներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով պայքարել անօրինական OTT և առցանց այլ տեխնոլոգիաներով գործող հարթակների դեմ: Չկան հստակ նորմեր, որոնք հնարավորություն կտան ինտերնետ ծառայություն մատուցողներին արագորեն արգելափակել այն IP հասցեները, որոնք կապված են բովանդակության անօրինական տարածման հետ:
Օրենսդրության ներկա բացերը հանգեցնում են նրան, որ իրավատերերը և հեղինակային իրավունքները կոլեկտիվ կառավարող ընկերությունները չունեն հստակ և արագ գործող միջոցներ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Նշված կարգավորումը պայմանավորված է անօրինական առցանց հարթակների դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի ստեղծման կարևորությամբ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանվում է, որ.
«Սույն օրենքի իմաստով՝ ցանցային օպերատոր են համարվում նաև ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր)»։
Հետևաբար, այն OTT/IPTV հարթակները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետային ենթակառուցվածքներով իրականացնում են տեսալսողական տեղեկատվության տարածում, գտնվում են տվյալ օրենքի կարգավորման տիրույթում՝ անկախ նրանից, թե ստացել են համապատասխան լիցենզիա, թե ոչ։ Բացի այդ, հարկ է ընդգծել նաև, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հստակ նախատեսում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման պարտադիր պահանջ։ Այսինքն, օրենքի իմաստով ցանցային օպերատորի գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն, և համապատասխան լիցենզիա չունեցող անձի կողմից այդպիսի գործունեության իրականացումը ինքնին հանդիսանում է տվյալ օրենքի խախտում։
Հետևաբար, այն դեպքերում, երբ որևէ անձ առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է տեսալսողական բովանդակության տարածում համացանցային ենթակառուցվածքների միջոցով, վերջինս չի գտնվում իրավական «վակուումում», այլ ուղղակիորեն գործում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտմամբ։
Այս տրամաբանությամբ, օրենքի կարգավորման առարկան չի սահմանափակվում միայն լիցենզավորված սուբյեկտների վերահսկմամբ, այլ նաև ներառում է հենց այն իրավիճակների կանխարգելումը, երբ տեսալսողական ծառայությունները մատուցվում են առանց լիցենզիայի՝ այդպիսով շրջանցելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը։
Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծել ՀՀ շահագրգիռ մարմինների համապատասխան ներկայացուցիչներից կազմված՝ տեսալսողական մեդիայի ոլորտում ապօրինի հեռարձակումները կանխող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կողմից համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածող կայքերը, հավելվածները և այլ առցանց տիրույթները ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից արգելափակելու նպատակով:
Այս նախաձեռնությունը կնպաստի իրավական դաշտի բարելավմանը, պետության և իրավատերերի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև մեդիա ոլորտի զարգացմանը Հայաստանում:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթ
Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Լրացումներ են կատարվել Օրենքի 1-ին հոդվածում, մասնավորապես՝ 2-րդ մասում ավելացվել է դրույթ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեության ընթացքում ծագած հարաբերությունների մասով, 3-րդ մասում ներկայացված բացառությունների շարքին ավելացվել է նաև Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեությունը: Ավելացվել է նոր դրույթ, որով Օրենքի գործողությունը տարածվում է նաև Հեռուստանման մեդիածառայություն մատուցողներիգործունեության վրա:
2) Խմբագրվել է 1-ին հոդվածի 6-րդ մասը:
3) Ավելացվել է նոր դրույթ, որի համաձայն՝ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե նրա կողմից համացանցի միջոցով տրամադրվող տեսալսողական տեղեկատվությունը փաստացի հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անկախ ծառայություն մատուցողի գրանցման վայրից, գտնվելու վայրից կամ գործունեության իրականացման վայրից:
4) Խմբագրվել են «Ցանցային օպերատոր», «Տեսալսողական տեղեկատվություն» և «Մշտադիտարկում» հասկացությունները:
5) Օրենքով սահմանվել են «Հեռուստանման մեդիածառայություն» և «Հեռուստանման մեդիածառայություն մատուցող» հասկացությունները:
6) Կարգավորող պետական մարմնին վերապահվել են լիազորություններ՝ ուսումնասիրել և պատասխանել Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների գործունեության վերաբերյալ ստացված բողոքների և հարցումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել վերջիններիս գործունեության մշտադիտարկում:
7) Օրենքի 49-րդ հոդվածը լրացվել է նոր դրույթով, որի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կողմից համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածող կայքերը, հավելվածները և այլ առցանց տիրույթները ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:
8) Օրենքի 57-րդ հոդվածը լրացվել է նոր 40.1-րդ մասով՝ սահմանելով, որ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև Հեռուստանման մեդիածառայություն մատուցողների վրա այնքանով, որքանով կիրառելի են:
9) Օրենքի 60-րդ հոդվածը լրացվել է նոր 25-րդ մասով, որի համաձայն երբ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը միաժամանակ հանդիսանում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից լիցենզավորված կամ հեղինակազորված անձ, վերջինիս նկատմամբ կիրառվում են Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերը, 2-րդ մասը, 3-րդ մասի 4-րդ, 6․1-րդ և 7-րդ կետերը։
10) Օրենքի 60-րդ հոդվածը լրացվել է նոր 26-րդ մասով, որի համաձայն երբ Հեռուստանման մեդիածառայություն մատուցողը չի հանդիսանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից լիցենզավորված կամ հեղինակազորված անձ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում համապատասխան մարմիններին կամ իրականացնում այլ գործառույթներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում՝
· Կապահովվի տեսալսողական մեդիայի ոլորտում իրավական կարգավորման ամբողջականությունը՝ ներառելով նաև համացանցային միջավայրում տարածվող տեսալսողական, այդ թվում՝ հեռուստանման բովանդակությունը,
· Կկարգավորվի գործող իրավակարգավորման բացը (իրավական վակուումը) համացանցում տարածվող տեսալսողական տեղեկատվության նկատմամբ՝ ապահովելով պետության կողմից արդյունավետ վերահսկողություն և հանրային շահերի պատշաճ պաշտպանություն,
· Կստեղծվեն հավասար և համաչափ կարգավորման պայմաններ տեսալսողական տեղեկատվություն տարածող բոլոր սուբյեկտների համար՝ անկախ օգտագործվող տեխնոլոգիական ձևաչափերից (գծային կամ ոչ գծային հեռարձակում, առցանց տեսալսողական տեղեկատվության տարածում), ապահովելով արդար մրցակցային միջավայր,
· Կբարձրանա տեսալսողական տեղեկատվության տարածման ոլորտում պատասխանատվության մակարդակը,
· Կնվազեցվեն քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեսալսողական բովանդակության տարածման ռիսկերը՝ ներառյալ ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, ատելության խոսքը և այլ վնասակար տեղեկատվական հոսքերը,
· Կապահովի մեդիա ոլորտում օրինականության մակարդակի բարձրացում,
· Կամրապնդվի Օրենքի գերակայությունը,
· Իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն և երաշխավորված եկամուտներ օրինական գործող օպերատորների համար, հետևաբար նաև՝ պետական բյուջեի համար,
· Բովանդակության շուկայի առողջացում, ինչը կնպաստի նորարարությանը և զարգացմանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության առաջարկությունների հիման վրա:
5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:
-
Продолжительность
13.05.2026 04.06.2026 -
Тип
Закон
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 140
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .