Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։

Իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացի այդ ընտանիքի մանկահասակ երեխայի կամ երեխաների տվյալներից։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ ծնողներն ամուսնալուծված են և անհրաժեշտ է հստակեցնել, թե երեխան կամ երեխաները որ ծնողի ընտանիքի պարտադիր միավորի կազմում պետք է հաշվառվեն։ Երբեմն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությունը բավարար չի լինում, որպեսզի հստակ նույնականացվի, թե տվյալ ընտանիքի անդամների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով արդյոք գերազանցում է 12 քմ, թե ոչ։  Միաժամանակ,  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի և Համաշխարհային բանկի խորհրդի կողմից 2025թ. դեկտեմբերի 23-ին հաստատված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում սահմանել կանխավճարի չափ, որը վճարելու է պետությունը։

 

2.      Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է Ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման նպատակով Ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝

1.     Սահմանել, որ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։ Ներկայում այս դրույթի բացակայության պատճառով, ամուսնալուծված ծնողներից մեկը չի կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան չեն ստացել հավաստագիր։

2.    Սահմանել, որ Ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կազմում է 20 տոկոս, որը վճարում է պետությունը։ Այս դրույթի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով։ Ներկա փուլում առաջարկվում է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետ 3 ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված՝ այս ցուցանիշը կվերանայվի և իրացումների ցածր ցուցանիշի դեպքում կսահմանվի 30 տոկոս։

3.    Սահմանել, որ Ծրագրի շրջանակում դրական մնացորդը կարող է ուղղվել ոչ միայն գույքի վերանորոգմանը, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը։ Գործնականում շատ են դեպքերը, երբ ընտանիքները հավաստագրով ձեռք են բերել անհատական բնակելի տուն, որը չունի վերանորոգման կարիք, սակայն ընտանիքն ունի դրական մնացորդ և ցանկանում է տան բակում կառուցել որևէ շինություն կամ վերակառուցել տունը (տանիքը փոխել, հարկ ավելացնել և այլն), ինչը ֆինանսական կազմակերպությունների կողմից չի դիտարկվում վերանորոգման վարկի շրջանակում։

4.    Սահմանել, որ Ծրագրով սահմանված դրական մնացորդի սահմանաչափի շրջանակում ընտանիքը կարող է ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր։ Ներկայում բազմաթիվ ընտանիքներ, որոնք հավաստագիրն իրացրել էին նախորդիվ իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում 3-ը 4 մլն դարձած բնակավայրում և իրենց դրական մնացորդն ուղղել էին վերանորոգման վարկի ստացմանը (սահմանված սահմանաչափից փոքր գումարի շրջանակում), ներկայում այդ փոփոխության արդյունքում ձևավորված դրական մնացորդն այլևս չեն կարողանում ուղղել գույքի վերանորոգմանը, չնայած իրենց հասանելի սահմանաչափը դեռ լրացած չէ։  

5.    Սահմանել, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ Ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։ Այս խնդիրը հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ ընտանիքի որևէ անդամի (ոչ պարտադիր կազմից) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման գործընթացը ձգձգվում է և ընտանիքն առանց այդ անդամի է իրացնում հավաստագիրը։

6.   Սահմանել, որ տրամադրվող ֆինանսական աջակցությունը (հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը) չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Գործնականում այս դրույթի բացակայությունն էապես խոչընդոտում է ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող շահառուների անվամբ վարկային միջոցների փոխանցումը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պետական աջակցության ծրագրի շրջանակում 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերված գույքը բռնագանձվել է և կայացվել է որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։

7.    Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է ուսումնասիրել նաև այն դեպքերը, երբ ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չի գերազանցում 12 քմ, սակայն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ այդ փաստը հնարավոր չէ արձանագրել։ Այս դեպքում շահառուն կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնք կվկայեն այդ մասին և հանձնաժողովը կկարողանա բավարարել այդ ընտանիքի դիմումը։ Միաժամանակ, հանձնաժողովին վերապահվում է լիազորություն ուսումնասիրել ոչ միայն օտարված գնման իրավունքի, այլ նաև օտարված անշարժ գույքի օտարման հանգամանքները, և եթե արձանագրվի, որ գույքն օտարվել է համապատասխան վճարումների կատարման անհնարինության կամ որևէ այլ հիմնավոր պատճառով, հանձնաժողովը կկարողանա բավարարել այդ ընտանիքի դիմումը։

8.   Սահմանել, որ եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ վերոնշյալ շտեմարանում նրա տվյալների առկայությունից։

Նախագծի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դրույթները համապատասխանեցվում են Կենտրոնական Բանկի գործող իրավակարգավորումներին։

 

3.      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

 

4.      Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

5.      Ակնկալվող արդյունքը

Ծրագրի արդյունավետության բարձրացում, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորում, հավաստագրերի, այդ թվում՝ դրական մնացորդի իրացման գործընթացի բարելավում և այլն։  

 

6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, այն է՝ «Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:», ինչպես նաև «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»։

 

  • Продолжительность

    20.04.2026 06.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 758

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: