Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում և 4-րդ հոդվածի 3-րդ մասում «23» թիվը փոխարինել «26» թվով։

 

Հոդված 2.      Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Սույն օրենքի համաձայն՝ Հատուցման դեպք է համարվում նաև 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը (այսուհետ՝ 1998-2007թթ) տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը եթե՝

1) զինծառայողը կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքն ունի (ունեցել է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս  կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օգնության կամ պարգևավճարի իրավունք, և

2) զինծառայողի անձնական գործում առկա է զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը հավաստող փաստաթուղթ: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, դրանց հիման վրա զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը Հատուցման դեպք որակելու առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

6.2. Եթե Հատուցման դեպքը 1998-2007թթ տեղի ունեցած համարվելու համար բավարարված է սույն հոդվածի 6.1-ին մասի 1-ին կետի պայմանը, սակայն բացակայում է սույն հոդվածի 6.1-ին մասի 2-րդ կետում նշված փաստաթուղթը, ապա զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը հավաստվում է Կառավարության սահմանած կարգով տրված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ կամ դատական կարգով:

6.3. Սույն օրենքի համաձայն՝ Հատուցման դեպք է համարվում նաև 2008 հունվարի 1-ից մինչև թվականի դեկտեմբերի 31-ը (այսուհետ՝ 2008-2016թթ)  տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը։»:

 

Հոդված 3.     Օրենքի 4-րդ հոդվածում՝

1)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ մասով.

«2.1. 1998-2016 վականներին տեղի ունեցած Հատուցման դեպքերի համար՝

1) միանվագ վճարվող գումար չի վճարվում,

2) վճարվում է ամսական հավասար վճարներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած Հատուցման դեպքերի համար հաշվարկված չափով՝ 20 տարվա ընթացքում։».

2) 3-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով.

3)  3-րդ մասի 3-րդ և  5-րդ մասի 2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1)      վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «, վճարումը կասեցնելն ու դադարեցնելը» բառերով.

2)     1-ին մասի «Հատուցման» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերի, Հատուցման» բառերով.

3)     լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված տեղեկությունները համապատասխան պետական մարմինները Հիմնադրամին ներկայացնում են՝

1) 1998-2008 թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերի համար՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում,

2) 2008-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում։».

4) 2-րդ մասի  «Սույն» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերի, սույն» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը բացում է սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշիվը և այդ հաշվի միջոցով կատարում է միայն սույն օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասում նշված ամսական հավասար վճարումները՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով և նույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-8-րդ մասերով.

«5. Սույն օրենքով սահմանված հատուցման գումարների վճարումները կասեցվում են

1)      նոր Հատուցման դեպքով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացված շահառուների կազմը ոչ ամբողջական լինելու դեպքում, եթե ներկայացված շահառուների ցանկը ոչ ամբողջական է և կան համապատասխան իրավական հիմքեր կամ տեղեկություններ, որոնք վկայում են այլ շահառուների գոյության մասին.

2)     նոր Հատուցման դեպքով դատական վեճի առկայության դեպքում.

3)     տվյալ շահառուի անվամբ հատուկ բանկային հաշիվ բացելու և այդ հաշվին փոխանցում կատարելու անհնարինության դեպքում

4)     նախկինում ներկայացված շահառուների կազմը ոչ ամբողջական լինելու դեպքում, եթե ներկայացված շահառուների ցանկը ոչ ամբողջական է և կան համապատասխան իրավական հիմքեր կամ տեղեկություններ, որոնք վկայում են այլ շահառուների գոյության մասին.

5)     Հատուցման դեպքով դատական վեճի առկայության դեպքում:

6. Հատուցման գումարների վճարումները կասեցվում են սույն հոդվածի 5-րդ մասում նշված հանգամանքներն ի հայտ գալու վերաբերյալ համապատասխան պետական մարմնից տեղեկությունները ստանալու օրվանից մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց ոչ ավել, քան 6 ամիս, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 4-րդ  կետերում նշված դեպքերի, երբ Հատուցման գումարների վճարումները կասեցվում են մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

7. Սույն օրենքով սահմանված հատուցման գումարների վճարման պարտավորությունը դադարում է.

1) սույն օրենքով սահմանված Հատուցման գումարների վճարման ժամկետը լրանալու դեպքում. 

2) Հատուցման գումարների վճարման հիմքը վերանալու դեպքում.

3) սույն օրենքով սահմանված այլ դեպքերում:

8. Հատուցման գումարների վճարման պարտավորությունը դադարում է համապատասխան հիմքերն առաջանալու օրվանից:»:

 

Հոդված 5.  Օրենքի 7-րդ հոդվածում՝

1)     2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքերում կամ այն դեպքում, երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը, վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին:».

2)    3-րդ մասի «Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման» բառերը փոխարինել «Հատուցման» բառով.

3)    3-րդ մասի 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 3-րդ մասը ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3) նոր շահառուի ի հայտ գալու դեպքում բոլոր շահառուներին, այդ թվում՝ նոր շահառուին, վճարվելիք հատուցման գումարի չափը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, իսկ նախորդ ժամանակահատվածում վճարված հատուցման գումարների վերահաշվարկ չի կատարվում։»

4)    լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-3.2-րդ մասերով.

«3.1. Մինչև տասնութ տարեկան անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող շահառուի հատուցման գումարը վճարվում է շահառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին: Սույն մասով սահմանված դեպքում անչափահաս շահառուի 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից հատուցման գումարը վճարվում է անձամբ տվյալ շահառուին՝ սույն օրենքով սահմանված կարգով։

3.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված համապատասխան պետական մարմին ներկայացված դիմումի հիման վրա հատուցման գումարը կարող է վճարվել նաև 14 տարին լրացած անչափահաս շահառուին։»

5) 7-րդ մասից հանել «միջև համաձայնության առկայությունը,» բառերը:

Հոդված 6.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.       Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի՝ 1998-2007թթ հատուցման դեպքերին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիս հետո:

2.      Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3.      Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քրոջ և եղբոր 23 տարին լրացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չի լրացել նրանց 26 տարեկանը։ Ընդ որում, սույն մասում նշված դեպքում առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քրոջ և եղբոր 23 տարին լրանալու օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ընկած  ժամանակահատվածի համար  վճարված հատուցման գումարների վերահաշվարկ չի կատարվում։

4.      2008-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերով Օրենքի 2-րդ հոդվածի 3‑րդ, 4-րդ, 4.1-ին մասերում նշված անձինք Հիմնադրամի շահառու են հանդիսանում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

5.      2008-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերով Օրենքի 5-րդ հոդվածի 1.1‑ին մասի 2-րդ կետում նշված տեղեկությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համարվում են տրված այն շահառուների մասով, ում Օրենքի՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն գործող խմբագրության 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ տրվել են հատուցման գումարներ (մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած Հատուցման դեպքերի համար)։

6.     Սույն հոդվածի 5-րդ մասում նշված շահառուների ամսական հավասար վճարները՝

1)   շարունակվում են վճարվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն այդ անձանց անվամբ բացված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին փոխանցելու միջոցով՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով,

2)  վճարելու՝  Օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետում նշված 20 տարին հաշվարկվում է՝  2015-2016թթ տեղի ունեցած հատուցման դեպքերի համար՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսից, 2008-2014թթ տեղի ունեցած հատուցման դեպքերի համար՝ 2019 թվականի ապրիլ ամսից սկսած,

3)  սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող՝ հատուցման գումարների վերջին վճարման ցուցակներում ներառված գումարի և այդ ամսվա համար պետական բյուջեից վճարված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակի ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված պարգևավճար(ներ)ի գումարների հանրագումարից պակաս լինելու դեպքում շարունակվում են վճարվել նշված հանրագումարի չափով՝ մինչև Օրենքով սահմանված կարգով կատարված ինդեքսավորման արդյունքներով ամսական հավասար վճարները կգերազանցեն սույն կետում նշված հանրագումարը։

7.      1998-2007թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերով Օրենքի 2-րդ հոդվածի 3‑րդ, 4-րդ, 4.1-ին մասերում նշված անձինք Հիմնադրամի շահառու են հանդիսանում Օրենքի 5-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համապատասխան պետական մարմինների կողմից Հիմնադրամին տեղեկություններ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, համապատասխան մարմինները սույն մասում նշված տեղեկությունները Հիմնադրամին և Կառավարության սահմանած կարգով՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացնում են միաժամանակ։

8.     Սույն հոդվածի 7-րդ մասում նշված շահառուների՝

1)   ամսական հավասար վճարները վճարելու՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետում նշված 20 տարին հաշվարկվում է առաջին անգամ ամսական հավասար վճարում կատարելու ամսվանից,

2)  ամսական հավասար վճարների՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված գումարը վերջին անգամ պետական բյուջեից վճարված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակի ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված պարգևավճար(ներ)ի ընդհանուր գումարից պակաս լինելու դեպքում վճարվում են նշված ընդհանուր գումարի չափով՝ մինչև Օրենքով սահմանված կարգով կատարված ինդեքսավորման արդյունքներով ամսական հավասար վճարները կգերազանցեն սույն կետում նշված ընդհանուր գումարը։

9.     Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուցման գումարների՝ առաջին անգամ վճարման (այդ թվում՝ նոր շահառուի ի հայտ գալու դեպքում) դեպքերի վրա։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահառուների համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով վճարվող գումարների վճարման կարգը չի փոխվում (մնում է անփոփոխ)։

  • Продолжительность

    20.04.2026 06.05.2026
  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 382

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: