Добавить в избранное

Проект принят

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.    Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.   Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ազդարարում՝ ազդարարի կողմից հանրային կամ մասնավոր հատվածում կոռուպցիոն դեպքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին.

2) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն դեպքի ողջամիտ կասկածի վերաբերյալ, կամ ով սխալմամբ ընկալվել է որպես ազդարար.

3) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, որն օրենքին համապատասխան պարտավոր է ընթացք տալ ազդարարի կողմից ներկայացված հաղորդմանը.

4) վնասակար գործողություն՝ գործողություն, որով ազդարարման համար ազդարարին հասցվում է վնաս՝ դադարեցնելով աշխատանքային պայմանագիրը կամ ազդարարին ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ ազդարարի հաստիքը կրճատելով կամ ազդարարին աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ ազդարարի աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ հետապնդումներ և հաշվեհարդարներ իրականացնելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա կամ նրա ընտանիքի անդամի գույքային դրությունը կամ գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարին ազդարարումից հետ պահելուն ուղղված այլ  գործողություններ կատարելով:

 

Հոդված 3.   Ազդարարման նպատակները

1. Ազդարարման նպատակներն են՝

1) բացահայտել կոռուպցիոն դեպքերը.

2) նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.

3) նպաստել հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

 

ԳԼՈՒԽ 2

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 4.   Ազդարարման տեսակները

1. Ազդարարման տեսակներն են՝

1) ներքին ազդարարում,

2) արտաքին ազդարարում,

3) ազդարարում հասարակությանը:

2. Ներքին ազդարարում է համարվում հաղորդման ներկայացումն անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին:

3. Արտաքին ազդարարում է համարվում հաղորդման ներկայացումը իրավասու մարմին:

4. Հասարակությանն ազդարարումը զանգվածային լրատվության միջոցների, համացանցի, հավաքների կամ որևէ այլ ձևով հաղորդումը հասարակությանը հայտնի դարձնելն է:

 

ԳԼՈՒԽ 3

ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 5.   Ներքին ազդարարման վարույթը

1. Ներքին ազդարարման վարույթը սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին հաղորդման ներկայացմամբ:

2. Գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է՝

1) ապահովել հաղորդման անհապաղ գրանցումը և հաղորդման գրանցման պահից 3-օրյա ժամկետում վարույթի հարուցումը.

2) ապահովել վարույթի գաղտնիությունը.

3) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել հաղորդման իսկությունը ստուգելու նպատակով.

4) միջոցներ ձեռնարկել ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.

5) ապահովել ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը (այդ թվում՝ գաղտնագրման միջոցներ օգտագործելով), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

6) ապահովել ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը, հնարավորություն տալ ազդարարին ուսումնասիրել գործի նյութերը, ներկայացնել պարզաբանումներ և դիմումներ.

7) վարույթի արդյունքների մասին ծանուցել ազդարարին դրա ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:

3. Ներքին վարույթի պատասխանատուն հանդիսանում է գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը:

4. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, հաղորդումը ստացած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, ինչի մասին ծանուցում է ազդարարին:

5. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, հաղորդումը ստացած անձը պարտավոր է այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

 

Հոդված 6.   Գործատուի ներքին իրավական ակտը

1. Գործատուն կարող է ընդունել ներքին ազդարարման ընթացակարգը կարգավորող ներքին իրավական ակտ, որի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գործատուն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ակտը պարտավոր է տեղադրել իր օգտին փաստացի աշխատանքներ կատարող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում, ինչպես նաև գործատուի կայքէջում (դրա առկայության դեպքում):

 

ԳԼՈՒԽ 4

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 7.   Արտաքին ազդարարման վարույթը

1. Արտաքին ազդարարման վարույթը սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմնին հաղորդման (այդ թվում՝ անանուն) ներկայացմամբ:

2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, հաղորդումն անմիջականորեն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին:

3. Իրավասու մարմինը պարտավոր է՝

1) անհապաղ գրանցել հաղորդումը և հաղորդման գրանցման պահից 3-օրյա ժամկետում հարուցել վարույթ.

2) ապահովել վարույթի գաղտնիությունը.

3) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել հաղորդման իսկությունը ստուգելու նպատակով.

4) միջոցներ ձեռնարկել ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.

5) չբացահայտել ազդարարի անձնական տվյալները (այդ թվում՝ գաղտնագրման միջոցներ օգտագործելով), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

6) ազդարարի պահանջով տրամադրել տեղեկություններ վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին, հնարավորություն տալ ազդարարին ուսումնասիրել գործի նյութերը, ներկայացնել պարզաբանումներ և դիմումներ.

7) վարույթի արդյունքների մասին ծանուցել ազդարարին դրա ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:

4. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմնին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:

5. Եթե հաղորդումը ներկայացվել է իրավապահ մարմնին, ապա վերջինս պարտավոր է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հաղորդմանը, իսկ հանցագործության հատկանիշներ չհայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմնին:

6. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, մարմինը, որը ստացել է ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցել, պարտավոր է, մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը, ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, ինչի մասին ծանուցում է ազդարարին:

8. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, իրավասու մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

 

Հոդված 8. Միասնական էլեկտրոնային հարթակը

1. Անանուն հաղորդումը ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

2. Միջազգայնորեն սերտիֆակացված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

3. Միասնական էլեկտրոնային հարթակը ապահովում է հասանելիություն ազդարարին և իրավասու մարմնին (այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմնին և իրավապահ մարմիններին):

4. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 9. Անանուն հաղորդումները և դրանց առանձնահատկությունները

1. Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է իրավասու մարմնին այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:

2. Անանուն հաղորդումը պետք է բովանդակի տեղեկություններ կոռուպցիոն դեպքի հանգամանքների և փաստերի մասին, ինչպես նաև այդ հանգամանքները և փաստերը հիմնավորող այլ տվյալներ (դրանց առկայության դեպքում):

3. Իրավասու մարմինը պարտավոր է՝

1) ապահովել միասնական էլեկտրոնային համակարգ մուտքագրված անանուն յուրաքանչյուր հաղորդման՝ սույն օրենքով նախատեսված ժամկետում ընդունումը, քննարկումը, դրա հիման վրա պատճառաբանված որոշումների կայացումը և դրանց փաստացի կատարումը.

2) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել անանուն հաղորդման իսկությունը ստուգելու նպատակով.

3) միասնական էլեկտրոնային համակարգի հետադարձ կապի միջոցով հավաքագրել կոռուպցիոն դեպքի մասին անհրաժեշտ տեղեկությունները և փաստերը.

4) վարել բոլոր անանուն հաղորդումների ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ՝ անկախ դրանց՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին բավարարելու հանգամանքից:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:

 

ԳԼՈՒԽ 5

ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հոդված 10. Ազդարարում հասարակությանը

1. Անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնասի պատճառման կամ դրա վտանգի դեպքում, կամ երբ առկա է ապացույցների վերացման անմիջական վտանգ, ազդարարը կարող է, առանց անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնին նախապես ծանուցելու, հաղորդումը (այդ թվում՝ անանուն) հայտնի դարձնել հասարակությանը՝ զանգվածային լրատվության միջոցների, համացանցի, հավաքների կամ որևէ այլ ձևով:

2. Հասարակությանը ազդարարման դեպքում ազդարարը պարտավոր է՝

1) հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը.

2) հարգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը.

3) չխոչընդոտել վարույթի իրականացմանը:

 

ԳԼՈՒԽ 6

ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11.  Ազդարարի պաշտպանության իրավունքը

1. Ազդարարը սույն օրենքին համապատասխան ունի պաշտպանության իրավունք, եթե ազդարարում է բարեխղճորեն:

2. Ազդարարն ունի իր անձնական տվյալների, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

3. Ազդարարը, ով հաղորդում է ներկայացրել կամ ում հաղորդումն ուղարկվել է իրավապահ մարմիններին, ենթակա է պաշտպանության Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ցանկացած պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առոչինչ է:

5. Ազդարարի նկատմամբ ազդարարման հետ կապված վնասակար գործողություն ձեռնարկելն արգելվում է:

 

Հոդված 12.  Ազդարարի հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը

1. Սույն օրենքի իմաստով ազդարարի հետ փոխկապակցված անձինք են համարվում ազդարարի կամ նրա ամուսնու հետ՝ ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք:

2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը պետք է ունենա ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:

 

Հոդված 13. Ծառայողական պարտականությունները կատարելիս ազդարարման համար պաշտպանությունը

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ազդարարող անձը պետք է ունենա ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք:

 

Հոդված 14.  Ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը

1. Ազդարարի անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15.  Ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը էլեկտրոնային եղանակով անանուն հաղորդում ներկայացնելիս

1. Էլեկտրոնային եղանակով անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է անձնական տվյալները:

 

Հոդված 16.  Ազդարարի դատական պաշտպանությունը

1. Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:

2. Ազդարարի դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 17.  Դատարանում ապացուցման պարտականությունը

1. Այն դեպքում, երբ ազդարարը դատարանում ապացուցում է, որ նա կրել է բացասական հետևանքներ, վնասակար գործողությունն իրականացնողը պետք է ապացուցի, որ բացասական հետևանքը ազդարարման հետ պատճառահետևանքային կապի մեջ չէ, կամ որ ազդարարը չի գործել բարեխղճորեն:

 

Հոդված 18. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը

1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նրա համոզմամբ տեղեկատվությունը ճշմարտացի է, և եթե նախքան ազդարարումը նա իր հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տվյալների ճշտությունը և ամբողջականությունը:

2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե իր կամ այլ անձի համար պահանջում կամ ստանում է որևէ առավելություն կամ այլ անձին վնաս պատճառելու նպատակով դիտավորյալ հաղորդում է կեղծ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հոդված 20. Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը

1. Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ենթակա է ստեղծման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

 

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 341.1-րդ և 341.2-րդ հոդվածներով.

«Հոդված 341.1. Հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը  վնաս պատճառելու կամ  գույքը  ոչնչացնելու սպառնալիքը

 

1. Հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը  ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսունապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Հոդված 341.2. Հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումը

1. Հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումը այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով,  կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու  տարի ժամկետով:

2. Կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Կոռուպցիոն հանցագործություններով հանցակցի կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպքերում դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել։»:

Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ գլխի և 98-րդ հոդվածի վերնագրերում, 98-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «մասնակցող» բառից հետո լրացնել «և հանցագործության մասին հաղորդում տվող» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆUԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ հոդվածով.

«Հոդված 41.5. «Ազդարարների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելը

 

1. Ազդարարի կողմից ներկայացված հաղորդումը չգրանցելը, դրա հիման վրա վարույթ չհարուցելը, վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորություն չընձեռելը, վարույթի արդյունքների մասին չծանուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը կամ գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «աջակցող անձանց» բառերից հետո լրացնել «կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1.    Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3.     «Ազդարարների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված հաղորդումը սույն հոդվածի իմաստով համարվում է դիմում:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

  • Обсуждалось

    30.01.2017 - 14.02.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12318

Принт