Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.12.2023 - 03.01.2024

ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում  Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը և հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրության 2.4 կետը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի փետրվարի 21-ի N 56-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները՝ ուղղված ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդնման խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն օրենքը մշակվել է «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների և ջրապահանջարկի միջև բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից։ 2013-2016 թվականների ընթացքում իրականացվեց տիրազուրկ և ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման և կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց  ընդհանուր 4843 լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող  հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով և դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը և բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել: Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների` ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաև նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ  չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակվում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել: Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ ճնշումային ջրերի  մակարդակի  իջեցումներն  ուղեկցվում  են  դրանց ընդհանուր հանքայնացման և ընդհանուր կոշտության բարձրացմամբ: Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրները օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը և հրատապությունը։
5 2204