Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի աճի և ծավալի առավելագույն չափերը սահմանելու, բացառիկ դեպքերի և ՀՀ կառավարության պարտքը նվազեցնելու միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳ­ԾՈՒՄ ՀԱ­ՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻ ԵՎ ԾԱՎԱԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈԻՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը՝

Վերոհիշյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմա­նա­­վոր­ված է 2018 թվականի հունվարի 10-ին ՀՀ նախագահի կողմից վավերացված ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներով` 2018թ-ից սկսած հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող հարկաբյուջետային կանոնների համակարգի ամբողջականացմամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

Ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնների համակարգի հիմնական դրույթներն արտացոլված են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6 և 7-րդ կե­տե­րում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներում: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8.2, 8.3 և 8.4 մասերով սահմանված է.

«8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տար­­վա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտ­քը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրութ­յամբ գերազանցել է Հա­յաստանի Հանրապետության նախորդ տարվա հա­մա­խառն ներքին արդ­յուն­քի`

ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս:

բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա) կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:

գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա) կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:

8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով   սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշո­րա­ծավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գոր­ծո­ղու­թ­­յունների, տնտե­­սու­թ­յու­­նը խա­ղաղ ժամանակաշրջանից պա­տերազմական ժամա­նա­կաշրջա­նի փո­խադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:

8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:

բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար»:

Իսկ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է:

Վերոնշյալ օրենքներով սահմանվում են հարկաբյուջետային կանոնների գործողության ընդհանուր սկզբունքները և նախանշում, որ ՀՀ կառավարության կողմից կտրվեն լրացուցիչ կարգավորումներ: Հևտևաբար այդ կանոնների արդյունավետ գործողության համար անհրաժեշտություն է առաջանում մշակել ՀՀ կառավարության որոշում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագիծը չի նա­խա­տե­սում բյուջետավորման բնագավառում կառա­վա­րության կողմից արդեն իսկ իրա­կա­­նաց­վող բյու­ջետային բարեփոխումների քաղա­քա­կա­նու­թյան սկզբունքային փոփոխություն­ներ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանո­նա­կարգումներ:
4. Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծի նպատակը` ՀՀ պե­տա­կան ֆի­նանս­­­ների կա­ռա­վար­ման բնագավառում հարկաբյուջետային քաղա­քա­կա­նու­թյան սկզբունք­նե­­­րի հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյու­­­­ջեի նախագծի կազմման և պետա­կան բյուջեի կատարման գործընթացներն առա­վել կա­նո­նակարգված և ճկուն դանձնելու համար:

Այդ նպատակին հասնելու համար, Նախագծով առաջարկվում է ամբողջականացնել գործող հարկաբյուջետային կանոնների փաթեթը՝ լրացնելով այն ներքոնշյալ կարգավորումներով.

Այսպես, ընթացիկ ծախսերի աճը կսահ­մանափակվի` կախվածության մեջ դնելով նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից նվազեցված ցուցանիշներից. ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ-ի 50%-ը գերազանցելու դեպքում նվազեցում չի կիրառվում, իսկ 60%-ը գերազանցելու դեպքում՝ կիրառվում է 0.5 տոկոսային կետ նվազեցման գործակից: 7 տարիների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականների համաձայն ՀՀ տնտեսական ցիկլերի միջին տևողությունը 7 տարի է: Մյուս կողմից վերջինս ընգրկում է հետճգնաժամային ժամանակահատվածը՝ արտացոլելով ՀՀ տնտեսական ներուժային աճի ներկա զարգացումները: Իսկ համախառն ներքին արդյունքի ծավալի միջին աճի նվազեցումների չափերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած ընթացիկ ծախսերի պահպանողական քաղաքականությամբ, ինչպես նաև տնտեսական ցիկլերին համահունչ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Մյուս կողմից ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման համար Նախագծով սահմանվում է ժամանակահատված. 50%-ը գերազանցելու դեպքում՝ 5 տարի, որի ընտրությունը պայմանավորված է տարեկան առնվազն 1 տոկոսային կետով բարելավվելու նպատակադրմամբ, ինչը համահունչ է նաև 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված  կառավության պարտքի հետագծին: 60%-ը գերազանցելու դեպքում նույնպես սահմանվում է 5 տարի:

Նախագծով նախատեսվում է, որ վերը սահմանված սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պա­րա­գայում: Իսկ բացառիկ դեպքերում սահմանվում են ՀՀ կառավարության գործողությունները, որոնք պետք է բխեն պետական բյուջեի և պետական պարտքի վրա ազդեցության չափերից:

5. Ակնկալվող արդյունքը` Նախագծի ընդունմամբ ամբողջական կգործարկվի ներդրված ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգը և կամրապնդվեն, ինչպես նաև կընդլայնվեն բյու­ջե­տային գործ­ըն­թացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:

  • Քննարկվել է

    03.07.2018 - 23.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7912

Տպել