«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ 63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող (այսուհետ՝ hաշմանդամություն ունեցող) անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի փոխհատուցում՝
1) աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.
2) աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը, միաժամանակ տրամադրելով նաև 1-3-րդ ամիսների համար շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի 50%-ի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը։
Աշխատանքի տեղավորված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում՝ առաջարկվում է գործատուին տրամադրել նաև միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձնանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածությունը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Առաջարկվում է ծրագիրը 2026 թ.-ին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար, որի դեպքում ՀՀ 2026 թ.-ի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 80,000.0 հազար դրամ գումար։ Մասնավորապես, գործատուին տրամադրվող եկամտային հարկի փոխհատուցման չափը 1 անձի համար 6 ամսվա հաշվարկով կկազմի 300,000 դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ կտրամադրվի ևս 100,000 դրամ։ Տվյալ պարագայում ծրագրի միավոր ծախսը կկազմի միջինում 400,000 դրամ (3 ամիս * 25000 + 3 ամիս * 75000 + 100000)։
Նախագծի ընդունման կապակցությամբ 200 շահառուի աջակցության համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում կնախատեսվի ծախսերի ավելացում 80,000.0 հազար դրամի չափով:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-202 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում ամրագրված է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման, ըստ անհրաժեշտության, զբաղվածության նոր ծրագրերի ներդրման կարևորությունը։
-
Տևողություն
20.03.2026 09.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 59
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: