Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, որոնք են՝ նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության որոշումը և պաշտպանական որոշումը: Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է պաշտպանական որոշման ընդունման հիմքերը և կարգը, ըստ որի՝ պաշտպանական որոշումն ընդունվում է դատարանի կողմից՝ ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնի դիմումով, իսկ պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը պետք է նախատեսվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Հարկ է նշել, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվել էր պաշտպանական որոշման կայացման վարույթը: Նշված օրենքը, սակայն, մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը և Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժը կորցնելը դեռևս ուժի մեջ չէր մտել:

Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ ամրագրելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքի՝ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլխում լրացվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներ:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

  • Քննարկվել է

    02.07.2018 - 17.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7254

Տպել