«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ներկայիս իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոլորտում առաջացած խնդիրների լուծման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների կարգավորման, ինչպես նաև իրավական տեխնիկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով զգալի ծավալով փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ:
- Դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ)՝
1) տրվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները.
2) սահմանվել են դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:
Հաշվի առնելով, որ որոշ պետություններում անհրաժեշտություն է առաջանում դեսպանության փոխարեն ստեղծել դիվանագիտական գրասենյակ և օրենքում անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել այդ գործընթացը, առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ անհրաժեշտության դեպքում կարող է գործել դիվանագիտական գրասենյակ, որը կստեղծվի և կլուծարվի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա.
3) վերանայվում են դեսպանների և մշտական ներկայացուցիչների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցիչներ) պաշտոնավարման ժամկետները: Դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով վերջիններիս պաշտոնավարման առավելագույն ժամկետն առաջարկվում է սահմանել 5 տարի: Միաժամանակ սահմանվում է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին.
4) նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու դեպքում աշխատավարձի, փոխհատուցման և օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի պահպանման վերաբերյալ օրենսդրական կարգավորում.
5) հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները.
6) ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս:
Առանձին դրույթ է նախատեսվել գլխավոր հյուպատոսի ռոտացիա իրականացնելու ժամկետների վերաբերյալ՝ ելնելով վերջինիս աշխատանքի բնույթից: Հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսի աշխատանքն օտարերկրյա պետությունում ավելի երկար ժամանակահատվածով աշխատելու անհրաժեշտություն է պահանջում, առաջարկվում է գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելիս ռոտացիան արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում իրականացնել առնվազն մեկ տարի, այնուհետև Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին)՝ երեք տարի ժամկետով ծառայելու սկզբունքով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով.
7) առաջարկվում է օրենքում լրացնել նոր հոդված, որով կկարգավորվեն կարճաժամկետ գործուղումներին առնչվող հարաբերությունները:
Հաճախ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատանքների ծանրաբեռնվածությունից ելնելով անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակահատվածով դիվանագետ գործուղել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին, սակայն կարճաժամկետ գործուղման ընթացքում դիվանագետի ֆինանսավորման և փոխհատուցման, այդ թվում՝ բնակարանի փոխհատուցման հետ կապված մի շարք հարցեր մնում են բաց: Նշված հարցերին օրենսդրական կարգավորում տալու նպատակով՝ առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատանքներին աջակցելու նպատակով դիվանագետը, իր համաձայնությամբ, կարող է գործուղվել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին, որը չի կարող գերազանցել 6 ամիսը: Գործուղման ընթացքում ծախսերը կկատարվեն ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություն մեկնած դիվանագետի՝ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան, որի ընթացում կպահպանվի դիվանագետի աշխատավարձը արտաքին գործերի նախարարությունում.
8) հանվել է գործող օրենքում առկա՝ նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը, քանի որ այն հակասում է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման, ինչպես նաև համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքներին: Բացի այդ, նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում պետությունը արդեն իսկ փոխհատուցում է մեկ բնակարանի համար՝ տնտեսելով երկրորդ բնակարանի փոխհատուցումը.
7) նախատեսվում է դիվանագիտական դպրոցը վերակազմակերպել դիվանագիտական ակադեմիայի՝ հաշվի առնելով դպրոցին տրվող գործառույթների լայն շրջանակը.
8) օրենսդրական կարգավորումներ են նախատեսվել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մեկնող դիվանագետ ամուսնու հետ մեկնելիս՝ պետական մարմնում պաշտոն զբաղեցնող դիվանագետի ամուսնու պաշտոնը թափուր համարելու, օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո իր զբաղեցրած պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ այլ հավասարազոր պաշտոնում վերականգնվելու վերաբերյալ:
Միաժամանակ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին», Պետական կենսաթոշակների մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում:
Մասնավորապես՝
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը համարվում է պետական հայեցողական պաշտոն, իսկ Դիվանագիտական ծառայության մասին գործող օրենքի 18-րդ հոդվածով այդ պաշտոնը նախատեսված է որպես վարչական պաշտոն: Երկու օրենքում միևնույն կարգավորման վերաբերյալ հակասությունը վերացնելու նպատակով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություն և դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը սահմանել որպես վարչական պաշտոն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է 2021 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի «1.1 Արտաքին քաղաքականություն» կետից։
-
Տևողություն
17.03.2026 07.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Միջազգային հարաբերություններ
-
Գերատեսչություն
Արտաքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 205
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: