ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունվարի 22-ին N 93-Ա որոշմամբ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը։ Հինգերորդ լրացման ստորագրումից հետո, ամենաուշը մինչև 2026թ․ հունվարի 31-ը Կառավարիչը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնի օդանավակայանի Մաստեր-պլանը։ Ներկայացված Մաստեր-պլանով նախատեսված է 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչև 2033թ. ավարտը:
Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։
Հարկ է նշել, որ ներկայումս շենքը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ և չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական և անվտանգային պահանջներին, նախատեսվող արդիականացումը նպատակ ունի ապահովել շենքի արդյունավետ օգտագործումը՝ այն ինտեգրելով օդանավակայանի ընդհանուր զարգացման ծրագրին։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Դիտարկվող կառույցը՝ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ»-ը ընդգրկված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» որպես հանրապետական նշանակության հուշարձան (պետ. ցուցիչ 1.7.212.)։ Նշված հանգամանքը ենթադրում է, որ կառույցի նկատմամբ կիրառվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանն ուղղված իրավական սահմանափակումներ և հատուկ կարգավորումներ։
Գտնում ենք, որ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ»-ը, որպես տրանսպորտային ենթակառուցվածք, նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 65.1-65.2-րդ կետերում ամրագրված նպատակից, այն է՝ «Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի և ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ»։
5․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Տևողություն
11.03.2026 27.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 82
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: