Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին»

Նախագիծ

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին
մասի 10-րդ կետի պահանջով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների
կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հավելված
ՀՀ ԿԳՄՍ նախարարի
2026 թ. մարտի -ի
N - Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) օգտագործվող հասկացություններն ունեն
«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նշանակությունները։
Կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններ․
1) Ազգային մարմին՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ:
2) Մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերին (այսուհետ՝ Նախագիծ) պետական ֆինանսավորում
տրամադրելու նպատակով Ազգային մարմնի կողմից կազմակերպվող և անցկացվող մրցույթ:
3) Աջակցություն՝ Մրցույթում հաղթած Ֆիլմերի պետական ֆինանսավորում:
4) Հայտ՝ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայտատուի կողմից Ազգային մարմին ներկայացված՝
Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթ:
5) Հայտատու` Ազգային մարմին Հայտ ներկայացրած, Հայաստանի Հանրապետությունում պետական
գրանցում ստացած, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող և Հայաստանի
Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող
ֆիլմարտադրող:
6) Փաստաթղթերի ուսումնասիրություն՝ Հայտի ամբողջականության, փաստաթղթերի վավերականության,
Կանոնակարգի պայմաններին ու Հայտում ներկայացված տվյալներին փաստաթղթերի համապատասխանության
ստուգում:
7) Նախնական գնահատում՝ Մրցույթի փուլ, որում Փորձագիտական հանձնախմբերի կողմից կատարվում է
Նախագծերի գեղագիտական-գեղարվեստական արժեքի գնահատում:
8) Վերջնական գնահատում՝ Մրցույթի փուլ, որում Փորձագիտական հանձնախմբերի կողմից կատարվում է
Նախնական գնահատման փուլը հաղթահարած Նախագծերի իրականացնելիության ներուժի, տնտեսական
հիմնավորվածության, ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորության, առաջխաղացման և հանրությանը
ներկայացնելու հեռանկարի գնահատում:

9) Հայտերի հաստատում՝ Մրցույթի փուլ, որում պետական ֆինանսավորման հաստատման նպատակով
ընտրվում են Հայտեր Վերջնական գնահատման փուլը հաղթահարած Նախագծերից:
10) Աշխատանքային խումբ՝ Ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական խումբ, որը
Կանոնակարգով սահմանված կարգով կատարում է Փաստաթղթերի ուսումնասիրություն և ապահովում
Մրցույթի իրականացումը:
11) Շտեմարան՝ Ազգային մարմնի պաշտոնական կայքում անկախ մասնագետների տվյալների բաց
շտեմարան, որը համալրվում է լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշներին և ընթացակարգին
համապատասխան:
12) Փորձագիտական հանձնախումբ՝ Շտեմարանում ընդգրկված անկախ մասնագետների կազմից Ազգային
մարմնի տնօրենի հրամանով ստեղծված հանձնախումբ, որը գնահատում և հաստատում է Մրցույցթին
մասնակցող Նախագծերը։
13) Զարգացում՝ Ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ աշխատանքների սկզբնական փուլ, որի ընթացքում
ֆիլմարտադրողի կողմից կատարվում է հետազոտական աշխատանք, մշակվում է ֆիլմի սցենարը, կազմվում
նախնական բյուջե, գտնվում են ֆինանսական միջոցներ, հնարավոր ներդրողներ, գործընկերներ ու հիմնական
ստեղծագործական անձնակազմ, կնքվում են պայմանագրեր:
14) Արտադրություն՝ Ֆիլմի նկարահանումների հետ կապված ստեղծագործական, տեխնիկական ու
կազմակերպչական աշխատանքների իրականացում ֆիլմարտադրողի կողմից: Մրցույթի շրջանակներում
Արտադրության փուլն ընդգրկում է և՛ արտադրական, և՛ հետարտադրական աշխատանքների գործընթացները:
15) Հետարտադրություն՝ Ֆիլմի նկարահանումների ավարտին հաջորդող, մինչև պատրաստի ֆիլմի
ստեղծումը ներառյալ կատարվող, հետարտադրական աշխատանքների իրականացում ֆիլմարտադրողի կողմից,
այդ թվում՝ ելանյութերի պատրաստման գործընթաց:

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2. Կանոնակարգով կարգավորվում են Մրցույթի պայմանների, Աջակցության տրամադրման, Հայտ
ներկայացնելու կարգի, Աշխատանքային խմբի և Փորձագիտական հանձախմբերի կազմավորման կարգերի ու
գործառույթների հետ կապված հարաբերությունները:
3. Մրցույթի արդյունքում ֆինանսավորման հաստատված Նախագծերին Աջակցություն տրամադրվում է
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների շրջանակներում՝ համաձայն
բյուջեով նախատեսված եռամսյակային վճարումների պլանի:

4. Մրցույթը անցկացվում է տարեկան առնվազն երկու անգամ՝ Ազգային մարմնի սահմանած
ժամանակացույցի համաձայն։
5. Տվյալ տարվա չորրորդ եռամսյակում հայտարարված Մրցույթում հաստատված Նախագծերի պետական
ֆինանսավորումը իրականացվում է հայտարարության հաջորդ ֆինանսական տարում։
6. Մրցույթն անցկացվում է հետևյալ երկու խմբավորմամբ և երեք անվանակարգերում՝
1) լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն,
2) կարճամետրաժ` խաղարկային, վավերագրական, անիմացիոն:
7. Կանոնակարգի իմաստով դեբյուտ է համարվում ռեժիսորի (չհաշված ուսումնառության տարիներին
նկարահանած աշխատանքները) առաջին կարճամետրաժ և առաջին լիամետրաժ Ֆիլմերը՝ անկախ
ֆինանսավորման աղբյուրից:
8. Դեբյուտային լիամետրաժ Ֆիլմի արտադրությունից հետո նույն անվանակարգում և նույն ռեժիսորի
մասնակցությամբ ներկայացված կարճամետրաժ ֆիլմի Նախագիծը Մրցույթի շրջանակներում դեբյուտային
չի դիտարկվում:
9. Հայտերի հաստատման փուլում հավասար գնահատական ունենալու դեպքում Աջակցության տրամադրման
նախապատվությունը տրվում է դեբյուտային Նախագծերին։
10. Ֆիլմի ընդհանուր բյուջեի համալրվածությունը Մրցույթի շրջանակում ներառում է զարգացման,
արտադրության և հետարտադրության ծախսերը, այդ հաշվառմամբ էլ դիտարկվում են ներկայացված
նախահաշիվները և համալրման փաստաթղթերը։
11. Համատեղ արտադրության Նախագծում Հայտատուն համարվում է առավելագույն մասնակցություն
ունեցող, եթե Հայաստանի Հանրապետության կողմի ներդրումը (ներառյալ պետական ֆինանսավորումը)
տվյալ ֆիլմարտադրության մեջ համատեղ արտադրող մյուս յուրաքանչյուր երկրի ներդրման համեմատ
կազմում է ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեծամասնություն՝ ֆինանսական
արտահայտությամբ, ինչպես նաև բավարարում է ազգային ֆիլմ համարվելու Օրենքով սահմանված
պայմանները:
12․ Ամբողջովին հայաստանյան արտադրության և համատեղ արտադրության Հայաստանի
Հանրապետության կողմի առավելագույն մասնակցությամբ Նախագծերի պետական ֆինանսավորումը
տրամադրվում է նույն պայմաններով։
13. Համատեղ արտադրության Նախագծում Հայտատուն համարվում է նվազագույն մասնակցություն ունեցող,
եթե Հայաստանի Հանրապետության կողմի ներդրումը (ներառյալ պետական ֆինանսավորումը) տվյալ
ֆիլմարտադրության մեջ համատեղ արտադրող մյուս երկրի կամ երկրներից առնվազն մեկի ներդրման
համեմատ կազմում է ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների փոքրամասնություն՝

ֆինանսական արտահայտությամբ, ինչպես նաև՝ Նախագծի ստեղծագործական հետևյալ կազմից՝ սցենարի
հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր,
բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, անիմատոր, զգեստների
նկարիչ, առաջին, երկրորդ և երրորդ դերի դերասաններ, առնվազն 3 (երեք) հոգի Հայաստանի
Հանրապետության քաղաքացի են: Տվյալ ձևաչափով Աջակցություն ստանալու նպատակով Հայտատուն կարող
է դիմել՝ Ֆիլմի ընդհանուր բյուջեի առնվազն 50%-ը համալրված լինելու դեպքում կամ առավելագույն
մասնակցություն ունեցող համատեղ արտադրող երկրի ազգային մարմնի կողմից ֆինանսավորման
հաստատման դեպքում:
14. Համատեղ արտադրության նախագծերի դեպքում, ֆինանսավորման հաստատումից հետո պայմանագրի
կնքման փուլում Հայտատուի կողմից ներկայացվում է համատեղ արտադրության պայմանագիր։ Հայտով
ներկայացված առավելագույն կամ նվազագույն մասնակցության կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի
համատեղ արտադրության պայմանագրով սահմանված մասնակցության կարգավիճակի: Նույն կերպ՝
համաձայնագրի կնքման փուլում, հայտով ներկայացված առավելագույն կամ նվազագույն մանակցության
կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի համաձայնագրում արտացոլված կարգավիճակի հետ:
3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է Ազգային մարմնի պաշտոնական կայքում,
զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության
հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
16. Մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում
Ազգային մարմինը իրականացնում է Հայտերի ընդունում:
17. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի մրցույթին մասնակցելու
իրավունք ունեցող Նախագծերի՝
1) անվանակարգերը,
2) Հայտ ներկայացնելու պայմանները (առցանց եղանակով և այլն),
3) Հայտ ներկայացնելու ժամկետները,
4) տվյալ Մրցույթի մրցութային ֆոնդը,
5) տվյալ Մրցույթի անցկացման համար սահմանված լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում),
6) պետական ֆինանսավորման հաստատված Նախագծի Հայտատուի հետ կնքվելիք Աջակցության
տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը,
7) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
18. Մրցույթին մասնակցելու համար Հայտատուն պետք է ներկայացնի Հայտ՝ ըստ Կանոնակարգով
սահմանված խմբավորման, անվանակարգի, արտադրության փուլի, ինչպես նաև՝ լրացնելով տրված բոլոր
ձևաթղթերը:

19. Լիամետրաժ Նախագծերի Հայտեր կարող են ներկայացվել ֆիլմի արտադրության հետևյալ 3 (երեք)
փուլերի Նախագծերի պետական ֆինանսավորման համար՝
1) Զարգացման փուլ,
2) Արտադրության փուլ, որը ներառում է արտադրական և հետարտադրական աշխատանքներ,
3) Հետարտադրության փուլ:
20. Նույն Հայտատուն Մրցույթին կարող է ներկայացնել արտադրության տարբեր փուլերի մեկից ավելի
Նախագծերի Հայտեր: Նույն Նախագիծը ներկայացվում է միայն մեկ փուլի Աջակցություն ստանալու համար
21. Կարճամետրաժ Նախագծերի Հայտերը ներկայացվում են ֆիլմի ամբողջ արտադրության համար։
Կարճամետրաժ խաղարկային և վավերագրական Նախագծերի Հայտերի ներկայացման համար պարտադիր է,
որ Հայաստանի Հանրապետության կողմը հանդիսանա առավելագույն մասնակցություն ունեցող։
22. Հայտը ներկայացվում է հայերեն, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանության
ուղեկցությամբ:
23. Նկարահանումները սկսած ֆիլմերը Զարգացման և Արտադրության փուլի մրցույթին մասնակցել չեն
կարող, բացառությամբ վավերագրական Նախագծերի:
24. Հայտատուն կարող է մեկնարկել Նախագծի արտադրության փուլը միայն Նախագծի բյուջեն
համալրելու և համալրումը հաստատող համապատասխան փաստաթղթերը Ազգային մարմնին ներկայացնելու
դեպքում:
25. Բյուջեի համալրումը հաստատող փաստաթուղթ է համարվում՝ Արտադրող ընկերության բանկային հաշվի
վրա բավարար գումարի առկայությունը` վավերացված բանկային և/կամ ֆինանսավարկային
կազմակերպության կողմից տրամադրված քաղվածքով (Նախագծի արտադրության մեջ ներդրվող գումարի
չափով ներդրման վերաբերյալ Հայտատուի հիմնադրի որոշման ուղեկցմամբ), համատեղ արտադրության
պայմանագիր կամ համաձայնագիր, ինչպես նաև՝ գույքի կամ ֆինանսական միջոցների ներգրավման
նպատակով կնքված ցանկացած տեսակի պայմանագիր կամ համաձայնագիր, որոնցում առկա են
ներդրումների, ժամկետների և եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ։ Բյուջեի համալրումը
հաստատող փաստաթուղթ է համարվում նաև Հայտատուի կողմից ներկայացված՝ Նախագծի շրջանակում
փաստացի կատարված ծախսերը հիմնավորող վճարահաշվարկային փաստաթղթերը: Պայմանագրերի կամ
համաձայնագրերի «առարկա» դաշտում պետք է նշված լինի Հայտով ներկայացված Նախագծի անվանումը:
26. Աջակցություն ստացած Ֆիլմարտադրողը նույն Նախագծի համար իրավունք ունի մասնակցելու այլ
Մրցույթի, եթե պատշաճ կարգով իրականացրել է Ազգային մարմնի հետ կնքված պայմանագրային
պարտավորությունները և ներկայացրել համապատասխան հաշվետվություններ, որոնք ընդունվել են Ազգային
մարմնի կողմից:

27. Արտադրության որևէ փուլի Աջակցություն ստացած Նախագիծը նույն փուլի Մրցույթի կրկին մասնակցել
չի կարող:
28. Նախագիծը, որի Հայտը մերժվել է, կարող է դիմել մասնակցելու նոր Մրցույթի՝ ևս 2 (երկու) անգամ:
Այն Նախագծերը, որոնք երրորդ անգամ ներկայացված լինելու դեպքում անցել են Հայտերի հաստատման
փուլ, սակայն տվյալ Մրցույթի համար նախատեսված մրցութային ֆոնդի սպառման պատճառով չեն ստացել
Աջակցություն, իրավունք են ստանում նույն նախագծով մրցույթին դիմելու ևս մեկ՝ վերջին անգամ։

29. Հայտը պետք է ներկայացվի Կանոնակարգին և հայտ ներկայացնելու Կարգին համապատասխան 2
(երկու) ամբողջական PDF ֆայլերում ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ հայտ ներկայացնելու
կարգի մեջ թվարկված խմբավորմամբ և հերթականությամբ, ինչպես նաև տրված ձևաթղթերից ընտրելով և
լրացնելով տվյալ Նախագծին համապատասխանող Ձևերը:  (Տե՛ս Ձև 1, Ձև 2, Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև
7, Ձև 8, Ձև 9, Ձև 10, Ձև 11, Ձև 12, Ձև 13, Ձև 14, Ձև 15, Ձև 16, Ձև 17):
30. Հետարտադրության փուլի Աջակցություն ստանալու համար Հայտ ներկայացրած Հայտատուն պարտավոր
է ներկայացնել արդեն նկարահանված նյութի նկատմամբ հեղինակային իրավունքներ ունեցող անձանց հետ
կնքված պայմանագրեր, ինչպես նաև՝ նախկինում կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:
Միջազգային համատեղ արտադրության նախագծերի դեպքում ծախսերը հիմնավորող փաստաթղթերի փոխարեն
ներկայացվում են համատեղ արտադրության պայմանագիրը և համատեղ արտադրության մյուս կողմի կողմից
կատարված փաստացի ծախսերը հավաստող փաստաթուղթ։
31. Մինչև Հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը Հայտատուն իրավունք ունի իր
Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու:
Բացառությամբ բյուջեյի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթերում լրացումների,
փոփոխությունների և հավելումների, որոնք Հայտատուն կարող է ներկայացնել մինչև Նախագծերի
Հաստատման փուլը:
Հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր Հայտը չի
դիտարկվում:
32. Մրցույթի ընթացքում Հայտատուի կողմից Հայտի չեղարկումը կատարվում է պաշտոնական գրությամբ՝
Ազգային մարմնին ծանուցում ուղարկելու միջոցով: Հայտի չեղարկման մասին տեղեկությունը հրապարկվում
է հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հայտարարության տեսքով:
33. Մրցույթի ներկայացված Հայտերի Փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով,
Ազգային մարմնի ղեկավարի հրամանով, Ազգային մարմնի աշխատակիցների կազմից ձևավորվում է
Աշխատանքային խումբ, որը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքները սկսում է մրցույթի մասին
հայտարարությունը տալու հետ միաժամանակ։
34. Աշխատանքային խումբը, Հայտ ընդունելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 15 (տասնհինգ)
աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է ներկայացված Հայտերի համապատասխանությունը

Կանոնակարգի պահանջներին, Հայտ ներկայացնելու կարգին և հայտադիմումում ներկայացված տվյալներին,
ստուգում Հայտերի ամբողջականությունը, փաստաթղթերի վավերականությունը, բովանդակությունը,
Նախագծի դեբյուտային կամ ոչ դեբյուտային լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ իրականացնում է
Կանոնակարգով նախատեսված այլ գործառույթներ։
35. Ամբողջական է համարվում Կանոնակարգի 27-րդ կետին և Հրամանի Հավելված 2-ին համապատասխան
ներկայացված Հայտը:
36. Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով, Աշխատանքային խմբի
առաջարկությամբ, Ազգային մարմինն իրավունք ունի Հայտատուից պահանջել և Հայտի վերաբերյալ ստանալ
լրացուցիչ տեղեկություններ, լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև, ստուգել ներկայացված
տեղեկությունների հավաստիությունը՝ դիմելով Հայտի հետ առնչություն ունեցող երրորդ անձանց:
37. Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություն պարունակող, ոչ
ամբողջական, թերություններ կամ տեխնիկական սխալներ, վրիպումներ ու բացթողումներ հայտնաբերելու
պարագայում Աշխատանքային խումբը առաջարկում է Հայտատուին 5 (հինգ) աշխատանքային օրվա
ընթացքում համալրել Հայտը կամ շտկել առկա թերությունները՝ այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային
փոստով Հայտատուին ծանուցելու միջոցով։
38. Կանոնակարգի 32-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է Հայտը համալրելու կամ շտկելու
վերաբերյալ ծանուցումը Ազգային մարմնի կողմից Հայտատուին ուղարկելու օրվանից մինչև Ազգային մարմնի
կողմից համալրված կամ շտկված Հայտի ստացման օրը։
39. Հայտը մրցույթի չի դրվում և չի ուղարկվում Փորձագիտական հանձնախմբի գնահատմանը, եթե.
1) Հայտատուի կողմից չի ապահովվել Կանոնակարգի 35-րդ կետով սահմանված գործընթացը,
2) Հայտը ներկայացվել է Ազգային մարմնի կողմից պետական ֆինանսավորում ստացած այն
ֆիլմարտադրողի կողմից, որը մինչև Կանոնակարգով սահմանված կարգով Մրցույթի մասին
հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալն ունի Ազգային մարմնի հանդեպ ժամկետանց ցանկացած
տեսակի պայմանագրային պարտավորություն,
3) Կանոնակարգի 34-րդ կետով Հայտատուին ուղղված պահանջը Ազգային մարմնի սահմանած ժամկետում
Հայտատուի կողմից չկատարվելու դեպքում,
4) Հայտը չեղարկվել է Հայտատուի կողմից:
40. Հայտը Մրցույթում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ Աշխատանքային խմբի որոշումը
(այսուհետ՝ Որոշում) ընդունվում և ձևակերպվում է Աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ:
41․ Աշխատանքային խմբի կողմից Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Մրցույթում ընդգրկված
Հայտերի անվանացանկերը, ինչպես նաև Մրցույթի Փորձագիտական հանձնախմբերի կազմերը
հրապարակվում են Ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ Որոշման կայացման օրվան հաջորդող 1 (մեկ)
աշխատանքային օրվա ընթացքում:

42. Հայտը Մրցույթում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ Հայտատուները ծանուցվում են Որոշման
կայացման օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
43. Մրցույթում ընդգրկված Հայտերը Որոշման կայացման օրվան հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա
ընթացքում տրամադրվում են Փորձագիտական հանձնախմբի անդամներին՝ գնահատման նպատակով։
Փորձագիտական հանձնախումբը Նախագծերի Գնահատումն իրականացնում է Կանոնակարգի սահմանված
կարգով:
44. Հայտը Փորձագիտական հանձնախմբի կողմից ենթակա է մերժման, եթե Նախագիծն պարունակում է
թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և
պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր:
45. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի
ներկայացվել կամ Աշխատանքային խմբի կողմից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ոչ մի Հայտ
Մրցույթում չի ընդգրկվել:
46. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․
1) Նախնական գնահատում,
2) Վերջնական գնահատում,
3) Հայտերի հաստատում:

4. ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

47. Աջակցությունը տրվում է սույն Հրամանի Հավելված 3-ում սահմանված պայմաններով և
ֆինանսավորման չափերով:
48. Մեկ օրացուցային տարվա ընթացքում Հայտատուն Աջակցություն կարող է ստանալ մեկ Զարգացման
փուլի համար, ինչպես նաև՝
1) Արտադրության փուլի առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ և նվազագույն
մասնակցությամբ մեկ լիամետրաժ Նախագծերի կամ,
2) Արտադրության փուլի առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ և Հետարտադրության փուլի
առավելագույն մասնակցությամբ մեկ լիամետրաժ Նախագծերի կամ,
3) մեկ լիամետրաժ և երկու կարճամետրաժ Նախագծերի կամ,
4) երեք կարճամետրաժ Նախագծերի:
49. Մրցութային ֆոնդը լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի միջև բաշխվում է
համապատասխանաբար՝ 65% և 35% հարաբերակցությամբ` բյուջեն համալրած (պայմանագիր կնքելու
համար դիմած) և բյուջեն չհամալրած (համաձայնագիր կնքելու համար դիմած) Նախագծերի վարկանիշային

ցուցակով։ Մրցութային ֆոնդի միջոցների բաշխումն իրականացվում է պետական ֆինանսավորման համար
ընտրված Նախագծերի միջև՝ ըստ վարկանիշային հերթականության։ Ֆինանսավորումը նախ իրականացվում է
Լիամետրաժ Նախագծերի համար։ Լիամետրաժ Նախագծերի ֆինանսավորման արդյունքում առաջացած
չօգտագործված միջոցները ուղղվում են Կարճամետրաժ Նախագծերի ֆինանսավորմանը։ Կարճամետրաժ
Նախագծերի ֆինանսավորման արդյունքում առաջացած չօգտագործվող միջոցները համապատասխանաբար
ուղղվում են Լիամետրաժ Նախագծերի ֆինանսավորմանը։
50. Զարգացման (դեբյուտային) կամ Հետարտադրության փուլերի Մրցույթի ներկայացված լիամետրաժ
Նախագծերը, ինչպես նաև կարճամետրաժ (դեբյուտային) Նախագծերը, Կանոնակարգով նախատեսված
գումարների սահմաններում (Հավելված 3), իրավունք ունեն ստանալու պետական ֆինանսավորում՝ առանց
Հայտատուի կողմից ֆինանսական միջոցների ներդրման, իսկ Կանոնակարգով նախատեսված առավելագույն
ֆինանսավորման չափը գերազանցված լինելու դեպքում Հայտատուն պարտադիր պետք է ներկայացնի
համապատասխան չափով տվյալ փուլի բյուջեի համալրվածությունը հիմնավորող փաստաթղթեր:
51. Զարգացման փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է հետևյալ աշխատանքների
իրականացման համար՝ կինոսցենարի վերջնական տարբերակի ստեղծում (ինչպես նաև՝ թարգմանություն,
հետազոտություն, խորհրդատուի, համասցենարիստի, խմբագրի ներգրավում և այլն), արխիվային նյութերի
ձեռքբերում և բյուջեի համալրման նպատակով կազմակերպվող հանդիպումներ՝ Նախագծի ներկայացում
համատեղ արտադրության կողմերին կամ միջազգային այլ հնարավոր գործընկերների՝ կինոփառատոններում,
կինոշուկաներում կամ միջազգային այլ հարթակներում:
52. Արտադրության փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է նկարահանումների հետ կապված
ստեղծագործական և տեխնիկական աշխատանքների իրականացման, սարքավորումների, տաղավարների
վարձակալումների, դեկորացիաների ստեղծման, գործուղումների, հոնորարների ու աշխատավարձերի
վճարումների հետ կապված, երաժշտության ստեղծման, մոնտաժային, խոսքադրման, հնչյունավորման,
ձայնագրման, գունաշտկման, հատուկ էֆեկտների ներդրման, ինչպես նաև արտադրական ու
հետարտադրական աշխատանքներին առնչվող այլ ծախսերի կատարման համար:
53. Հետարտադրության փուլում հաստատված Աջակցությունը տրամադրվում է երաժշտության ստեղծման,
մոնտաժային, խոսքադրման, հնչյունավորման, ձայնագրման, գունաշտկման, հատուկ էֆֆեկտների ներդրման,
ինչպես նաև հետարտադրական աշխատանքներին առնչվող այլ ծախսերի կատարման համար:
54. Արտադրության փուլի Մրցույթի ներկայացված, ֆիլմի արտադրության բյուջեն համալրած (Ազգային
մարմնից ակնկալվող Աջակցության չափը ներառյալ) և Փորձագիտական հանձնախմբի կողմից պետական
ֆինանսավորման հաստատված Նախագծի Հայտատուի հետ կնքվում է հաստատված գումարի չափով
Աջակցության տրամադրման մասին պայմանագիր՝ նախագծի բյուջեի համալրվածությունը հիմնավորող
փաստաթղթերի առկայության դեպքում:
55. Մրցույթում հաղթած Նախագծում առավելագույն մասնակցություն ունեցող Հայտատուի և Ազգային
մարմնի միջև պետական ֆինանսավորման պայմանագիր չի կնքվում, իսկ կնքված պայմանագիրը Ազգային

մարմնի կողմից միակողմանի լուծվում է՝ Նախագծի ռեժիսորի փոխվելու դեպքում։ Պայմանագրի լուծման
պահի դրությամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Ազգային մարմնին։
Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ Հայտատուն հիմնավորում է ռեժիսորի աշխատանքը
շարունակելու անհնարինությունը։
56. Արտադրության փուլի Մրցույթի ներկայացված, ֆիլմի արտադրության բյուջեն (Ազգային մարմնից
ակնկալվող Աջակցության չափը ներառյալ) չհամալրած և Փորձագիտական հանձնախմբի կողմից ընտրված
լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի Հայտատուների հետ կնքվում է համաձայնագիր՝ հաստատված
գումարի չափով Աջակցության տրամադրման մասին, որով Հայտատուին տրվում է մինչև 24 (քսանչորս)
ամիս ժամանակ` Արտադրության փուլը մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու և ֆիլմի
արտադրության բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը Ազգային մարմին ներկայացնելու
նպատակով:
57. Կանոնակարգի 54-րդ կետով նախատեսված ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է ոչ ավելի,
քան մեկ անգամ երկարաձգվել՝ մինչև 6 (վեց) ամիս ժամկետով, հետևյալ դեպքերում.
1) միջազգային համատեղ արտադրող կամ միջազգային ֆինանսավորող կողմի հետ համագործակցության
պայմանագրի առկայություն, որում նշված են հստակ սահմանված ժամկետներ,
2) բեմադրող ռեժիսորի, բեմադրող օպերատորի, գլխավոր դերակատարի, անիմացիայի դեպքում՝ նաև
բեմադրող նկարչի հիվանդություն (համապատասխան բուժ․ հաստաոության կողմից տրամադրված
հիմնավորող փաստաթղթի առկայության դեպքում), որի պարագայում ֆիլմի արտադրություն սկսելը դառնում
է անհնարին։
58. Հայտատուն ում հետ կնքվել է Աջակցության տրամադրման մասին համաձայնագիր պարտավոր է
առավելագույնը 6 ամիսը մեկ անգամ Ազգային մարմնին գրավոր տեղեկացնել Նախագծի բյուջեի
համալրվածության մասին:
Բյուջեի համալրումը հաստատող համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո Ազգային մարմինը
առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում պարտավոր է կնքել պայմանագիր՝ անհրաժեշտության դեպքում
սահմանելով ֆինանսավորման ժամանակացույց: Անհրաժեշտության դեպքում Ազգային մարմինը Հայտատուին
կարող է տրամադրել ևս 6 (վեց) ամիս ժամկետ՝ արտադրությունը սկսելու համար:
59. Հետաձգված վճարումները (deferrals) կարող են ներառվել Նախագծի բյուջեում համապատասխան
պայմանագրերի առկայության դեպքում, սակայն դրանց ծավալը չի կարող գերազանցել Նախագծի ընդհանուր
բյուջեի 15%-ը: Այն դեպքում, երբ Նախագծի բյուջեում նախատեսված հետաձգված վճարումների
(deferrals) չափը գերազանցում է նշված սահմանաչափը, հաստատված է համարվում միայն Նախագծի
ընդհանուր բյուջեի 15%-ի չափով նախատեսված մասը:
60. Այն դեպքում, երբ Ֆիլմի արտադրության բյուջեի համալրման արդյունքում Հայտատուն առավելագույն
մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողից դառնա նվազագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրող,
անկախ Աջակցության տրամադրման վերաբերյալ կնքված համաձայնագրի պայմաններից, Հայտատուին

տրամադրվող պետական ֆինանսավորման չափը սահմանվում է նվազագույն մասնակցություն ունեցող
համատեղ ֆիլմարտադրության նախագծերի համար նախատեսված Աջակցության չափով։
61. Նվազագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության Նախագծերին Զարգացման և
Հետարտադրության փուլերի Աջակցություն չի տրամադրվում:
62. Զարգացման փուլում, որպես առավելագույն մասնակցություն ունեցող համատեղ ֆիլմարտադրության
Նախագիծ, աջակցություն ստացած, սակայն Արտադրության փուլում նվազագույն մասնակցություն ունեցող
համատեղ ֆիլմարտադրության Նախագիծ դարձած Հայտին տրվում է նվազագույն մասնակցություն ունեցող
համատեղ ֆիլմարտադրության Նախագծերի համար սահմանված Աջակցության չափով պետական
ֆինանսավորում՝ ներառյալ Զարգացման փուլում ստացած ֆինանսավորման չափը:
5. ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

63. Շտեմարանի համալրման և Մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող Փորձագիտական
հանձնախմբերի ձևավորման նպատակով Ազգային մարմինը հրապարակում է պարբերաբար թարմացվող նոր
հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Ազգային մարմնի կայքում՝ Մրցույթի անցկացման
մասին հայտարարության հրապարակման հետ միաժամանակ:
64. Շտեմարանում ընդգրկվելու հայտ ներկայացրած բոլոր մասնագետները պետք է Ազգային մարմնին
տրամադրեն ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական,
մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:
65. Հայտարարությամբ համալրված մասնագետների մասին համառոտ տեղեկատվությունը ավելացվում է
Շտեմարանում։
66. Փորձագիտական հանձնախմբի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած
չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում`
օտարերկրյա) այն թեկնածուն, որն ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի
բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել է կինոփառատոնի մրցանակ և բավարարում է հետևյալ
պայմաններից որևէ մեկը.
1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.
2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.
3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է։
67. Շտեմարանում ընդգրկված մասնագետների հետ Ազգային մարմնի կողմից ճշտվում է տվյալ Մրցույթում
ներկայացվելիք Հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը: Շտեմարանում ընդգրված
մասնագետներից կազմվում է տվյալ Մրցույթի Հայտերի հետ առնչություն չունեցող թեկնածուների ցանկ։

Տվյալ ցանկից ձևավորվում են առնվազն հինգ անդամից բաղկացած երկու առանձին փորձագիտական
հանձնախմբեր (լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի):
68. Յուրաքանչյուր Մրցույթի համար ձևավորվում են նոր Փորձագիտական հանձնախմբեր:
69. Ընդունելով Մրցույթի Կանոնակարգի պայմանները՝ Հայտատուն ընդունում է իր Նախագիծը գնահատող
փորձագիտական հանձնախմբի իրավազորությունը և ձեռնահասությունը։
70. Փորձագիտական հանձնախմբի անդամներին Ազգային մարմինը ներկայացնում է Մրցույթի
ընթացակարգը, Կանոնակարգը, ձևաթղթերը, հանձնախմբում աշխատելու և Նախագծերը գնահատելու
կարգերը, ծանոթացնում է Փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:
71. Ազգային մարմնի և Փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր
պարունակում է հետևյալ պայմանները.
1) Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել Ազգային մարմնի կամ Լիազորված պետական
մարմնի աշխատակից կամ Ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
2) Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը,
կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և
երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները)
հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ
խմբավորման (լիամետրաժ կամ կարճամետրաժ Նախագծերի) Մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել
տվյալ խմբավորման Մրցույթին ներկայացված Նախագծերի ու նկարահանվելիք Ֆիլմերի բեմադրող կամ
գլխավոր ստեղծագործողական կազմերում (սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, բեմադրող
կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, գլխավոր անիմատոր, երաժշտության հեղինակ),
3) Սույն կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները
զրկվում են հանձնախմբում աշխատելու հնարավորությունից, և Ազգային մարմինը միայն այդ տեղի համար,
հնարավորության դեպքում, ընտրում է նոր թեկնածու,
4) Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի
գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ
նպատակներով, բացի Կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար
սահմանված նպատակներից:
72. Մրցույթի Նախնական գնահատման փուլում փորձագիտական հանձնախմբի անդամի աշխատանքներին
մասնակցելու անհնարինության և իր մասնակցությունից գրավոր հրաժարման դեպքում Ազգային մարմինը
պարտավոր է համալրել տվյալ հանձնախմբի կազմը՝ Շտեմարանից ընգրկելով նոր անդամի, իսկ Վերջնական
գնահատման և Հաստատման փուլերում՝ Մրցույթի ընթացքը շարունակվում է մնացած անդամների
մասնակցությամբ՝ առանց կազմի համալրման։

73. Նույն անձը կարող է ընդգրկվել 2 (երկու) անգամ հաջորդաբար անցկացվող Մրցույթների
հանձնախմբերում և կրկին կարող է ընդգրկվել, եթե նրա վերջին մասնակցությունից հետո անցկացվել է
առնվազն 2 (երկու) Մրցույթ:
74. Փորձագիտական հանձնախմբերի կողմից Նախագծի գնահատումներն իրականացվում են Հայտում
Հայտատուի ներկայացրած տվյալների, ինչպես նաև Նախագծի պրոդյուսերի ու ռեժիսորի հետ անհատական
զրույցի հիման վրա:
75․ Հանձնախմբերի կողմից Նախագծերը գնահատվում են 2 (երկու) փուլով՝
1) Նախնական գնահատում (գեղագիտական-գեղարվեստական արժեքի գնահատում)՝ համաձայն
Կանոնակարգի Ձև 18-ի պահանջների:
2) Վերջնական գնահատում՝ համաձայն Կանոնակարգի Ձև 20-ի պահանջների:
76. Նախնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ Աշխատանքային խմբի կողմից Հայտը
տրամադրելուց հետո 25 (քսանհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և գնահատում է
Մրցույթում ընդգրկված Նախագծերը և յուրաքանչյուր Նախագծի համար ներկայացնում անհատապես
ստորագրված Նախնական գնահատման թերթիկ (Ձև 18), որում առկա է գնահատականների հիմնավորում և
գնահատված են Նախագծի հետևյալ բաղադրիչները.
1) գեղագիտական-գեղարվեստական արժեքը.
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.
4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:
Յուրաքանչյուր բաղադրիչը գնահատվում է դրական կամ բացասական, որից հետո կազմվում է Նախնական
ամփոփաթերթիկ (Ձև 19)։ Մրցույթի Վերջնական գնահատման փուլ են անցնում առնվազն երկու դրական
գնահատական ստացած Հայտերը:
77. Նախնական գնահատման փուլի արդյունքներով իրականացվում է Մրցույթի հաջորդ փուլ անցնող
Նախագծերի ընտրություն, ընտրված Հայտերի ցանկերը հրապարակվում են Ազգային մարմնի պաշտոնական
կայքում, տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին և փորձագետներին, նախնական գնահատման
վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրվանից հաշված՝ առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա
ընթացքում:
78. Վերջնական գնահատման փուլ անցած Հայտերի ցանկերը հրապարակելու օրվան հաջորդող 7 (յոթ)
աշխատանքային օրվա ընթացքում Հայտերի նախագծերի պրոդյուսերն ու ռեժիսորը հրավիրվում են
անհատական զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները և Ազգային մարմնի
ներկայացուցիչը:
79. Պրոդյուսերի և ռեժիսորի հետ անհատական զրույցը տեղի է ունենում յուրաքանչյուր Հայտի համար
առանձին:

80. Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ Հայտատուների հետ անհատական զրույցից
հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային մարմին է ներկայացնում անհատապես լրացված,
ստորագրված Վերջնական գնահատման թերթիկ (Ձև 20), որում առկա է գնահատականների հիմնավորում և
գնահատված են Նախագծի հետևյալ բաղադրիչները.
1) գեղագիտական-գեղարվեստական արժեքը՝ ընդ որում գնահատվում է հետևյալ չափանիշներով.
ա) մտահղացում, սյուժե,ինքնատիպություն
բ) դրամատուրգիական կառուցվածք, կերպարների զարգացում
գ) կերպարներ, երկխոսություններ
դ) ոճական առանձնահատկություններ, պատկերային լուծումներ
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.
4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:

81. Վերջնական գնահատման փուլում գեղագիտական-գեղարվեստական արժեքը գնահատվում է
առավելագույնը 10 միավոր՝ որտեղ 1-ը (մեկը) ամենացածր գնահատականն է, իսկ 10-ը (տասը)՝
ամենաբարձրը: Մյուս բոլոր բաղադրիչները գնահատվում են առավելագույնը 5 (հինգ) միավոր՝ որտեղ 1-ը
(մեկը) ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը (հինգը)՝ ամենաբարձրը: Յուրաքանչյուր Նախագծի համար
դուրս է բերվում միջին թվաբանական գնահատական՝ Վերջնական գնահատման թերթիկների տվյալների
հիման վրա, համաձայն Վերջնական ամփոփաթերթիկի (Ձև 21)։ Մրցույթի Հայտերի հաստատման փուլ են
անցնում առնվազն 21 (քսանմեկ) և ավելի միավոր (միջին թվաբանական գնահատական) ստացած Հայտերը:
82. Աշխատանքային խումբը Հայտերի հաստատման փուլ անցած յուրաքանչյուր Նախագծի համար
հաշվարկում է նրա վարկանիշը, որը ձևավորվում է Նախնական գնահատման և Վերջնական գնահատման
փուլերում Նախագծին տրված միավորների հանրագումարի արդյունքում:
83. Աշխատանքային խումբը, հիմք ընդունելով յուրաքանչյուր Նախագծի համար ձևավորված վարկանիշը,
պատրաստում է (կնքվելիք պայմանագրերի և համաձայնագրերի համար առանձին-առանձին, ինչպես նաև
դրանցում առանձնացնելով լիամետրաժ ու կարճամետրաժ Նախագծերը) Մրցույթի արդյունքների
վարկանիշային (միավորների նվազման կարգով) և ֆինանսավորման ամփոփաթերթիկ (Ձև 22)՝ Վերջնական
գնահատման թերթիկները ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա
ընթացքում:
84․ Գնահատման բոլոր փուլերում մրցույթի մասնակցող հայտերի ցանկերը, բոլոր փորձագետների տված
գնահատականներով և գնահատականների հանրագումարով կազմված ամփոփաթերթիկները, վարկանիշային և

ֆինանսավորման ամփոփաթերթիկները, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ կամ լրացուցիչ
ստացված (նախագծի բյուջեի ի լրումն համալրման կամ անձնակազմերում կատարված փոփոխության և այլնի
վերաբերյալ) ցանկացած տեղեկություն և փաստաթուղթ՝ կապված նախագծերի կամ որևէ փորձագետի
պահանջի կամ առաջարկության հետ, ուղարկվում են բոլոր փորձագետներին՝ տվյալ տեղեկության կամ
փաստաթղթի ստանալուն կամ կազմվելուն պես (Ձև 19; 21; 22, Նախագծերի արտադրաֆինանսական
վերլուծություն ու բյուջեի համալրվածության տվյալներ և այլն):
85. Մրցույթի արդյունքների վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկի (Ձև 22) ձևաթուղթը
ներառում է հետևյալ բաղադրիչները (որոնցից վերջինը դեռ չլրացված).
1. Նախագծի անվանումը, խմբավորումը, անվանակարգը, արտադրության փուլը, պրոդյուսերը,
սցենարիստը, ռեժիսորը (անիմացիոն նախագծերի դեպքում՝ նաև նկարիչը)
2. Հայտատու ընկերության անվանումը, ղեկավարը
3. Վարկանիշը (Նախնական գնահատման և Վերջնական գնահատման փուլերում Նախագծին տրված
միավորների գումարը),
4. Ակնկալվող ֆինանսավորման չափը և տեսակը (կնքվելու է հաստատված գումարի չափով
պայմանագի՞ր, թե համաձայնագիր՝ երկու առանձնացված ցանկ մեկ փաստաթղթում),
5. Հաստատված ֆինանսավորման չափը (չլրացված):
86. Հայտերի հաստատման փուլում աշխատանքներին դիտորդական կարգավիճակով՝ առանց քվեարկության
իրավունքի միանում են նաև լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի ներկայացուցիչները, որոնց
տրամադրվում են Հաստատման փուլ անցած Հայտերը, բոլոր գնահատման թերթիկները, Նախագծերի
արտադրաֆինանսական վերլուծության ու բյուջեի համալրվածության տվյալները, ինչպես նաև՝
ամփոփաթերթիկները:
87. Լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի ներկայացուցիչները իրավունք ունեն՝
1) մասնակցելու Հայտերի հաստատման փուլի նիստերին,
2) ներկայացնել տեխնիկական, ֆինանսական կամ իրավական խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն,
3) ներկայացնելու գրավոր կամ բանավոր կարծիքներ և եզրակացություններ Մրցույթի կազմակերպման և
անցկանցման արդյունավետության մասին,
88. Մրցույթի արդյունքների վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկները տրամադրելու օրվան
հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում փորձագետները, լիազորված պետական մարմնի և
Ազգային մարմնի ներկայացուցիչները մասնակցում են Հայտերի հաստատման փուլի նիստին, որի ընթացքում
ներկայացվում են Մրցույթի արդյունքները և փորձագետների կողմից որոշում է կայացվում Հայտերի
հաստատման փուլ անցած Նախագծերին տրամադրվելիք Աջակցության վերաբերյալ:
89. Ֆինանսավորվող Հայտերի քանակը որոշվում է՝ ելնելով Վերջնական գնահատման փուլը հաղթահարած
Հայտերի քանակից և տվյալ պահին առկա Մրցութային ֆոնդի չափից՝ հաշվի առնելով Մրցույթի
արդյունքների վարկանիշային (միավորների նվազման կարգով) և ֆինանսավորման ամփոփաթերթիկները:

90. Նախագծերի ուսումնասիրման ընթացքում Փորձագիտական հանձնախմբի անդամը, հատուկ
մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար, կարող է դիմել համապատասխան
մասնագետի (գիտնականի, ռազմագետի, պատմաբանի, բժշկի և այլն) և ստանալ մասնագիտական կարծիք,
առանց Հայտի նյութերը տրամադրելու։
91. Լիամետրաժ և կարճամետրաժ Նախագծերի Հայտերի հաստատման նիստերը տեղի են ունենում միմյանցից
առանձին և արձանագրվում են: Վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկները ներառվում են
համապատասխան արձանագրությունների մեջ: Եթե առկա է հանձնախմբի անդամի հատուկ կարծիք կամ
խորհրդատու-մասնագետի գրավոր եզրակացություն, ապա կարծիքն արձանագրվում է, իսկ մասնագիտական
եզրակացությունը կցվում է համապատասխան արձանագրությանը: Արձանագրությունները ստորագրում են
տվյալ Փորձագիտական հանձնախմբի անդամները, Ազգային մարմնի ներկայացուցիչը և լիազորված
պետական մարմնի ներկայացուցիչը:
92. Աջակցության համար ընտրված Հայտերի նախագծերի արտադրաֆինանսական վերլուծության, բյուջեի
համալրվածության տվյալների, Հայտատուի կողմից ակնկալվող Աջակցության չափի վերաբերյալ
հանձնախմբի անդամների միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է
ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի միջոցով, կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում՝ քվեարկության
արդյունքներով, որին մասնակցում են միայն փորձագետները։ Որոշումը կայացվում է քվեարկողների ձայների
պարզ մեծամասնությամբ:

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

93. Հաստատված Հայտերի ցանկը՝ տրամադրվելիք Աջակցության չափի մասին տեղեկությամբ,
հրապարակվում է Ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ արձանագրությունները ստորագրելուց հետո 1
(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
94. Հաստատված Հայտերի ցանկի հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում
Ազգային մարմինը լիազորված պետական մարմնին է ներկայացնում Մրցույթի Հայտերի հաստատման
արձանագրությունները, ֆինանսավորման հաստատված Նախագծերի նախահաշիվները և ֆիլմարտադրության
ծրագիր՝ Ազգային մարմնի հետ Նախագծերի պետական ֆինանսավորման պայմանագիր կնքելու համար:
95. Մրցույթի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են յուրաքանչյուր Հայտի համար նշելով՝
Նախագծի անվանումը, խմբավորումը, անվանակարգը, արտադրության փուլը, պրոդյուսերը, սցենարիստը,
ռեժիսորը (անիմացիոն նախագծերի դեպքում՝ նաև նկարիչը), Հայտատուի (տնտեսավարող սուբյեկտ)
անվանումը, ղեկավարի անունը:
96. Հաստատված Հայտերի ցանկերի հրապարակումից և Մրցույթի փաստաթղթերը լիազորված պետական
մարմնին ներկայացնելուց հետո լիազորված պետական մարմնի և Ազգային մարմնի միջև կնքվում է
Նախագծերի ֆինանսավորման պայմանագիր, որի կնքման հաջորդ օրվանից հաշված՝ 15 (տասնհինգ)

աշխատանքային օրվա ընթացքում Ազգային մարմինը կնքում է պայմանագիր՝ ֆիլմի արտադրության բյուջեն
համալրած Հայտատուների հետ և համաձայնագիր՝ բյուջեն չհամալրած Հայտատուների հետ։
97. Կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ նախատեսված կարգով:

  • Տևողություն

    06.03.2026 21.03.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 393

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: