Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի  ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորող միասնական օրենսդրական ակտ։ Անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ իրավակարգավորումները ամրագրված են տարբեր նորմատիվ իրավական ակտերում՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակում։ Անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը հետևյալն են՝

   «Քաղաքացու անձնագրի մասին» օրենքը,

   «Նույնականացման քարտերի մասին» օրենքը,

   «Օտարերկրացիների մասին» օրենքը,

   «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը,

   «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 24092002թ ՀՕ-419-Ն օրենքը,

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821-Ն որոշումը,

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N  318-Ն որոշումը և այլն։

03.07.2025 թվականին ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՕ-233-Ն օրենքը, որում թվարկվում են, թե որոնք են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր կատեգորիայի անձի համար նրան նույնականացնող փաստաթղթերը, սակայն այդ օրենքի կարգավորման առարկան չի վերաբերում անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարաբերություններին։ Ուստի, այդ օրենքով չեն կարգավորվում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման, անվավեր ճանաչման և մյուս կարևոր հարցերը։

Տարբեր օրենքներ, սահմանելով անձը հաստատող տարբեր փաստաթղթերի վերաբերյալ կարգավորումներ, այդ տեսակի փաստաթղթերի համար սահմանում են գրեթե նույնաբովանդակ կարգավորումներ։ Որպես օրինակ կարելի է նշել «Քաղաքացու անձնագրի մասին» օրենքը և «Նույնականացման քարտերի մասին» օրենքը, որոնք ունեն ամբողջությամբ նույն կառուցվածքը և նույնաբովանդակ կարգավորումներ են ամրագրում անձը հաստատող փաստաթղթի այս երկու տեսակների վերաբերյալ։ Ուստի ակնհայտ է դրանց միասնականացման անհրաժեշտությունը։ Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի հետ կապված գերակշռող հարաբերությունները փաստացի կարգավորվում են ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ, քանի որ «Քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը դադարեցվում է այդ օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասը սահմանում է, որ բացի այդ օրենքով սահմանված անձնագրից, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը։

Բացի ՀՀ քաղաքացու անձնագրերից և ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերից, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ կարգավիճակ ունեցող անձանց՝ օտարերկրացի, փախստական և այլն, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ միասնական իրավակարգավորումներ պարունակող իրավական ակտ չի գործում։ Նշված խմբերի անձանց նույնականացման փաստաթղթերի վերաբերյալ տարբեր իրավակարգավորումներ պարունակում են համապատասխան խմբի անձանց մասին օրենքները՝ «Օտարերկրացիների մասին» օրենքը, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը և այլն, սակայն այդ օրենքները հիմնականում նշված խմբերի անձանց վերաբերյալ նյութաիրավական կարգավորումներ նախատեսող օրենքներ են, որոնք սահմանում են համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու հիմքերը, իրավունքները, պարտականությունները և այլն։ Ուստի նշված կարգավիճակն ունեցող անձանց նույնականացման փաստաթղթերի տրամադրման և այլնի հետ կապված ընթացակարգային հարցերը պետք է ունենան առանձին օրենսդրական ամրագրում։

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձի վերլուծությունը նույնպես ցույց է տալիս, որ որոշ անդամ պետություններում ներդրվել է նույնականացման փաստաթղթերի վերաբերյալ մեկ միասնական և համապարփակ օրենքի ընդունման մոդել, որը կիրառելի է տարբեր կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ։ Ուսումնասիրված պետությունների շարքում Էստոնիան և Լատվիան հանդիսանում են նման օրենսդրական մոդելի օրինակ ունեցող երկրներ, որտեղ մեկ հիմնական իրավական ակտ կարգավորում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ ոչ քաղաքացիների նույնականացման փաստաթղթերը։ Էստոնիայի «Նույնականացման փաստաթղթերի մասին» օրենքը հստակ սահմանում է նույնականացման փաստաթղթերի առանձին տեսակները, կարգավորում է Էստոնիայի Հանրապետության կողմից նույնականացման փաստաթղթերի տրամադրումը ինչպես Էստոնիայի քաղաքացիներին, այնպես էլ՝ օտարերկրացիներին և այլն կարգավիճակ ունեցող անձանց։ Այն սահմանում է համապարփակ իրավական կարգավորումներ, որոնք անդրադառնում են նույնականացման փաստաթղթերի պարտադիր կիրառմանը, դրանց տրամադրմանը և հետ վերցնելուն, նույնականացման փաստաթղթերի վավերականությանը, չեղարկմանը և այլն[1]։

Լատվիան նույնպես անձը հաստատող փաստաթղթերի հարաբերությունները կարգավորում է միասնական օրենսդրական ակտով։ «Նույնականացման փաստաթղթերի մասին» Լատվիայի օրենքը կարգավորում է լատվիայի քաղաքացիների, օտարերկրացիների, կացության այլ կարգավիճակ ունեցող անձանց տրվող նույնականացման փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման, փոխարինման, անվավեր ճանաչման ընթացակարգերը։ Բացի այդ, օրենքը սահմանում է իրավասու մարմինները և կարգավորում է կենսաչափական տվյալների ներառումն ու օգտագործումը նույնականացման փաստաթղթերում, նույնականացման փաստաթղթերի ձևը և բովանդակությունը[2]։

ՀՀ-ում 03012024 թվականին հայտարարվեց պետություն-մասնավոր գործընկերության մրցույթ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման համար։ Հաղթող ճանաչվեց IDEMIA Identity Security France S.A.S and A.C.I Technology S.a.r.l  կոնսորցիումը, որը հիմնադրեց «Հայփաս» ընկերությունը, որը հանդիսանալու է հենց ՊՄԳ մասնավոր գործընկերը և ըստ ՊՄԳ պայմանագրի իրականացնելու է կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի և այլ փաստաթղթերի տպագրումը, դիմումատուների ընդունելության և սպասարկման ապահովումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը և այլն։ Այդ կապակցությամբ, բացի միասնական անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի ընդունումից, անհրաժեշտ է նաև սահմանել իրավական կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն մասնավոր գործընկերոջ դերը և գործունեությունը օրենսդրական և ենթաօրենսդրական մակարդակներում կարգավորելուն։

Պետություն-մասնավոր գործընկերության այլ երկրների փորձի ուսումնասիրությունը հանգեցնում է այն եզրակացության, որ ՊՄԳ մասնավոր գործընկերները, որպես կանոն, իրականացնում են տեխնիկական կամ գործառնական գործողություններ (օրինակ՝ դիմումների ընդունման աջակցություն, կենսաչափական տվյալների հավաքագրման ենթակառուցվածք և հավաքագրման գործընթացի իրականացում, անհատականացում, անձը հաստատող փաստաթղթերի տպագրություն, անվտանգ կանոններով լոգիստիկա և առաքում), մինչդեռ վարչական-իշխանական լիազորությունները մնում են պետական մարմինների իրավասության ներքո (ինքնության որոշման հաստատում, տրամադրման կամ մերժման որոշումներ, խարդախության բացահայտում, անվավեր ճանաչման կամ հետկանչի որոշումներ, ինչպես նաև պարտադիր վարչական վեճերի լուծում)։

 

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է ընդունել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք, որով կկարգավորվեն ՀՀ տարածքում գտնվող տարբեր խմբերի անձանց՝ ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականների և այլոց, անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված բոլոր հարաբերությունները՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման ընթացակարգը, տրամադրումը մերժելու հիմքերը, անվավեր ճանաչելու կամ գործողությունը դադարելու և բոլոր անհրաժեշտ մյուս հարցերը։ Ընդ որում, քանի որ տարբեր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացին ներգրավվելու է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքին համապատասխան ընտրված մասնավոր գործընկերը, նոր օրենքը պետք է կարգավորումներ ունենա նաև մասնավոր գործընկերոջ դերակատարման մասին։

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը, ելնելով անձը հաստատող փաստաթղթի հետ կապված բոլոր հարցերը համապարփակ կարգավորելու պահանջն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է ունենա հետևյալ բաժինները՝

1.    Անձը հաստատող փաստաթղթերի տեսակներ

Կսահմանվեն յուրաքանչյուր կարգավիճակի անձի համար անձը հաստատող փաստաթղթի՝ տվյալ կարգավիճակի անձին համապատասխանող տեսակները՝ ՀՀ քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ, փախստական և այլն։ Ընդ որում, առանձին կնախատեսվեն յուրաքանչյուր կատեգորիայի անձը հաստատող փաստաթղթերը ներքին օգտագործման և ՀՀ-ից մեկնելու ու ՀՀ վերադառնալու համար։  

2.    Առանձին կարգով կկարգավորվեն յուրաքանչյուր խմբի անձի՝ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կարգը և տրամադրումը մերժելու հիմքերը

Անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել երեք կարևոր հանգամանքներ նախ՝ անձը հաստատող փաստաթղթերի գրեթե բոլոր տեսակների տրամադրման գործընթացին ներգրավվելու է մասնավոր գործընկերը, որը իրականացնելու է այս գործընթացում մի շարք կարևոր գործառույթներ, հետևաբար, կարգավորումները պետք է այնպես սահմանվեն, որ հաշվի առնեն նաև մասնավոր գործընկերոջ ներգրավվածությունը և հստակ տարանջատեն փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետական լիազոր մարմնի վարչարարարական և մասնավոր գործընկերոջ կողմից ծառայությունների մատուցման գործառույթները։ Երկրորդ՝ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացի անհրաժեշտ քայլերից է լինելու անձանց կենսաչափական տվյալների՝ ստորագրության, լուսանկարի և մատնահետքերի հավաքագրումը, ուստի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետք է սահմանվեն առանձին իրավակարգավորումներ կենսաչափական տվյալների հավաքագրման կարգի և պայմանների վերաբերյալ։ Երրորդ՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում պարտադիր պայման է անձի հաշվառումը բնակչության պետական ռեգիստրի շտեմարանում և նրա ներկայացրած փաստաթղթերի ու տեղեկությունների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային տվյալներին, հետևաբար, պետք է կարգավորումներ լինեն նաև անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմած անձին բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու և ռեգիստրի տվյալներին անձի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ։

Վերոնշյալից բացի, ներկայումս տարբեր օրենսդրական ակտեր նախատեսում են անձը հաստատող փաստաթղթի փոխանակման ընթացակարգ՝ սահմանելով սահմանափակ հիմքեր փաստաթղթի փոխանակման համար։ Առաջարկվում է հրաժարվել փաստաթղթերի փոխանակման գաղափարից՝ վերացնելով նաև դրա սահմանափակ հիմքերը, և անձին հնարավորություն տալ իր կամքով ցանկացած ժամանակ ստանալու անձը հաստատող նոր փաստաթուղթ՝ վճարելով դրա համար սահմանված պետական տուրքի գումարը։ Այլ հարց է, որ երկրորդ անգամ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմած անձի նկատմամբ կարող են կիրառվել պարզեցված ընթացակարգեր երկրորդ և հաջորդ փաստաթղթերը նրա ցանկությամբ տրամադրելու ժամանակ։

3.    Անձը հաստատող փաստաթղթերի անվավերության և գործողությունը դադարելու հիմքեր

Առաջարկվում է առանձին գլխով կարգավորել անձը հաստատող փաստաթղթերի անվավեր ճանաչման հիմքերը, ընթացակարգը և գործողությունը դադարելու հիմքերը։ Այս առումով հարկ է նշել, որ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները նախատեսում են միայն անձը հաստատող փաստաթղթերի անվավերության հիմքերը, որոնք, սակայն, միանշանակ կարգավորումներ չեն այն առումով, որ առանձին հիմքեր, որոնք իրենց բովանդակությամբ փաստաթղթի գործողությունը դադարելու հիմք են, սահմանված են որպես անվավերության հիմք։ Օրինակ` փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալը նախատեսված է որպես փաստաթղթի անվավերության հիմք, մինչդեռ դա պարզապես փաստաթղթի գործողությունը դադարելու, այլ ոչ թե` այն անվավեր ճանաչելու հիմք է։ Հետևաբար, պետք է նոր օրենքով սահմանել ինչպես փաստաթուղթն անվավեր ճանաչելու, այնպես էլ` դրա գործողությունը դադարելու կարգավորումներ՝ միմյանցից հստակ տարանջատելով դրանց հիմքերը։

4.    Ներկայումս գործող տարբեր օրենսդրական ակտեր առանձին կարգավորումներ են պարունակում անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան սուբյեկտի կողմից վերցնելու վերաբերյալ, սակայն այդ կարգավորումները ևս միասնական չեն, քանի որ սահմանված են անձը հաստատող փաստաթղթերի ոչ բոլոր տեսակների համար։ Բացի դրանից, անձը հաստատող փաստաթուղթը վերցնելու վերաբերյալ ներկայիս կարգավորումները ևս միարժեք չեն և վերանայման կարիք ունեն։ Խոսքը վերաբերում է հատկապես նախաքննության մարմնի կողմից մեղադրյալի անձը հաստատող փաստաթուղթը վերցնելու մասին իրավակարգավորմանը, որը չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 04042017թ ՍԴՈ-1360 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ անձը հաստատող փաստաթուղթը կարելի է վերցնել միայն մեղադրյալի նկատմամբ կալանք կամ բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառված լինելու պայմաններում։ Հետևաբար, նոր օրենքը պետք է հստակ կարգավորի անձը հաստատող փաստաթղթերի բոլոր տեսակները վերցնելու հարցերը՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ։

5.    Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ իրավասությունները և փոխհարաբերությունները հանրային գործընկերոջ և անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձանց միջև

Այս բաժնի ներքո նոր օրենքը պետք է կարգավորումներ պարունակի այն մասին, թե անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետական լիազոր մարմնի և մասնավոր գործընկերոջ միջև գործառույթներն ինչպես են բաշխվելու։ Առաջարկվում է մասնավոր գործընկերոջը վերապահել հետևյալ գործառույթները՝ դիմումների ընդունումը, դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների, ներառյալ՝ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից, հավաքագրումը, էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից տվյալներ ստանալու համար անձից համաձայնություն ստանալը, դիմումատուի տրամադրած փաստաթղթերի ստուգումը, ներկայացված փաստաթղթերին դիմումատուի վերաբերյալ ստացված տվյալների համապատասխանության ստուգումը, դիմումատուի տրամադրած փաստաթղթերի, այլ տվյալների համապատասխանեցումը բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում առկա տվյալներին, կենսաչափական տվյալները վերցնելը, անձը հաստատող փաստաթուղթը թողարկելը, կազմելը և դիմումատուին հանձնելը և այլն։

Լիազոր մարմնի իրավասությանը առաջարկվում է վերապահել հետևյալ հարցերը՝ հնարավոր կեղծիքների վտանգի դեպքում դիմումատուի կենսաչափական և անձնական տվյալների ստուգումը, հաստատումը կամ գնահատումը, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, տրամադրումը մերժելու, անձը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելը և այլն։

Նոր օրենքով առաջարկվում են կարգավորումներ նաև անձը հաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացում ծագած վեճերի լուծման վերաբերյալ։ Մասնավոր գործընկերոջ գործողություններին անհամաձայնություն ունենալու դեպքում անձը, նախ, պետք է դիմի լիազոր մարմին, որի կայացրած որոշումը պարտադիր է լինելու մասնավոր գործընկերոջ համար, իսկ եթե լիազոր մարմինը մերժի անձի բողոքը, ապա անձը իրավունք կունենա լիազոր մարմնի դեմ հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատարան։

6.   «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքում վերը նշված բոլոր կարգավորումներն ամրագրելուց հետո պետք է ուժը կորցրած ճանաչվեն այլ օրենքներում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման հարցերին վերաբերող իրավակարգավորումները, և այլ օրենքներում անձը հաստատող փաստաթղթերին առնչվող հարցերով պետք է հղում կատարվի անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքին։

 

3.    Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4.    Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։

 

5.    Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրում։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    27.02.2026 14.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 98

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: