ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր), որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1991-Լ որոշմամբ Ծրագիրը վերաբացվել էր 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած, ինչպես նաև Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար։ Ընդ որում, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերից յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերից յուրաքանչյուրում՝ մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում՝ մինչև 30 շահառուի համար։
Ներկայում վերոնշյալ սահմանաչափերը լրացել են և, ըստ էության, Ծրագրի շրջանակում նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցված է։
Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 01.09.2024 - 01.05.2025 թթ. ժամանակահատվածում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն է ստացել 261 անձ, իսկ այդ նույն նպատակով հողամաս է ձեռք բերել 552 անձ, որոնք Ծրագրի շրջանակում նախատեսված սահմանաչափի լրանալու պատճառով չեն կարողացել օգտվել Ծրագրից, բայց այդ նպատակով իրականացրել են որոշակի գործողություններ և ծախսել են ֆինանսական միջոցներ։
Շինարարության թույլտվություն ստացած և հողամաս ձեռք բերած վերոնշյալ 813 անձանց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանցից 400-ն են համապատասխանում Ծրագրի՝ ներկայում գործող հիմնական պահանջներին։
Միաժամանակ, Ծրագրի շրջանակում դիտարկվող բնակավայրերի փաստացի բնակչության և այդ բնակավայրերում տվյալ պահին շահառուի կարգավիճակ ստացած անձանց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կան բնակավայրեր, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, ինչպես նաև որոշ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտներով համալրվածության խնդիր։
Նախագծի հիմնական նպատակն է նախ հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել Ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է Ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Միաժամանակ առաջարկվում է Ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Ծրագիրը վերաբացել 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով հողամաս ձեռք բերած (այդ թվում՝ առուվաճառք, նվիրատվություն կամ ժառանգություն, հողամասի նշանակության փոփոխություն) շահառուների համար։ Միաժամանակ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմող շահառուների համար՝ նշված սահմանաչափերով։
Նաև առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Դովեղ (մինչև 10), Կայան (մինչև 4), Կիրանց (մինչև 10), Սևքար (մինչև 10), Սյունիքի մարզի Խնձորեսկ (մինչև 4), Հարթաշեն (մինչև 10), Քարահունջ (մինչև 10), Ագարակ (մինչև 10), Ծավ (մինչև 4), Սյունիք (մինչև 4), Խոտ (մինչև 10), Խնածախ (մինչև 4), Կոռնիձոր (մինչև 4), Տեղ (մինչև 4), Արարատի մարզի Պարույր Սևակ (մինչև 10), Վայոց ձորի մարզի Արենի (մինչև 10) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար, եթե շահառուներն ունեն առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա, ինչպես նաև շահառու ամուսինները չունեն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։
Միաժամանակ նախագծով առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։
Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրով սահմանված 2400 շահառուն փոխարինել մինչև 3820-ով, հնարավորություն տալով վերոնշյալ թիրախային խմբերին օգտվել ծրագրից։
3. Կարգավորման առարկան
Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի վերաբացումը 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուների համար, ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ նախորդիվ արձանագրվել է պասիվ դիմելիություն՝ բնակչության թվի համեմատ և որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտների համալրվածության խնդիր։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ 2026 թվականի պետական բյուջեում պետք է կատարվի փոփոխություն՝ շուրջ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։ Ծրագրի վերաբացման արդյունքում կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թվականին կավելանա 1170-ով, ընդ որում, ամսական շահառուների թվի աճը կկազմի 130, որոնց համար հիփոթեքային վարկի անուիտետային մարման եղանակով հաշվարկը ներկայացված է ստորև (16 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, 10 տարի մարման ժամկետ)՝
|
Ամիս
|
Գործարք
|
Բյուջե
|
|
Ապրիլ
|
130
|
31,056,610
|
|
Մայիս
|
260
|
62,113,220
|
|
Հունիս
|
390
|
93,169,830
|
|
Հուլիս
|
520
|
124,226,440
|
|
Օգոստոս
|
650
|
155,283,050
|
|
Սեպտեմբեր
|
780
|
186,339,660
|
|
Հոկտեմբեր
|
910
|
217,396,270
|
|
Նոյեմբեր
|
1040
|
248,452,880
|
|
Դեկտեմբեր
|
1170
|
279,509,490
|
|
|
1170
|
1,397,547,450
|
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ և առանձին համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի 4-րդ ենթակետից, այն է՝ «Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։»։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: